Վրաստանի վարչապետ. «Մենք ուրիշ Եվրամիություն ենք ուզում»
Իրակլի Կոբախիձեն՝ Եվրամիության մասին
«Եթե Եվրամիությունն այն է, ինչ մենք տեսանք Դանիայի օրինակով, ապա Վրաստանն այնտեղ անելիք չունի»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա նաև քննադատել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերին՝ Վրաստանին «այս տեսակի Եվրամիությամբ» «կշտամբելու» համար, ինչն անհիմն է։
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը ցանկանում է «ուրիշ Եվրամիություն»։
«Երբ Գերմանիայի դեսպանը մեզ կշտամբում է նման Եվրամիությամբ, դա, անշուշտ, չի կարող արդարացվել։ Մենք ուրիշ Եվրամիություն ենք ուզում։ Ոչ ոք չի կարող մեզ հանդիմանել այնպիսի Եվրամիությամբ, որտեղ խաղաղ ցուցարարների հարցերը լուծում են շների միջոցով։
Մեզ համար պարոն Ֆիշերն ու [Վրաստանում ԵՄ դեսպան] պարոն Գերչինսկին եվրոպացիներ չեն արժեքների տեսանկյունից։ Աշխարհագրորեն նրանք պատկանում են Եվրոպային, բայց արժեքների առումով անհամատեղելի են այն ամենի հետ, ինչ իրենից ներկայացնում է Եվրամիությունը»,— ասել է Կոբախիձեն։
Վարչապետը պնդել է, որ Վրաստանը կցանկանար անդամակցել այնպիսի Եվրամիության, որը վերադառնում է այն «արժեքներին, որոնց հիման վրա ստեղծվել է».
«Մինչև 1940-ական թվականներն այս արժեքները օտար էին Եվրոպային։ Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և հատկապես 1949 թվականից ի վեր, տարբեր երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, ձևավորվեցին նոր սահմանադրական համակարգեր, նոր արժեքներ հաստատվեցին Եվրոպայում»։
Նրա դիտարկմամբ՝ մինչ այդ Եվրոպան «չդադարող պատերազմների տարածք» էր, և մարդու իրավունքների պաշտպանության առումով «լուրջ խնդիրներ» կային։
«Երբ մենք խոսում ենք եվրոպական արժեքների մասին, պետք է հիշենք, որ այդ արժեքները Եվրոպայում այդքան էլ հին չեն. դրանք հաստատվել են 1940-ականների վերջին։ Հետևաբար, մենք պետք է եվրոպացի բյուրոկրատներին հիշեցնենք, որ շատ հեշտ է կորցնել մի բան, որն ունի ընդամենը մի քանի տասնամյակի պատմություն», — «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է Կոբախիձեն։
Համատեքստ
Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ Իրակլի Կոբախիձեն բաց նամակով դիմել էր եվրոպական հաստատությունների ղեկավարներին: Իր ուղերձում Կոբախիձեն հատուկ շեշտադրել էր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցած իրադարձությունները:
Նրա խոսքով՝ ոստիկանության կողմից խաղաղ ցույցը ցրելու համար ուժի կիրառումը, այդ թվում՝ մահակների և շների օգտագործումը, լուրջ հարցեր է առաջացրել Եվրամիության կողմից հայտարարված ժողովրդավարական չափանիշների վերաբերյալ:
Կոբախիձեն դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ հարցնելով նրանց, թե ինչպես են գնահատում Կոպենհագենում կիրառված բռնությունը և որքանով են նման գործողությունները համապատասխանում ժողովրդավարության և մարդու իրավունքների չափանիշներին, որոնք ԵՄ-ն մշտապես շեշտադրում է։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Իրակլի Կոբախիձեն՝ Եվրամիության մասին