Հայաստանի քաղաքական ուժերը մինչ քարոզարշավի մեկնարկն արդեն մեծ գումարներ են ուղղել Meta-ում գովազդին
Հազարավոր դոլարներ ՀՀ-ում նախընտրական գովազդի համար
Հայաստանում նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ Meta-ի հարթակներում գովազդի տեղադրմանն են ուղղվել հազարավոր դոլարներ։
«Ընդամենը երեք ամսում՝ փետրվարի 8-ից մայիսի 8-ը, Facebook-ում և Instagram-ում քաղաքական գովազդի համար վճարվել է ավելի քան 309 հազար դոլար»,- հայտնում է Factor TV-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ գումարի շուրջ երկու երրորդը՝ 210 հազար 322 դոլարը քաղաքական գովազդին են ուղղել միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ու դրա հետ փոխկապակցված էջերը։
Երկրորդ խոշոր գովազդատուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Իշխող ուժը, սակայն, այդ նպատակին է ուղղել անհամեմատ ավելի քիչ միջոցներ՝ 47 հազար 882 դոլար։
Factor TV-ն Meta ընկերության գովազդային գրադարանի (Meta Ad Library) միջոցով հավաքագրել է տեղեկատվություն քաղաքական գովազդների մասին։
Կարևոր դրվագները՝ ստորև
- «ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
- «Ամեն ինչ չափ ու սահման ունի»․ Փաշինյանը դատի կտա Սամվել Կարապետյանին
- «Կեղծ թեզ է, թե Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին»․ Փաշինյան
Meta-ի ամենաշատ գովազդատուների առաջին 10 տողից 4-ը բաժին են ընկել նույն կուսակցությանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին, ինչպես նաև այս ուժի հետ փոխկապակցված «Երիտասարդական կառույց/Ուժեղ Հայաստան», «Սամվել Կարապետյան» և «Մեր ձևով» էջերին։
Այս բոլորն իրար հետ 3 ամսում Meta-ին վճարել են 210 հազար 322 դոլար՝ 168 գովազդի համար։
Իշխող «Քաղաքիական պայմանագիրը» 146 գովազդի համար վճարել է ընդհանուր առմամբ 47 հազար 882 դոլար։
ՔՊ-ն իր C News, Civic, «Տիգրան Ավինյան», «Երիտասարդական կառույց/Քաղաքացիական պայմանագիր» էջերով հանդիսացել է երկրորդ խոշոր քաղաքական գովազդատուն։
Երրորդ տեղում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի էջն է։ 27 հազար 958 դոլար է վճարվել 86 գովազդի համար։
Չորրորդ տեղում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցության էջն է։ Փետրվար-մայիս ժամանակահատվածում 15 հազար 43 դոլար է վճարվել կուսակցության էջով 54 գովազդի տարածման համար։
Անցած ամիսներին ատիվ գովազդատու է եղել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Քաղաքական ուժի, ինչպես նաև գործիչների՝ Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի էջերով տարածվող 540 գովազդի համար վճարվել է 9923 դոլար։
Գովազդային արշավներում ներգրավված է եղել նաև «Հայաքվե» նախաձեռնությունը։ Երեք ամսում «Հայաքվեն» Meta-ին վճարել է 4298 դոլար՝ 648 գովազդի համար։
Սոցիալական հարթակներում քաղաքական գովազդներ են տեղադրել նաև ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած այլ ուժեր և ներկայացուցիչներ։ Պատկերը հետևյալն է՝
- «Հանրապետություն» կուսակցություն- 3081 դոլար՝ 79 գովազդի համար,
- «Ազգային ժողովրդավարական բևեռ»- 698 դոլար՝ 9 գովազդի համար,
- Անդրանիկ Թևանյան- 513 դոլար՝ 47 գովազդի համար,
- Հայկ Մարության- 503 դոլար՝ 1 գովազդի համար,
- Արման Բաբաջանյան- 282 դոլար՝ 30 գովազդի համար։
«Ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելանում են գովազդի համար ծախսվող գումարները»,- ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ միայն «Ուժեղ Հայաստան» էջը 3 ամսում վճարել է 183 հազար 548 դոլար, իսկ դրա մեծ մասը՝ 128 հազար 550 դոլարը, վերջին 1 ամսվա ծախսն է։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» էջը նույն ընթացքում ծախսել է 44 հազար 444 դոլար, որից 35 հազար 212 դոլարը՝ վերջին 1 ամսում։
Նույն իրավիճակն է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում․ գովազդի համար ծախսվել է 27 հազար 958 դոլար, որից 21 հազար 630-ը վճարվել է վերջին 1 ամսում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հազարավոր դոլարներ ՀՀ-ում նախընտրական գովազդի համար