Երեխաները՝ առանց քարսիթի․ ինչո՞ւ ՀՀ-ում մանկական ավտոնստատեղերի օգտագործումը համատարած չէ
Ինչո՞ւ ՀՀ-ում համատարած չէ քարսիթների օգտագործումը
Հայաստանում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են երեխաները մեքենաներում երթևեկում առանց հատուկ մանկական ավտոնստատեղերի (car seat)՝ հետևի նստատեղին, երբեմն էլ՝ ծնողների գրկում։ Թեև երեխաների անվտանգ տեղափոխման համար նախատեսված ավտոնստատեղերի օգտագործումը սահմանված է ճանապարհային երթևեկության կանոններով, դրանց կիրառումը դեռևս համատարած չէ։
Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների՝ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը մեքենայով պարտադիր պետք է իրականացվի միայն իրենց հասակին և քաշին համապատասխանող մանկական ավտոնստատեղերի օգտագործմամբ։
7-12 տարեկաների դեպքում, եթե երեխան երթևեկում է հետևի նստատեղին, թույլատրվում է օգտագործել կա՛մ մանկական նստատեղ/բուստեր (booster), կա՛մ մեքենայի ստանդարտ անվտանգության ամրագոտիները։ Բուստերները (booster) նախատեսված են ավելի մեծ երեխաների համար (սովորաբար 15–36 կգ կամ 22–36 կգ)՝ ապահովելու համար մեքենայի անվտանգության գոտու ճիշտ տեղադրությունը երեխայի մարմնի նկատմամբ: Դրանք բարձրացնում են երեխային այնքան, որ մեքենայի ստանդարտ ամրագոտին անցնի ոչ թե պարանոցով, այլ ուսի և ազդրի վրայով:
Եթե երեխան նստում է առջևի նստատեղին, ապա մինչև 12 տարեկան լրանալը car seat-ի կամ բուստերի առկայությունը պարտադիր է:

Մասնագետները զգուշացնում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում նույնիսկ փոքր արագությամբ բախումը կարող է ծանր հետևանքներ ունենալ երեխայի համար։
Ճիշտ ընտրված և տեղադրված ավտոնստատեղը զգալիորեն նվազեցնում է մահացու և ծանր վնասվածքների վտանգը։
Ինչո՞ւ են Հայաստանում ծնողները հաճախ հրաժարվում մանկական ավտոնստատեղերից, որքանո՞վ է վերահսկվում դրանց օգտագործումը պարեկային ծառայության կողմից, և ի՞նչ են ցույց տալիս երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների ու մահացության պաշտոնական տվյալները։
Այս բոլոր հարցերի պատասխանները JAMnews-ի լրագրողը փորձել է ստանալ Ներքին գործերի նախարարությունից, նաև՝ ուսումնասիրելով պաշտոնական վիճակագրությունը և, իհարկե, զրուցելով ծնողների հետ:
- Էլեկտրամոբիլների հաղթարշավը Հայաստանում․ պատճառներն ու նպաստող գործոնները
- Երևանի երեք ամենահին մեքենաները
- Բազմազավակության միտում Հայաստանում. վիճակագրություն, մի զույգի պատմություն և փորձագետի կարծիք
Ավտոնստատեղին լինելու դեպքում էլ երբեմն չի օգտագործվում
Ստեփան Գրիգորյանը երկու տարեկան երեխա ունի։ Թեև մեքենայում կա հատուկ նստատեղ երեխայի համար, սակայն փոքրիկը լացում է, ընդդիմանում և չի ուզում նստել: Մայրը ստիպված մեքենայի հետևում է նստում, որպեսզի լացող երեխային հանգստացնի, երբեմն նաև գիրկն առնի:
«Եթե սկզբում շեղում ենք ուշադրությունը խաղալիքներով կամ այլ իրերով, խելոք նստում է քարսիթում։ Իսկ եթե չի ստացվում, այնքան է լացում, մինչև գրկում ենք: Հասկանում եմ, որ կարևոր է նստատեղի լինելը, բայց կարճ եթևեկության ժամանակ ստիպված գրկում ենք»,- բացատրում է Ստեփանը:
Նա գիտակցում է, որ պատահար կարող է լինել նաև կարճ երթևեկության ժամանակ և իրենց բացթողսումն է համարում երեխայի կամակորությանը տրվելը:
Քանի որ ակտիվ վարող է, նկատում է՝ որոշակիորեն շատացել են քարսիթներով երթևեկող երեխաները, սակայն դա կազմում է ընդհանուրի տասը տոկոսը.
«Առավոտյան ժամերին հաճախ եմ նկատում մինչև տասը-տասներկու տարեկան երեխաների, որոնք առանց քարսիթի կամ ամրակապման երթևեկում են ծնողների հետ, տաքսիներով կամ դպրոցների ավտոբուսներով: Վերահսկողությունը կա՛մ թույլ է, կա՛մ ընդհանրապես բացակայում է»:
Կարծում է նաև, որ տուգանքի չափի՝ հինգ հազարից քսան հազար դրամ դառնալը, ինչի մասին շատ են խոսում վերջին շրջանում, չի փրկի իրավիճակը․
«Դա տուգանքի այն չափը չէ, որ վարորդներին սթափեցնի։ Պետք է լինեն բարձր տուգանքներ։ Եթե վարորդն իմանա, որ 50 հազար է վճարելու, եթե տարվա մեջ գոնե մեկ անգամ տուգանվելու կամ որոշ ժամանակ վարորդական վկայականից զրկվելու մտավախություն ունենա, արդեն ավելի զգոն կլինի:
Ես իմ փորձի մասին կպատմեմ։ Եղել են դեպքեր, երբ պարեկային ծառայության աշխատողը կանգնեցրել է մեքենան՝ արագրության չարաշահման համար կամ ղեկին հեռախոսով խոսելու, սակայն երբեք չի ստուգել մեքենայում երեխան քարսիթում է նստած, թե մամայի գրկում։ Եթե լուրջ հսկողություն լինի և բարձր տուգանք, կկարողանանք ներմուծել մանկական կյանքեր փրկող նստատեղերը մեր առօրյա»:
Ավելին, առաջարկում է սոցիալապես անապահով կամ բազմազավակ ընտանիքների համար դրանք ձեռք բերել պետության հաշվին՝ գործարկելով որևէ սոցիալական ծրագիր կամ նվիրատվություն․
«Վստահ եմ՝ շատ ծնողներ իրենց արդեն չօգտագործվող քարսիթը սիրով կնվիրեն դրա կարիքն ունեցող ընտանիքներին, քանի որ չվնասվող և ժամանակավոր օգտագործման իր է: Որոշ դեպքերում էլ համայքների սոցիալական աշխատողները կարող են հաշվառել խոցելի ընտանիքներին և քարսիթի ձեռքբերման հայտեր մշակել համայնքապետարանի, մարզպետարանի և կառավարության համար»:
Մանկական մահացության դեպքերը ՃՏՊ-ի արդյունքում
Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երեխաների մահացությունը շարունակում է մտահոգիչ մնալ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2023թ-ին զոհվել է մինչև 12 տարեկան 13 երեխա, 2024թ-ին՝ 11, 2025թ-ին՝ ևս 11։
Իսկ մանկական ավտոնստատեղերի բացակայության հետևանքով մահացության վերաբերյալ ամբողջական և տարանջատված վիճակագրությունը հասանելի չէ։ ՆԳՆ-ն նման առանձին հաշվառում չի իրականացնում։ Հետևաբար, հնարավոր չէ հաստատել, թե նշված մահվան դեպքերից քանիսն են անմիջականորեն կապված քարսիթների բացակայության հետ։
Ինչ արժեն ավտոնստատեղերը Հայաստանում
Մանկական ավտոնստատեղերի գները զգալիորեն տարբերվում են՝ կախված արտադրողից, մոդելից, երեխայի տարիքային խմբից և տեխնիկական առանձնահատկություններից։
Տեղական առցանց խանութների առաջարկների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բուստեր տեսակի նստատեղերը կարելի է գտնել մինչև 10 հազար դրամի սահմաններում։
Իսկ ամբողջական մանկական ավտոնստատեղերի գները սկսվում են 28–33 հազար դրամից, որոշ մոդելների դեպքում՝ հասնում 80 հազար դրամի և ավելի։
Մատչելի տարբերակներ առաջարկվում են նաև երկրորդային շուկայում։ Դրանց գները 10-20 հազարի սահմանում են: Սակայն ավտոնստատեղ ընտրելիս կարևոր է ոչ միայն գինը, այլև անվտանգության չափանիշներին համապատասխանությունը։ Այն պետք է համադրվի երեխայի հասակի ու քաշի հետ, ինչպես նաև ճիշտ տեղադրվի նստատեղի վրա։
Հսկողությունն ուժեղանում է
Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասում է, որ վերջին դեպքից հետո, երբ ավտովթարի արդյունքում ծնողները և մեկ երեխա զոհվեցին, երկուսի վիճակն էլ ծայրահեղ ծանր է, հարցը նորից հասարակության քննարկման առարկա դարձավ:
Նրա խոսքով՝ նախատեսվում է քառապատկել երեխաների անվտանգ փոխադրման կանոնների խախտման համար սահմանված տուգանքը, որը դեռևս կազմում է 5000 դրամ։ Օրենսդրական փոփոխությունների նախագծով նախատեսվում է նաև մեկ տուգանային միավորի կիրառում։
«Ազգային ժողովում հարցը քննարկվելու է։ Գուցե հետագայի համար տուգանքի չափն էլ վերանայվի կամ այլ կարգավորումներ լինեն: Խնդիրն ուշադրության կենտրոնում է։ Վարչական իրավախախտումների վերջին տարիների վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ հսկողությունը գնալով ուժեղանում է»,- ասում է Նարեկ Սարգսյանը:
Այս իր միտքը հաստատելու համար խոսնակը նաև ներկայացրեց 2024–2026թթ․ վիճակագրությունը։ 2024թ-ին երեխաներին առանց համապատասխան պաշտպանող սարքերի տեղափոխելու 3773 խախտում է արձանագրվել, 2025թ-ին՝ 9067, իսկ 2026թ-ի առաջին 9 ամիսներին՝ 10 844։
«Մենք կարևորում ենք հարցի հանրային քննարկումը, որովհետև այն ստիպում է ուժեղացնել հսկողությունն ու այլ կարգավորումների մասին մտածել»,- ասում է Սարգսյանը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ինչո՞ւ ՀՀ-ում համատարած չէ քարսիթների օգտագործումը