Aiisa («Նույն ինքը») պահպանակների վրացի արտադրողը շահել է հայցը Ստրասբուրգի դատարանում
Պահպանակների արտադրման Aiisa («Նույն ինքը») վրացական ընկերությունը Ստրասբուրգի դատարանում շահել է հայցն ընդդեմ Վրաստանի։ Երեք տարի առաջ Թբիլիսիի քաղաքային դատարանը տուգանել էր ընկերությանը 500 լարիով [մոտ $150] «ազգային բարոյականության և արժանապատվության վիրավորման համար»։ Պատճաը տուփերի վրա վրացի Թամար թագուհու պատկերն էր կոմիքսային ոճով (թագուհին սրբադասվել է), ինչպես նաև Թբիլիսիի խորհրդանիշ «Մայր Վրաստան» հուշարձանի պատկերը։
Արդյունքում՝ պահպանակների հետագա օգտագործումն արգելվել էր։ Ավելի ուշ Վրաստանի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ էր թողել քաղաքային դատարանի որոշումը։


Aiisa պահպանակների մյուս տուփի վրա օգտագործվել են մեջբերումներ Վրաստանի հայտնի պոետ Շոթա Ռուսթավելու ստեղծագործություններից, վրացական անցենզուր արտահայտություններ, ինչպես նաև ծաղրի են ենթարկվել որոշ կրոնական արտահայտություններ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Թբիլիսիի դատարանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը վերաբերում է կարծիքի արտահայտման ազատությանը։
«Կարծիքի արտահայտման ազատությունը ժողովրդավարական հասարակության կարևոր հիմքերից է և դրա զարգացման ու կայացման հիմնական պայմաններից մեկը», — ասված է Ստրասբուրգի դատարանի վճռի մեջ։
Որոշվել է նաև, որ պահպանակների ձևավորման համար կիրառված դիզայնի արգելքը չի համըկնում Եվրոպական կոնվենցիայի չափանիշներին, «քանի որ այդ տուփերը չեն վտանգում հասարակական կարիքները»։
«Դատարանը համաձայն չէ վրացական դատարանի այն որոշմանը, որ էթիկական նորմերին Վրաց ուղղափառ եկեղեցու հայացքներն առաջնահերթ են տարբեր արժեքների նկատմամբ, որոնք ամրագրված են կոնվենցիայում և Վրաստանի Սահմանադրությունում։
Բազմակարծ ժողովրդավարական հասարակությունում նրանք, ովքեր օգտվում են դավանանքի ազատությունից, պետք է ճանաչեն և ընդունեն իրենց համոզմունքները քննադատելու մյուսների իրավունքը»։
Ընկերության հիմնադիր Անանիա Գաչեչիլաձեն ասում է, որ ինքը վստահ էր, որ հաղթելու է գործը Ստրասբուրգում։
«Սա մի երկիր է, որտեղ պատրիարքն ու պետությունը մարդասպաններ են, հետապնդում են մեդիան ու ԼԳԲՏ-ին։ Եվ այս արմատական ֆոնին շատ կարևոր է այս վճիռը, արտահայտման ազատության երաշխիքի պաշտպանությունը», — ասել է Գաչեչիլաձեն։
