Live Հայաստանի Գյումրի քաղաքից․ լուսանկարներ և տեսանյութ
ՀՀ Գյումրի քաղաքը լուսանկարներով
Տեսանյութը նկարահանվել է Վրաստանից Հայաստան տանող ճանապարհին և Գյումրիում՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում։
Հենց անցնում ես Վրաստանի սահմանն ու մտնում Հայաստան, ճանապարհը կարծես քեզ տեղափոխում է բարձրավանդակներ։ Հսկայական հարթավայրերն ու անտառապատ լեռներն աստիճանաբար իրենց տեղը զիջում են ժայռոտ լանջերին։
Վրաստանից դեպի Հայաստանի Գյումրի քաղաք տանող ճանապարհն անցնում է Աշոցքի սարահարթով, Ախուրյան գետի կիրճով և Շիրակի լեռներով։ Այստեղ՝ ծովի մակարդակից ավելի քան 1500 մետր բարձրության վրա, գտնվում է Գյումրին։
Այստեղ օդը նկատելիորեն զով է, ուստի ամռանը ոչ միայն զբոսաշրջիկները, այլև երևանցիները գալիս են այստեղ հանգստանալու։
- «Ռուսաստանը պարտվեց նաև ՀՀ-ում». վրացի փորձագետները՝ Փաշինյանի հաղթանակի մասին
- Վրաստանից ՀՀ եկող գազատարի մի մասը կտեղափոխվի․ ի՞նչ է հայտնի
- «Խոհարարական դիվանագիտություն»․ հայկական ու վրացական ուտեստների փառատոն
- «Երկար տարիներ Վրաստանը թիկունք է եղել ՀՀ համար, հիմա Հայաստանի հերթն է»․ կարծիք
Տեղացիները հատկապես հպարտանում են իրենց խմելու ջրով։ Լեռնային աղբյուրներից հոսող ջուրը անսովոր սառը և համեղ է։
Քաղաքում գրեթե ամեն քայլափողի կարելի է տեսնել փոքրիկ ցայտաղբյուրներ, որոնք տեղացիները անվանում են «պուլպուլակ»։ Իրենց ինքնատիպ և տարբերվող տեսքով դրանք գրավում են քաղաքի հյուրերի ուշադրությունը։
Դրանք կառուցված են տեղական քարից՝ տուֆից կամ բազալտից, և զարդարված են ավանդական զարդանախշերով, խաչերով և տարբեր խորհրդանիշներով։
Կա նաև սիրելիների հիշատակին պուլպուլակներ կառուցելու ավանդույթ։
Գյումրուն բնորոշ մեկ այլ առանձնահատկություն է սև քարը։ Քաղաքի գրեթե բոլոր հին շենքերը կառուցված են տեղական հրաբխային տուֆից։

Քաղաքի հենց կենտրոնում է գտնվում Վարդանանց հրապարակը։ Այն անվանակոչվել է ի հիշատակ 450–451 թվականներին պարսկական բանակի հետ ճակատամարտի, որը հայկական կողմից գլխավորում էր սպարապետ Վարդան Մամիկոնյանը։

Գյումրու եկեղեցիները
Հրապարակի երկու կողմերում կան երկու եկեղեցիներ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հայտնի է նաև որպես «Յոթ Վերք», և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։
Սուրբ Աստվածածին եկեղեցին առանձնահատուկ տեղ է գրավում Գյումրու պատմության մեջ։ Խորհրդային շրջանում, երբ քաղաքի եկեղեցիների մեծ մասը փակում էին, վերածում պահեստների կամ թանգարանների, «Յոթ Վերքը» գործող սակավաթիվ եկեղեցիներից մեկն էր։ Այն դարձավ եկեղեցական ավանդույթները պահպանող կենտրոն և հավատացյալների դիմադրության խորհրդանիշ։
Խորհրդանշականորեն, եկեղեցու բակում տեղադրված է փամփուշտներից ծակծկված խաչ։ Այն նվիրված է այն հոգևորականների հիշատակին, որոնք շարունակել են իրենց ծառայությունը և աջակցել հավատացյալներին Ստալինի հակակրոնական արշավի տարիներին։ Շիրակի թեմի տասնյակ հոգևորականներ ձերբակալվել և մահապատժի են ենթարկվել։
Այսօր խաչի վրա փամփուշտների հետքերը հստակ երևում են նույնիսկ հեռվից, իսկ դրա ստորին մասում փորագրված են այդ տարիներին զոհված հոգևորականների անունները։
1988 թ․-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ընդամենը 30 վայրկյանում ավերեց քաղաքը
Այդ ժամանակ տուժեց Հայաստանի ամբողջ հյուսիսային մասը։ Զոհվեց ավելի քան 27․000 մարդ, իսկ 750․000-ը մնաց անօթևան։
Լրջորեն տուժել է նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Տաճարի դիմաց դեռևս ընկած է մի հսկայական քար, որը պոկվել է երկրաշարժի ժամանակ։ Ըստ տեղի բնակիչների՝ դա հիշեցում է այդ սարսափելի օրվա՝ 1988 թ․-ի դեկտեմբերի 7-ի մասին։
Մոտակայքում կառուցվել է «Անմեղ զոհերին, ողորմած սրտերին» հուշարձանը։ Այս մակագրությունը հուշարձանի վրա փորագրված է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Այն ներկայացնում է փլատակների տակից դուրս եկող մարդկանց, որոնք օգնում են մեկը մյուսին։
Ավերածության մասշտաբները հստակ ի ցույց դրեցին հին և խորհրդային շրջանի շենքերի որակական տարբերությունները։

Նախասովետական ժամանակաշրջանի միհարկանի և երկհարկանի շենքերն ավելի դիմացկուն էին, մինչդեռ 1970-ական և 1980-ական թվականներին կառուցված բազմահարկ շենքերն ամբողջությամբ փլուզվեցին։
Այս ողբերգությունն ամբողջությամբ փոխեց քաղաքի ապագա զարգացման ռազմավարությունը։ Սեյսմոլոգների և ճարտարապետների եզրակացությունների հիման վրա Գյումրիում արգելվեց բարձրահարկ բնակելի շենքերի կառուցումը։ Քաղաքը վերադարձավ իր պատմական ոճին՝ տեղական սև և նարնջագույն տուֆից կառուցված ցածրահարկ, կայուն շենքերին։

Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ Գյումրի քաղաքը լուսանկարներով