Ադրբեջանում մոբիլիզացիա է հայտարարվել, Հայաստանի հետ սահմանին զոհեր կան․ ինչ հետևանքների սպասել
Ադրբեջանում սեպտեմբերի 21-ին պահեստազորի զինապարտ քաղքացիների զորակոչ է հայտարարվել այն բանից հետո, երբ Հայաստանի հետ սահմանին տեղի ուենցած նոր սրացման ընթացքում ադրբեջանցի զինծառայող է մահացել, ևս մեկը՝ վիրավորվել։
Դրանից երկու օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Երևանում պատերազմի են պատրաստվում։
Փորձագիտական կարծիքներից մեկը պնդում է, որ Ռուսաստանը կողմերին դրդում է դիվանագիտական լուծումներ գտնել, այդ պատճառով էլ բախումները տեղի են ունենում ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ երկու երկրների սահմանին։
Իրադարձությունների զարգացումն՝ ըստ հերթականության, նաև փորձագիտական վերլուծություն։
Ի՞նչի մասին է զգուշացրել Իլհամ Ալիևը
«Նրանք [Հայաստանը] նոր պատերազմի են պատրաստվում։ Շփման գծից ոչ հեռու ուժերի կենտրոնացում է տեղի ունենում։
Մենք ամեն ինչ տեսնում ենք, ամեն ինչին հետևում։ Իհարկե, մենք պաշտպանվելու ենք, ինչպես պաշտպանվում էինք Թովուզում [սրացում հայ-ադրբեջանական սահմանին 2020 թ-ի հուլիսի 12-16-ը]», — հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի հեռուստաալիքներից մեկին սեպտեմբերի 19-ին տված հարցազրույցում։
Խոցված ԱԹՍ
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Շամքիրի շրջանում [Հայաստանի հետ սահմանին է գտնվում] հայկական կողմի խոցված դրոնի մասին։
Սահմանին սպանվածն ու վիրավորը
Սեպտեմբերի 21-ի առավոտյան միանգամից երկու հաղորդագրություն է ստացվել՝ զինծառայողներից մեկի մահվան և մյուսի վիրավորման մասին։
«Պետական սահմանին Թովուզի ուղղությամբ հերթական սադրանքը կասեցնելիս սեպտեմբերի 21-ին ժամը 09:20-ին մոտ զոհվել է ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Էլշան Ալի օղլու Մամեդովը», — հաղորդել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ զինվոր Գուրբան Ազադ օղլու Գուրբանովը հրազենային վիրավորում է ստացել աջ ուսի շրջանում Հայաստանի Տավուշի մարզի հետ սահմանին գտնվող Թովուզի շրջանում։
Զինապարտների մոբիլիզացիա
Նույն օրը՝ սեպտեմբերի 21-ին, Ադրբեջանի մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը հայտարարել է պահեստազորի տարբեր մասնագիտության զինապարտ քաղաքացիներին ուսումնական հավաքի զորակոչելու մասին։
Մեկնաբանություն
Ադրբեջանցի ռազմական տեսաբան Ասաֆ Գուլիևը JAMnews-ին տված հարցազրույցում նշել է․
«Կարող եմ վստահաբար ասել, որ նոր պատերազմ չի լինելու։ Թեև մենք, առանց այն էլ, պատերազմական դրության մեջ ենք հարևան երկրի հետ։ Խոսքը կարող է միայն գնալ նոր մեծամասշտաբ բախումների մասին»։
Փաստարկները, որ պատերազմ չի լինելու, մի քանիսն են, կարծում է Գուլիևը։
Դա և Ադրբեջանի պարտավորություններն են միջազգային հանրության առջև, և հակառակորդ երկրների զորքերի վերազինման աստիճանը։
«Մեզ համար մինչև վերջ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է մահացել մեր զինծառայողը։ Սակայն կարող է երկու պատճառ լինել։
Առաջին․ Հայաստանը հետախուզական բնույթի գործողություններ է իրականացնում։
Երկրորդ․ Ռուսաստանը կարևոր ինչ-որ բանի է ուզում հասնել դիվանագիտական մակարդակում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հուլիսյան իրադարձություններից հետո։
Ռուսաստանը կողմերին դրդում է դիվանագիտական քայլեր ձեռնարկել։ Հենց այդ պատճառով էլ բախումները տեղի են ունենում ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին։
Անկասկած, եթե իրադարձությունների զարգացումը չհամապատասխանի Ռուսաստանի շահերին, նոր լարվածությունից խուսափել չի հաջողվի»։
«Ապատեղեկատվություն»․ հայկական կողմի արձագանքը
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել խոցված հայկական անօդաչու թռչող սարքի մասին Բաքվի հայտարարությունը։ Նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նույնիսկ հայտարարել է, որ ադրբեջանական կողմը «ցանկալին որպես իրականություն է փորջում ներկայացնել»։
Երևանը պնդում է, որ տեղեկություններ չունի ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
Հայկական կողմը հիշեցրել է հայ պայմանագրային զինծառայողի մահվան մասին սեպտեմբերի 16-ին, որը «մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ էր ստացել հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով»։
Այս առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին բարձրացնում է «հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայության» մասին, որոնց առկայությունը կնպաստեր լարվածության թուլացմանը։