Լուծարվել է Ադրբեջանի լավագույն մասնավոր համալսարանը
Ըստ կրթության նախարարության պաշտոնական «Դիմորդ» ամսագրի՝ Ադրբեջանի լավագույն մասնավոր համալսարան ճանաչված «Կովկաս» համալսարանը լուծարման ընթացակարգ է սկսում՝ հիմնադրի որոշման համաձայն:
Այդ մասին հաղորդվում է համալսարանի պաշտոնական կայքում 2017թ-ի հունվարի 18-ին:
«Կովկաս» համալսարանի հիմնադիրը՝ Ադրբեջանի միջազգային կրթական համալիրը, պաշտոնական մամուլում հայտնել է, որ համալսարանի լուծարման հանձնաժողով է ստեղծվել: Հիմնադիրն իր ուսանողներին ու նրանց ծնողներին վստահեցնում է, որ անհանգստության որևէ հիմք չկա, որ ուսումնական գործընթացը շարունակվելու է, և ուսանողների՝ հետագա կրթության իրավունքները պահպանվելու են:
• «Կովկաս» համալսարանում սովորում է մոտ 5 հազար ուսանող:
• Համալսարանը պաշտոնապես գրանցվել է 1995թ-ի սեպտեմբերի 11-ին:
• Ի սկզբանե հիմնադիրը թուրքական «Չագ Օյրեթիմ Իշլեթմելերի» կրթական կազմակերպությունն էր, որը ներկայումս ԱՄՆ-ում ապրող հետապնդվող թուրք քաղաքական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հոլդինգին է պատկանում:
• Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:
• «Կովկաս» համալսարանի կառավարումը 2016թ-ի հուլիսի 20-ին փոխանցվել է Միջազգային կրթական համալիրին, և համալսարանը միավորվել է Բաքվի բարձրագույն նավթային դպրոցի հետ, որի հիմնադիրն Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է՝ SOCAR-ը: