YouTube-ն արգելափակել է ռուսական RT հեռուստատեսության ալիքները Գերմանիայում
YouTube-ը ջնջել է ռուսական RT երկու ալիք
YouTube տեսահոսթինգն առանց վերականգնման հնարավորության հեռացրել է ռուսական պետական RT (RT DE) հեռուստատեսության երկու ալիք կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի պատճառով։ Մեդիառեսուրսի ղեկավարությունը, ի պատասխան, սպառնում է արգելել Ռուսաստանում գերմանական մեդիայի աշխատանքը։
Ինչպես հաղորդում է ռուսական «Նովայա գազետան», հեռացվել են RT DE և Der Fehlende Part (DFP) ալիքները։ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կատարվածն անվանել է «մեդիապատերազմ, որը Գերմանիա պետությունը հայտարարել է Ռուսաստան պետությանը»։
Բացի այդ, RT-ի գլխավոր խմբագիրը հայտարարել է, որ «շատ է սպասում» այն բանին, թե երբ են Ռուսաստանում արգելելու գերմանական լրատվամիջոցների աշխատանքը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես մեկնաբանել է իրավիճակն իր Telegram-ալիքում․ «Այս հարցով մեկնաբանություն ենք նախապատրաստում։ Այն դուր կգա բոլորին, հատկապես՝ գերմանացի լրագրողներին»։
Google-ի մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ RT-ի գերմանալեզու ալիքները հեռացվել են կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի վերաբերյալ YouTube-ի կանոնների խախտման պատճառով։
«RT DE-ն զգուշացվել է բովանդակության վերբեռնման համար, որը խախտում է COVID-19 վարակի մասին կեղծ տեղեկությունների վերաբերյալ մեր կանոնները։ Դա հանգեցրել է տեսանյութերի հրապարակման նրանց իրավունքների կասեցման», — հաղորդել է ընկերությունը։
Google-ը հստակեցրել է, որ RT-ի երկրորդ ալիքն ագելափակվել է, քանի որ առաջինի արգելափակումից հետո խմբագրությունն այն օգտագործում էր սահմանափակումները շրջանցելու համար։
RT-ի խմբագրությունը հայտարարում է, որ Եվրոպայում իրենց հանրագումարային շաբաթական լսարանը կազմում է 43 մլն մարդ 15 երկրներում, իսկ ողջ աշխարհում այդ լսարանը հասնում է 100 միլիոնի։ RT-ն հեռարձակվում է բոլոր խոշորագույն եվրոպական երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում։