Արջերը Սուխումում
Ռուսաստանում Պետդումայի ընտրություններ են անցկացվել: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը կարող էր մասնակցել 111.6 մլն մարդ: ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների 47.81%-ն է մասնակցել ընտրություններին (ընդ որում, 28.62%-ը՝ միայն Մոսկվայում): 2011թ-ին այս ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է51,7%:
Ըստ նախնական տվյալների՝ ընտրությունների արդյունքն անակնկալ չէր. առաջատար դիրքեր է զբաղեցնում իշխանական «Միասնական Ռուսաստանը»:
Սակայն մեր պատմությունը մի փոքր այլ բանի մասին է: Այն Աբխազիայից է, որտեղ 90 հազար մարդ երկքաղաքացիություն ունի՝ աբխազական և ռուսական, հետևաբար կարող էր մասնակցել Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին:
Կանխատեսումներն այսպիսին էին. նրանցից բառացիորեն ոչ ոք չի գնալու քվեարկության: Սակայն ընտրողները զարմացրին բոլորին. քվեարկության էր եկել 20,335 մարդ: Ընդհանուր առմամբ, 9 ընտրատեղամաս էր աշխատում՝ Սուխումում, Գագրայում, Պիցունդայում, Գուդաութում, Օչամչիրում, Տկուարչալում, Բամբորա ավանում և Գալում: Նրանցից որոշներում անգամ հերթեր էին գոյացել:
Առաջ անցնելով՝ ներկայացնենք քվեարկության արդյունքներն Աբխազիայում.
- «Միասնական Ռուսաստան»՝ 75,38%
- Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն՝ 6,64%
- Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն՝5,85%
Արդեն առավոտյան 9:30 քվեարկեց նախագահ Ռաուլ Հաջիմբան՝ միաժամանակ փոքր ծրագրային հայտարարություն անելով:
Որոշակի առումով նման բարձր ակտիվությունը կարելի է բացատրել նրանով, որ ընտրատեղամասեր մարդկանց տասնյակ ավտոբուսներով էին բերում, այդ թվում՝ բոլոր գյուղերից: Ամեն ինչ կազմակերպել և վճարել էր Ռուսաստանի դեսպանատունն Աբխազիայում:
Գալինա Պոժիդաևան ապրում է Սուխումի ծայրամասում, և հաճույքով հարցազրույց տվեց. «Ինձ օդանավակայանից [շրջան Սուխումում] են բերել ավտոբուսով: Հատուկ ընտրությունների համար եմ եկել, որպեսզի Պուտինի օգտին քվեարկեմ: Կարծում եմ, որ Պետդումայի ընտրություններն արդեն մեզ շատ բան են տվել, օրինակ, լավ կենսաթոշակ: Մեր ավտոբուսը քվեարկում է «Միասնական Ռուսաստանի» համար»:
Մեկ այլ տարեց կին, դուրս գալով ընտրատեղամասից, ներկայացավ որպես Մարինա Տարբա և ասաց. «Աղջի՛կ ջան, Պուտինի օգտին եմ քվեարկել: Միայն թե երևի պետք չէ այդ մասին գրել»:
Այնպիսի տպավորություն է, որ ընտրություններին եկածների մեծ մասը հենց «Պուտինի օգտին» է քվեարկել, այլ ոչ թե որևէ քաղաքական կուսակցության կամ ուղղության համար:
Սուխումի բնակիչ Լիդիա Կորոլյովան կարծում է, որ «Պետդումայի ընտրությունները ցույց կտան ժողովուրդների միասնականությունը»՝ հավանաբար նկատի ունենալով Աբխազիան ու Ռուսաստանը. «Անձամբ ես քվեարկել եմ Մեդվեդևի, այսինքն՝ «Միասնական Ռուսաստանի» օգտին: Նա մեր արջն է, իսկ մենք՝ քոթոթները: Եթե Ռուսաստանում ամեն ինչ լավ լինի, մեզ մոտ նույնպես լավ կլինի»:
Ընտրողների մեծ մասը տարեցներ էին: Ընտրատեղամասերում հազվադեպ կարելի էր երիտասարդների տեսնել: Նրանք անցնում էին և պատրաստակամություն չէին հայտնում հարցերի պատասխանելու:
Ամանդա. «Ես չգիտեի էլ, որ այսօր ընտրություններ են: Ի՞նչ ընտրություն»:
Իննա. «Ընտրություններին չգնացի: Դրանք կարծես մերը չեն»:
Վալերի Գոգուա. «Քվեարկության չեմ գնացել: Ես չեմ կարծում, որ մենք Ռուսաստանի քաղաքացի ենք: Եվ ընդհանրապես ինձ զայրացրել է ինտեգրացիայի թեման, այդ պատճառով էլ չեմ գնացել ընտրության»:
Ռիմմա Արձինբա. «Ես ընդհանրապես երբեք ընտրությունների չեմ գնում: Իսկ ի՞նչ է դա տալու: Մեր փոխարեն վաղուց արդեն ամեն ինչ որոշել են: Ես մեր ընտրություններին անգամ չեմ գնում, էլ չեմ խոսում ռուսականի մասին: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ պետք է գնամ նրանց պատգամավորների համար քվեարկեմ, մենք մերն ունենք»:
Իրակլի. «Հասկացա, որ Պետդումայի ընտրություններ են: Սակայն աբխազ պատգամավորներից ո՞վ է թեկնածություն դրել»:
Սվետլանա Խոջավա. «Օ՜, այսօ՞ր է պետք քվեարկել: Իսկ ես մոռացել եմ: Հիմա կգնամ, կքվեարկեմ թոշակառուների կուսակցության համար»:
Ի դեպ, թոշակառուների մասին:
Տարեց կնոջ ու տղամարդու զրույց Սուխումի ընտրատեղամասերից մեկի մոտ:
— Պուտինի օգտին է պետք քվեարկել: Էլ մարդ չկա, — ասում է տատիկը:
— Ի՞նչ ես խոսում: Ես կոմունիստների համար եմ քվեարկելու: Ինչի՞ս է քո Պուտինը, — պատասխանում է «Հանուն արդարության» գրվածքով գլխարկով պապիկը:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 19.09.2016