Պատերազմ Ուկրաինայում, օր ութերորդ։ Թարմացվող
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, ժամը 22.00-ի դրությամբ: «Փակեք Ուկրաինայի երկինքը։ Կամ ասեք, թե էլ քանի մարդ պետք է վնասվի պայթյուններից»
«Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլն ավարտված է։ Եվ Ուկրաինային անհրաժեշտ արդյունքներին չի հասել։ Կողմերը հասել են միայն հումանիտար միջանցքներ տրամադրելու մասին լուծմանը։ Դրա համար Ուկրաինան և Ռուսաստանը կազմակերպելու են հատուկ հաղորդակցության ուղիներ՝ խաղաղ բնակչության տարհանման ժամանակ փոխգործակցության համար»,- ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս, ասել է ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միխայիլ Պոդոլյակայի մեկնաբանությունը.
Ուկրաինայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները՝ պատերազմի մասին
Զելենսկին հորդորել է Պուտինին իր հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ․
«Ի՞նչ ես ուզում մեզանից։ Գնա մեր հողից: Եթե հիմա չես ուզում հեռանալ, նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ, ես ազատ եմ։ Նստիր ինձ հետ, բայց ոչ 30 մետրի վրա, ինչպես Մակրոնի, Շոլցի և մյուսների դեպքում։ Ես հարևան եմ, ինձ պետք չէ 30 մետրի վրա պահել։ Ես չեմ կծում։ Ես նորմալ մարդ եմ, նստիր հետս, խոսիր, ինչի՞ց ես վախենում։ Մենք ոչ մեկին չենք սպառնում, մենք ահաբեկիչ չենք, մենք չենք գրավում բանկերը և չենք գրավում ուրիշների հողերը» ։
Զելենսկին այն մասին, թե երբ է ՆԱՏՕ-ն փակելու Ուկրաինայի երկինքը.
«Եթե հիմա չեք կարող փակել երկինքը, ասեք ինձ, թե էլ քանի մարդ պետք է վնասվի պայթյուններից, քանի ձեռք, ոտք, գլուխ պետք է պոկվեն, որ դուք վերջապես գործեք: Ասեք՝ ինչքան, գնամ հաշվեմ ու սպասեմ այդ պահին»։
Պուտինն ասել է, որ «Ռուսաստանի զինված ուժերի հատուկ գործողությունն Ուկրաինայում ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի, պլանի համաձայն»։ Բոլոր հանձնարարված առաջադրանքները կկատարվեն։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստում նա կրկին հայտարարել է, որ «Ռուսաստանի բանակը Ուկրաինայում կռվում է նեոնացիստների դեմ, որոնք պատվում են քաղաքացիական բնակչության կենդանի վահանով՝ խաղաղ բնակչությանը զոհեր պատճառելով»։
Պուտինը՝ զինվորականներին օգնելու մասին. բոլոր զոհվածների ընտանիքները կստանան 7,421,000 ռուբլի [մոտ 69,000 դոլար] և ամսական փոխհատուցում։ Վիրավորներին միանվագ նպաստ կտրամադրվի՝ ավելի քան 2 միլիոն ռուբլի [մոտ 18,616 դոլար] ծառայության համար ոչ պիտանի լինելու դեպքում։ Ամսական նպաստներ կտրամադրվեն՝ հաշմանդամության դեպքում։
Պուտինը հայտարարել է Ուկրաինայում կռվելու համար Ռուսաստանի հերոսի կոչման առաջին շնորհման մասին։ Կոչումը շնորհվել է հետմահու։ Այն ստացել է ծնունդով դաղստանցի Նուրմուհամեդ Հաջիմահոմեդովը։
Մակրոն. «Ամենավատը դեռ առջևում է»։ ՍաՖրանսիայի նախագահն ասել է Պուտինի հետ այսօրվա զրույցից հետո։ Նա Պուտինի խոսքերն այսպես է հաղորդել. «Եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները, Պուտինը մեծ վճռականությամբ շարունակելու է հարձակումը, որի նպատակն է վերահսկել ամբողջ երկիրը»։ Այս մասին հայտնում է ֆրանսիական BFM հեռուստաալիքը՝ երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ Անվտանգության ծառայության տնօրեն Նարիշկինը.
▪️ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը չափազանց կարևոր է Ռուսաստանի համար, այն պատնեշ է, որն անհրաժեշտ է Արևմուտքի հարձակումները հետ մղելու համար։
▪️ Արևմուտքը ոչ միայն փորձում է Ռուսաստանին շրջապատել նոր «երկաթե վարագույրով», այլ ցանկանում է ոչնչացնել այն։
▪️ Միացյալ Նահանգները և նրանց հպատակ ուկրաինական ռեժիմը խաղադրույք են կատարում հակամարտության առավելագույն երկարաձգման վրա։
▪️ ԱՄՆ-ն և դրա դաշնակիցները փորձում են տնտեսական և տեղեկատվական շրջափակում հաստատել Ռուսաստանի Դաշնության շուրջ, քանի որ բաց առճակատման համար բավարար ոգի չունեն։Իսկ ՌԴ ՊՆ-ն զգուշացրել է, որ «արևմտյան բոլոր վարձկանները, որոնք կժամանեն Ուկրաինա, չեն ունենա ռազմագերու կարգավիճակի իրավունք»։ Այսօր հաղորդվել է, որ Ուկրաինային օգնելու համար ժամանել է մոտ 16,000 կամավոր։
-
Սկսվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները
Ուկրաինայի և Բելառուսի սահմանին սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպման ստույգ վայրը չի հաղորդվում։ Կարճ տեսահոլովակում երևում է, թե ինչպես է ուկրաինական պատվիրակությունը մտնում խորհրդակցությունների սենյակ, որտեղ արդեն նստած էր ռուսական պատվիրակությունը։ Երկու կողմերը սեղմել են ձեռքերը՝ բանակցությունները սկսելուց առաջ:
Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան իր էջում գրել է օրակարգային հիմնական հարցերը.
- կրակի անհապաղ դադարեցում,
- զինադադար,
- մարդասիրական միջանցքներ՝ ավերված կամ գնդակոծման տակ գտնվող գյուղերից/քաղաքներից խաղաղ բնակիչներին տարհանելու համար:
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, ժամը 14.30-ի դրությամբ։ «Էխո Մոսկվի»-ն կլուծարվի
Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքները շարունակական ռմբակոծության տակ են գտնվում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խարկովի դպրոցը, որտեղ մարտեր են տեղի ունեցել.
Սև ծովի ջրերում Ռուսաստանի Դաշնության դեսանտային զորքերի շարժումը՝ բաղկացած չորս խոշոր դեսանտային նավերից, շարժվում է Օդեսա քաղաքի՝ Ուկրաինայի գլխավոր շտաբի ուղղությամբ։
«Էխո Մոսկվի»-ի տնօրենների խորհուրդը որոշել է լուծարել ռադիոալիքը և կայքը։ Մինչ այս որոշումը՝ անկախ լրատվամիջոցը, ինչպես նաև «Դոժդ» հեռուստաալիքը արգելափակվել էին։
Ուկրաինան վաղը կամ մյուս օրը կարող է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու. Լեհաստանի ԱԳՆ։
Զելենսկին ստեղծում է հումանիտար և սոցիալական հարցերի համակարգող շտաբ, որը կօգնի քաղաքացիներին։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կոչ է արել միջազգային կազմակերպություններին օգնել մարդասիրական միջանցքների ձևավորմանը։
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը ոչ մի կապ չունի Ղազախստանի հետ։ Մենք չենք աջակցում կողմերից ոչ մեկին», — ասել է Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Սուլթան Կամալետդինովը։
Ռուսաստանի Դաշնությունում մարտի 3-ից ֆիզիկական անձանցից կգանձվի 30 տոկոս միջնորդավճար բորսայում արտարժույթի գնման համար։
Forbes. Ալիշեր Ուսմանովի 156 մետրանոց զբոսանավը, որն արժե 600 միլիոն դոլար (աշխարհում ամենաթանկերից մեկն է), առգրավվել է գերմանական իշխանությունների կողմից։
-
«Ուկրաինայում ծավալվող գործողությունները գլոբալ հետևանքներ կունենան» - Հայաստանի վարչապետ
Մարտի 2-ին Հայաստանի վարչապես Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառման ժամանակ ասել է, որ չի կարող չանդրադառնալ ուկրաինական իրադարձություններին։ Մինչ այդ նա կարծիք չէր հայտնել այս կապակցությամբ։
«Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող գործողություններին, որոնք հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետեւանքներ: Մեր հույսն է, որ նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները», — ասել է վարչապետը:
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, ժամը 08.00-ի դրությամբ
Ողջ գիշեր շարունակվել է Ուկրաինայի բազմաթիվ քաղաքների, այդ թվում՝ Կիևի բնակելի թաղամասերի ուժեղ ռմբակոծությունը։
Կիևում հրթիռային հարվածներ են հասցվել պաշտպանության նախարարության և ցամաքային զորքերի հրամանատարության շենքերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Կիևում առավոտյան ժամը 4-ին.
