Ամուսնալուծությունների թիվը Հայաստանում աճում է․ պատճառները՝ կանանց և փորձագետների կարծիքով
Ամուսնալուծությունները Հայաստանում․ պատմում են կանայք
Ամուսնալուծությունը մարդկանց իրարից հեռանալու, «ազատվելու» այն ձևն է, երբ նրանք, այնուամենայնիվ, շարունակում ինչ-որ տեղ գրավել միմյանց կյանքում՝ արդեն այլ կարգավիճակով։ Ոմանց համար ամուսնալուծությունը դառնում է նոր սկիզբ, մյուսների համար՝ երկարատև պայքար չավարտվող վեճերի տեսքով՝ այդ թվում չկիսված սեփականության և երեխաներին տեսակցելու հաճախականության շուրջ։ Այս ընթացքը, սովորաբար, համեմված է լինում փոխադարձ մեղադրանքներով։
Հայաստանում ամուսնալուծությունը կարող է նաև դառնալ հասարակական քննարկման առարկա, երբեմն` ընտանիքի հեղինակության հարց, փորձություն՝ հատկապես կնոջ համար։
JAMnews-ը զրուցել է ամուսնալուծված կանանց հետ՝ պարզելու, թե ինչու են նման որոշում կայացրել, և փորձագետների հետ՝ հասկանալու համար, թե ինչու է ամուսնալուծությունների թիվն աճում։

- Ինչո՞ւ են հայուհիներն ամուսնանում այլազգի տղամարդկանց հետ. երեք պատմություն
- Փոխնակ մայրություն. պահանջարկը կրկնապատկվել է, ծառայության գինը՝ աճել
- Հայ կանայք բիզնեսում. ի՞նչ ուղղություններ են ընտրում և որքանո՞վ են հաջողում
«Երբ հասկանում ես, որ ոչինչ հնարավոր չէ փրկել…»
38-ամյա Ջուլիետա Բաբայանը հեռացել է 15 տարվա ամուսնուց։ 2 տարի է, ինչ անչափահաս երկու որդիներին մենակ է մեծացնում։ Ասում է՝ ամուսնալուծությունն իր համար միշտ ծայրահեղ քայլ է թվացել: Երբ ամուսնացել է, չի էլ պատկերացրել, որ օրերից մի օր նման որոշում կկայացնի։
«Երբ հարաբերությունները փակուղի են մտնում, այլ տարբերակ չի մնում։ Երեխաներս այդ ժամանակ արդեն փոքր չէին։ Երբ ամուսնալուծվեցինք, մեկը 12 տարեկան էր, մյուսը՝ 14։ Նրանք տեսնում էին վեճերը, լարվածությունը․․․ Ու մի օր հասկացա, որ ավելի լավ է մեզ առանձին տեսնեն, առանձին, բայց երջանիկ, քան միասին, բայց դժբախտ»,- նշում է կինը։
Ջուլիետայի խոսքով՝ շատերը կարծում են, թե մարդիկ հեշտ բաժանվում են, միմյանց հրաժեշտ տալիս, բայց դա ամենևին էլ այդպես չէ․
«Այդ որոշման գալը մեկ րոպեում չի լինում։ Փորձում եք, հնարավորություններ եք տալիս իրար, բայց երբ հասկանում ես, որ այլ տարբերակ չկա, ոչինչ հնարավոր չէ փրկել, բաժանվում ես։ Ամեն լավ բան ունի իր սկիզբը, իր ավարտը։ Երբ հաշտվում ես էս մտքի հետ, ավելի հեշտ ես տանում բաժանումը»։
Ասում է, որ կնոջ համար ամուսնալուծությունից հետո կան ինչպես կենցաղային, այնպես էլ հոգեբանական խնդիրներ։ Իր դիտարկմամբ՝ Հայաստանում շատ են կանայք, որոնց հետ ամուսնալուծությունից հետո թշնամանում է ամուսինը, նրա ծնողները, մեղադրում են կնոջը «ընտանիքը քանդելու մեջ»։
Գոհ է իր նախկին ամուսնուց, որը շատ հաճախ է երեխաների հետ ժամանակ անցկացնում, իրեն էլ օգնում է ֆինանսապես, ալիմենտ է վճարում․
«Ինձ համար երկուսը հավասար են թե հարաբերություններում, թե հարաբերություններից հետո։ Ես հարգում եմ իմ երեխաների հորը։ Նրա հետ շփվում եմ հարգանքով։ Ինձ համար շատ կարևոր է՝ երեխաները զգան, որ երկու ծնողն էլ իրենց կյանքում կան, ներգրավված են, չմտածեն, որ կամ մամա չունեն, կամ պապա չունեն, թեև իրար հետ չեն ապրում»։
«Ամուսնացել էի «մեկ անգամ ու ընդմիշտ, մինչև մահը մեզ չբաժանի» մոտեցմամբ»
Արաքսյա Պողոսյանը 40 տարեկան է։ Ամուսնացել էր 23-ում։ Բաժանվել է 11 տարվա ամուսնությունից հետո։ Ասում է՝ մեկ նախադասությամբ հնարավոր չէ բացատրել, թե ինչու բաժանվեցին։ Կարճ բացատրությունն այն է, որ այլևս իրար չէին սիրում։
Պատմում է, որ ջանքեր են գործադրել ամուսնությունը պահպանելու համար։ Որոշել է ամուսնալուծվել, երբ հասկացել է՝ այլընտրանք չկա․
«Հիմա ամուսնալուծության մասին խոսվում է ավելի շատ, քան երբևէ։ Հատկապես սոցիալական ցանցերում։ Ու շատերը մտածում են, որ էդ որոշումը հեշտ ես կայացնում։ Բայց դա այդպես չէ։ Ես այն սերնդից եմ, որը ամուսնացել է «մեկ անգամ ու ընդմիշտ, մինչև մահը մեզ չբաժանի» մոտեցմամբ։ Ու ինձ համար շատ բարդ էր ընդունել, որ իրականությունն այլ է, որ ես պետք է բաժանվեմ։ Մոտ 3 տարի եկել եմ այդ որոշմանը, 3 տարի մտածել եմ այդ հարցի շուրջ։ Հոգեբանի հետ էի աշխատում, փորձում էի ֆինանսապես կայանալ, որովհետև հեռանում էի որդուս հետ, որն այդ ժամանակ 7 տարեկան էր։ Ես չգիտեի, թե ինչ կլինի, ոնց կապրեմ»։
Արաքսի խոսքով՝ իրեն երբեք չի վախեցրել հանրային կարծիքը, ամուսնալուծված կնոջ կամ միայնակ մոր պիտակը։ Վստահ է եղել նաև, որ երեխայի հոր հետ լավ հարաբերություններ են ունենալու․
«Ինքը շատ լավ պապա է, շատ լավ ծնող է։ Ես շփվում եմ նաև իր մայրիկի հետ, ում մինչև հիմա էլ մամա եմ ասում»։
Որդին ականատես է եղել իրենց վեճերին։ Նրան բացատրել են, որ վիճել չեն ուզում, դրա համար էլ բաժանվում են։
«Ճիշտ է, երբեմն մինչև հիմա մեզ հարցնում է՝ հնարավո՞ր է արդյոք միանանք։ Անկեղծ ասում ենք՝ ոչ։ Սրան էլ եմ նորմալ վերաբերվում։ Երևի բոլոր երեխաներն են ուզում, որ մի օր ծնողները միանան»,- կարծում է մայրը։
Հանրային կարծրատիպերը հետ չեն պահել որոշումից։ Ասում է, որ ինքն առաջին բլոգերն է Հայաստանում, որը չի թաքցրել իր կարգավիճակը․
«Մեր իրականության մեջ ընդունված է, չէ՞, որ եթե անգամ ամուսնալուծվում են, դա հնարավորինս գաղտնի են պահում։ Իսկ ես հայտարարեցի, որ՝ այո, ես ամուսնալուծված եմ ու դժբախտ չեմ, հակառակը, ես ինձ զգում եմ երջանիկ։ Բայց ես կողմ չեմ ամուսնալուծությանը։ Ուզում եմ սա շեշտել։ Ես կողմ եմ, որ ընտանիքը հնարավորության դեպքում փրկեն, որովհետև դա բարդ ճանապարհ է։ Ես չեմ ուզում, որ կանայք դրա միջով անցնեն»։
Վիճակագրություն, պատճառներ
Ըստ վիճակագրությոան՝ վերջին տարիներին Հայաստանում ամուսնությունների թիվը նվազում է, իսկ ամուսնալուծությունների՝ աճում․
- 2022 թ.՝ 16 795 ամուսնություն, 4 525 ամուսնալուծություն (26,9%),
- 2023 թ.՝ 16 330 ամուսնություն, 4 525 ամուսնալուծություն (27,5%),
- 2024 թ.՝ 15 324 ամուսնություն, 4 689 ամուսնալուծություն (30,5%),
- 2025 թ.՝ 13 821 ամուսնություն, 4 881 ամուսնալուծություն (35,3%)։
Ընդունված է համարել, որ ամուսալուծությունների պատճառներ են դառնում ընտանեկան բռնությունը, դավաճանությունը, ֆինանսական, կենցաղային խնդիրները։
«Եթե նախկինում ամուսնալուծվում էին ամուսնության մեջ ավելի երկար ժամանակահատվածում գտնվող զույգերը, այժմ՝ ամուսնալուծվում են 3-4 տարվա ամուսնացածները: Ամուսնալուծությունների հիմնական պատճառը՝ 50%-ը վեճերն են, 14%-ը՝ բնավորությունների անհամատեղելիությունն է, իսկ 8%-ը՝ արտագնա աշխատանքի մեկնումը»,- ասում է ժողովրդագրության հարցերով փորձագետ Ծովինար Հարությունյանը, որը երկար տարիներ աշխատել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կառույցներում:
Բայց հոգեբանները նկատում են, որ վերջին տարիներին դրանք անցել են երկրորդ պլան։
Ընտանեկան հոգեբան Նաիրա Խառատյանի խոսքով՝ իրեն այցելող կանայք հիմնականում ասում են, որ բաժանվում են տղամարդու անտարբերության պատճառով։ Կարծում է՝ կանայք ամուսնանում են հոգատարության, սիրո դրսևորումների համար, բայց տարիների ընթացքում տղամարդը սառում է, փոխվում է։
«Կանայք հիմնականում ասում են, որ իրենք անտեսված են զգում իրենց, որ իրենց տղամարդիկ անտարբեր են։ Ամուսնությունը միայն կենցաղը չէ, փողը չէ, դա էմոցիաներն են, հոգեբանական կապն է։ Կինն ուզում է իրեն հասկացված զգալ, լսված։ Երկրորդ պատճառը, որ ես կառանձնացնեմ, չարդարացված սպասելիքներն են։ Կանայք ունենում են որոշակի ակնկալիքներ, սպասելիքներ ամուսնությունից։ Ու երբ դրանք չեն արդարանում, նեղսրտում, վիրավորվում են։ Պատճառ է նաև լուռ մրցակցությունը զույգի մեջ։ Երբ կինը շատ է վաստակում, ավելի բարձր պաշտոն է ունենում, տղամարդու մոտ ներքին խանդ է առաջանում։ Արդունքում՝ սկսում են ոչ թե լինել զույգ, այլ լռակյաց մրցակիցներ, որոնք սպասում են, թե ով կհաղթի»։
37-ամյա Արուսը (անունը փոխված է իր խնդրանքով) ասում է, որ կանայք մեր օրերում չեն ամուսնանում տղամարդու ունեցվածքի համար։
Ըստ նրա՝ «կինն ամուսնանում է հենց սիրո համար ու բաժանվում՝ հենց սիրո պակասից», ինչպես ինքը։
Արուսը լուծարել է իր 13-ամյա հարաբերությունները, հեռացել երկու մանկահասակ երեխայի հետ։
«Իմ ամուսինն ինձ հոգեբանական բռնության էր ենթարկում, ճնշում, ստորացնում էր ինձ։ Վերջին տարիներին գումար չէր աշխատում, մենակ ես էի աշխատում։ Բայց ինձ ասում էր, որ ես ոչինչ ինձնից չեմ ներկայացնում, ոչ մեկին պետք չեմ։ Երեխաներիս ասում էր` ձեր մաման լավը չի, համով ճաշեր չի սարքում։ Որպես տղամարդ իրեն կայացած չէր զգում ու ուզում էր ինձ էլ ճնշեր, գետնին հավասարեցներ։ Երբ հակառակվում էի, սպառնում էր, որ կծեծի ինձ, որ երեխեքիցս կզրկի»,- պատմում է նա։
Հոդվածը պատրաստելու ժամանակ հանդիպել ենք շատ կանանց, որոնք ենթարկվել են ֆիզիկական ու հոգեբանական բռնության։ Բայց բոլորը, ինչպես և Արուսը, հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել։ Բացատրել են վախով, որ նախկին ամուսինները կհետապնդեն իրենց։
«Ես հազիվ գնացել եմ իմ ամուսնուց, հանգիստ ապրում եմ։ Հիմա որ տեսնի էկրանին պատմում եմ իրանից, նորից հայտնվելու է, որ պատասխան պահանջի»,- ասում է Արուսը։
Ավելացնում է, որ նախկին ամուսինն իրեն չի օգնում։ Ինքը չի էլ ուզում որևէ կապ ունենալ նրա հետ, անգամ ֆինանսական աջակցության տեսքով։
«Աշխատանքից գալիս էի, երեխաներին վերցնում էի պարտեզից, դպրոցից, գալիս էինք տուն, ընթրիք էի պատրաստում։ Երեկոյան գալիս էր, ճաշը թափում կամ մեջը թքում՝ ասելով, որ ուտելու բան չէ, որ ես այդպես էլ կին չդարձա»,— լացելով պատմում է Արուսը։
Սկեսուրների գործոնը
Հոգեբան Նաիրա Խառատյանն ասում է, որ հայկական իրականության մեջ ամուսնալուծության պատճառ են նաև տղամարդկանց մայրերը․
«Երբ տղա երեխաները չեն սեպարացվում իրենց մայրերից, նրանք չեն կարողանում ամուր ընտանիք կազմել։ Կին ունեն, բայց լսում են մորը, առաջնորդվում են մոր ասածով։ Մայրն էլ դա խրախուսում է, չի հասկանում, որ խնդիր է։ Այդպիսով, կինն ու տղամարդը այդպես էլ զույգ չեն դառնում։ Մայրը պետք է տղային ասի՝ դու այլևս ամուսնացել ես, քո կնոջ հետ պետք է որոշումներ ընդունես։ Բայց ունենք շատ դեպքերում տղամարդիկ, ում փոխարեն կին են ընտրել, ամուսնացրել, հետո էլ խառնվել են երեխաների դաստիարակության հարցում։ Ու տղամարդն այդպես էլ չի մեծացել»։
Նրա խոսքով՝ «մայր-որդի-հարս եռանկյունը հայաստանյան իրականության մեջ ողբերգական հետևանքների է բերում»։ Անգամ այն դեպքում, երբ նորաստեղծ ընտանիքը չի ապրում ծնողների հետ, տղայի կապը երբեմն այնքան ուժեղ է լինում մոր հետ, որ անգամ հեռվում չի կարողանում կայանալ։
Հոգեբան Մարիամ Մանուկյանն էլ կարծում է, որ ամուսնությունը պարզապես երկու մարդկանց միություն չէ։ Նա նշում է, որ եթե տարիներ առաջ ամուսնությունը լուծում էր գոյաբանական հարց, ուներ մեծ նշանակություն երկու տոհմերի միավորման տեսանկյունից, ապա հիմա ամուսնությունը որպես ինստիտուտ այլ նշանակություն ունի․
«Սա հարաբերություն է, որտեղ միաձուլվում են երկու մարդու սովորությունները, պատկերացումները։ Անհատը մտնում է հարաբերությունների մեջ ու սկսում անցնել փուլերով։ Առաջին փուլում, օրինակ, կենցաղ են կիսում։ Սովորում են իրար հետ կենցաղ կիսել, սովորում են կենցաղը կառուցել։ Երկրորդ փուլում, օրինակ, երեխայի ծնունդից հետո ձևավորվում են որպես ծնողներ։ Սովորում են ծնող դառնալ, ինչը ևս մեծ ճգնաժամ ու մարտահրավեր է երիտասարդների համար։ Նման փուլեր, նման ճգնաժամեր հարաբերություններում շատ են լինում։ Երբ այդ ճգնաժամերը լուծում չեն ստանում, խորանում են, ճահճանում, մարդը բաժանվում է, որովհետև բաժանումն է իր համար դառնում լուծում»։
Իսկ ամուսնալուծությունը շատերի համար դառնում է նոր խնդիրների սկիզբ։
Զույգը չի կարողանում համաձայնության գալ իրենց բաժանման պայմանների շուրջ, առաջանում են վեճեր երեխայի խնամակալության, ալիմենտի և ակտիվների բաժանման հարցում։
«4 տարի առաջ եմ ամուսնալուծվել ու 4 տարվա մեջ երևի 4 ժամ եմ նորմալ շփվել երեխաներիս հետ։ Ամուսնալուծությունից հետո հայրը որոշեց, որ երեխաները իր հետ պետք է մնան, որոշեց ինձ այդպես պատժել, ու իրեն դա հաջողվեց։ Խնամակալությունը դատարանը տվեց հորը։ 4 տարի դատական քաշքշուկի մեջ եղանք, բայց Խնամակալության և հոգաբարձության մարմինը, որը տալիս է այդ եզրակացությունը, թե ում հետ պետք է բնակվեն երեխաները, որոշեց, որ երեխաներիս լավագույն շահից է բխում հոր հետ մնալը։
Էդ խորհրդում են աշխատում նախկին ամուսնուս հետ սերտ բարեկամական կապեր ունեցող մարդիկ, նախագահը իր ընկերներից է։ Չնայած իրենք լավ գիտեն, թե ինչ մայր եմ եղել ես, ոնց եմ վերաբերվել երեխաներիս, բայց․․․ 4 տարի ես թղթեր էի հավաքում ապացուցելու, որ ես լավ մայր եմ, որ երեխաներս ինձ հետ ապրեն։ Բայց մարդիկ հետաքրքրված չէին երեխաների լավագույն շահով, իրենք նախկին ամուսնուս շահով էին հետաքրքրված»,- պատմում է Սուսաննան (անունն իր խնդրանքով փոխված է)։
Մեր զրուցակիցները մի բանում համակարծիք են՝ ամուսնալուծությունը միշտ չէ, որ ավարտվում է այն օրը, երբ երկու մարդ որոշում են այլևս միասին չապրել։ Հասարակությունն էլ, նրանց վկայությամբ՝ հաճախ դատում է բաժանված կնոջը։ Քչերին է հետաքրքում, թե ինչու նա ստիպված եղավ հեռանալ։
«Ավելի հեշտ է խոսել ընտանիքը պահելու անհրաժեշտության մասին, քան տեսնել՝ ինչ գնով է այն պահպանվում։ Մինչդեռ ընտանիքը միայն նույն հարկի տակ ապրող մարդկանց մասին չէ։ Դա նաև այն միջավայրն է, որտեղ երեխան սովորում է՝ ինչ է սերը, ինչպես են մարդիկ խոսում իրար հետ, ինչի են արժանի կինն ու տղամարդը, և արդյո՞ք հնարավոր է ապրել առանց վախի»,- ասում է ամուսնալուծված կանացից մեկը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ամուսնալուծությունները Հայաստանում․ պատմում են կանայք