Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 12-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
«Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը»․ Հայաստանի արտգործնախարար
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով Մոսկվայում է։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման ռուսաստանցի գործընկերոջ հետ բանակցությունների գլխավոր թեման էր։
«Լեռնային Ղարաբաղի համար այսօրվա իրադարձությունները գոյության պահպանման հարց են», — հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ահա Հայաստանի ԱԳ նախարարի ելույթի հիմնական թեզերը․
— Հայաստանը եղել է և շարունակում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը լինել,
— Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ավելի շատ ուղղված է քաղաքացիական օբյեկտների ոչնչացմանը,
— ռազմական գործողություներն անհրաժեշտ է դադարեցնել, և Ռուսաստանի դերն այս հարցում չափազանց մեծ է,
— հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունն ու Սիրիայից զինյալ-ահաբեկիչների տեղափոխումը տարածաշրջան սրել են Ղարաբաղի բնակչությանն ուղղված սպառնալիքը։
-
Թարմացվել են խաղաղ բնակչության շրջանում Ադրբեջանի կորուստների մասին տվյալները
Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ադրբեջանի բնակավայրերի հրետակոծման հետևանքով զոհվել է 41 խաղաղ բնակիչ։ Վիրավորվել է 207 մարդ, հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Վնասվել է 148 քաղաքացիական օբյեկտ, 1185 տուն և 57 բազմաբնակարան շենք։
-
Ադրբեջանական բանակը խստորեն պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը․ Ադրբեջանի ՊՆ
«Հայկական կողմի տեղեկությունները մեծ ուժի կենտրոնացման և ադրբեջանական բանակի կողմից լարված մարտեր վարելու մասին՝ Հադրութ ներխուժելու նպատակով, բացահայտ ապատեղեկատվություն են։
Հիշեցնում ենք, որ Հադրութը մի քանի օր առաջ ադրբեջանական բանակն օկուպացիայից ազատագրել է։
Ադրբեջանական բանակը խստորեն պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և ոչ մի ակտիվ մարտական գործողություններ չի իրականացնում», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է ներխուժել Հադրութ․ Արցախի նախագահի մամուլի քարտուղար
Վահրամ Պողոսյանը հաղորդում է, որ Հադրութի ուղղությամբ մասշտաբային գործողությունը շարունակվում է․
«Հակառակորդն, իր բազմաքանակ ուժերն այդ ուղղությամբ կենտրոնացնելով, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք։ Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ամեն թիզ հողի համար»։
-
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է հարավային ուղղությամբ գիշերվանից սկսված գնդակոծության մասին
Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարել է, որ շփման գծում լարվածությունը պահպանվել է ողջ գիշեր: Պաշտպանության բանակը լրացուցիչ հայտնում է, որ ադրբեջանական կողմի փորձերը` իր օգտին փոխել օպերատիվ-մարտավարական իրավիճակը, ձախողվել են: Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրետակոծությունը հրետանու կիրառմամբ, համարժեք գործողություններով կրակը ճնշվել է:
Այժմ ընթանում է Հադրութի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական խմբի չեզոքացման գործողություն:
-
Ադրբեջանի երեք շրջանների տարածքները հրետակոծվում են․ շտապ լուր Ադրբեջանի ՊՆ-ից
«Ներկա պահին Հայաստանի զինված ուժերը հրետակոծում են Գերանբոյի, Տերտերի և Աղդամի տարածքներն», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության շտապ հաղորդագրությունում։
-
Գիշերն իրավիճակը ճակատի ողջ երկայնքով կայուն լարված է եղել․ Ադրբեջանի ՊՆ
«Հայաստանի զինված ուժերի՝ հումանիտար հրադադարը չպահպանող ստորաբաժանումները մի քանի անգամ փորձել են գրոհել ադրբեջանական բանակի դիրքերն Ադերե-Աղդամ և Ֆիզուլի-Ջաբրայիլ ուղղություններով՝ կորցրած դիրքերը վերադարձնելու նպատակով։
Ներկա պահին ադրբեջանական բանակի զորքերն օպերատիվ առավելություն ունեն ճակատի ողջ երկայնքով», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Իրադարձությունները հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ՝ հակիրճ
Արցախում մարտերի 16-րդ օրը
• Չնայած հրադադարին, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի միջնորդությամբ, շարունակվել է բնակավայրերի հրետակոծությունը երկու կողմից։
• Ինը մարդ է զոհվել, ավելի քան քառասունը՝ վիրավորվել Ադրբեջանի Գյանջա քաղաքում, որին հրթիռային հարված են հասցրել հայ զինվորականները,- հաղորդել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
• Հայկական կողմի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 11-ին ողջ օրը մարտեր են ընթացել ճակատի հարավային ուղղությամբ՝ Իրանի հետ սահմանի հատվածում։ Այնտեղ են Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջանները, որոնք հարում են Ղարաբաղին և նրա իշխանության վերահսկողության տակ են գտնվում 1990-ականների ղարաբաղյան պատերազմից հետո։
• Ադրբեջանում և Հայաստանում շարունակվում է վեճն այն մասին, թե ով է վերահսկում Ղարաբաղի Հադրութ քաղաքը։ Կողմերից յուրաքանչյուրը մի շարք փաստարկներ է ներկայացրել հօգուտ իրեն։ Հոկտեմբերի 11-ի երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որն, ինչպես հաղորդվում է, նկարահանող խումբն արել է Հադրութ քաղաքում։
• Հրադադարը, նախևառաջ, կնքվել է, որպեսզի կողմերը կարողանան դուրս բերել իրենց զոհված զինվորականների մարմինները։ Սակայն գործընթացն այդպես էլ չի սկսվել։ Կարմիր խաչի միջզգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը հայտարարել է, որ «մարդասիրական գործողության մեջ չի ներգրավվելու, քանի դեռ երկու կողմերը չեն դադարել կրակել»։
• Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջին մեծ ասուլիսն է տվել ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Նա կատարվող իրադարձությունները «ցեղասպանություն է անվանել, որն իրականացվում է Արցախի ժողովրդի նկատմամբ», և ասել է, որ դրա համար պատասխանատություն են կրում ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան, այլև Իսրայելը, որը զենք է մատակարարում Ադրբեջանին։ «Արցախն Ադրբեջանի մաս չի լինելու», — հայտարարել է Հարությունյանը։
• Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում սպասվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների նոր հանդիպում։
-
Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 11-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները