«Սաակաշվիլիին խաբել են, որպեսզի նա տեղափոխվի բանտային հիվանդանոց», - հայտարարել է օմբուդսմենը
Սաակաշվիլիին տեղափոխել են բանտային հիվանդանոց
Վրաստանի քրեակատարողական ծառայությունը կադրեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ինքնակամ լքում Ռուսթավիի բանտը՝ բանտային հիվանդանոց տեղափոխվելու համար, որը Թբիլիսիի ծայրամասում է։
Սակայն ժողովրդական պաշտպանը, որը Սաակաշվիլիին այցելել է բանտային հիվանդանոցում, ասում է, որ նախկին նախագահին խաբել են՝ ասելով, որ տեղափոխում են քաղաքային բազմապրոֆիլ հիվանդանոց։
Հենց քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն էր նախկին նախագահի ու նրա համախոհների պահանջը։
Սաակաշվիլիի առողջությունը զգալիորեն վատթարացել է այն բանից հետո, երբ նա արդեն 40 օր հացադուլ է անում բանտում։
Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել․ սրանք են այն հիմնական պահանջները, որոնք ընդդիմությունն առաջ է քաշել նոյեմբերի 8-ին և որոնք ընկած են լայնամասշտաբ բողոքի շարժման ու անժամկետ հանրահավաքների հիմքում ողջ Վրաստանի տարածքում։
Միխեիլ Սաակաշվիլին գաղտնի կերպով հայրենիք է վերադարձել 2021 թ-ի հոկտեմբերի 1-ին, ութ տարվա բացակայությունից հետո, կալանավորվել և ուղարկվել է բանտ, որտեղ միանգամից հացադուլ է հայտարարել։
Վրաստանի երրորդ նախագահի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, դրանցից երկուսով նա արդեն դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։ Փաստաբանները երկար ժամանակ պահանջում են նրան հիվանդանոց տեղափոխել, քանի որ նախկին նախագահի առողջական վիճակը վատթարնում է հացադուլի ֆոնին։
Պատիժների իրականացման նախարարությունում հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում նրան տեղափոխելու են բանտային հիվանդանոց։ Սակայն նախկին նախագահի համար, որը բազմաթիվ թշնամիներ ունի քրեական աշխարհում, այնտեղ չկան անհրաժեշտ սարքավորումներ և անվտանգ պայմաններ, հայտարարում են փաստաբաններն ու Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան։
Սաակաշվիլին ինքը չէր համաձայնել բանտային հիվանդանոց տեղափոխվել և կտրականապես հրաժարվում էր դադարեցնել հացադուլը։
Իշխանությունը հայտարարել է, որ հրապարակում է Միխեիլ Սաակաշվիլիի մեկնելու կադրերը, «քանի որ հանրային մեծ հետաքրքրություն կա դրա նկատմամբ»։ «Մենք ուզում եք ցուցադրել այն բանի վկայությունը, որը Միխեիլ Սաակաշվիլին բանտախուցը լքել է ինքնակամ», — ասված է քրեակատարողական ծառայության հայտարարությունում։
Գործակալության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Սաակաշվիլին հավաքում իրերը, երկու տոպրակ սարքում և դրանցով դուրս գալիս Ռուսթավիի բանտից։
Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, որն այցելել է Սաակաշվիլիին բանտում, հայտարարել է, որ իրականում նրան ասել են, թե տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց, այդ պատճառով է նա համաձայնել։
«Ես դա անձամբ եմ տեսել։ Մենք դա քննարկել ենք, նախկին նախագահին ասել են, որ նրա համար բժշկական խորհուրդ է ձևավորվել, որը որոշում է ընդունել նրան բազմապրոֆիլ հիվանդանոց տեղափոխելու», — ասել է Լոմջարիան։
Սաակաշվիլիին գաղտնի տեղափոխել են նոյեմբերի 8-ի երեկոյան, և մի քանի ժամ շարունակ նրա գտնվելու վայրը հայտնի չէր, այն դեպքում, երբ բժիշկները հայտարարում են, որ նրա վիճակը վտանգավոր է 40-օրյա հացադուլից հետո։
Հաղորդվում է, որ երբ Սաակաշվիլին տեսել է, թե ուր են իրեն տարել, դիմադրել է և մարմնական վնասվածքներ ստացել։ Արդարադատության նախարարությունն էլ հայտարարում է, որ նա է վիրավորել Գլդանիի բանտի անձնակազմին։
Միխեիլ Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն պահանջում է, որ իրեն թույլ տան այցելել հիվանդին։ Նրա փաստաբան Նիկա Գվամարիան նույնպես խնդրում է թույլ տալ այցելել նախկին նախագահին, սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք նրանք կստանան այդ թույլտվությունը։
Մինչ օրս միայն օմբուդսմենի ներկայացուցիչն ու օմբուդսմենն են կարողացել այցելել Սաակաշվիլիին։
Բանտում աղմուկ-աղաղակ է տիրում, հաղորդել են նրանք։ Բանտախցերից վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ են հնչում։ Գլդանիի բանտի մոտ մոբիլիզացվել են ոստիկանությունն ու հատուկջոկատայինները։