1968թ-ի օգոստոսի 21-ին՝ ուղիղ 50 տարի առաջ, Պրահա մտան խորհրդային տանկերը: Դրանով կասեցվեց այն ժամանակվա Չեխոսլովակիայում ազատականացման և հասարակական վերելքի շրջանը, որը սկսվել էր այդ տարվա հունվարին՝ Ալեքսանդր Դուբչեկին որպես տեղական Կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղար ընտրելուց հետո:
Ընտրվելուց անմիջապես հետո Դուբչեկը մի շարք բարեփոխումներ իրականացրեց, որոնք ուղղված էին քաղաքացիների իրավունքների և ազատությունների ընդլայնմանը, երկրում իշխանության ապակենտրոնացմանն ու լրատվամիջոցների հանդեպ վերահսկողության թուլացմանը:
Այդ յոթ ամիսները պատմության մեջ հայտնի են «Պրահյան գարուն» պոետիկ անվամբ: Փոփոխությունների վերջնական նպատակը Դուբչեկը ձևակերպել է 1968թ-ի հուլիսի 18-ին հեռուստատեսությամբ ունեցած իր ելույթով, որը կոչվում էր «Մարդկային դեմքով սոցիալիզմ»:
Դրանով ամեն ինչ ավարտվեց: Մեկ ամիս անց՝ օգոստոսի 21-ին, Չեխոսլովակիա մտան Վարշավյան պայմանագրի երկրների զորքերը՝ մինչև 500 հազար զինվոր և սպա, մոտ 5 հազար տանկ և զրահափոխադրիչ մեքենա:
Պրահայի կենտրոն, ավտոբուսի վարորդը փորձում է օգնել խորհրդային զինվորականների հետ բախումներում տուժածներին: 1968թ-ի օգոստոսի 21: REUTERS/Libor Hajsky
Դիմակայության ժամանակ Պրահայի փողոցներում զոհվեց Չեխոսլովակիայի 108 քաղաքացի և խորհրդային 11 զինծառայող: Դրան հետևեց Չեխոսլովակիայից արտագաղթի հսկայական ալիք:
Ի՞նչգիտենևի՞նչենմտածումՌուսաստանում «Պրահյանգարնան» մասին
Ագրեսիայից 4 օր անց Մոսկվայում 7 մարդ հավաքվեց և դուրս եկավ Կարմիր հրապարակ հետևյալ պաստառներով՝ «Մենք կորցնում ենք լավագույն ընկերներին», «Կեցցե ազատ և անկախ Չեխոսլովակիան», «Ամոթ օկուպանտներին», «Ձեռքերը հեռու ՉԽՍՀ-ից», «Հանուն ձեր և մեր ազատության», «Ազատություն Դուբչեկին»:
Նրանց այլևս ոչ ոք չմիացավ, բոլոր յոթին կալանավորեցին և մի քանի տարի պահեցին հոգեբուժարաններում, ճամբարներում, աքսորում: Իսկ այդ ակցիան պատմության մեջ մտավ որպես «Յոթի ցույց»:
Աջից՝ Լարիսա Բոգորազն ու Պավել Լիտվինովը: Նրանք էլ հենց կազմակերպել էին Կարմիր հրապարակի բողոքի ցույցը 1968թ-ի օգոստոսի 25-ին: Լուսանկարը՝ «Մեմորիալ» կազմակերպության արխիվից
Հաջորդ օրը «Լիտերարնի լիստի» պրահյան թերթը հաղորդեց այդ ցույցի և մասնակիցների կալանքի մասին: Խորհրդային տանկերը դեռ կանգնած էին Պրահայի կենտրոնում, սակայն թերթը գրում էր.
«Այդ յոթ հոգին՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում, նվազագույնը 7 պատճառ են, որ մենք երբեք չկարողանանք ատելություն տածել ռուսների հանդեպ»:
2008 և 2013թթ-ին Ռուսաստանում սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել հետևյալ հարցով. «Ի՞նչ գիտեք «Պրահյան գարնան» մասին»:
2008թ-ին հարցվածների 18%-ն ասել է, որ դա «Չեխոսլովակիայում ՆԱՏՕ-ի ռազմական ինտերվենցիայի սպառնալիք էր»: