Հայ զինծառայող է մահացել Ադրբեջանի հետ սահմանին
Հայ պայմանագրային զինծառայող է զոհվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից արձակված կրակոցից։ Այս մասին խոսվում է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Ադրբեջանական կողմն այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանում։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արդեն հայտարարել է, որ «պատասխանն ադրբեջանական կողմի գործողություններին համարժեք է լինելու»։
•Գյուղ, որից սկսվում է Հայաստանը․ լուսանկարներ և տեսանյութ
Նախարարության հայտարարությունը
Պաշտպանության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ զոհված կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը 29 տարեկան էր։ Նա «մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով»։
ՊՆ հաղորդագրությունում ասվում է նաև, որ «վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:
Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ սահմանին լարվածության աճի համար ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը։
Իրավիճակը մեկնաբանել է պաշտպանության նախարարը։ Դավիթ Տոնոյանը երկրի խորհրդարանում խոսել է այն մասին, որ հայ–ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումից հետո լարվածությունը նվազել է․
«Սակայն վերջերս հրադադարի ռեժիմի խախտումները կրկին ավելացել են։ Ադրբեջանի ԶՈՒ–ն ինժեներական աշխատանքներ է անցկացնում՝ հայկական դիրքերի առավելությունը չեզոքացնելու համար»։
Այս առնչությամբ, ըստ Տոնոյանի, տարբեր տրամաչափի զենք է կիրառվում։
«Համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու։ Հույս ունենք, որ մեր գործողությունների արդյունքում հարաբերական անդորր կպահպանվի, որը կնպաստի բանակցային գործընթացին»։
Հայաստանի վարչապետն՝ ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասին
Քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ, սակայն հստակ որոշում դեռ չկա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ին խորհրդարանում։
Կառավարության ղեկավարը կառուցողական է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման մասին։
Ըստ վարչապետի՝ հայկական կողմը որևէ նախապայման չի առաջադրում, դրանով Ադրբեջանն է զբաղված։ Եվ այդ նախապայմանն է՝ Լեռնային Ղարաբաղը պետք է բացառապես Ադրբեջանի կազմում լինի։
«Մենք նշել ենք, որ որոշակի սկզբունքներ ունենք բանակցային գործընթացում։ Սակայն դրանք նախապայմաններ չեն», — հայտարարել է Փաշինյանը։
Հայաստանի կառավարության ղեկավարը մեկնաբանել է նաև հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան բախումները։ Այդ իրադարձություններն, ըստ նրա, «հաստատել են ակնհայտը․ Հայաստանի և Ղարաբաղի հետ չի կարելի ուժի լեզվով խոսել»․
«Ադրբեջանն ասում էր, որ 24 ժամում կլուծի ղարաբաղյան խնդիրը։ Պարզվեց, որ Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ»։