Վրաստանը կարող է խաղաղ ճանապարհով վերադարձնել Աբխազիան. Նիկա Գվարամիայի առաջարկը
Աբխազիայի խաղաղ վերադարձը Վրաստանի կազմ
Աբխազական հակամարտության լուծման հիմք կարող են լինել ոչ թե պատերազմը կամ անցյալի մասին քննարկումները, այլ Վրաստանի եվրաինտեգրումը, նրա տնտեսական զարգացումն ու անվտանգության ոլորտում ընդհանուր շահերը: Այս մասին «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկա Գվարամիան։
Գվարամիան կարծում է, որ Վրաստանը պետք է հաղթահարի պատերազմից հետո ստեղծված տրավմատիկ իրավիճակը: Միևնույն ժամանակ, երկիրը պետք է դառնա գրավիչ քաղաքական և տնտեսական տարածք աբխազների համար։
Որպես այս ռազմավարության հիմնական տարրեր՝ նա մատնանշում է ԵՄ-ին անդամակցությունը, Անակլիայի նավահանգստի զարգացումն ու Միջին միջանցքում Վրաստանի դերի ամրապնդումը։
Գվարամիայի հարցազրույցն արդեն իսկ լայն արձագանք է գտել հանրության շրջանում: Շատ հեռուստադիտողներ կարծում են, որ քաղաքական գործիչը դուրս է եկել ավանդական հռետորաբանության սահմաններից՝ առաջարկելով հակամարտության լուծման ռացիոնալ և պրագմատիկ մոդել, որը հազվադեպ երևույթ է վրացական քաղաքական ասպարեզում:

Տրավմա, պատերազմի վախ և կառավարության հռետորաբանություն
Ըստ Գվարամիայի՝ «Վրացական երազանքը» պատերազմի հանրային տրավման վերածել է մշտական վախի։ Արդյունքում տարածքային ամբողջականությունը վերականգնելու ցանկությունը փոխարինվել է «միայն թե պատերազմ չլինի» մտածելակերպով։
Նա նշել է, որ տարիներ շարունակ ինքն աբխազական հարցին մոտեցել է զայրույթի և անհաշտության դիրքերից։ Նա անհնար է համարել աբխազների հետ երկխոսությունը և խնդրի լուծման տարբերակ դիտարկել ուժի կիրառումը։ Հետագայում եզրակացրել է, որ այդ մոտեցումը վնասակար է երկրի համար։
«Ցավոք, «Վրացական երազանքի» գործողությունները հանգեցրել են ոչ թե «սա իմ երկիրն է, և ես կպայքարեմ մինչև վերջ» դիրքորոշմանը, այլ «ես պատերազմ չեմ ուզում, պատերազմ չպետք է լինի» վերաբերմունքին»։
Գվարամիան պատերազմից խուսափելու ցանկությունը բնական է համարում:
Վրաստանի բնակչությունն անմիջականորեն է զգացել 2008 թվականի հակամարտությունը. մարդիկ ուղիղ եթերում դիտել են քաղաքների ռմբակոծությունները, մահերը և իրենց երկրի վրա ռումբերի ընկնելը։
Այնուամենայնիվ, ըստ նրա, խնդիրն առաջանում է, երբ կառավարությունն այս փորձն օգտագործում է որպես քաղաքական վերահսկողության գործիք: Հասարակությանը նոր պատերազմի սպառնալիքի մասին անընդհատ հիշեցնելը մարդկանց մղում է անգործության, այլ ոչ թե խրախուսում է լուծումներ փնտրել։
Նրա գնահատմամբ՝ վրացական հասարակությունը ցանկանում է վերադարձնել Աբխազիան, բայց ոչ պատերազմի գնով։ Գվարամիան կարծում է, որ քաղաքական գործիչները պետք է հաշվի առնեն առկա հասարակական տրամադրությունները։
«Եթե մենք ուզում ենք աշխատել այս մարդկանց հետ և մեզ քաղաքական գործիչ ենք համարում, պետք է հասկանանք, որ նրանց նույնպես հուզում է Աբխազիայի ճակատագիրը, բայց պատերազմ չեն ուզում»։
Գվարամիայի խոսքով՝ ռազմական լուծման տարբերակն այսօր անընդունելի է ոչ միայն հասարակության դիրքորոշման պատճառով։
Վրաստանը չունի անհրաժեշտ ռեսուրսներ, ուստի պատերազմի մասին հայտարարությունները, որոնք չեն հիմնավորվում հնարավորությունների իրատեսական գնահատմամբ, չեն կարող հիմք հանդիսանալ պատասխանատու քաղաքական ծրագրի համար։
Նա նկատել է, որ երիտասարդ սերնդի շրջանում Աբխազիայի հետ հուզական կապը աստիճանաբար թուլանում է՝ դա անվանելով հիմնական մարտահրավերներից մեկը.
«Ըստ էության, եթե մենք կորցնենք Աբխազիան մեր հիշողություններում, դա կնշանակի նաև տարածքների իրական կորուստ»։
Նրա կարծիքով՝ ժամանակի ընթացքում միայն անցյալի հիշողությունը բավարար չի լինի տարածքային ամբողջականության գաղափարի պահպանման համար։
Փաշինյանի օրինակն ու տրավմայի հաղթահարումը
Գվարամիան օրինակ է բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կարողացել է հաղթահարել տրավմատիկ պատմական հիշողության բեռը։ Ասում է՝ Փաշինյանը փորձել է պետության ապագան առանձնացնել պատմական և տարածքային պահանջներից։
Այս համատեքստում Գվարամիան խոսել է Արարատի և Ղարաբաղի հետ կապված հարցերի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի փոփոխության մասին։
Նրա գնահատմամբ՝ այդ քաղաքականության նպատակն էր երկիրն ազատագրել ռուսական ազդեցությունից և ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ.
«Նման փոփոխությունները տասնամյակներ են պահանջում, բայց Փաշինյանը դրանք իրականացրեց կարճ ժամանակում: Նա հեռացրեց Արարատ լեռան պատկերը կնիքից [պետական սահմանահատման] և հայտարարեց, որ այն մեր պատմության մաս է, բայց ոչ մեր աշխարհագրության:
Եթե մենք ուզում ենք խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ, ապա եկեք շարունակենք պատկերել Արարատը, բայց այդ դեպքում մենք կշարունակենք լինել աղքատ և Ռուսաստանից կախված: Եթե մենք դա չենք ուզում, ապա եկեք համաձայնության գանք և հեռացնենք կնիքից Արարատը, որն իրականում մեր տարածքում չէ:
Այդ դեպքում մեր հարաբերությունները կբարելավվեն ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Մենք ավելի շատ գումար կունենանք, կբացվի դեպի Եվրամիություն շարժվելու հեռանկար, և մենք այլևս կապված չենք լինի Ռուսաստանի հետ»:
Միևնույն ժամանակ, Գվարամիան ընդգծել է Աբխազիայի և Ղարաբաղի իրավական տարբերությունը:
Նա հիշեցրել է, որ միջազգային հանրությունը ճանաչում է Աբխազիան՝ որպես վրացական տարածք, մինչդեռ Ղարաբաղը չի ճանաչվել որպես Հայաստանի մաս:
Սակայն նրա համար ամենակարևորը ոչ թե այս տարածքների կարգավիճակն է, այլ տրավմատիկ հիշողությունների քաղաքական ազդեցությունն ու դրանց գերությունից ազատվելու հնարավորությունը։
Անակլիան և Միջին միջանցքը
Գվարամիայի ռազմավարության հիմնական տարրերից մեկը Անակլիայի խորջրյա նավահանգիստն է։ Նա Անակլիան դիտարկում է որպես պոտենցիալ տնտեսական «ձգողականության կենտրոն» Աբխազիայի համար։
Նրա պատկերացմամբ՝ Վրաստանը կդառնա Կենտրոնական Ասիան Սև ծովի հետ կապող Միջին միջանցքի կարևոր օղակ։ Այս երթուղին կկապի Եվրոպան Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և տարածաշրջանի այլ երկրների շուկաների և ռեսուրսների հետ։
Գվարամիան շեշտը դնում է հատկապես հազվագյուտ մետաղների և լիթիումի վրա։ Նրա խոսքով՝ այդ ռեսուրսների կարևորությունը մեծանում է, իսկ Կենտրոնական Ասիայի երկրները կարիք ունեն դեպի արևմտյան շուկաներ այլընտրանքային ուղու, քանի որ առկա երթուղիները կախված են Ռուսաստանից, Չինաստանից կամ Իրանից։
«Ինձ համար ամենակարևորը ԵՄ անդամակցությունն է և Միջին միջանցքի զարգացումը։ Ես օգտագործում եմ հենց այս բառը՝ զարգացում։ Մենք պետք է զարգացնենք այս ուղղությունը»։
Նա կարծում է, որ Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի արևմտյան կապիտալի ներգրավմամբ, և ամերիկյան, բրիտանական և եվրոպական կառույցները պետք է մասնակցեն դրա կառավարմանը։
Այդ դեպքում նավահանգիստը կդադարի լինել պարզապես տնտեսական միավոր և կարող է դառնալ Վրաստանի անվտանգության լրացուցիչ երաշխիք.
«Արևմտյան աշխարհը ոչինչ այնքան խանդով չի պաշտպանում, որքան սեփականությունը. ո՛չ միջազգային պայմանագրերը, ո՛չ անվտանգության ապահովման պարտավորությունները, ո՛չ էլ որևէ դաշինքի կանոնադրությունը: Ոչ, հենց սեփականությունն է, որը վայելում է ամենամեծ պաշտպանությունը ցանկացած արևմտյան հասարակությունում»:
Գվարամիան նաև կարծում է, որ Անակլիայի զարգացման համար անհրաժեշտ է կառավարման ժողովրդավարական համակարգ: Միջազգային խոշոր ներդրողը երկարաժամկետ նախագիծ չի իրականացնի կոռուպցիայի և թափանցիկության բացակայության պայմաններում:
Ահա թե ինչու արևմտյան ներդրողը նավահանգստի շինարարությունը, եվրաինտեգրումը, ժողովրդավարացումը և տարածքային ամբողջականության վերականգնումը դիտարկում է որպես մեկ միասնական ռազմավարության մաս:
Գվարամիայի կարծիքով՝ Օչամչիրայի նավահանգիստը նույնպես կարող է ապագայում ներառվել այս տնտեսական տարածքում: Այսպիսով, Վրաստանի հետ համագործակցությունը կծառայի Աբխազիայի տնտեսական շահերին:
Փոխզիջման սահմաններն ու կառավարման մոդելը
Հարցազրույցում Գվարամիան նշել է, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց փոխզիջումների: Սակայն նա չի մատնանշել հնարավոր քաղաքական կառավարման որևէ կոնկրետ մոդել:
Զրույցի ընթացքում քննարկվել է Լիբանանի, Բոսնիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Կիպրոսի փորձը: Այս օրինակներից մի քանիսը ցույց են տալիս, որ էթնիկ պատկանելության հիման վրա պաշտոնների և լիազորությունների բաշխումը կարող է հանգեցնել պետական համակարգի անարդյունավետության:
Գվարամիան չի բացառում, որ համաձայնագիրը կարող է անդրադառնալ Աբխազիայի հատուկ իրավական կարգավիճակի, լիազորությունների բաշխման, տեղահանված անձանց վերադարձի և գույքային հարցերին.
«Հաշտեցումն անհնար է առանց զիջումների»:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ Վրաստանը ճանաչված պետություն է: Հետևաբար, «զրոյից» նոր պետության ստեղծումը չպետք է դառնա խնդրի լուծման պարտադիր նախապայման:
Գվարամիան Եվրամիությունը դիտարկում է որպես հնարավոր համաձայնագրի առանցքային հիմք: Նրա կարծիքով՝ Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը կարող է անվտանգության երաշխիքներ ապահովել աբխազների համար՝ միաժամանակ պահպանելով Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը:
Թամթա Միքելաձեի գնահատականը. կարևոր տեսլական և անպատասխան հարցեր
Սոցիալական արդարության կենտրոնի ղեկավար Թամթա Միքելաձեն այս հարցազրույցն անվանել է ռացիոնալ և պրագմատիկ քաղաքական տեսլականի արտահայտություն: Նրա խոսքով՝ Գվարամիան դուրս է եկել Աբխազիայի վերաբերյալ հաստատված քաղաքական հռետորաբանության սահմաններից և տարածքային ամբողջականության հարցը կապել երկրի զարգացման ռազմավարության հետ։
Միքելաձեն ընդգծել է, մասնավորապես՝ տրավմատիկ հիշողությունների հաղթահարման, պատերազմի և կապիտուլյացիայի միջև կեղծ ընտրությունը մերժելու, Եվրամիության գրավչության և անվտանգության ապահովման գործում Անակլիայի նավահանգստի հնարավոր դերի մասին հայտարարությունները։
Նրա կարծիքով՝ հարցազրույցի կարևոր մասը ընդդիմության առջև դրված խնդիրն է. կառավարությանը քննադատելուց բացի այն պետք է երկրին առաջարկի լայնածավալ այլընտրանքային նախագիծ։

Սակայն Միքելաձեն մի քանի խնդիր է տեսնում Գվարամիայի մոտեցման մեջ։
Առաջինը տնտեսական շահերի դերի հնարավոր չափազանցումն է։
Նա նշել է, որ էթնոքաղաքական հակամարտություններում տնտեսական շահը միշտ չէ, որ կարող է հակակշռել ինքնության կորստի վախին, ազգայնական նարատիվներին և անկախության գաղափարին։
Հետևաբար, Թբիլիսին պետք է աբխազական ինքնության, լեզվի և քաղաքական ինքնավարության պաշտպանության հարցերի հետ կապված լուծումներ առաջարկի։ Միայն բարգավաճման խոստումները բավարար չեն լինի։
Երկրորդ խնդիրը ռուսական գործոնն է։ Միքելաձեի խոսքով՝ Գվարամիայի մոդելը մեծապես հենվում է Ռուսաստանի թուլացման վրա։
Անհասկանալի է մնում, թե ինչ կլինի, եթե Մոսկվան պահպանի իր ազդեցությունն ու ռազմաբազաները տարածաշրջանում։ Նման պայմաններում տնտեսական գրավչությունը չի կարող փոխարինել անվտանգության այլընտրանքային երաշխիքներին։
Երրորդ հարցը վերաբերում է տրավմայի հաղթահարման քաղաքականությանը։ Միքելաձեն նշում է, որ Փաշինյանի մոտեցումը լուրջ ներքին անհամաձայնություններ է առաջացրել Հայաստանում։
Հասարակության մի մասը նրա քաղաքականությունն ընկալում է ոչ թե որպես տրավմայի հաղթահարում, այլ որպես ազգային պարտություն։ Հետևաբար, նման փոփոխությունները պահանջում են երկարաժամկետ ժողովրդավարական, սոցիալական և մշակութային ներգրավվածություն հակամարտությունից տուժած բնակչության հետ։
Չորրորդ խնդիրը վերաբերում է իշխանությունների տարանջատման մոդելին։ Միքելաձեի դիտարկմամբ՝ դա հենց այն ասպեկտն է, որտեղ խաղաղապահ նախորդ ձևաչափերը հաճախ սայթաքել են։ Հետևաբար, Աբխազիայի քաղաքական կարգավիճակը, ներկայացվածությունը և լիազորությունների բաշխումը բոլորովին էլ երկրորդական դետալներ չեն։
Չնայած այս բոլոր հարցերին՝ Միքելաձեն կարծում է, որ Գվարամիայի հարցազրույցն արժանի է հանրային քննարկման։
Ասում է՝ այլ քաղաքական գործիչներ նույնպես պետք է առաջարկեն ապագային միտված ժողովրդավարական այլընտրանքներ, այլ ոչ թե իրենց դիրքորոշումները կառուցեն անցյալի տրավմաների և բախման վրա։
Նա նաև լրատվամիջոցներին կոչ է անում շրջահայացություն ցուցաբերել։ Միքելաձեի խոսքով՝ եթե «Վրացական երազանքը» տարածքային ամբողջականության հարցն օգտագործի քաղաքական կամ տնտեսական շահերն արդարացնելու համար, ապա ընդդիմությունը պետք է ունենա փաստարկված պատասխան։
Միքելաձեի հիմնական ուղերձն այն է, որ Աբխազիայի մասին քննարկումն այլևս չպետք է սահմանափակվի միայն պատերազմի մասին հիշողություններով, փոխադարձ մեղադրանքներով և ընդհանրական կոչերով։
Հանրային քաղաքականությունը պետք է պատասխաններ տա բարդ հարցերի՝ ինչպե՞ս է պաշտպանվելու աբխազական ինքնությունը, ինչպե՞ս կարելի է ապահովել անվտանգությունը, ինչպե՞ս է բաշխվելու իշխանությունը և ի՞նչ պայմաններով է հնարավոր ստեղծել միասնական քաղաքական տարածք։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Աբխազիայի խաղաղ վերադարձը Վրաստանի կազմ