Ռուսական զորքերը շրջապատում են երկու առանցքային քաղաքներ՝ Խարկովն ու Մարիուպոլը։
Ուկրաինական ուժերը հայտնել են, որ ռուս դեսանտայինները վայրէջք են կատարել Ուկրաինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Խարկովում, իսկ ծայրամասերում փողոցային մարտեր են ընթանում: Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության աշխատակից Մարինա Ֆենինան զոհվել է Խարկովի հրետակոծության ժամանակ, հայտնել են Վիեննայի ԵԱՀԿ քարտուղարությունից։ Ռմբակոծվել են առնվազն երեք դպրոց, ինչպես նաև Վերափոխման կենտրոնական տաճարը։
Մարիուպոլը գրեթե 15 ժամ շարունակ գնդակոծվել է, և այժմ իրավիճակը մոտ է հումանիտար աղետի։ «Մտավախություն կա, որ հարյուրավոր մարդիկ են մահացել, այդ թվում՝ իմ սեփական հայրը, նրա հետ կապն ընդհատվել է», — ասել է Մարիուպոլի փոխքաղաքապետ Սերգեյ Օռլովը։
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր հարավում ռազմավարական նշանակություն ունեցող Խերսոնի գրավման մասին։ Ուկրաինան ասում է, որ քաղաքը շարունակում է մնալ իր վերահսկողության տակ: Հրապարակվում են տեսանյութեր, որտեղ երևում է, որ ռուսական զորքերը գտնվում են քաղաքի կենտրոնում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեր երեխաները մարդասպան են դարձել։ Ուկրաինայում պատերազմ է ընթանում։ Ձեր երեխաները կրակում են խաղաղ բնակիչների վրա։ Հեռացրե՛ք նրանց այնտեղից»։ Սիմֆերոպոլի և Ղրիմի միտրոպոլիտ Կլեմենտի կոչը Ռուսաստանի մայրերին.
Բանակցությունների երկրորդ փուլի մասին դեռ տեղեկություն չկա։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ երկու պատվիրակություններն էլ երեկ ուշ երեկոյան ժամանել են Բելառուսի Բելովեժսկայա Պուշչա։
ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել հրթիռային փորձարկումները՝ ցույց տալու համար, որ մտադիր չէ բարձրացնել իր միջուկային ուժերի պատրաստվածությունը։
Իսպանիան հարձակողական զենքի խմբաքանակ կուղարկի Ուկրաինա՝ նռնականետեր, պարկուճներ և թեթև գնդացիրներ։
Կանադան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթագազային «Ռոսնեֆտ» և «Գազպրոմ» ընկերությունների տասը ներկայացուցիչների նկատմամբ։
Ճապոնիայի կառավարությունը սառեցնելու է չորս ռուսական բանկերի ակտիվները, այդ թվում՝ ՎՏԲ-ի, հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով ֆինանսների նախարարությանը։
Ավելի քան 70 համաշխարհային ընկերություններ բողոքի ակցիա են անցկացրել՝ կապված Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման հետ և դադարեցրել համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Խոսքը գնում է Apple-ի, Audi-ի, Apple Pay-ի, Amazon-ի, Google Maps-ի մասին: Չեղարկվել է Ռուսաստանի մասնակցությունը Կաննի փառատոնին, Եվրատեսիլին, Ֆորմուլա 1-ին։ Adidas-ը հրաժարվել է աշխատել ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։ Ամբողջական ցանկը՝ այստեղ։
Մեկ շաբաթում 1 միլիոն փախստական լքել է Ուկրաինան, հայտնում է ՄԱԿ-ը։
Լուսանկարներ. Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, Ուկրաինային մարդասիրական օգնություն հավաքելու կետ է ստեղծվել
-
Նախորդ օրերի թարմացվող լուրերը Ուկրաինայից
Մարտի 2-ի Ուկրաինայում պատերազմի յոթերորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Մարտի 1-ի Ուկրաինայում պատերազմի վեցերորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 28-ի Ուկրաինայում պատերազմի հիհգերորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 27-ի Ուկրաինայում պատերազմի չորրորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 26-ի Ուկրաինայում պատերազմի երրորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 25-ի Ուկրաինայում պատերազմի երկրորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 24-ի Ուկրաինայում պատերազմի առաջին օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