Ադրբեջանում սկանդալ է տասնամյա աղջկա շուրջ
Տասնամյա Նուրայ Բայրամովին հայրը փորձում է իր մոտ վերցնել, սակայն աղջկա հանգուցյալ մոր բարեկամները պնդում են վերջինիս դաստիարակության իրենց իրավունքները:
Այս պատմությունը հայտնվեց ողջ երկրի ուշադրության կենտրոնում համացանցում տեղ գտած տեսանյութից հետո, որում դատական նիստից հետո ոստիկանական կարգադրիչները հանձնում են Նուրային հորը. աղջիկն ընդդիմանում է և հիստերիկ բղավում, կառչելով մորաքրոջից:
Նուրայի մայրը մահացել է քաղցկեղից 2010 թվականի հոկտեմբեր ամսին: Այդ ժամանակ կինը արդեն երեք տարի էր, ինչ բաժանված էր աղջկա հորից՝ Ավազ Բայրամովից:
Նուրայը ապրում էր իր մորաքրոջ՝ Մեհրիբան Էլդարովայի տանը, որն ձևակերպել էր աղջկա խնամակալությունը:
Նուրայը մորից ժառանգել է բնակարան, որը ևս հայտնվել է մոր ընտանիքի խնամակալության տակ: Էլդարովները մտադիր էին վաճառել այն աղջկա մորը բուժելու և փրկելու փորձերի ծախսերը փոխհատուցելու նպատակով:
2011 թվականին Բայրամովը դիմել էր դատարան, որպեսզի չեղարկեր աղջկա խնամակալության մասին որոշումը և աղջկան իր մոտ ապրելու վերցներ: Ընդհուպ մինչև 2016 թվականը քննվել է Էլդարովների ընտանիքի մի քանի բողոքարկում, սակայն անարդյունք: Դատարանի վերջնական որոշումը չի փոփոխվել. աղջկան դաստիարակելու է հայրը:
Ոստիկանական կարգադրիչների մասնակցությամբ սկանդալից հետո աղջկան, այնուամենայնիվ, ժամանակավորապես թողել են մոր բարեկամների ընտանիքում: Ադրբեջանի ընտանիքի, կանանց ու երեխաների խնդիրների պետական կոմիտեն իր հերթին ուսումնասիրել է գործը և եկել այն եզրակացության, որ Նուրայը հոգեբանական վնասվածք է ստացել, և աղջկան հիմա չի կարելի փոխանցել հորը, քանի որ դա երեխայի շահերին դեմ կլինի:
Աղջկա մորաքույրը՝ Մեհրիբան Էլդարովան, իր հերթին երեխայի հորը ծնողական իրավունքներից զրկելու դատական գործընթաց է սկսել: Նրա հիմնական փաստարկն այն է, որ Ավազ Բայրամովը չի հետաքրքրվել երեխայով և չի օգնել նրա մորը ապահարզանից հետո և մինչ նրա մահը:
Արդարադատության նախարարությունը միջադեպի ներքին քննություն է սկսել: