Չեչնիայում ձերբակալել են ևս 3 ենթադրյալ զինյալների
Չեչնիայում ուժայինները ձերբակալել են ևս 3 ենթադրյալ զինյալների, որոնք, ինչպես պնդում են իրավապահ մարմինները, անդամակցել են ԻՊ-ի հետ կապված առանձնակի վտանգավոր ահաբեկիչ Իմրան Դացաևի ղեկավարությամբ գործող անօրինական զինված խմբավորմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
Ավելի վաղ Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ շաբաթ օրը ձերբակալվել է առանձնակի վտանգավոր ահաբեկիչ Իմրան Դացաևը: Ըստ Կադիրովի՝ ձերբակալվածն անդամակցել է ավազակախմբի, որը համակարգվել է Սիրիայում գործող Իսլամական պետության զինյալի կողմից: Ինչպես հայտարարել է Կադիրովը, Դացաևի ղեկավարած և հունվարի 11-ին Չեչնիայի Կուրչալոևսկի շրջանում չեզոքացված խմբի նպատակն է եղել գրավել տանկային զորամասը և հարձակում գործել Խանքալա բնակավայրի վրա: Հատուկ գործողության հետևանքով սպանվել է 4 ենթադրյալ գրոհային, զոհվել է Ռուսաստանի գվարդիայի 3 զինծառայող: