«Համայն ժողովրդի նվաստացում»։ Չեչնիայի իշխանությունների հակառակորդին ստիպել են նվաստանալ տեսախցիկի առջև
Չեչնիայի բնակիչներին (Հյուսիսային Կովկասի հանրապետություն, գտնվում է Ռուսաստանի կազմում), զայրացրել է տեսանյութը, որում մերկ երիտասարդն ինքնախարազանվում է․ նա նստում է շշի վրա որպես պատիժ չեչենական իշխանություններին քննադատող Տելեգրամ–ալիքի հետ համագործակցության համար։ 1ADAT ալիքի հեղինակները հայտարարել են, որ այդ մարդուն առևանգել են և հրապարակավ նվաստացրել ուժային կառույցների աշխատակիցները։
Ինչպես հաղորդում է Կավկազսկի ուզելը, մեկ րոպեից ավելի տևողությամբ տեսանյութում, որը տարածվել է համացանցում, ամբողջությամբ մերկացած երիտասարդը նշում է իր անունն ու ազգանունը։ Նա ասում է, որ 1ADAT ալիքի համակարգողն է, որը նա անվանում է «կեղտոտ խումբ» և «փուչ բան»։ Այնուհետև նա ինքն իրեն և իր ընտանիքին հայհոյում է և նստում շշի վրա։
Տեսանյութի անձն ալիքի հակամագրողը չէ, նա միայն որոշ ժամանակ չատի համակարգողն է եղել, ասում են ալիքի ներկայացուցիչները։
«Սեպտեմբերի 5–ին նա դադարել է կապի դուրս գալ համակարգողների հետ, իսկ երեկ [սեպտեմբերի 7–ին] ընդհանուր չատում այս տեսանյութն են տեղադրել։ Մենք չգիտենք, թե որտեղ է նա հիմա», — ալիքի ներկայացուցիչների խոսքերն է մեջբերում ռուսական «ՄԲԽ մեդիա» պարբերականը։
• Ո՞վ է Եվրոպայում չեչեններին սպանում, որոնք քննադատում են Չեչնիայի ղեկավար Կադիրովին
• Չեչնիայի նախագահը՝ վրացի լրագրողի մասին․ նա պետք է ծնկի գա և ներողություն խնդրի
Ալիքի՝ անկախ մեդիային հասցեագրված ուղերձում նշվում է, որ մոդերատորին հայտնաբերել են ուժային կառույցները, իսկ նա հասցրել է հաղորդել, որ իր տուն են եկել իրավապահ մարմիններից սև համազգեստով երկու աշխատակից։
1ADAT ալիքը տեղեկություններ է հրապարակում Չեչնիայի բնակիչների առևանգման և ձերբակալության, բարձրաստիճան պաշտոնյաների շքեղ կյանքի մասին։ Telegram–ում ալիքը մոտ 8,2 հազար հետևորդ ունի, Instagram–ում՝ 22 հազար, Youtube–ում՝ 1,29 հազար։
«Չեչնիայի Հանրապետության ցանկացած բնակիչ կարող է մեզ դիմել։ Մենք տեղեկություններն անանուն կհրապարակենք, և եթե անձն օգնության կարիք ունի, ապա կօգնենք իրավապաշտպան կազմակերպությունների և լրագրողների հարցում», — ասված է հունիսի 22–ին արված հրապարակման մեջ։ Ալիքի մասին տեղեկատվական բլոկում հեղինակները 1ADAT–ն անվանում են «բռնապետության դեմ ժողովրդական շարժում»։
Չեչնիայի մարդու իրավունքների լիազորի աշխատակազմում նշել են, որ տեղյակ են միջադեպի մասին, սակայն տուժածն ու նրա հարազատներն իրենց չեն դիմել։
«Լիազորի աշխատակիցներն, իրենց կողմից, պատրաստ են զբաղվել միջադեպի ստուգմամբ, քանի որ տեսանյութում տեղի ունեցող դեպքերն անթույլատրելի են», — Չեչնիայի օմբուդսմենի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Կովկաս․ իրողություններ» պարբերականը։
Վրդովմունք Չեչնիայում
Տեսանյութի հրապարակումը սոցցանցերի օգտատերերի վրդովմունքն է առաջացրել․ շատերը համարում են, որ այն խայտառակում է չեչեններին։
«Պարտադիր չէ նման բան ցուցադրել։ Զզվեցրել են այս ֆիլմերը, որ մեզ մարդկանց առջև խայտառակում են»։
«Ահա այսպես են ողջ աշխարհին ցույց տալիս մեր ժողովրդին»։
«Զզվանքից, ատելությունից և արհամարհանքից բացի նրանք, ովքեր արել են սա, ոչինչ չեն առաջացնում և չեն կարող առաջացնել։ Սա իրոք համայն ժողովրդի նվաստացում է», — գրում են օգտատերերը։
«Ոչ ոք իրավունք չունի այսպես վարվելու մարդու հետ, ինչ էլ նա արած կամ ասած լինի։ Չէ՞ որ սա կյանքով մեկ խայտառակում է ոչ միայն այդ տղային, նրա մորն ու հորն, այլև բոլոր հարազատներին և ազգականներին, ողջ ցեղին։ Այսպիսի բաները մեզ մոտ չեն ներում, և վաղ թե ուշ սրա համար պատասխան են տալու», — «Կավկազսկի ուզելին» ասել է Չեչնիայի բնակիչ Սահիբը։
Չեչնիայի իշխանությունների և անձամբ նախագահ Ռամզան Կադիրովի հետ կոնֆլիկտի մեջ մտած անձանց հանրային ներողություն հայցելու և զղջալու մասին տեսանյութերը սովորական պրակտիկա են դարձել հանրապետությունում։ Վերջերս Չեչնիայի ուժային կառույցներն ակտիվորեն փորձում են գտնել և պատժել համացանցում անանուն ալիքների և խմբերի հեղինակներին և հետևորդներին։