Պարզ, էժան, անօրինական
Վտանգված է շենք-շինությունների կայունությունը
Քաղաքաշինության տեսչության և քաղաքապետարանի աչքի առաջ, օրը ցերեկով, Արմավիր քաղաքում առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության հախուռն կառուցապատում է իրականացվում՝ վտանգելով շենք-շինությունների կայունությունը և բնակիչների անվտանգությունը:
Օրինական ճանապարհով կառուցապատում իրականացնելու համար մեծ գումարներ և ժամանակ է անհրաժեշտ: Մասնավորապես, եթե քաղաքացին ցանկություն ունի կառուցապատում իրականացնել, նախ պետք է աճուրդային կարգով քաղաքապետարանից ձեռք բերի շինթույլտվությամբ հողատարածք: Այնուհետև պետք է պատվիրի նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, որից հետո տարբեր տեսչություններից պետք է ստանա համաձայնություն, որ կառուցվող շենքի նախագիծը համապատասխանում է գործող նորմատիվներին: Միայն արդեն հաստատված նախագծա-նախահաշվային փաստաթղթերով կարող է պայմանագիր կնքել լիցենզավորված շինարարի հետ: Միևնույն ժամանակ լրացուցիչ պայմանագիր է անհրաժեշտ շինարարության ընթացքը հսկող կազմակերպության հետ:
Այս ամբողջ գործընթացի համար, ասենք 100 քմ կառուցապատում իրականացնելու դեպքում անհրաժեշտ կլինի ծախսել 1 — 1,5 մլն դրամ: Գործընթացում, օրինական վճարումներից զատ, անխուսափելի է անօրինական վճարումներ կատարելը: Օրինակ՝ հակահրդեհային տեսչությունը, առանց խորապես ուսումնասիրելու ներկայացրած նախագծերը, մերժում է փաստաթղթերը ստորագրել՝ հղում կատարելով ինչ-որ անհասկանալի նորմի վրա: «Հոնորար» ստանալուց հետո միայն նախագիծը համապատասխանում է հակահրդեհային նորմերին: Նույն կերպ են վարվում մյուս՝ էլէկտրասնուցման, ջրամատակարարման և ջրահեռացման, գազաֆիկացման տեսչությունները:
Ամենակարճ և քիչ ծախսատար ուղին
Ժամանակի կորստից, մեծ ծախսերից և գլխացավանքից խուսափելու ամենակարճ ճանապարհը ապօրինի կառուցապատում իրականացնելն է, որի հայտնաբերման դեպքում քաղաքաշինության տեսչությունը տուգանում է առավելագույնը 400 հազար դրամ, իսկ քաղաքապետարանը՝ 200 հազար դրամ:
Կառուցապատողը մեծ ուրախությամբ վճարում է այդ տուգանքները, իսկ որոշակի հոնորարի օգնությամբ ժամանակավորապես կուրացնում է քաղաքաշինության տեսչության և քաղաքապետարանի աշխատակիցների աչքերը: Այդ ժամանակահատվածում հասցնում է ավարտել շինությունը: Մի քանի տարի անց տեղական իշխանությունները համապատասխան փաստաթղթեր են տրամադրում և շինությունը ճանաչվում է օրինական, և սեփականատերը ձեռք է բերում սեփականության վկայական:
Հենց սա է պատճառը, որ Արմավիր քաղաքը վաղուց կորցրել և կորցնում է իր ճարտարապետական տեսքը: Բանը հասել է նրան, որ, եթե որևէ մեկը բազմաբնակարան շենքի երրորդ հարկում ցանկություն ունի իր երկու սենյականոց բնակարանը կցակառույցի միջոցով դարձնել 5 սենյակ, խնդիր չկա, ընդամենը պետք է քաղաքաշինության տեսչության և քաղաքապետարանի խորհրդով շինարարությունը սկսել հանգստյան օրերի երեկոյան ժամերին:
Ապօրինի շինարարության հետևանքները
Ապօրինի շինություններից խիստ տուժում է քաղաքի հատակագիծը և ճարտարապետական տեսքը: Սակայն կան նաև գործոններ, որոնք խիստ վտանգավոր են:
Առաջին հերթին, տուժում է քաղաքի բնակչությունը, քանի որ մեծ մեքենաների, օրինակ՝ հրշեջ մեքենայի մուտքը բազմաբնակարան շենքի բակային տարածք կամ անհնար է, կամ մուտք գործելու համար բավական ջանքեր ու ժամանակ է պետք:
Երկրորդ հերթին, ինչպես արդեն մի քանի անգամ արձանագրվել է, տուժում է շենքի ամրությունը: Օրինակ՝ Հանրապետության թիվ 1 մեկ շենքի առաջին և վերջին մուտքերը կցակառույցների պատճառով վթարային էին դարձել: Եվ վերականգնվեցին դրանք համայնքի բյուջեի միջոցներով:
Հատկանշականն այն է, որ Արմավիրի քաղաքապետարանը ապօրինի շինարարության վերաբերյալ տասնյակ արձանագրություններ է կազմում, բայց դեռ ոչ մի անգամ դատարան չի դիմել ապօրինի շինությունը քանդելու և տարածքը նախկին տեսքին բերելու պահանջով: