«Փաշինյանի առաջարկի հասցեատերը Ռուսաստանն է, ոչ թե ՀՀ ընդդիմությունը»․ կարծիք
Կարծիք հանրաքվեի գնալու Փաշինյանի առաջարկի մասին
Հայաստանի փորձագիտական շրջանակներն ակտիվորեն քննարկում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը։ Վարչապետն առաջարկում է, որ ընդդիմությունը կողմ քվեարկի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։ Փոխարենը խոստանում է, որ ցանկացած արդյունքի դեպքում կհեռանա վարչապետի պաշտոնից։
Քաղաքագետ, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասում է՝ վարչապետի առաջարկի էությունը ընդդիմության հետ «գործարքի գնալն» է՝ քաղաքական դաշտից Փաշինյանի հեռանալու դիմաց սահմանադրական հանրաքվեին կողմ քվեարկելը։
Ուշադրություն է հրավիրում 2 հանգամանքի վրա՝ ընդդիմադիր ուժերը, որոնք տեսականորեն կարող են «կողմ» քվեարկել նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու հարցին՝
- «մաս են կազմում և անգամ գլխավորում են ընդդեմ իշխանության «համախմբված» քաղաքական ուժեր,
- այդ ուժերի քաղաքական կապիտալը ո՛չ իրենց անդամներն են, ո՛չ ներքին դաշտում հեղինակությունը, ո՛չ էլ մյուս դերակատարները, որոնց հետ համախմբվել են»։
Ղևոնդյանի գնահատմամբ՝ ԱԺ ընդդիմադիր երկու քաղաքական ուժերի՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների քաղաքական կապիտալը «Մոսկվայի հովանավորչությունն է»։
«Փաշինյանի առաջարկին պատասխանել նրանք կարող են բացառապես Կրեմլի հետ այդ պատասխանը համաձայնեցնելուց հետո։ Առաջարկին պատասխանող կողմն իրականում Ռուսաստանն է»,- հայտարարել է Ղևոնդյանը։
Հոդվածում քաղաքագետն անդրադարձել է նաև այն հարցին, թե որ դեպքերում Մոսկվան կհամաձայնի, որ ԱԺ ռուսամետ ընդդիմությունը «գործարքի գնա» Հայաստանի գործող իշխանությունների հետ։
Փաշինյանի առաջարկն ու ընդդիմադիրների արձագանքը, մեկնաբանություն
- «Վերջին քայլը թողնվեց Հայաստանին»․ կարծիքներ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու մասին
- «ՀՀ-ին անկախությունից զրկելու հերթական փորձն է նախապատրաստվում»․ Փաշինյան
- «Ուղերձ ծանր հարվածների մասին»․ ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցության հնարավոր կասեցումը
- «Երկաթուղու կոնցեսիայի շուրջ քննարկումը վերածվում է ՌԴ հետ բանակցային գործընթացի»․ կարծիք
Համատեքստ․ «Ընդդիմությունը մերժում է իր համար երազանքի առաջարկը»
ՀՀ վարչապետը վերջին օրերին մի քանի անգամ և տարբեր հարթակներից ընդդիմությանը ներկայացրել է միևնույն առաջարկը։ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է, որ ընդդիմությունը կողմ քվեարկի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։ Վստահեցնում է՝ ժողովրդի կողմից Սահմանադրության մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի առաջադրվի։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները մերժել են առաջարկը։ Կարծում են՝ բաց չեն թողնում Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորությունը և պնդում՝ «անկախ ամեն ինչից հեռանալու է»։
Խորհրդարանական ընդդիմությունը նոր Սահմանադրության նախագիծը բնորոշում է որպես «ալիևյան Սահմանադրություն»։ Պնդում է՝ ՀՀ-ն Ադրբեջանի պահանջով է փոխում երկրի մայր օրենքը։
Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը։ Բաքուն խնդրահարույց է համարում, մասնավորապես՝ նախաբանում արված հղումը Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Նոր Սահմանադրության նախագծում այդ հղումն այլևս առկա չէ։
Անդրադառնալով վարչապետի առաջարկի մերժմանը՝ ԱԺ նախագահ, իշխող ուժի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ ընդդիմադիրների համար «խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը»։
Չի բացառել նաև, որ ընդդիմությունը նպատակ ունի «անհնար դարձնել խաղաղությունն ու Հայաստանը տանել, մտցնել այլ պետության [ՌԴ-Բելառուս միութենական պետության] կազմ»:
