«Դեմոկրատները TRIPP-ը չեն դիտարկում որպես միայն Թրամփի վարչակազմի նախագիծ»․ կարծիք Երևանից
ԱՄՆ միջանկյալ ընտրություններն ու TRIPP-ը
Հայաստանում ակտիվորեն քննարկում են ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրությունները, որոնց արդյունքում Դեմոկրատական կուսակցությունը վերահսկողություն ստանձնեց Կոնգրեսի երկու պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի նկատմամբ։
Հայ պաշտոնյաներն ու փորձագետները դեմոկրատների հաղթանակը դիտարկում են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես՝ հայ-ամերիկյան TRIPP («Թրամփի ուղի») նախագծի իրագործման համատեքստում։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ նման հարցերում դրսևորվում են երկրների շահերը, իսկ անհատներն ու քաղաքական թիմերն իրենց սրբագրումներն են մտցնում վարվող քաղաքականության մեջ։
«Վստահ եմ, որ այն, ինչ հիմա արվում է մեր և ԱՄՆ միջև, շահավետ է նաև Նահանգների համար։ Ես չեմ պատկերացնում, որ դեմոկրատները չուզենան, որ որ TRIPP-ը արագ կառուցվի»,- շեշտել է նա։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն Civilnet-ի եթերում ասել է՝ Նահանգներում ընդունված պրակտիկա է, երբ նախագահը պարտվում է միջանկյալ ընտրություններում։ Ըստ նրա՝ առաջին 1-2 տարվա ընթացքում վարկանիշի փոփոխություն է տեղի ունենում, մարդիկ ավելի դժգոհ են դառնում վարվող քաղաքականությունից։
Նրա գնահատմամբ՝ ընտրությունների արդյունքները «պատմական մասշտաբների ֆիասկո» են հանրապետականների համար։ TRIPP-ի հետ կապված էական փոփոխություններ, սակայն, քաղաքագետը չի կանխատեսում։
«ԱՄՆ-ում կա երկկուսակցական կոնսենսուս TRIPP-ի վերաբերյալ։ Դեմոկրատներն այն չեն դիտարկում որպես միայն Թրամփի վարչակազմի նախագիծ։ Հասկանում են դրա կարևորությունը Հարավային Կովկասի և խաղաղության համար»,- հայտարարել է Գրիգորյանը։
Միաժամանակ նկատել է՝ պաշտոնական Երևանը պետք է հավելյալ աշխատանք տանի ԱՄՆ գործընկերների հետ՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ փորձագիտական մակարդակում և հղի հստակ ուղերձ, որ «Թրամփի ուղու» իրականացումը որևէ դեպքում չպետք է վտանգված լինի։
Հայ և ամերիկացի պաշտոնյաների վերջին հայտարարությունները, մեկնաբանություն
- «Պարզե՛լ երկաթուղում հնարավոր չարաշահումները»․ հայ քաղաքական գործչի դիմումը դատախազին
- «Երկաթուղու կոնցեսիայի շուրջ քննարկումը վերածվում է ՌԴ հետ բանակցային գործընթացի»․ կարծիք
- ՀՀ-ից Ադրբեջան արտահանում կարող է մեկնարկել. առկա խոչընդոտների մասին
Հայ և ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները
«Որևէ խնդիր չենք ունենալու»․ Հայաստանի ԱԽ քարտուղար
Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հիշեցրել է՝ հենց Թրամփի վարչակազմի օրոք է մշակվել TRIPP («Թրամփի ուղի») նախագիծը․
«Ես վստահ եմ, որ TRIPP-ը անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ, այն նաև բիզնես պրոյեկտ է պետության համար»։
Սիմոնյանի խոսքով՝ TRIPP-ը Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից պետական մակարդակով համաձայնեցված նախագիծ է։ Կարծում է՝ իրագործման փուլում ևս որևէ խնդիր չի առաջանա։
Ներկաներից մեկը ԱԽ քարտուղարին հարցրել է՝ արդյո՞ք ընտրություններից հետո Թրամփը կզբաղվի ներքաղաքական խնդիրներով և կկորցնի հետաքրքրությունը Հարավային Կովկասի հանդեպ։
«TRIPP-ը մեկ վարչակազմից կամ գործոնից կախված նախաձեռնություն չէ։ Դա կարևոր համաձայնություն է նաև կազուս բելլին՝ պատերազմ սկսելու առիթը վերացնելու համար»,- արձագանքել է Ալեն Սիմոնյանը։
«Հնարավորություններ կբացվեն նաև Նահանգների համար»․ ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար
Նույն գագաթնաժողովի շրջանակում «Թրամփի ուղի» նախագծին և տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացմանն անդրադարձել է նաև Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։
Ալենը հայտարարել է, որ TRIPP նախագիծը համահունչ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել «առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց»․
«ԱՄՆ համար այն կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև և առաջ է մղում կայուն, բարգավաճ և փոխկապակցված Հարավային Կովկասի հետ կապված մեր ռազմավարական շահը»։
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի փոխանցմամբ՝ Նահանգները համոզված է, որ երբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելու։
«Երբ ճանապարհն ու երկաթուղին հատում են սահմանները, դրանք սոսկ ապրանքներ չեն փոխադրում․ դրանք վստահություն են փոխադրում»,- ընդգծել է Դեյվիդ Ալենը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է․
«Շատերը այս [միջանկյալ ընտրությունների] արդյունքները կապում են ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշման հետ, որը լուրջ ազդեցություն է ունեցել նաև նավթի և նավթամթերքի գների վրա, սպառողների վրա։ Սակայն, ընդհանուր առմամբ, վերջին երկու տարում տեղի ունեցած գործընթացներն են բերել այս տիպի պատմական արդյունքի։
Ի՞նչ պետք է ակնկալել Հայաստանի պարագայում։ Կարծում եմ՝ շատ ավելի մեծ վերահսկողություն է լինելու Թրամփի վարչակազմի կողմից վարվող քաղաքականության հանդեպ։
Մեծ հաշվով, ԱՄՆ-ում այնպիսի համակարգ է կառուցված, որը թույլ չի տալիս իշխանության ճյուղերից մեկին մյուսին քաղաքականություն թելադրել։ Տեսականորեն, եթե նույնիսկ դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսը փորձի սահմանափակել նախագահի որոշումները, նախագահն ունի վետոյի իրավունք, ունի նաև գործադիր գործողության (executive action) իրավունք։
Օրինակ՝ Օբաման իր երկրորդ ժամկետի ընթացքում շատ հաճախ այդ գործադիր գործողության միջոցով էր կառավարում և շրջանցում էր Կոնգրեսը շատ հարցերում։ Շատ այլ հարցերում, սակայն, առանց Կոնգրեսի հնարավոր չի լինելու առաջ գնալ։
Ամենակարևոր առավելությունը, որն ստանում են դեմոկրատները, հենց վերահսկողական գործառույթն է։
Հիմա նրանք վերահսկելու են ամենակարևոր հանձնաժողովները Ներկայացուցիչների պալատում։ Եվ TRIPP-ի, դրա ֆինանսավորման հետ կապված բոլոր գործառույթներն արդեն դեմոկրատների միջոցով են իրականացվելու։
Շատ ավելի մեծ է լինելու վերահսկողությունը հնարավոր կոռուպցիոն դրսևորումների դեմ։ Վերջերս Reuters-ը հետաքրքիր հրապարակում էր կատարել, որտեղ խոսվում էր ՀՀ-ում Կոնստանտին Սոկոլովի (TRIPP+ հիմնադրամի ղեկավար) բիզնես շահերի և հնարավոր շահերի բախման մասին։ Օրինակ՝ դա կարող է դառնալ հետաքրքիր թեմա դեմոկրատական մեծամասնության համար։
TRIPP+ հիմնադրամը ստեղծվել է որպես առանձին ներդրումային հիմնադրամ։ ԱՄՆ Դելավեր նահանգում գրանցված ընկերությունների պաշտոնական բազայում հիմնադրամը ներկայացված է նաև Trans-Caspian Enterprise Fund անվամբ։
52-ամյա ֆինանսիստ, ներդրող Կոնստանտին Սոկոլովը ղեկավարում է «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգս» ընկերությունը։ Այս ընկերությունը ՀՀ-ում գործող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերն է։ 2024 թ․-ից Սոկոլովը նաև հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիա»-ի համասեփականատերն է, նրան է պատկանում ընկերության 20 տոկոսը։
