Արդեն քառորդ դար է, ինչ երկու բարեկամական երկրների սահմանին մարդիկ են զոհվում և խեղվում՝ ոչ պատերազմական պայմաններում" />

Ականները՝ վրաց-ադրբեջանական սահմանին

Արդեն քառորդ դար է, ինչ երկու բարեկամական երկրների սահմանին մարդիկ են զոհվում և խեղվում՝ ոչ պատերազմական պայմաններում


Վրաց-ադրբեջանական սահմանը Կարմիր կամրջի շրջակայքում: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Թբիլիսիից մեկ ժամ հեռավորության վրա՝ Ադրբեջանի հետ սահմանին, խոշոր գյուղից մի քանի հարյուր մետր այն կողմ, ականապատ դաշտ է: Այնտեղ արդեն 25 տարի է՝ ականներ կան, որոնք մնացել են ղարաբաղյան պատերազմի ակտիվ շրջանից: Վրաստանի իշխանությունները չեն շտապում ականներից մաքրել սեփական տարածքը, քանի որ հարևան Ադրբեջանը դեմ է:

Այս տարիների ընթացքում այստեղ 18 միջադեպ է եղել. 7 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են: Մինչև հիմա ականները վտանգ են ներկայացնում Կիրաչ-Մուգանլո, Կաչագան և Թեքալի գյուղերի ավելի քան 4 հազար բնակչի համար: Այստեղ ապրում են ականների պայթյունի հետևանքով խեղված մարդիկ:

Տեղացիները մշտապես վախենում են իրենց երեխաների և անասունների համար:

_______________________________

Կարմիր կամուրջը, դրանից այն կողմ Ադրբեջանն է: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի,  JAMnews

Մառնեուլիի շրջանի Կիրաչ-Մուգանլո գյուղը գտնվում է Թբիլիսիից 60կմ հեռավորության վրա: Այստեղ մոտ 1200 մարդ է ապրում, հիմնականում՝ էթնիկ ադրբեջանցիներ:

Ադրբեջանի հետ սահմանն անցնում է գյուղից բառացիորեն մի քանի մետրի վրա. դրա երկայնքով երկաթյա ցանց է քաշած: Իսկ ցանցի երկայնքով՝ 100մ լայնությամբ և 7կմ երկարությամբ տարածքում ավելի քան հազար հակատանկային և հակահետևակային ականներ են տեղադրված:

Ականապատ տարածքը սահմանակից է գյուղական արոտավայրերին: Այն ցանկապատված չէ, այստեղ որևէ զգուշացնող նշան չկա: Այնպես որ, ցանկացած մարդ, ով, օրինակ, այստեղ հյուր գա և որոշի զբոսնել, կարող է հեշտությամբ պայթել ականի վրա:

Ոչխարի հոտն՝ ականապատ տարածքին մոտ: Ցանկապատը բաժանում է Վրաստանն ու Ադրբեջանը: Լուսանկարը՝ HALO TRUST-ի

65-ամյա Մամիշ Մուսաևի տունը գտնվում է գյուղի ամենածայրին, այն մեծ է և խնամված, ասֆալտապատ բակով: Մամիշը շատ կովեր, հնդկահավ և հավ ունի, ընտանիքն ակնհայտ չքավոր չէ: Հող էլ շատ ունի, սակայն այն մշակելը դժվար է, այստեղ ոռոգման ջուր չկա: Ջուրն աղբյուրից են կրում, որը  600մ հեռավորության վրա է գտնվում:

«Ականներն էլ ավելի մոտ են՝ 500 մետր են հեռու»,ժպիտով ասում է Մամիշի կինը, որը բակում զբոսնում է ծածկոցով փաթաթված ծոռան հետ:

Մամիշ Մուսաևի կինը, նրա թոռներն ու ծոռն՝ ականադաշտի ֆոնին: Կիրաչ-Մուգանլո գյուղ, Վրաստան: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Մուսաևները դեպքեր են հիշում, երբ իրենց համագյուղացիները պայթել են ականների վրա և մահացել:

«Բոլորն ամեն ինչից տեղյակ են: Ոստիկանությունը գիտի, տեղի ադմինիստրացիան գիտի, սակայն ի՞նչ կարող են անել նրանք: Այդ ամենը վերևներում պետք է լուծեն», – հանգիստ ասում է Մամիշը:

Չնայած նրան, որ գյուղի խնդրի մասին «բոլորը գիտեն», համացանցում վրացերեն լեզվով որոնումը գրեթե տեղեկատվություն չի տրամադրում այն մասին, որ սահմանին Վրաստանի 7կմ տարածք ականապատ է: 2013թ-ին լրատվական կայքերը գրել էին 25-ամյա Սարխան Մուսաևի պատմության մասին, որը պայթել էր ականի վրա, և գրել էին, որ «դեպքի վայրում կրիմինալիստներ են աշխատում»: Սակայն որևէ բացատրություն չկար այն մասին, թե ինչպես էր ականը հայտնվել խաղաղ գյուղում, խաղաղ ժամանակ:

Ո՞վ է ականապատել սահմանը

Կիրաչ-Մուգանլո գյուղի մոտ ականները հայտնվել են 1991թ-ին: Այդ տարածքն ականապատել է Ադրբեջանը. մեզ հետ զրույցում դա չի հերքում Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիղովը:

Ականադաշտի քարտեզը, որը կազմել է HALO TRUST-ը

Դա Լեռնային Ղարաբաղի պատերազմի՝ հետխորհրդային ամենաարյունալի հակամարտության թեժ ժամանակն էր: Ադրբեջանն այն ժամանակ որոշեց ականապատել Կարմիր կամրջին մոտ գտնվող սահմանը, քանի որ ընդամենը 5-6 կիլոմետրի վրա հայ-վրացական սահմանն է անցնում, վախենալով, որ Վրաստանի տարածքով կարող են հայկական ջոկատներ կամ առանձին խախտողներ անցնել:

Հուշաքար՝ Կաչագան գյուղի մոտ: 1996թ-ին այստեղ ականի վրա կին ու ամուսին են պայթել: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Դա մի ժամանակ էր, երբ Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր, Թբիլիսիում տանկեր էին երթևեկում, յուրաքանչյուր երկրորդ տանը զենք կար, իսկ զինամթերքը պայթում էր, ինչպես հրավառություն:

«1991թ-ին, երբ Վրաստանի իշխանությունները չէին վերահսկում ոչ միայն սահմաններն, այլ նաև մայրաքաղաքի կենտրոնն, այդպիսի պաշտպանական միջոցներն Ադրբեջանի կողմից, հնարավոր է, նույնիսկ արդարացված էին», – ասում է անվտանգության հարցերով վրացի փորձագետ Զուրաբ Ագլաձեն:

Խեղված մարդիկ

Կաչագան գյուղում ում էլ հարցնեք, բոլորը կարող են ցույց տալ Սարխան Մուսաևի տունը:

Մտնում ենք բակ և կանչում նրան: Դռներից զգուշությամբ դուրս է նայում կնճռոտ ճակատով և սև, գզգզված մազերով մի տղամարդ: Նա աչքերն այնպես է կկոցում, կարծես վաղուց արևի լույս չի տեսել:

Ուղիղ հինգ տարի առաջ՝ 2013թ-ի ապրիլի 5-ին, Սարխանը հյուր էր գնացել հարևան Կիրաչ-Մուգանլո գյուղ: Երեկոյան ընկերները դուրս էին եկել կորած կովին փնտրելու: 25-ամյա Սարխանը ոտքը դրել էր հակահետևակային ականի վրա և առանց ձախ ոտքի մնացել:

«Երբեմն ցավեր եմ ունենում, սակայն ոչ այնքան ուժեղ, տանելի են: Բժիշկները չէին կարծում, թե կենդանի կմնամ, շատ արյուն էի կորցրել»,ասում է Սարխանը:

Սարխան Մուսաևը երազում է աշխատանքի մասին: Արդեն հինգ տարի է, ինչ գրեթե տնից դուրս չի գալիս: Կաչագան, Վրաստան: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Պետությունը ոտքից զրկված Սարխանին 100 լարի (մոտ 40 դոլար) նպաստ է տալիս: Ոչ մի ուրիշ օգնություն նրա ընտանիքը չի ստանում:

Կիրաչ-Մուգանլոյի բնակիչ Սարխան Մամեդովը երկու երկրների միջև տարօրինակ պայմանավորվածությունից էլի է տուժել. նա 12 տարեկան էր, դաշտում խաղալիս ինչ-որ երկաթի կտոր է գտել և սկսել է խաղալ դրանով՝ փորձելով պարզել, թե ինչ կառուցվածք ունի: Երկաթի կտորն ականի բռնկիչ է եղել, որը պայթել է: Այսօր Սարխանը 29 տարեկան է, նա չի կարողանում աջ ձեռքը նորմալ օգտագործել:

«Բարեկամական» տանկերի այցերը

«Այն, որ Ադրբեջանն ականապատել է մեր տարածքը, ես պատահաբար եմ իմացել, – պատմում է Վրաստանի պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան, – մի անգամ առավոտյան ինձ զանգահարեցին և ասացին, որ Վրաստան ադրբեջանական տանկ է մտել: Հետո պարզվեց, որ այդպես հաճախ  է լինում»:

JAMnews-ի աղբյուրը բացատրում է, որ ժամանակ առ ժամանակ ադրբեջանցի զինվորականները սահմանն անցնում էին՝ ստուգելու, թե արդյոք ականները տեղում են։ Չնայած նրան, որ դա Վրաստանի տարածքն է, իրականում այնտեղ իրավիճակը տնօրինում է Ադրբեջանը: Նախկին պաշտոնյան ասում է, որ հենց Ադրբեջանը չի ցանկանում ականազերծել այդ տարածքը:

«Երբ ես հարցրի, թե ինչու նրանք չեն ականապատում իրենց հատվածն, ինձ պատասխանեցին, որ, խաղաղ գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունների համաձայն, նրանք իրավունք չունեն նման բան անելու: Իսկ մեր կողմից մենք աչք ենք փակում»:

Կովը Կիրաչ-Մուգանլո գյուղի մերձակայքի արոտավայրում: 2016թ-ին այս վայրում ականի վրա ձի է պայթել: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Վրաստանի սահմանն ադրբեջանական զինվորական տեխնիկայի կողմից հատելու փաստը հաստատում են նաև HALO TRUST ականազերծման բրիտանական կազմակերպության աշխատակիցները:

2015թ-ի հուլիսի 6-ին HALO TRUST-ը  Կարմիր կամրջի շրջակայքում տեխնիկական հետազոտման աշխատանքների թույլտվություն է ստացել Վրաստանի հումանիտար ականազերծման համակարգող մարմնից՝ «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնից, որը ենթարկվում է Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Այդ թույլտվությունը ենթադրում էր ականադաշտի մակերեսի և տեղադրված ականների տիպերի որոշում: Սակայն, չնայած թույլտվությանը, կազմակերպությունը ստիպված է եղել հրաժարվել աշխատանքների անցկացումից:

Վրաստանում HALO TRUST ծրագրի մենեջեր Իրակլի Չիտանավան պատմում է.

«Թույլտվություն ստանալուց անմիջապես հետո մենք սկսեցինք նախապատրաստական աշխատանքները և օգոստոսին հենց մոտեցանք ականադաշտին՝ սահմանից մոտ 50 մ հեռավորության վրա էինք, տեսանք, որ ադրբեջանական կողմը ծանր տեխնիկա, զինվորներ է դուրս բերել: Նրանք պահանջեցին, որպեսզի մենք լքենք տարածքը: Մեզ հետ այն ժամանակ արտգործնախարարության և սահմանապահ ոստիկանության ներկայացուցիչներ կային: Սակայն մենք ստիպված էինք նահանջել»:

Նրա խոսքով՝ Կիրաչ-Մուգանլոյի շրջանում ականներ գտնվել են ոչ միայն հենց սահմանային հատվածում. 2016թ-ին տեղացիներն ական են գտել սահմանից 800մ հեռավորության վրա և հաղորդել HALO TRUST-ին, կազմակերպությունը դիմել է սահմանապահ ոստիկանությանը, և ականը վնասազերծվել է: Սակայն այդ վայրի հետազոտման և մաքրման թույլտվություն կազմակերպությունը չի ստացել:

Վրաստանի պաշտպանության նախարարությունը HALO TRUST-ին հասցեագրված պաշտոնական նամակում նշել է, որ սահմանային աշխատանքները պետք է դադարեցվեն մինչև վերջնական որոշման ընդունումը: Պաշտոնապես գերատեսչությունը պատճառներ չի նշում: Սակայն իշխանության ներկայացուցիչները կազմակերպության աշխատակիցների հետ անձնական զրույցների ընթացքում ասում են, որ այդ հարցը Թբիլիսին սկզբից մտադիր է քննարկել Բաքվի հետ:

Պատմություններն այն մասին, որ ադրբեջանցի սահմանապահները ժամանակ առ ժամանակ անցնում են սահմանը, մենք լսել ենք նաև Կիրաչ-Մուգանլոյի բնակիչներից:

«Միայն ես չեմ նրանց տեսել, գյուղում հարցրեք՝ ում ուզում եք, – ասում է Մամիշ Մուսաևը: – Երբեմն նրանք մեր անասուններն են տանում: Մեկ անգամ ինձնից 35 ոչխար էին գողացել: Ես բողոքել էի վրացի սահմանապահներին, ոստիկանությանը, սակայն ոչ ոք դրանք չվերադարձրեց ինձ»:

Ճնշում Վրաստանի հանդե՞պ

JAMnews-ը փորձել է պարզել այդ իրավիճակի մանրամասներն Ադրբեջանում: Իսա Սադիղովն Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն է եղել 1992թ-ին: Նա ասում է, որ ականապատված տարածքների քարտեզը պահվում է Ադրբեջանի պետանվտանգության նախարարությունում:

«Առանց Ադրբեջանի համաձայնության այդ տարածքները Վրաստանը չի կարող ականազերծել: Հենց ադրբեջանական կողմը պետք է դրան մասնակցություն ունենա»,ասում է Սադիղովը:

Սակայն HALO TRUST-ում ասում են, որ կազմակերպությունը պատրաստ է սկսել աշխատանքներն այն պահին, երբ լինի վրացական կողմի համաձայնությունը, քանի որ նրանք արդեն ինքնուրույն են քարտեզ կազմել:

«Ընդհանուր առմամբ ականապատված է 2.2մլն քառակուսի մետր տարածք: Այն մաքրելու համար անհրաժեշտ է 2-3 տարի և 3 մլն դոլար: Վրացական կառավարության համաձայնության դեպքում մենք կդիմենք տարբեր դոնորների և կաշխատենք անհրաժեշտ ֆինանսավորում ստանալ Ճապոնիայի, ԱՄՆ կամ Վրաստանի այլ բարեկամ երկրների կառավարություններից», – ասում է Չիտանավան:

Իսա Սադիղովը կարծում է, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում Վրաստանի վրա:

«Այդ սահմանային շերտը սակարկման առարկա է Ադրբեջանի և Վրաստանի միջև: Պետք չէ մոռանալ, որ երկու երկրների միջև սահմանագծումն ավարտված չէ, և նրանց միջև վիճելի տարածքներ կան: Հնարավոր է, որ Ադրբեջանն օգտագործում է այդ փաստը Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար»,ասել է նա JAMnews-ին:

[Օրինակ, Վրաստանի և Ադրբեջանի միջև վեճի առարկա է Դավիթ Գարեջիի վանքին հարող տարածքի մի մասը – JAMnews]:

«Ինչ էլ լինի, բնակավայրերին սահմանակից տարածքներում ականների առկայությունն անմարդկային որոշում է»,կարծում է Սադիղովը:

Ռազմական փորձագետ Զուրաբ Ագլաձեն վստահ է, որ ականադաշտի գոյությունը քաղաքական հարց է:

«Ադրբեջանը Վրաստանի գործընկերն է ու բարեկամական երկիր: Հավանաբար, Վրաստանը նրա հետ հաշվի է նստում ինչ-որ բանի դիմաց, և չի շտապում ականազերծել տարածքը: Սակայն այստեղ այլ կողմ էլ կա: Եթե այդ տարածքը ոչ մի կերպ նշված չէ, և ականները վտանգավոր են մարդկանց համար, դա նշանակում է անփութություն պետության կողմից, որը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին»,ասում է Ագլաձեն:

