Toplum TV-ի գործն Ադրբեջանում. 9 մեղադրյալներ դատապարտվել են 12-15 տարվա ազատազրկման
Toplum TV-ի գործով դատավճիռ Բաքվում
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատավոր Ազեր Թաղիևի նախագահությամբ հուլիսի 27-ին անց է կացրել Toplum TV-ի գործով վերջնական դատական նիստը։ Դատավճիռը հրապարակվել է։
Toplum TV առցանց պարբերականի և «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի» (IDI) հետ կապ ունեցող 9 անձինք, այդ թվում՝ լրագրողներ, մեդիա իրավունքի փորձագետներ և «Երրորդ Հանրապետության քաղաքացիական հարթակի» անդամներ, դատապարտվել են 12-15 տարվա ազատազրկման։
Բացի այդ, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ կիրառվել է նաև լրացուցիչ պատիժ՝ 2 տարի 6 ամիս ժամկետով զրկվել են որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Դատարանը բավարարել է նաև քաղաքացիական հայցը, որը, ի թիվս այլ բաների, պահանջում է դատապարտված անձանց գույքի բռնագրավում։
Էլմիր Աբբասովը, որը Toplum TV-ում աշխատում էր որպես սոցիալական մեդիայի մենեջեր, ձերբակալվել է դատարանի դահլիճում՝ անմիջապես դատավճռի հրապարակումից հետո։
Փաստաբանները պնդել են, որ դատավարությունն անարդար է եղել, պաշտպանական կողմի միջնորդությունները մերժվել են, իսկ գործն ուներ քաղաքական դրդապատճառներ։ Նրանք հայտարարել են դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին։
Միջազգային կազմակերպությունները դատավճիռները որակել են «չափազանց խիստ և քաղաքական դրդապատճառներ ունեցող», կոչ են արել անհապաղ ազատ արձակել դատապարտվածներին։

Գործի ընդհանուր համատեքստն ու մեղադրանքները
2024 թ․-ի մարտի 6-ին Ներքին գործերի նախարարությունը խուզարկություններ էր անցկացրել Toplum հեռուստաընկերության և «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի» գրասենյակներում, ինչպես նաև մի քանի այլ վայրերում: Գործում ներգրավված անձանց սկզբում մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված արտարժույթի մաքսանենգության համար:
Մեղադրանքները հետագայում ծանրացվեցին: Եղածներին գումարվեցին անօրինական ձեռնարկատիրության, խոշոր չափի փողերի լվացման, հարկերից խուսափելու, փաստաթղթերի կեղծման, ինչպես նաև «կազմակերպված հանցավոր խմբի» կազմում Toplum հեռուստաընկերության, «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի», «Fakt Yoxla» փաստերի ստուգման հարթակի և «Երրորդ Հանրապետության հարթակի» ֆինանսավորման համար արևմտյան դոնորներից անօրինական միջոցների ստացման և օգտագործման համար:
Դատախազությունը մեղադրյալներին ներկայացրել է որպես «կազմակերպված հանցավոր խմբի» անդամներ և պահանջել է 13-16 տարվա ազատազրկում: Բոլոր մեղադրյալներն ամբողջությամբ հերքել են մեղադրանքները՝ պնդելով, որ ներկայացված ապացույցները կեղծված կամ անհիմն են, և որ ձերբակալությունների նպատակն է եղել ճնշել անկախ լրատվամիջոցներին և ժողովրդավարական նախաձեռնությունները:
Դատավարության ընթացքում քննարկվել են մեղադրյալների, մասնավորապես՝ Ալեսքեր Մամեդլիի և մյուսների առողջական խնդիրները, դատարանի կողմից տնային կալանքի միջնորդությունների մերժումը, վկաների՝ հարկադրանքի ներքո ցուցմունք տալու մասին մեղադրանքներն ու այլ ենթադրյալ ընթացակարգային խախտումներ։
«Toplum TV»-ն անկախ առցանց-հեռուստատեսային հարթակ և լրատվական ռեսուրս էր, որը գործում էր 2016 թվականից։ Խմբագրակազմը լուսաբանում էր քաղաքական և սոցիալական հարցերին, կոռուպցիային և մարդու իրավունքներին առնչվող թեմաներ։ «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը» զբաղվում էր ժողովրդավարական նախաձեռնությունների իրականացմամբ, երիտասարդության իրազեկմամբ և լրատվամիջոցների համար վերապատրաստման ծրագրերի իրականացմամբ։
Եզրափակիչ ելույթներ դատարանում
Իրենց եզրափակիչ ելույթներում մեղադրյալները հերքել են առաջադրված մեղադրանքները և պնդել, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։
Հուլիսի 20-ի իր ելույթում Ակիֆ Գուրբանովը հայտարարել է, որ ժողովրդավարության գաղափարներն անհնար է ոչնչացնել։ Նա նաև նշել է, որ իշխանությունները, գործելով խորհրդային ռեժիմի ոգով, հրաժարվում են ընդունել սեփական սխալները։ Նա քննադատել է տնտեսական ռեսուրսների կենտրոնացումը, ինչպես նաև անկախ լրատվամիջոցների և դատական համակարգի բացակայությունը. «Նույնիսկ եթե նրանք դարեր շարունակ փորձեն, նրանց չի հաջողվի ոչնչացնել հանրապետության գաղափարները… Նրանք չեն ուզում անկախ լրատվամիջոցներ կամ անկախ դատական համակարգ։ Մենք մտադիր չենք ենթարկվել այս համակարգին»։
Նա նշել է, որ Toplum TV-ն և Fakt Yoxla-ն ստեղծվել են պրոֆեսիոնալ լրագրությունը զարգացնելու և ապատեղեկատվությանը հակազդելու համար։
Ռուսլան Իզզատլին եզրափակիչ ելույթի փոխարեն ընթերցել է իր որդուն ուղղված նամակը։
Մյուս մեղադրյալները նույնպես վկայակոչել են ապացույցների բացակայությունը։ Մասնավորապես՝ նշել են, որ 837․000 մանաթ (մոտ 492․500 դոլար) կանխիկ գումարի մուտքի մասին պնդումը հակասում է դոնոր կազմակերպությունների գործելակերպին։
Նրանք խոսել են նաև դատավարության միակողմանի բնույթի և քաղաքական հետապնդումների մասին։
Լրագրող Ֆարիդ Իսմայիլովն ու մյուս մեղադրյալները հայտնել են կալանքի ընթացքում ձեռք բերած առողջական խնդիրների և ստացած սպառնալիքների մասին։