Որոշ փորձագետներ նաև կասկածում են նրան ՌԴ-ի հետ կապեր ունենալու մեջ։ Կոնստանտին Սոկոլովը ծնվել է ՌԴ-ում, 21 տարեկանում Ռուսաստանից տեղափոխվել է ԱՄՆ, ներդրումներ կատարել հեռահաղորդակցության, էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների ոլորտներում։ Նրան է պատկանում Չիկագոյում գործող IJS Investments ընկերությունը, Ցյուրիխում գործող Gotthard Investment AG-ն, որը կենտրոնացած է ֆինանսական ծառայությունների մատուցման, էներգետիկայի ու անշարժ գույքի ոլորտներում։ Սոկոլովը պաշտոն է զբաղեցնում նաև Northern Pillar Energy կոնսորցիումում, որը զբաղվում է մաքուր էներգիայի ու օպտիկամանրաթելային մալուխների հաղորդակցությամբ՝ կապելով Աֆրիկան Եվրոպային։
Թրամփի վարչակազմի շատ հաճախ նեպոտիստական (հովանավորչական) մոտեցումը արտաքին քաղաքականության հանդեպ գրավում է դեմոկրատների ուշադրությունը՝ լինի դա Ջարեդ Քուշների, Սթիվ Ուիթքոֆի կամ մերձավոր շրջապատի այլ ներկայացուցիչների ներգրավվածությունը տարբեր հարցերում։ Ուստի այս հարցում պետք է ավելի մեծ ակտիվություն տեսնել դեմոկրատների կողմից։
Իհարկե, ակնկալիքն այն է, որ TRIPP-ը չպետք է դիտարկվի որպես միայն Թրամփի վարչակազմի նախագիծ։ Այս ընկալումը պետք է ամրապնդել, ակտիվ աշխատանք տանել այդ ուղղությամբ»։
Համատեքստ
ՀՀ հարավով անցնող «Թրամփի ուղին» (TRIPP) Հայաստանի համար ապաշրջափակման հնարավորություն է։ Բացի այդ, այդ ճանապարհն Ադրբեջանը կապելու է իր էքսկլավ Նախիջևանի հետ։
Նախատեսվում է, որ ՀՀ տարածքով անցնող շուրջ 43 կիլոմետրանոց հատվածը կներառի երկաթուղի, ավտոմայրուղի, էներգետիկ ենթակառուցվածքներ և թվային կապուղիներ։
Հայաստանի տարածքում նախատեսվող բոլոր ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Շաբաթներ առաջ՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ խորհրդարանը վավերացրեց «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Այդ փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է ստեղծել «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն», որն էլ զբաղվելու է նախագծի մշակմամբ և իրականացմամբ։
Սկզբնական ժամանակահատվածում զարգացման ընկերության բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26%-ը՝ ՀՀ-ին։ 49 տարվա ավարտից հետո՝ համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգելու պարագայում Հայաստանի բաժնեմասը կդառնա 49%։
2026 թ․-ի նոյեմբերի 7-ին հայ-ամերիկյան TRIPP նախագծի բոլոր բաղադրիչների՝ հնարավորինս սեղմ ժամկետներում գործարկումն ապահովելու հանձնառության մասին համատեղ հայտարարությամբ հանդես եկան Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը։
ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը հաղորդեց «Թրամփի ուղի» բազմամոդալ տարանցիկ ուղու առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկի մասին․
«Կողմերը պայմանավորվել են գործարկել եռակողմ տեխնիկական պլանավորման առաջին երկու խմբերը՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով»։
Նշվում է, որ խմբերի ձևավորումը կարևոր քայլ է բարդ տեխնիկական հարցերի լուծման և իրականացման հաջորդ փուլերին անցնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ կապի ապահովման առումով։
Հաղորդագրության համաձայն՝ ձևաչափը միավորում է երեք երկրների քաղաքականություն մշակողներին և տեխնիկական փորձագետներին։ Հայտարարությունը տարածվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանի, Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովի անունից։ Մանրամասներ, սակայն, դեռևս չեն հաղորդվել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԱՄՆ միջանկյալ ընտրություններն ու TRIPP-ը