Ռազմավարական գործընկեր

Վրաստանում 2017թ-ի վերջին CRRC կազմակերպության կողմից անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների մեծ մասն Ադրբեջանը (Ուկրաինայի հետ միասին) անվանել են Վրաստանի երկրորդ ամենաբարեկամական երկիր ԱՄՆ-ից հետո:

Ադրբեջանն այսօր Վրաստանի կարևորագույն հարևանն ու գործընկերն է: Այդ երկրի հետ Վրաստանին կապում են բազմաթիվ էներգետիկ և տրանսպորտային նախագծեր: Ադրբեջանական էներգառեսուրսների շնորհիվ Վրաստանը Ռուսաստանից էներգետիկ անկախություն է ձեռք բերել: Ադրբեջանը Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերներից է:

Վրաստանում ադրբեջանցիներն ամենամեծաքանակ ազգային փոքրամասնությունն են. ադրբեջանցիների թիվը երկրում հասնում է 223 հազարի, կամ երկրի բնակչության 6 տոկոսի (2014թ-ի մարդահամարի տվյալներով): Մեծ մասը բնակվում է Վրաստանի հարավ-արևելքում գտնվող Քվեմո Քարթլի շրջանում:

Քվեմո Քարթլին Վրաստանի ամենահարուստ շրջաններից մեկն է: Աշխատասեր ադրբեջանցիներն այստեղ բանջարեղեն, միրգ, կանաչի են աճեցնում, զբաղվում անասնապահությամբ: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Սակայն վերջին տարվա ընթացքում՝ Թբիլիսիից ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիին առևանգելուց հետո, Վրաստանում շատերը երկու երկրների այդ սերտ համագործակցությանն ուրիշ տեսանկյունից նայեցին:

Վրացի քաղաքական գործիչներն ու փորձագետներն ավելի ու ավելի հաճախ են նշում, որ հարևանի հետ Թբիլիսիի հարաբերությունները պետք է ավելի իրավահավասար լինեն և հիմնված լինեն սկզբունքային դիրքորոշման վրա:

Այս տարածաշրջանն ապահովում է վրացական շուկայի մթերքի զգալի մասնաբաժինը: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

_____________________________

Այս 27 տարվա ընթացքում Կիրաչ-Մուգանլոյի բնակիչները սովորել են գոյատևել ականների հարևանությամբ:

Անձրևը, ձյունն ու քամին մերկացրել են հողում թաղված ականների մի մասը: Դրանք գտնում են հովիվները, որոնք ամեն օր անցնում են ականադաշտի կողքով:

Ձմռանը, հատկապես, եթե ձյուն չկա, հեշտ է. ականները լավ երևում են: Ամռանն ավելի դժվար է. ամեն ինչ պատվում է կանաչ խոստով, մարդիկ ստիպված են զգույշ քայլել:

«Երբ հովիվներն ական են գտնում, նրանք այն քարերով են շրջապատում՝ տեղը նշելու համար», – պատմում է տեղի բնակիչ Շամշիր Մամեդովը:

«Ո՞ւմ բողոքենք»: Դժվար է այսպես ապրելը: Եթե երեխան ուշ է տուն վերադառնում, ծնողներն, առաջին հերթին, վախենում են, որ նա կարող էր ականադաշտ գնալ: Իսկ քանի՞ անգամ են անասուններ պայթել: Մեծացնում ես նրանց, քրտնաջան աշխատում, և հանկարծ՝ այդպիսի վնաս», – բողոքում է Շամշիրը։

Այս երեխան ապրում է ականադաշտից 500 մետր հեռավորության վրա: Կիրաչ-Մուգանլո, Վրաստան: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի,  JAMnews

Նյութը նախապատրաստելիս JAMnews-ը կապվել է Վրաստանի պաշտպանության նախարարության, արտգործնախարարության, սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովի և ՆԳՆ սահմանապահ ոստիկանության հետ: Սակայն մինչև հիմա մենք պատասխան չենք ստացել այս գերաստեսչություններից և ոչ մեկից:


Կարդալ ավելին JAMnews-ում