Բաքվում ակտիվիստը 5.5 տարվա ազատազրկման է դատապարտվել
NIDA երիտասարդական շարժման ակտիվիստ Էլգիզ Գահրամանը հինգուկես տարվա ազատազրկման է դատապարտվել: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան մեղավոր է ճանաչել խոշոր չափի թմրանյութերի վաճառքի համար, սակայն ակտիվիստը պնդում է, որ քաղաքական պատվերով է կալանավորվել ֆեյսբուքյան գրառման համար, որում ծաղրել է Իլհամ Ալիևի որդու հասցեին հնչող ներբողները:
Պաշտպանող կողմը մտադիր է բողոքարկել վճիռը:
- NIDA-ն երիտասարդական շարժում է, որը մեծ հայտնիություն է ձեռք բերել 2013թ-ին՝ բանակում ամենաթողության դեմ հանրահավաքներից հետո: Հանրահավաքները դաժանորեն ճնշվել են, մի քանի տասնյակ ակտիվիստներ կալանավորվել են:
- Այս կազմակերպությանն են պատկանում «հուշարձանի գերիներ» Գիաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը, որոնք 10 տարվա ազատազրկման են դատապարտվել նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանին նրա ծննդյան օրը «Շնորհավոր ստրուկների տոնը» գրառում կատարելու համար: