Ադրբեջանում և վրացական սոցցանցերում շատերը վրդովվում են, փորձագետը սա չեզոքության խախտում է համարում" />

Սկանդալ Վրաստանում՝ ղարաբաղյան պատերազմի հերոսի արձանի բացման շուրջ

Ադրբեջանում և վրացական սոցցանցերում շատերը վրդովվում են, փորձագետը սա չեզոքության խախտում է համարում

Վրացական Ջավախքի շրջանում, որը հիմնականում հայերով է բնակեցված, 1990-ականների սկզբին ղարաբաղյան պատերազմում զոհված ջավախեցու արձան է տեղադրվել։ Տեղական այս նախաձեռնությունը սոցցանցերում սկանդալ, իսկ Ադրբեջանում՝ կտրուկ արձագանք է առաջացրել։ Վրաստանի պաշտոնական կառույցներն իրադարձությունը դեռ չեն մեկնաբանել։

Միխայիլ Ավագյանի արձանի բացումը տեղի է ունեցել Ախալքալաքի շրջանի Բուգաշեն գյուղում հունվարի 20-ին։ Կարմիր ժապավենը կտրել են Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանն ու գյուղում ծնված բարեգործ Գագիկ Ավագյանը, որի միջոցներով էլ հուշարձանը կանգնեցվել է։

Նյութում օգտագործված լուսանկարներն՝ Աղունիկ Այվազյանի

Արարողությանը ներկա էին շրջանի ադմինիստրացիայի և տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանն ու Սամվել Մանուկյանը, որոնք «Վրացական երազանք» կուսակցությունն են ներկայացնում։

Բացմանը հրավիրված էին նաև տեղական իշխանություններն ի դեմս Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանի և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի։

Հայաստանի դեսպանն իր ելույթում ասել է․

«Շնորհիվ Միխայիլ Ավագյանի պես հայրենասերների՝ մեր ժողովուրդը կարողացել է կարևոր հաղթանակներ տանել»։

Բուգաշենում ծնված Միխայիլ Ավագյանը մասնակցել է ղարաբաղյան ռազմական գործողություններին հայկական ուժերի կազմում և հայտնի էր «Կոբրա» մականունով։ Նա մահացել է 1994թ-ին մարտի ժամանակ ստացած վիրավորումից։

Ավագյանի հուշարձանը Բուգաշեն գյուղում կանգնեցվել էր դեռ 1997թ-ին հին վթարային դպրոցի բակում։ Հուշարձանը փոխարինելու որոշումն առաջացել էր այն պատճառով, որ հինը պատահաբար վնասվել էր։

Թբիլիսիի արձագանքը

Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել հուշարձանի բացումը։ Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերի նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին JAMnews-ի հետ զրույցում բացասական գնահատական է տվել այդ իրադարձությանը, հատկապես արարողությանն իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությանը՝ նշելով, որ դա խախտում է չեզոքության սկզբունքը, որը պահպանում է Վրաստանը Ղարաբաղի շուրջ հակամատության հարցում։

«Վրաստանը մինչ այժմ կարողացել է չեզոքություն պահպանել այդ իրավիճակում և Հարավային Կովկասում կայունության որոշակի գործոն մնալ։ Այդ ֆոնին տեղական իշխանությունների ցանկացած որոշում, կլինի դա Ջավախքում, թե Քվեմո Քարթլիում, պետք է բոլոր տեսակետներից լավ մտածված լինի՝ տեղական իշխանությունները դա պետք է հասկանան։

Ես կարծում եմ, որ տեղի իշխանություններն առավելագույնս պետք է փորձեին տեղի բնակիչներին համոզել, որ այդպիսի հուշարձանի բացումը չի համապատասխանում  Վրաստանի վերաբերմունքին Հարավային Կովկասի իրավիճակին։

Չէր կարելի իրավիճակը հասցնել այդ հուշարձանի բացման․ պետք էր մարդկանց բացատրել, որ Վրաստանը պետք է հակամարտության երկու կողմերին էլ, և պետք չէ փորձել նրան խոնարհել դեպի այս կամ այն կողմը։

Կարծում եմ, որ տեղական իշխանությունները պետք է ավելի շատ խելամտություն ցուցաբերեին և մշտապես կապի մեջ լինեին կենտրոնական իշխանությունների հետ, որոնք ձևավորում են երկրի քաղաքականությունը Հարավային Կովկասում»։

Հուշարձանի բացման մասին լուրը սոցցանցերի վրացի օգտատերերի վրդովմունքն է առաջացրել։ Նրանք գրում են․

«Ի՞նչ գործ ունի Վրաստանում ղարաբաղյան պատերազմի հերոսի հուշարձանը։ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է»։

«Հիմա ի՞նչ անել։ Մառնեուլիում (ադրբեջանցիներով բնակեցված քաղաք) սեփական հուշարձանը տեղադրել և պատերա՞զմ սկսել»։

«Ահա (Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի) երդմնակալությանը Սարգսյանի (Հայաստանի նախագահի) ներկայության քաղաքական արժեքը»։

«Սա շատ տագնապալի լուր է։ Հունվարի 20-ին Ջավախքում բացվել է ղարաբաղյան պատերազմի հերոսի հուշարձանը։ Իսկ այն Ադրբեջանում սգո օր է»։

Ադրբեջանի արձագանը

Ջավախքում հուշարձանի բացման լուրն Ադրբեջանում բացասական արձագանք է առաջացրել։

«Խոջալուի դահճին Վրաստանում հուշարձան են կանգնեցրել», – այսպիսի վերտառությամբ նորությունն արտատպում էին որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ։

Չնայած որ հստակ տեղեկություններ չկան, որ Ավագյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Խոջալու ավանում 1992թ-ին տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ հարյուրավոր խաղաղ բնակիչներ՝ ադրբեջանցիներ են զոհվել։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը ֆեյսբուքյան իր էջում վրդովմունք է արտահայտել Ջավախքում արձանի բացման կապակցությամբ։

«Ախալքալաքում տեղի ունեցած սադրիչ ակցիան թույլ տալը ջերմություն չի ավելացնի վրաց-ադրբեջանական հարաբերություններին և կարող է Ախալքալաքի հայերի համար խթան լինել նաև այլ սադրիչ գործողությունների՝ Թբիլիսիի և Բաքվի ռազմավարական գործընկերությանը վնաս հասցնելու նպատակով։ ․․․Կարծում եմ, որ պաշտոնական Բաքուն պետք է Վրաստանի կառավարությանը համապատասխան հարցում ուղղի և հստակություն մտցնի հայկական այս ակնհայտ սադրանքի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ»։


Կարդալ ավելին JAMnews-ում