Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ
Հետախուզական տվյալների տրամադրում Ադրբեջանին
Գերմանիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգը ձերբակալվել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ձեռք բերելու, պետական դավաճանության փորձի և օտարերկրյա հետախուզական ծառայության օգտին գործելու կասկածանքով։ Գերմանիայի դաշնային դատախազությունը չի հստակեցրել, թե խոսքը որ օտարերկրյա պետության մասին է։ Այնուամենայնիվ, Spiegel-ի տեղեկություններով՝ քննիչներն ուսումնասիրում են Հաննինգի և Ադրբեջանի հետախուզության ծառայողի միջև հնարավոր կապերը և պարզում, թե արդյոք նա գաղտնի տեղեկությունների հիման վրա վերլուծական նյութեր է պատրաստել վերջինիս համար։
Հաննինգը նաև երկար տարիներ եղել է Գերմանա-ադրբեջանական ֆորումի խորհրդի անդամ։
80-ամյա Ավգուստ Հաննինգը, որը 1998-2005 թվականներին ղեկավարել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND), ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին։ Նույն հետաքննության շրջանակներում ձերբակալվել է նաև նրա աշխատակազմի նախկին ղեկավար Մանֆրեդ Դ.-ն։
Ըստ Դաշնային դատախազության՝ Հաննինգին մեղադրանքներ են առաջադրվել պետական դավաճանության հետ կապված լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ձեռք բերելու, պետական դավաճանության փորձի և ի շահ օտարերկրյա հետախուզական ծառայության գործակալական գործունեություն ծավալելու մեջ։ Մանֆրեդ Դ.-ն կասկածվում է պետական դավաճանության փորձի և լրտեսությանն օժանդակելու մեջ։
Հետաքննությունը շարունակվում է, և մեղադրանքները դեռևս դատարանում, ըստ էության, չեն քննվել։ Ներկայումս Հաննինգի վերաբերյալ դատարանի վերջնական որոշում չկա։
- Իլհամ Ալիևը, որն այլևս անժամկետ կգլխավորի իր կուսակցությունը, կոշտ հայտարարություններ է արել
- Ճգնաժամ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում. ներքին և արտաքին գործոնները
- «Բաքվին օգնում են արդարացնել էթնիկ զտումը»․ կարծիքներ Երևանից դիվանագետների՝ ԼՂ այցի մասին
BND-ի շուրջ 2000 փաստաթուղթ
Ըստ քննիչների՝ BND-ից (Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունից) հեռանալուց մի քանի տարի անց Հաննինգը պայմանավորվել է նախկին գործընկերոջ հետ, որպեսզի վերջինս իրեն գաղտնի տեղեկատվություն փոխանցի։
Դաշնային դատախազները կարծում են, որ 2010 թվականի գարնանը Հաննինգն ու Մանֆրեդ Դ.-ն համաձայնության են եկել, ըստ որի՝ Դ.-ն վարձատրության դիմաց պետք է պարբերաբար կարևոր տեղեկություններ տրամադրեր նախկին ղեկավարին՝ դրանք ստանալով BND-ից։
Մանֆրեդ Դ.-ն աշխատել է Հաննինգի հետ BND-ում, իսկ այնուհետև նրա հետ տեղափոխվել Գերմանիայի Ներքին գործերի դաշնային նախարարություն։ 2012 թվականին նա վերադարձել է BND, որտեղ մինչև 2026 թ․-ի մարտը բարձր պաշտոն է զբաղեցրել ծառայության ղեկավարների աշխատակազմերում։ Այդ պաշտոնում նա հասանելիություն է ունեցել գաղտնի տեղեկատվության։
Նախնական քննության տվյալները ցույց են տալիս, որ 2010-2022 թվականներին Մանֆրեդ Դ.-ն Հաննինգին է փոխանցել մոտ 2000 փաստաթուղթ։ Այդ փաստաթղթերի զգալի մասը պարունակել է գաղտնի տեղեկատվություն, որը նախատեսված է եղել բացառապես BND-ի ներքին օգտագործման համար։
