Հայ իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ ՄԻԵԴ-ում
Օրերս՝ հուլիսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ պաշտոնական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այդ մասին հայտարարել է իրավապաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ Տեղեկացրել է նաև, որ ՄԻԵԴ-ում հանդես է գալու Վարդանյանի շահերի պաշտպանությամբ: Սահակյանը եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչն է։
«Գանգատում մանրամասնորեն նկարագրված են Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիայի ութ հոդվածների խախտումները և բերված են դրանք հաստատող հիմնավորումներ»,- հայտնել է նա։
Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում պահվող 19 հայերից մեկն է։ Բաքվի ռազմական դատարանը 2026 թ․-ի փետրվարին նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Պաշտպանական կողմին վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, առանց որի հնարավոր չէր սկսել Եվրոպական դատարանում վարույթը։ Սահակյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը մինչ այս չէր տրամադրում դատավճիռը, ինչի հետևանքով էլ դանդաղում էր ՄԻԵԴ դիմելու գործընթացը։
Դատարանը Վարդանյանին մեղավոր է ճանաչել մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ պատերազմի սանձազերծման, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։
Հայ իրավապաշտպանները բազմիցս են արձանագրել՝ գործ ունենք ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացի հետ։ Ինքը՝ Վարդանյանը, տեղի ունեցողը որակել է «ֆարս», արդարադատության իմիտիացիա, այլ ոչ թե դատավարություն։ Նույն պատճառաբանությամբ էլ ժամանակին արգելել է փաստաբանին Բաքվի ռազմական դատարան ներկայացնել պաշտպանական որևէ փաստարկ։
«Իրականում անկարելի է պաշտպանել իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը։ Ուստի Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով»,- հայտարարել է Սիրանուշ Սահակյանը։
- «ՄԻԵԴ-ի վճիռը կասկածի տակ է դնում Ադրբեջանի «հայրենական» պատերազմի լեգիտիմությունը»․ կարծիքներ
- Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, ընտանիքը մտահոգված է
- Ադրբեջանական բանտերում պահվող չորս գերի է հանձնվել Հայաստանին
Էլ ի՞նչ է հայտարարել փաստաբանը
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որում ոչ միայն տեղեկացրել է գանգատ ներկայացնելու մասին, այլև խոսել Վարդանյանի գործից։
Նրա փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանն ամբողջությամբ չի ընթերցել դատավճիռը, սակայն ընտանիքի միջոցով հասանելի են դարձել վճռի վերաբերյալ որոշ տվյալներ։
«Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 41 դրվագով՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա»,- հայտնել է նա։
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ դատավճռում Վարդանյանի անհատական մեղքը չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով.
«Փոխարենը դատարանը եզրակացրել է, որ «հանցավոր համայնքը»՝ Արցախի չճանաչված վարչակազմը, Լեռնային Ղարաբաղում գործել է 1988 թվականից, և որ Վարդանյանը միացել է այդ «համայնքին» 2020 թ․-ի դեկտեմբերին, թեև այդ ժամանակ նա բնակվում էր Մոսկվայում»։
Ընդ որում, փաստաբանի խոսքով՝ Վարդանյանի կողմից քաղաքացիական վարչական պաշտոնի ընդունումը դատարանը գնահատել է որպես իշխանության բռնի զավթում: Նրա առևտրային և բարեգործական գործունեությունը հայտարարվել է ապօրինի ձեռնարկատիրություն և ահաբեկչության ֆինանսավորում, իսկ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը՝ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատել։
«Վարդանյանը չի բողոքարկել դատավճիռը, քանի որ համարել է, որ դատավարությունը եղել է բեմադրված և կանխորոշված, իսկ ներպետական բոլոր միջոցները՝ անարդյունավետ»,- շեշտել է Սահակյանը։
Նախապատմություն
Բաքվի զինվորական դատարանը Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման էր դատապարտել փետրվարի 17-ին։ Նրա գործը քննվում էր առանձին, այլ ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործերի հետ։
Դատավճռի հրապարակումից մեկ ամիս անց հայտարարությամբ էին հանդես եկել Վարդանյանի ընտանիքի անդամները՝ տեղեկացնելով, որ նա փորձել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, սակայն զրույցը հարկադրաբար ընդհատվել է։
Ընտանիքը պարբերաբար է ահազանգում՝ Ադրբեջանում ինստիտուցիոնալ պաշտպանությունից զրկված է ոչ միայն Վարդանյանը, այլև բոլոր հայ գերիները։
Հիշեցնում են՝ Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմներ չկան, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն էլ հեռացել է երկրից։
Նախկին պետնախարարի վճռի հանրայնացումից երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 5-ին, ադրբեջանական դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել ԼՂ-ի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
ԼՂ-ի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ազատազրկվել էին 20 տարով․ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել։
Հատկանշական է, որ ԼՂ-ի նախկին ղեկավարների, ինչպես նաև Վարդանյանի դատավարություններին մասնակցելու հնարավորություն չի ունեցել որևէ անկախ ԶԼՄ և իրավապաշտպան։ Տեղեկություններ են հրապարակում ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցները։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ ՄԻԵԴ-ում