Ինքնապաշտպանությունից` քաղաքական հայտարարություններ․ Ղարիբաշվիլիի «բանտային» նամակները
Ղարիբաշվիլիի «բանտային» նամակների վերլուծություն
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրապարակել է կալանքի տակ գտնվելու ընթացքում իր գրած ութերորդ նամակը, որն էականորեն տարբերվում է նախորդներից։
Այս մեկում Ղարիբաշվիլին ամփոփում է իր քաղաքական գործունեության արդյունքները և հանրությանը ներկայանում որպես հաջողակ վարչապետ․ ըստ էության, տեքստը միաժամանակ և՛ քաղաքական հաշվետվություն է, և՛ առաջնորդության հավակնությունների մասին հայտարարություն։
Նամակում նախկին վարչապետը փորձում է ցույց տալ, որ 2021 թվականին կառավարությունը դուրս է բերել խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամից և իր աշխատանքի արդյունքում բարելավել երկրի վիճակը։
Նամակի վերջում նա հարց է ուղղում հանրությանը՝ իր հրաժարականից հետո իրավիճակը բարելավվե՞լ է, թե՞ վատթարացել։ Թեև նա ուղղակիորեն չի նշում գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի անունը, այդ հարցն ակնհայտորեն ուղղված է վերջինիս վարչակազմին։
«Այդ ժամանակվանից [իմ հրաժարականից] գրեթե երեք տարի է անցել, և ես ուզում եմ հարցնել ժողովրդին՝ երկրում իրավիճակը բարելավվե՞լ է, թե՞ վատթարացել՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության առումով»։
Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի մասին
Ղարիբաշվիլին իր նամակն սկսել է 2021 թվականի փետրվարից, երբ Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո նա երկրորդ անգամ ստանձնեց վարչապետի պաշտոնը։ Նա պնդել է, որ այդ ժամանակ Վրաստանը միաժամանակ բախվում էր բազմաթիվ լուրջ մարտահրավերների՝ քաղաքական ճգնաժամի, COVID-19-ի համավարակի, պատվաստանյութերի պակասի, տնտեսական անկման, բյուջեի մեծ դեֆիցիտի, պետական պարտքի աճի և լարիի արժեզրկման։
Նրա կարծիքով՝ հենց այդ պայմաններում էր, որ Գախարիան լքեց երկիրը և իշխող թիմը։ Գախարիայի վերաբերյալ Ղարիբաշվիլիի դիրքորոշումը համահունչ է «Վրացական երազանք» կուսակցության որդեգրած մոտեցմանը.
«Գախարիան սուր ճգնաժամի պայմաններում լքեց երկիրն ու թիմը՝ իր հրաժարականով գործելով անսպասելի դավաճանություն։ Կառավարությունը փլուզման եզրին էր, իշխող կուսակցությունը՝ բարոյալքված, թիմի ներսում տարաձայնություններ կային, իսկ կուսակցության վարկանիշը նվազել էր մինչև 35–37%»։

Ղարիբաշվիլին իր վերադարձը, ըստ էության, բնութագրել է որպես կառավարության համար փրկարարական գործողություն։ Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո իրեն հաջողվել է ամրապնդել թիմը, կայունացնել իրավիճակը, վերաբացել երկիրն ու տնտեսությունը, ապահովել պատվաստանյութերի մատակարարումը և վերացնել համավարակի շրջանում մտցված սահմանափակումները։
Նախկին վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը հրաժարվել է այն քաղաքականությունից, որն ինքն անվանում է «քովիդյան դիկտատուրա», և հանրությանը տվել է պատվաստման հարցում ընտրության լիակատար ազատություն․
«Շատ կարճ ժամանակահատվածում մենք վերականգնեցինք հավասարակշռությունը, ամրապնդեցինք թիմը և կայունացրինք իրավիճակը. թիմի հետ միասին մենք ձեռնարկեցինք համարձակ, վճռական, արդյունավետ և այդ պահի համար ռիսկային քայլեր»։
Նրա կարծիքով՝ հենց այդ միջոցառումներն են ապահովել «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ղարիբաշվիլին իրեն է վերագրել ոչ միայն 43 տոկոսանոց շեմը հաղթահարելն ու ձայների 47 տոկոսը ստանալը, այլև Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձից հետո հնարավոր հեղափոխական սցենարը կանխելը։
«Մենք կանխեցինք ապակայունացումն ու Սաակաշվիլիի մասնակցությամբ հեղափոխության փորձը, բոլոր ապակառուցողական ուժերին իրենց տեղը ցույց տվեցինք և վերջ դրեցինք քաղաքական ճգնաժամին»։
Տնտեսական արդյունքների ցուցադրում
Նամակի մեծ մասը նվիրված է տնտեսական ցուցանիշներին։ Ղարիբաշվիլին պնդել է, որ վարչապետի պաշտոնում իր եռամյա պաշտոնավարման ընթացքում Վրաստանի տնտեսությունն աճել է 30 միլիարդ լարիով (մոտավորապես 11․516․310․000 ԱՄՆ դոլար)։ Նա նշել է, որ 2021 և 2022 թվականներին տնտեսությունն արձանագրել է երկնիշ աճ, ընդ որում՝ աճի տեմպերով Վրաստանը զբաղեցրել է առաջին տեղը ԵՄ անդամ և թեկնածու երկրների շարքում։
Որպես իր կառավարության ձեռքբերումներ՝ Ղարիբաշվիլին առանձնացրել է՝
- բյուջեի դեֆիցիտի կրճատումը 9%-ից մինչև 2,8%,
- պետական պարտքի նվազումը ՀՆԱ-ի 60%-ից մինչև 38%,
- լարիի փոխարժեքի կայունացումը 2,6–2,7 միջակայքում,
- գնաճի նվազումը թիրախային մակարդակից ցածր,
- գործազրկության և աղքատության մակարդակների նվազումը մինչև պատմական նվազագույն ցուցանիշներ,
- տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծումը,
- կենսաթոշակների և պետական հատվածի աշխատավարձերի բարձրացումը։
Նախկին վարչապետը դեղամիջոցների գների նվազումը վերագրել է թուրքական դեղագործական շուկայի բացմանը և դեղամիջոցների համար գնագոյացման համակարգի ներդրմանը։
ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը և ՌԴ հետ պատերազմի մեջ «ներքաշվելու» թեման
Նամակում Ղարիբաշվիլին զգալի տեղ է հատկացրել նաև արտաքին քաղաքականությանը։ Այստեղ ևս նա կրկնել է «Վրացական երազանք» կուսակցության հռետորաբանությունը։ Նա պնդել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի բռնկումից հետո Վրաստանը հսկայական ճնշման է ենթարկվել, սակայն իր կառավարությանը հաջողվել է երկիրը զերծ պահել պատերազմի և ապակայունացման սպառնալիքներից։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հենց առաջին օրերից, չնայած հսկայական ճնշմանը, մենք հաստատակամորեն և անզիջում կերպով պաշտպանել ենք մեր երկրի ազգային շահերը՝ կանխելով ապակայունացումն ու պատերազմի իրական սպառնալիքը»։
Այսպիսով՝ Ղարիբաշվիլին հերթական անգամ բարձրաձայնել է «Վրացական երազանքի» առանցքային քաղաքական դրույթներից մեկը՝ այն, որ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո Վրաստանը հայտնվել էր հակամարտության մեջ ներքաշվելու վտանգի առաջ։
Նախկին վարչապետը նամակում թվարկել է իր արտասահմանյան այցերն ու դիվանագիտական նախաձեռնությունները։ Դրանց թվում են ԵՄ-ին անդամակցելու հայտի ներկայացումը, Չինաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացումը, մի շարք երկրների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդությունը, ինչպես նաև Թբիլիսիում երեք երկրների վարչապետների հանդիպման կազմակերպումը։
Ղարիբաշվիլին իր արտաքին քաղաքականության գլխավոր ձեռքբերումն է համարել 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալը։
«Ոչ մեկի առջև չխոնարհվելով՝ լինի դա ներքին, թե արտաքին ասպարեզում, այլ բացառապես մեր երկրի ազգային շահերի անզիջում պաշտպանության և մեր թիմի համակարգված ջանքերի շնորհիվ՝ 2023 թ․-ի դեկտեմբերին մենք ստացանք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը»։
Ինչպես նշվում է նամակում, այս արդյունքներին հասել են առանց արտաքին ուժերին քաղաքականապես ենթարկվելու։
Վարկանիշի աճ և հրաժարական
Ղարիբաշվիլին շեշտել է, որ հրաժարական է տվել հանրային բարձր աջակցության պայմաններում։ Նրա խոսքով՝ 2024 թվականի հունվարին կառավարության վարկանիշը և «Վրացական երազանք» կուսակցությանն ուղղված աջակցությունը հասել էին 60%-ի։
«Ձեռքբերված արդյունքների, և, որ ամենակարևորն է, ժողովրդավարական մեթոդների շնորհիվ մենք քաղաքական առումով չեզոքացրել ենք ամբողջ արմատական ընդդիմությանը՝ քննադատության կամ դժգոհության որևէ հիմք չթողնելով»։
Ղարիբաշվիլին որպես քաղաքական ձեռքբերում է ներկայացրել ոչ միայն իր պաշտոնավարման արդյունքները, այլև ընդդիմության չեզոքացումը։ Նա փաստացի այդ «ժողովրդավարական հաջողությունը» նույնացրել է իշխող կուսակցության գերիշխանության և քաղաքական ասպարեզից ընդդիմության դուրսմղման հետ։
Նամակում չի պարզաբանվում, թե ինչու է Ղարիբաշվիլին հրաժարական տվել վարչապետի պաշտոնից մի ժամանակահատվածում, երբ, ըստ նրա, կառավարությունն ուներ բարձր վարկանիշ, տնտեսությունն աճում էր, իսկ ընդդիմությունը քաղաքականապես ջախջախված էր։
Նախկին վարչապետի «բանտային» նամակների վերլուծություն
Ղարիբաշվիլիի ութ նամակները միասնական քաղաքական նարատիվի մաս են։ Սկզբում նա ձգտում էր ապահովել իր և իր ընտանիքի անվտանգությունը։ Այնուհետև նա իշխանություններին մեղադրեց քաղաքական հետապնդումներ կազմակերպելու մեջ։ Հետագայում նա սկսեց բարձրացնել կառավարության գործողություններին և մի շարք այլ թեմաներին առնչվող հարցեր։
Ութերորդ նամակում նա պաշտպանում է իր քաղաքական ժառանգությունը և քննադատում գործող կառավարությանը։ Ինչպես նշում են քաղաքական վերլուծաբանները, վերջին նամակը վկայում է այն մասին, որ Ղարիբաշվիլին քաղաքական հավակնություններ ունի։
Վերլուծաբանները նաև կարծում են, որ ութերորդ նամակը իր պաշտպանության համար արված հերթական հայտարարություն չէ, այն ավելի շատ քաղաքական բնույթ ունի։
Ղարիբաշվիլին դեռևս պաշտոնապես չի հայտարարել քաղաքականություն վերադառնալու մասին։ Սակայն նրա նամակների տրամաբանությունը հուշում է քաղաքական վերադարձի մասին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ղարիբաշվիլիի «բանտային» նամակների վերլուծություն