Վրաստան․ հատուկ ծառայությունները հետևում են եկեղեցու առաջնորդներին և նույնիսկ միանձնուհիներին
Վրաստանի հատուկ ծառայությունները հետևում են հոգևորականներին և Ռուսաստանի ու քրեական աշխարհի հետ նրանց կապերին
Վրաստանում լրատվամիջոցները հայտարարել են գաղտնի տեղեկությունների առկայության մասին, որոնցից հայտնի է դարձել, որ պետանվտանգության ծառայությունը գաղտնալսում և հետևում է Սինոդի անդամներին, պատրիարքին, նրա օգնականներին, եպիսկոպոսներին, քահանաներին, միանձնուհիներին, ինչպես նաև վերոնշյալ անձանց ակտիվ համախոհներին։
Նյութերի իսկությունն այս փուլում հաստատված չէ։
Հրապարակված հազարավոր ֆայլերից կարելի է եզրակացություն անել, որ հատուկ ծառայությունները հետևում են հոգևորականների տեղաշարժին, նրանց բանկային փոխանցումներին, անձնական կյանքին, հայտարարում է միանգամից մի քանի վրացական հեռուստաալիք։ Մասնավորապես, տեղեկություններ կան հոգևորականների մասին, որոնք թմրանյութեր են օգտագործում կամ կապեր ունեն հանցագործների հետ։
Ֆայլերը հրապարակել է, ենթադրաբար, պետանվտանգության ծառայության նախկին աշխատակիցը։
«Շատ վատ է, եթե հաստատվի հեռախոսազանգերի ապօրինի գաղտնալսման մասին։ Սակայն մենք բոլորս տեսել ենք բազմաթիվ զեղծարարություններ և զրպարտություն որոշ հեռուստաշոուներում և, ցավոք, սովոր ենք, որ նորությունները «ստեղծվում են», այլ ոչ թե պարզապես լուսաբանվում», — հայտարարել է Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անդրիա Ջագմայիձեն։
«Շնացողներ»․ հոգևորականների անձնական կյանքը
Փաստաթղթերում նշվում է, որ որոշ հոգևորականներ և քաղաքացիական անձինք պատկանում են ԼԳԲՏ համայնքին։ «Շնացողներ» անվամբ ֆայլերում տեղեկություններ կան 80 անձանց մասին։
Formula հեռուստաալիքը հաղորդում է, որ նրանց շրջանում գրանցվել են ինտիմ կապեր հոգևորականների և միանձնուհիների միջև, ինչպես նաև մանկապղծության և ինցեստի փաստեր, ընդ որում, հստակ նշվում են երեխաների անձնական տվյալներ։
Վրաց եկեղեցու առաջնորդների սերտ կապերը Ռուսաստանի հետ
Նշված փաստաթղթերում խոսվում է Մոսկվայի հետ պատրիարքարանի ներկայացուցիչների հնարավոր կապերի մասին, այդ թվում՝ Ռուսաստանում վրացի հոգևորականների օրինական և ապօրինի բիզնեսների մասին։
Փաստաթղթերում հիշատակվում է նաև Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը, դրանցում բերված են նույն տեղեկությունները, որոնք ավելի վաղ տարածել էին վրացական լրատվամիջոցները․
«1956-60 թթ-ին սովորել է Մոսկվայի հոգևոր ակադեմիա-սեմինարիայում։ 1959 թ-ին պատրիարք է ձեռնադրվել ռուս պատրիարք Ալեքսի II-ի կողմից։ Նախկինում համագործակցել է Պետանվտանգության կոմիտեի հետ «Իվերիացի» կեղծանվամբ։
Փաստաթղթերի համաձայն՝ պատրիարքի ազդեցիկ քարտուղար-ռեֆերենտ Շորենա Թեթրուաշվիլին պետք է լքեր իր պաշտոնը 1990-ականներին։ Սակայն մինչ օրս այդ պաշտոնն է զբաղեցնում ռուս պատրիարքի անձնական խնդրանքով։
Վրացական շատ լրատվամիջոցների պնդմամբ՝ հենց Թեթրուաշվիլին է այս բոլոր տարիներին վերահսկում բոլոր գործընթացները պատրիարքարանում և եկեղեցու բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, ակտիվորեն համագործակցում է ռուսական եկեղեցական և քաղաքական շրջանակների հետ։
Փաստաթղթերում հատուկ անդրադարձ կա եպիսկոպոս Վախթանգ Լիպարտելիանիին։ Ասվում է, որ 2014 թ-ին նա հոգևորականների գաղտնի խումբ է ձևավորել հակաարևմտյան քարոզչության համար։ Ենթադրություն կա նաև, որ Վախթանգ Լիպարտելիանին համագործակցում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հետ։
Հրապարակված մյուս փաստաթղթերը կապված են Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլ Բերբիչաշվիլիի հետ։
Տեղեկությունների համաձայն՝ Բերբիչաշվիլին չորս անգամ դատապարտվել և պատիժ է կրել Ռուսաստանի Դաշնությունում միտրոպոլիտ Անտոն Բուլուխիայի հետ միասին և կարող է գաղտնի կապեր ունենալ ռուսական հատուկ ծառայությունների հետ։
Միտրոպոլիտ Անտոն Բուլուխիան, ինչպես նշված է փաստաթղթերում, բիզնես գործընկերներ ունի Ռուսաստանում, ինչպես նաև բիզնեսներ Մոսկվայում՝ խանութներ, ռեստորաններ, որոնք իբր կառավարում է նրա սիրուհին։
Մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք նույնպես կասկածվում են ռուսական հատուկ ծառայությունների հետ գաղտնի կապերի համար․
- Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին իբր գումարի դիմաց Ռուսաստանին տեղեկություններ է փոխանցել Լուգարային լաբորատորիայի մասին։
- Բաթումի և Լազեթիի միտրոպոլիտ Դիմիտրի Շիոլաշվիլին վրացի պատրիարքի և Արևելյան Ուկրաինայի Դոնեցկի եպիսկոպոսներից մեկի հետ զրույցի նախաձեռնող է եղել, ինչը մեծ քննադատություն է առաջացրել պատրիարքի հասցեին։
- Արքեպիսկոպոս Սպիրիդոն (Գոչա) Աբուլաձեն և Ռուիս-Ուրբնիսիի միտրոպոլիտ Հոբի Ակիաշվիլին պատկանում են հոգևորականների այն շրջանակին, որոնք ընդունում են Ռուսաստանի առաջատար դերն ուղղափառ աշխարհի «փրկության» գործում։
- Զուգդիդիի և Ցայշիի միտրոպոլիտ Գերասիմե Շարաշենիձեին նրա ընտանիքի անդամները կասկածում էին 1993-94 թթ-ին Մոսկվայում իր իսկ փեսայի առևանգման կազմակերպման համար։
- Ստեփանծմինդայի և Խևիի թեմի արքեպիսկոպոս Տաբագաձեն 2000-2002 թթ-ին կապված է եղել Հյուսիսային Օսիայի թմրավաճառների հետ։
- Ավագերեց Գիորգի Խարազաշվիլին պարբերաբար շփվում է «Ուղղափառ ժողովուրդների միջազգային հիմնադրամ» ռուսական կազմակերպության ղեկավարների հետ։
- «Դավիթացի» շարժումը, դրա առաջնորդ Կոնստանտին Սվանիձեն և նրա տեղակալ Գիորգի Միկանաձեն ակտիվորեն մասնակցում են Ռուսաստանում կայացող հանդիպումներին, հետաքրքրված են Ռուսաստանից ֆինանսավորում ստանալու հարցում։
- Վարդապետ Փիմեն Կարդավան մշտական կապ է պահում Աբխազիայում ռուսական հատուկ ծառայությունների հետ, որոնք պարբերաբար կապվում են նրա հետ և հանդիպումներ կազմակերպում՝ ելնելով օպերատիվ շահերից։
«Հարբած վիճակում ինձ զանգահարել է եպիսկոպոս Իակովին»․ լրագրողներն ու քաղաքական գործիչները որոշ տեղեկություններ են հաստատում
Վրաստանի լրագրողներն ու քաղաքական գործիչները պատմում են, որ արդեն հաղորդագրություններ են ստացել շատ գործերի մասին, որոնք ներկայացված են հատուկ ծառայությունների փաստաթղթերում։
Լրագրող Էկա Կվեսիտաձեն ասում է, որ հարբած վիճակում իրեն զանգահարել է եպիսկոպոս Բոդբե Իակովին և պատմել վրացի հոգևորականների ռուսական կապերի մասին։
Բարձրաստիճան հոգևորականների հետ նման զրույցների փաստը հաստատել է նաև քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեն։
«Խնդիրն այն է, որ պետանվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմ չկա»
Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան մեծ խնդիր է անվանում այն փաստը, որ Վրաստանում չկա գործուն մեխանիզմ, որը քաղաքացիներին կպաշտպանի և պետանվտանգության ծառայությանը թույլ չի տա ապօրինի կերպով միջամտել նրանց անձնական կյանքին։
Պետական վերահսկողական ծառայությունը հատուկ հայտարարություն է տարածել և պահանջել անհապաղ հետաքննել գաղտնալսման բոլոր ենթադրյալ դեպքերը։
Հայտարարությունում ասվում է, որ տարբեր դրսևորումներով ենթադրյալ գաղտնալսումը Վրաստանում համակարգային է դարձել։
«Անձնական տեղեկությունների մանիպուլյացիայի բոլոր ձևերը մարդկանց մոտ անպաշտպանության զգացում են առաջացնում, ոտնահարում նրանց արժանապատվությունն ու կործանարար ազդեցություն գործում նրանց հուզական վիճակի վրա։ Խաթարվում է նաև պետական հաստատությունների նկատմամբ հասարակության վստահությունը, որոնք պատասխանատու են գաղտնալսման օրինական մեթոդների համար», — ասված է հայտարարությունում։
Կառավարության արձագանքը
«Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ «ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը» (հիմնել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին) և հեռուստաալիքներն անընդհատ փորձում են վարկաբեկել եկեղեցին» և սա «աշխատանք է՝ ընդդեմ պետության»։
Իշխող կուսակցության պատգամավոր Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ նյութերը կեղծված են, և «Ազգային շարժումը» դրանք օգտագործել է «իրարանցում ստեղծելու» համար։