Վարչապետ Փաշինյանն իր առաջարկը որակում է որպես աննախադեպ հնարավորություն ընդդիմության համար։ Ընդդիմության կողմից առաջարկը մերժելը պարզաբանում է հետևյալ կերպ՝ «նրանց առաքելությունն է թույլ չտալ, որ երկիրն ունենա և՛ խաղաղություն, և՛ անկախություն»։
«Այլապես, ինչո՞վ բացատրել, որ նրանք մերժում են իմ շատ հստակ և նորմալ, ընդդիմության համար՝ պարզապես երազանքի առաջարկը»,- շեշտել է վարչապետը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Նոր Սահմանադրության տեքստն ու Փաշինյանի առաջարկը ՌԴ-ին» վերնագրված հոդվածում գրել է․
«Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, հասկանում է, որ իր բարձրացրած հարցի շուրջ վերջնական որոշումը կայացվելու է Կրեմլում։
Այս տարվա դեկտեմբերին նախատեսվող մոսկովյան 3 այցերից մի քանի օր առաջ հնչեցված առաջարկի իրական հասցեատերը ոչ թե ՀՀ խորհրդարանական ընդդիմությունն է, այլ հենց Կրեմլը։
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելի Ռուսաստան։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 3-ին Մոսկվայում Փաշինյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Փաշինյանի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ կառավարությունների ղեկավարների հանդիպումը, իսկ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումները։
Կասկածից վեր է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումների օրակարգային հարցերից մեկը կլինի ՀՀ նոր Սահմանադրությունը, որի տեքստի հրապարակումն էլ, իր հերթին, նախորդեց այցերին։
Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր Ռուսաստանից ստանալ անհրաժեշտ 6 ձայնը։ Տեսականորեն, նման երկու տարբերակ կարող է լինել։
Առաջին դեպքում Մոսկվան կարող է «կանաչ լույս վառել» սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար, եթե նոր Սահմանադրության տեքստում հաշվի առնվեն Ռուսաստանի շահերն ու ցանկությունները։
Սակայն տեքստն արդեն հրապարակված է, և այնտեղ արդեն նկատվում են խնդիրներ Մոսկվայի համար։ Այսպես, եթե նախաբանում ՀՀ Անկախության հռչակագրին հղման վերացումը առավելապես աշխարհաքաղաքական խնդիր է, ապա, օրինակ, արտաքին ֆինասավորմամբ գործող կուսակցությունների արգելման կետը ուղիղ կերպով նվազեցնում է Հայաստանի վրա ազդեցության հնարավորությունները։
Գործող մայր օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվում են միայն այն կուսակցությունները, որոնք քարոզում կամ կիրառում էին բռնություն սահմանադրական կարգը տապալելու նպատակով։
Նոր Սահմանադրության նախագծով ավելացվել են ՍԴ որոշմամբ կուսակցության գործունեությունն արգելելու նոր հիմքեր՝
- օտարերկրյա աղբյուրից ֆինանսավորում ստանալը,
- պետության անկախությունից հրաժարվելու քարոզը,
- ազգային կամ կրոնական ատելություն բորբոքելը,
- գործունեությունը ընտրողի ազատ կամքի արտահայտումը խաթարելուն ուղղված լինելը։
Մոսկվայի համաձայնությունն ստանալու երկրորդ հնարավորությունն այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններն են, որոնք կարող են ներառել նաև սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ 6 «կողմ» ձայնի տրամադրումը։ Այդ հարցերի շրջանակներում են հայկական երկաթուղին, նոր ատոմակայանի կառուցումը, Գյումրու 102-րդ ռազմաբազան, ՀՀ եվրաինտեգրման գործընթացը և այլն։
Այլ կերպ ասած, եթե Փաշինյանն ու Պուտինը համաձայնության գան կարևորագույն դրույթների վերաբերյալ, Ռուսաստանը կարող է «թույլ տալ» անցկացնել Սահմանադրության փոփոխության հանրաքվե։ Միակ հարցն այն է՝ Երևանը պատրա՞ստ է նման գին վճարել»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կարծիք հանրաքվեի գնալու Փաշինյանի առաջարկի մասին