«Ուղերձ Թուրքիային և հայկական սփյուռքին»․ կարծիք Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
Կարծիք Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
Նախօրեին հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծին։ Այն ներկայացրել էր ԱԳՆ ղեկավար Գիդեոն Սաարն ու հայտարարել․ «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։ Կայացված որոշումը, սակայն, ենթակա է նաև երկրի խորհրդարանի՝ Քնեսեթի հաստատմանը։ Լիագումար նիստի ժամկետների մասին որևէ բան հայտնի չէ։
Պաշտոնական Երևանը դեռևս չի անդրադարձել Իսրայելի կառավարության որոշմանը։ Քննադատական հայտարարություններ են հնչեցրել հարևան Թուրքիայից և Ադրբեջանից։
Թուրքիայի ԱԳՆ-ն պնդել է, որ այս որոշմամբ Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները» պաղեստինցի ժողովրդի դեմ։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, որ Իսրայելի այս քայլը «նպաստում է ոչ թե հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ խորացնում է հակասություններն ու խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»։ Բաքուն կոչ է արել վերանայել որոշումը։
JAMnews-ը հարցի բարոյական և քաղաքական ասպեկտները քննարկել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Մեհրաբյանը կարծում է, որ եթե կառավարությունը միաձայն նման որոշում է կայացրել, ապա, ամենայն հավանականությամբ, Քնեսեթը ևս կհաստատի այն։ Չի բացառել, որ Իսրայելի խորհրդարանում թեմայի շուրջ քննարկում, «ինչ-որ բանավեճ» կարող է ծավալվել։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումն ուղերձ է Թուրքիային և հայկական սփյուռքին։
«Թուրքիային ուղղված ուղերձը հետևյալն է՝ մենք մեր հաշվարկներում որևէ ձևով կաշկանդված չենք քո գործոնով։ Եվ այո, մենք կանգնում ենք պատմության ճիշտ կողմում, չփորձես մեզ դասեր տալ, թե մենք ինչ ենք անում, մի հատ նայիր ինքդ քեզ»,- ընդգծել է Մեհրաբյանը։
Հայաստանին ուղղված ուղերձներ դժվարացել է մատնանշել, միայն կարծիք է հայտնել, որ այս որոշումը չի ազդի Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացների վրա։
«Ըստ էության, Իսրայելի այս որոշումը չի կարող ազդել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա։ Հայաստանը չի շեղվելու իր քաղաքական կուրսից, որն անկախ ամեն ինչից՝ բխում է ՀՀ գոյաբանական շահերից»,- հայտարարել է նա։
- ՀՀ-ում թանգարանի տնօրենն ազատվել է աշխատանքից Ջեյ Դի Վենսին գիրք նվիրելու համար
- Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը․ ՀՀ իշխանությունները հետքա՞յլ են անում ճանաչման օրակարգից
- «Ցեղասպանությունը չկանխելը անդառնալի հետևանքներ է բերում». ֆորում Երևանում
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը հիշեցնում է՝ Իսրայելը պետություն է, որտեղ ապրում են Հոլոքոստի կրակից փրկված մարդիկ։ Բացի այդ, հենց հրեաներից սերված գործիչներն են ցեղասպանությունը՝ որպես երևույթ, ֆորմալիզացրել միջազգային իրավունքում։ Մեհրաբյանն օրինակ է բերել իրավագետ Ռաֆայել Լեմկինի, գրող Ֆրանց Վերֆելի գործունեությունը։
Միևնույն ժամանակ նկատել է՝ որոշումը բարոյականության և քաղաքական շահի՝ և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ, համադրման արդյունք է․
«Սա ներիսրայելական որոշում է։ Իսրայելը, որպես պետություն, լուծում է այս հարցը, որը կաշկանդված լինելով իր գոյաբանական շահերով՝ չէր արել։ Հիմա որոշեց, որ ինքը բավարար չափով ուժեղ է, որպեսզի ընդունի այդ որոշումը և լինի պատմության ճիշտ կողմում»։
JAMnews-ը քաղաքագետից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ էր մինչ այս Իսրայելը կաշկանդված։ Ի պատասխան Մեհրաբյանը պատմական ակնարկ է կատարել՝ նշելով, որ երբ Իսրայելը նոր էր ստեղծվում, շրջապատված էր թշնամիներով, որոնք իր համար գոյաբանական սպառնալիք էին, հաշտ չէին իր գոյության հետ։
Ըստ նրա՝ դեռևս երկրի առաջին վարչապետից՝ Դավիթ Բեն Գուրիոնից սկսած Իսրայելի քաղաքականության հիմքում դրվել է, այսպես կոչված, պերիֆերիայի դոկտրին։
Դա ենթադրում է, մասնավորապես՝ դրական հարաբերությունների ձևավորում ոչ արաբական մուսուլմանական երկրների հետ՝ քաղաքական մեկուսացումից խուսափելու նպատակով։
«Այստեղ է, որ Իսրայելը հարաբերություններ հաստատեց քեմալական Թուրքիայի և շահական Իրանի հետ։ Սակայն մենք հիմա տեսնում ենք, որ չկա թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Դա՝ մեկ, և երկրորդ՝ այսօր արաբական աշխարհում Իսրայելն, ըստ էության, մրցակից չունի։ Եվ Թուրքիայի հետ հարաբերություններից էլ ոչինչ չի մնացել»,- մանրամասնել է նա։
Մեհրաբյանի խոսքով՝ Իսրայելը ռազմավարական գործընկերություն է հաստատել, օրինակ՝ Հնդկաստանի, ԱՄԷ, Հունաստանի և Կիպրոսի հետ, որոնք «Հայաստանի բարեկամներն են», այնինչ ՀՀ-Իսրայել հարաբերությունները «մեռյալ կետում» են․
«Հիմա Իսրայելը որոշեց իր բարոյական պարտքը կատարել և իր համար ավելի լայն դաշտ բացել մանևրելու համար՝ հաշվի առնելով արդեն նոր դասավորությունները թե՛ իր, թե՛ հարակից տարածաշրջաններում, որոնցից մեկն էլ մերն է»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ պաշտոնական Երուսաղեմի որոշումը կարող է դառնալ լուրջ խթան հայկական սփյուռքի և հրեական սփյուռքի մերձեցման համար։
«Գիտենք, որ ելնելով Սառը պատերազմի, ինչպես նաև Իսրայելի գոյաբանական շահերի տրամաբանությունից՝ այստեղ ԱՄՆ-ի, Իսրայելի ու հրեական սփյուռքի շահերը համընկնում էին՝ չնեղացնել Թուրքիային։ Եվ գիտեք, որ Հայաստանն էլ պետություն չէր [նկատի ունի՝ ընկալվում էր որպես ֆորպոստ]։ Հիմա դասավորությունը փոխվել է»,- պարզաբանել է նա։
Մեհրաբյանը չի կիսում այն տարածված կարծիքը, որ ՀՀ-Իսրայել հարաբերություններում չհաղթահարված լարվածություն կա։
Մասնավորապես՝ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործածում էր հարձակողական տարբեր զինատեսակներ, որոնք ձեռք էին բերվել Իսրայելից։ Պատերազմի օրերին նույնպես Իսրայելը շարունակում էր զենքի մատակարարումներն օդային ճանապարհով։ Շրջանառվում էին նաև տեղեկություններ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում կիրառված սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքը իսրայելական կամ ուկրաինական է։ Այդ պնդումները, սակայն, պաշտոնապես չեն հաստատվել։
«Ֆոսֆորը տրամադրել են ռուսները։ Եվ հավանություն են տվել դրա կիրառությանը միայն ռուսները։ Պատերազմում վճռորոշ դեր են ունեցել ռուսական սպառազինությունն ու ՌԴ քաղաքական աջակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ՀՀ ողջ պաշտպանական համակարգի նկատմամբ սաբոտաժը, պրոքսիների միջոցով դիվերսիաները»,- նշել է նա։
Փորձագետը խնդրահարույց չի համարում նաև այն, որ 2024 թ․-ին պաշտոնական Երևանը ճանաչել է Պաղեստինի պետությունը։
«Որևէ լարվածություն չկա։ Պաղեստինը 100-ից ավելի պետություններ են ճանաչել, որոնց հետ Իսրայելն ունի շատ լավ հարաբերություններ»,- արձանագրել է նա։
Համոզված է՝ հիմա Իսրայելն այլևս կաշկանդված չէ մինչև անգամ ռազմավարական գործընկերություն հաստատել Հայաստանի հետ․
«Մեր տարածաշրջանում Իսրայելը դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները, նաև ինչ-որ տեղ սինխրոնիզացնում ԱՄՆ ռազմավարությունների հետ կապված թե՛ Հարավային Կովկասի, թե՛ Կենտրոնական Ասիայի, թե՛ Միջին միջանցքի հետ։
Արդյո՞ք Ադրբեջանը չի խոչընդոտի ՀՀ-Իսրայել հարաբերությունների խորացմանը։ Ի պատասխան հարցին՝ նկատել է՝ եթե մի բան բխում է Հայաստանի և Իսրայելի համատեղ շահերից, որևէ երրորդ երկիր՝ լինի Ադրբեջանը, թե մեկ այլ երկիր, չի կարող խոչընդոտել․
«Իսրայելում հաշվարկել են նաև, թե ինչ ռիսկեր կան իր՝ չափազանց բարձր արժեք ունեցող հարաբերությունների համար Ադրբեջանի հետ, և եկել են այն եզրակացության, որ եթե այդ ռիսկը կա, ապա արդարացված է Իսրայելի համար, և պետք է գնալ այդ քայլին»։
Մեհրաբյանն ասում է՝ Երևանն ու Երուսաղեմը կարող են գործակցել ամենատարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից ու ջրային ռեսուրսների կառավարումից մինչև բարձր տեխնոլոգիաներ։ Ըստ նրա, պետք է ռազմավարական գործընկերության հասնել քայլ առ քայլ՝ սկսելով պաշտոնական փոխայցերից։ Պատկերացնում է գործակցություն, որն ուղղված չէ երրորդ կողմերի դեմ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կարծիք Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին