«Վախով թելադրված որոշում»․ Իրակլի Ղարիբաշվիլին՝ իր գործի դռնփակ քննության մասին
Վրաստանի նախկին վարչապետի նոր նամակը բանտից
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը ներկայումս գտնվում է բանտում, իր դռնփակ դատավարությունը բնորոշում է որպես «ստվերային արդարադատության» օրինակ և վախով թելադրված որոշում։
Բանտից ուղարկված հերթական, հավանաբար, տասներորդ նամակում երկու անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ղարիբաշվիլին կրկին խոսում է քաղաքական հետապնդումների, ընտրովի արդարադատության և իր հանդեպ խտրականության մասին։
«Սա խախտում է։ Այլ անձանց առնչվող գործերը, որոնք բխում են նույն համատեքստից կամ ներառում են նմանատիպ մեղադրանքներ, սովորաբար քննվել են դռնբաց նիստերում։ Իմ դատավարությունը, սակայն, ընթանում է փակ դռների հետևում։ Սա ցույց է տալիս, որ գործընթացը չի օգտագործվում օրենքի գերակայության ապահովման համար, այլ դառնում է ընտրովի արդարադատության գործիք։ Սա «ստվերային արդարադատության» ակնհայտ օրինակ է, հանրային վերահսկողությունը բացառելու փորձ»,— գրում է Ղարիբաշվիլին։
Նախկին վարչապետը նշում է, որ մտադիր էր դատական նիստերի ընթացքում խոսել իր նկատմամբ գործադրված ճնշումների և քաղաքական հետապնդումների մասին։
«Իշխանությունների այս որոշումը թելադրված է վախով և նպատակ ունի դատավարական գործընթացը պահել «խավարի» մեջ։ Ես հայտարարում եմ, որ թաքցնելու ոչինչ չունեմ, ուստի պնդում եմ, որ դատավարությունը դառնա հրապարակային՝ դուրս բերվի «լույսի» ներքո»։
Մեկ այլ հայտարարության մեջ Ղարիբաշվիլին հիշեցնում է, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ դատավորին տեղեկացրել է այն հոգեբանական ճնշումների և շանտաժի մասին, որոնց ենթարկվել է։ Նա դա բնորոշում է որպես «հոգեբանական ահաբեկում, խոշտանգում, բարոյական տառապանք և միջամտություն [իր] քաղաքական գործունեությանը»։
Նախկին վարչապետը պնդում է, որ պաշտպանական կողմին թույլ չեն տվել դատարանին ներկայացնել իրեն ուղղված և շանտաժ պարունակող նամակը։ Ավելին, սահմանափակվել է նրա փաստաբանների հասանելիությունը գործի որոշ նյութերի։
Ղարիբաշվիլին գրում է, որ դատախազությունը չի սկսել հետաքննություն, չնայած նրան, որ ինքը տեղեկություններ է տրամադրել հնարավոր հանցանշանների մասին: Նա պնդում է, որ տեղի է ունեցել հակառակը. նամակում նշված վերջնագրի համաձայն՝ իր դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել:
Բացի այդ, Ղարիբաշվիլին հայտարարում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 6-րդ և 18-րդ հոդվածների խախտման մասին: Այդ հոդվածները, համապատասխանաբար, վերաբերում են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արգելքին, արդար դատաքննության իրավունքին և իրավունքների սահմանափակումների կիրառման սահմաններին: Նախկին վարչապետը պնդում է, որ իր դեպքում այդ իրավունքները խախտվում են ընդհանրական կերպով:
Ինչո՞ւ է դատավարությունն ընթանում դռնփակ ռեժիմով
Նոյեմբերի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում մեկնարկեց կաշառքի գործի քննությունը, որտեղ Իրակլի Ղարիբաշվիլին մեղադրյալ է։ Սա առաջին դատական նիստն էր, որին նախկին վարչապետն անձամբ մասնակցում էր։
Նիստի սկզբում նա ընդգծեց դատավարությունը բաց և թափանցիկ ընթացակարգով անցկացնելու կարևորությունը՝ դեմ արտահայտվելով նիստը դռնփակ անցկացնելուն։
Դատախազությունը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով։ Մեղադրող կողմը պարզաբանեց, որ գործը վերաբերում է Պաշտպանության նախարարության կողմից իրականացված գաղտնի գնումներին, պահանջում է այլ բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննություն, ինչպես նաև պարունակում է անձնական տվյալներ։
Պաշտպանական կողմը առարկեց՝ նշելով, որ նախկինում նմանատիպ գործերը քննվել են դռնբաց նիստերում։ Արդյունքում, դատավոր Թամար Մչեդլիշվիլին որոշեց նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով։
Ղարիբաշվիլիի նամակները բանտից
Իրակլի Ղարիբաշվիլին՝ օլիգարխ և «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նախկին ֆավորիտը, կալանավորվեց 2026 թ.-ի հունվարի 12-ին՝ հենց դատարանի դահլիճից։
Կալանավորումից հետո մի քանի ամիս շարունակ նախկին վարչապետն ու նրա ընտանիքը լռություն էին պահպանում՝ ԶԼՄ-ներին որևէ մեկնաբանություն չտալով։
Օգոստոսի 17-ին նախկին վարչապետը բանտից հղեց իր առաջին նամակը։ Սա նրա առաջին նշանակալի հրապարակային հայտարարությունն էր, որում նա Բիձինա Իվանիշվիլիին և կառավարությանը մեղադրեց շանտաժի մեջ։ «Նրանք ինձ այլ ընտրություն չթողեցին. ես ստիպված եմ պայքար սկսել»,— գրել էր Ղարիբաշվիլին։
Ըստ տեքստի՝ նրան գործարք էին առաջարկել. եթե նա իրեն մեղավոր ճանաչեր կոռուպցիոն նոր մեղադրանքով, ապա կազատ արձակվեր՝ պայմանով, որ այլևս երբեք չի վերադառնա քաղաքականություն։
Այս նամակին հաջորդեցին այլ նամակներ։
Հետագա նամակներում վարչապետի հռետորաբանությունը պաշտպանողական դիրքորոշումից աստիճանաբար անցավ քաղաքական հայտարարությունների։ Նա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեին մեղադրեց իր դեմ քաղաքական վենդետա (հաշվեհարդար) կազմակերպելու մեջ։
Նա նաև ակնարկեց ավելի լուրջ իրավախախտումների մասին, օրինակ՝ դեպքերի, երբ մարդկանց դրդել են ինքնասպանության։ Բացի այդ, նա հայտարարեց, որ քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունի։
Վերջին նամակներից մեկում նա նույնիսկ ամփոփեց պաշտոնավարման ընթացքում իր կատարած աշխատանքը։
Նախկին վարչապետի դեմ հարուցված քրեական գործերը
Ներկայումս Իրակլի Ղարիբաշվիլին ներգրավված է երկու քրեական գործում։
Առաջին գործով նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով ապօրինի եկամուտների օրինականացման համար։ 2026 թ․-ի հունվարի 12-ին նա ընդունել է իր մեղքը և դատախազության հետ կնքել մեղքն ընդունելու մասին համաձայնագիր։ Դատարանը նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման և 1 միլիոն լարիի չափով տուգանքի։
Երկրորդ գործով նախկին վարչապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ըստ դատախազության՝ Ղարիբաշվիլին ստացել է 750․000 լարի՝ կապված Պաշտպանության նախարարության իրականացրած գաղտնի բնույթի գնումների հետ։
Այս գործը կապված է Պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի դեմ հարուցված քրեական վարույթի հետ։ Ղարիբաշվիլին հերքում է մեղադրանքը՝ նշելով, որ այն ունի քաղաքական դրդապատճառներ։
Բանտային ծանր պայմանները
Իրակլի Ղարիբաշվիլին և նրա ընտանիքը հաճախ են բարձրաձայնում նրա կալանքի ծանր պայմանների մասին։ Նոյեմբերի 7-ին Ղարիբաշվիլիի աներորդին՝ Լեքսո Թամազաշվիլին, հայտնեց, որ նախկին վարչապետը 11 ամսվա ընթացքում իր երեխաներին տեսնելու հնարավորություն է ունեցել ընդամենը 2 անգամ։
Նա Քրեակատարողական ծառայությանը կոչ արեց մարդասիրություն ցուցաբերել և երեխաներին հնարավորություն տալ հանդիպելու իրենց հոր հետ։
Միևնույն ժամանակ, Ղարիբաշվիլիի փաստաբան Լիլի Գելաշվիլին հայտարարեց, որ իր պաշտպանյալի և նրա երեխաների միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Փաստաբանն այս որոշումը կապեց այն նամակների հրապարակման հետ, որոնք Ղարիբաշվիլին գրել էր կալանքի տակ գտնվելու ընթացքում։
Հատուկ քրեակատարողական ծառայությունը հերքեց փաստաբանի պնդումները։ Ըստ գերատեսչության՝ Ղարիբաշվիլին ամբողջությամբ օգտվել է օրենքով նախատեսված տեսակցությունների իրավունքից, մասնավորապես՝ երկու երկարատև տեսակցությունից և ստանդարտ կարճատև հանդիպումներից։
Ծառայությունից պարզաբանեցին, որ ցանկացած լրացուցիչ տեսակցություն դիտարկվում է որպես խրախուսանքի ձև, և դրա տրամադրման որոշումը կայացվում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հայեցողությամբ։
Ավելին, գերատեսչությունը պնդում է, որ ի սկզբանե որևէ լրացուցիչ հանդիպում նախատեսված չի եղել, ուստի այն չէր էլ կարող չեղարկվել։ Երեխաների հետ տեսակցությունների սահմանափակման հարցն առաջին անգամ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց օգոստոսի վերջին։ Այդ ժամանակ ևս նմանատիպ իրավիճակ էր. Ղարիբաշվիլիի և նրա ընտանիքի անդամների միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել էր, սակայն Քրեակատարողական ծառայությունը հերքում էր այդ տեղեկությունը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանի նախկին վարչապետի նոր նամակը բանտից