Նյութերից որոշները պարունակել են տեղեկություններ, որոնք նախատեսված են եղել ինչպես BND-ի ղեկավարության, այնպես էլ Գերմանիայի կանցլերի գրասենյակում հետախուզական գործակալությունների ներկայացուցիչների կանոնավոր հանդիպումների համար։ WDR-ի, NDR-ի և Süddeutsche Zeitung-ի հետաքննության համաձայն՝ փաստաթղթերը ներառել են նյութեր Իրանի միջուկային ծրագրի, ռուսական զինված ուժերի վերաբերյալ, ինչպես նաև տվյալներ, որոնք ստացվել են Գերմանիայի գործընկեր հետախուզական ծառայություններից։
Դատախազները նշում են, որ Հաննինգը մտադիր է եղել օգտագործել այդ տեղեկատվությունը կոմերցիոն նպատակներով՝ իր մասնավոր խորհրդատվական բիզնեսի շրջանակներում։
Ինչպե՞ս ի հայտ եկավ «ադրբեջանական հետքի» վարկածը
Դաշնային դատախազության պաշտոնական հայտարարության մեջ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ որևէ այլ պետություն չեն հիշատակվում։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հաննինգը ժամանակին օգտագործել է Մանֆրեդ Դ.-ից ստացված գաղտնի տեղեկատվությունը՝ «օտարերկրյա հետախուզական ծառայության սպայի» համար վերլուծություն պատրաստելու նպատակով։ Քննիչներին դեռ չի հաջողվել պարզել՝ արդյոք այդ նյութն իրականում փոխանցվել է հասցեատիրոջը։
«Ադրբեջանական հետքի» վարկածը շրջանառության մեջ է դրվել գերմանական ԶԼՄ-ների կողմից։ Նրանք հղում են կատարել քննության ընթացքին քաջատեղյակ աղբյուրներին։
Ըստ Spiegel-ի՝ քննիչներն ուսումնասիրում են Հաննինգի և Ադրբեջանի հետախուզության սպայի միջև հնարավոր կապը։ Պարբերականը նաև հայտնում է, որ BND-ի (Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության) գաղտնի տեղեկատվության հիման վրա Հաննինգի պատրաստած վերլուծությունը նախատեսված է եղել հենց այդ անձի համար։ Այս տեղեկությունը հրապարակել են նաև WELT-ը, t-online-ը և գերմանական այլ լրատվամիջոցներ։
Հաննինգը Գերմանա-ադրբեջանական ֆորումի խորհրդի անդամ է
«Ադրբեջանական հետքի» վարկածի նկատմամբ ուշադրություն հրավիրող մեկ այլ գործոն է Հաննինգի՝ Ադրբեջանի հետ ունեցած երկարամյա հրապարակային կապը։
Տարիներ շարունակ նա եղել է «Գերմանա-ադրբեջանական ֆորումի» (Deutsch-Aserbaidschanisches Forum) խորհրդի անդամ։
2025 թ․-ի օգոստոսին ֆորումի նոր ղեկավար կազմի ընտրության վերաբերյալ հայտարարության մեջ Հաննինգը կրկին հիշատակված է որպես խորհրդի անդամ։ Նույն ցուցակում ընդգրկված է նաև Էլմար Մամեդովը՝ Գերմանիայում Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի ներկայացուցիչը։
Ֆորումն իրեն դիրքավորում է որպես անկախ հարթակ, որը խթանում է Գերմանիայի և Ադրբեջանի միջև քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային կապերը։ Գերմանական LobbyControl կազմակերպությունը, որն ուսումնասիրում է երկրում լոբբինգի հետ կապված խնդիրները, նախկինում ֆորումը բնութագրել է որպես Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած լոբբիստական կառույց։
Հաննինգը երկար տարիներ եղել է ֆորումի խորհրդի կազմում։ Դեռևս 2017 թ․-ին Tagesspiegel-ը հայտնել էր, որ BND-ի (Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության) նախկին ղեկավարը խորհրդի անդամ է։ Հաղորդվում էր, որ այդ ժամանակ ֆորումի կազմում արդեն իսկ ընդգրկված էին նախկին նախարարներ, օրենսդիրներ և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ։
Գերմանիայում «Ադրբեջանին առնչվող» նախկին գործերը
Լրտեսության կասկածանքի վերաբերյալ ներկայիս հետաքննությունը Գերմանիայում Ադրբեջանին առնչվող առաջին խոշոր սկանդալը չէ։
Վերջին տարիներին Գերմանիայում հետաքննվել են մի շարք քրեական գործեր, որոնք առնչվում են Ադրբեջանի շահերն առաջ մղելու նպատակով քաղաքական գործիչների ենթադրյալ կաշառմանը։
2025 թվականի հուլիսին Մյունխենի դատարանը CSU-ի (Քրիստոնեա-սոցիալական միություն) նախկին պատգամավոր Էդուարդ Լինտներին դատապարտել է 9 ամիս պայմանական ազատազրկման՝ ԵԽԽՎ որոշումների վրա ազդելու նպատակով ադրբեջանական ծագում ունեցող միջոցների փոխանցման գործում ունեցած դերի համար։ Դատարանն այս արարքը հստակորեն որակել է որպես ձայների գնում։
2026 թ․-ի հունվարին CDU-ի (Քրիստոնեա-դեմոկրատական միություն) նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերը դատապարտվել է 14 ամիս պայմանական ազատազրկման։ Ըստ դատարանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում պաշտոնավարելու ընթացքում Ֆիշերը Ադրբեջանից ստացել է տասնյակ հազարավոր եվրոներ, ինչի դիմաց դրական հայտարարություններ է արել երկրի մասին, ինչպես նաև փոխանցել գաղտնի փաստաթղթեր։
Իրավական տեսանկյունից այս գործերը կապ չունեն Հաննինգի վերաբերյալ ներկա պահին ընթացող հետաքննության հետ։ Լինտների և Ֆիշերի գործերը վերաբերում էին քաղաքական կոռուպցիային և ադրբեջանական կառավարության օգտին լոբբինգին։ Հաննինգի գործը վերաբերում է պետական գաղտնիքին և օտարերկրյա հետախուզական ծառայության օգտին իրականացված ենթադրյալ գործողություններին։
Հետաքննությունն սկսվել է պատահական
Հաննինգի առնչությամբ լրտեսության կասկածներն ի հայտ են եկել անսովոր հանգամանքներում։
2025 թ․-ի սեպտեմբերին Գերմանիայի իրավապահ մարմինները խուզարկել են Հաննինգի տունն ու գրասենյակները՝ ձեռնարկատեր Քրիստինա Բլոկի երեխաների առևանգմանն առնչվող քրեական գործի շրջանակներում։ Հաննինգը հերքել է նաև այդ գործով ներկայացված մեղադրանքները։
Ըստ հաղորդումների՝ խուզարկությունների ընթացքում իրավապահները հայտնաբերել են BND-ի (Գերմանիայի դաշնային արտաքին հետախուզության ծառայության) գաղտնի նյութեր։ Փաստաթղթերն այնուհետև փոխանցվել են դաշնային մարմիններին, և 2026 թ․-ի մայիսին սկսվել է Հաննինգի և Մանֆրեդ Դ.-ի դեմ գաղտնի հետաքննություն։
Հետաքննության արդյունքները կարող են լուրջ հետևանքներ ունենալ գերմանական հետախուզության համար։ BND-ի ղեկավար Մարտին Յագերը հայտնել է, որ գերատեսչությունում ստուգումներ են ընթանում, և նախնական կասկածներն էլ ավելի են հիմնավորվել։ Հետախուզության գործունեության վերահսկողության համար պատասխանատու գերմանացի օրենսդիրները պահանջում են հարցի առնչությամբ համապարփակ հետաքննություն անցկացնել։
Եթե Հաննինգի՝ Ադրբեջանի հետախուզության հետ կապերի մասին տեղեկությունները հաստատվեն, ապա գործը դուրս կգա Գերմանիայում ադրբեջանական լոբբինգին առնչվող նախկին սկանդալների շրջանակից. այս անգամ խնդիրը ոչ թե քաղաքական ազդեցությունն է, այլ գերմանական հետախուզության տիրապետած գաղտնի տեղեկատվության հնարավոր փոխանցումը օտարերկրյա հետախուզական ծառայությանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հետախուզական տվյալների տրամադրում Ադրբեջանին