«ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
ՌԴ արձագանքը Զելենսկու երևանյան այցին
Ռուսաստանը կոշտ է արձագանքել Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի անցկացմանն ու քննադատել ՀՀ-ի վարած եվրոպամետ արտաքին քաղաքականությունը։ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունից պնդել են՝ «գործընկերության խորացման», «բարեփոխումներին աջակցելու» և «ժողովրդավարությանը սատարելու» կարգախոսների հետևում թաքնված է Բրյուսելի գործնական հաշվարկը՝ Հայաստանը «կտրել հուսալի անվտանգության համակարգից և կայուն տնտեսական կապերից»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շեշտել է՝ այս ամենը վաղ, թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի «հակառուսական ուղեգծում Հայաստանի անդառնալի ներգրավմանը», ինչը ՀՀ-ի համար ունենալու է բացասական քաղաքական և տնտեսական հետևանքներ։
«Եվրաչինովնիկները կրկին հայտարարեցին, որ առաջիկա ընտրարշավի անցկացման հարցում Երևանում կարող են հույս դնել իրենց վրա։ Այդ եվրաբյուրոկրատները հենվել են Հայաստանի վրա, բայց բառի ամենավատ իմաստով։ Պետք է զգույշ լինել»,- հայտարարել է Զախարովան։
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն էլ, իր հերթին, անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հակառուսական հայացքներին»։ Պնդել է, թե նրա վերընտրվելու դեպքում ՀՀ-ՌԴ հարաբերությունների լիակատար խզման միտումը կշարունակվի։ Ավելին, Զատուլինը հայտարարել է, թե «նման դեպքում Ռուսաստանը պաշտոնապես պարզապես չպետք է ընդունի ընտրությունների արդյունքները»։
Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի գնահատմամբ՝ ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում այստեղ գործող իր գործակալական ցանցերի և 5-րդ շարասյան միջոցով։
Շեշտում է՝ խոսքն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «պատերազմի եռագլուխ կուսակցության» («Հայաստան» դաշինք, «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններ) մասին է, որը, ըստ նրա՝ ՀՀ-ում սպասարկում է Ռուսաստանի «կայսերական շահերը»։
«Եթե իրենց ներկայացուցիչներն այստեղ պատրաստ են ինքնազոհողության, պատրաստ են բանտերում հայտնվել, կրել պատասխանատվությունն ու պատիժը ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը խախտելու համար, տեսնենք, թե իրենք մինչև ուր կգնան։ Իհարկե, կարող ենք ասել, որ հետընտրական գործընթացների համար էլ իրենք պիտի ունենան որոշակի աջակցություն ՀՀ-ում, որը չունեն»,- JAMnews-ի հետ զրույցում արձանագրել է վերլուծաբանը։
Այս պահին հայտնի մանրամասները՝ Մոսկվայից հնչող թեզերը, ՀՀ դեսպանի այցը ՌԴ ԱԳՆ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի մեկնաբանությունը
- Փաշինյան-Պուտին հանդիպում Մոսկվայում. այց ցավոտ հարցերի քննարկման համար
- «ՀՀ անվտանգության երաշխավորը մեզ առաջնորդել է դեպի սպանդանոց»․ Նիկոլ Փաշինյան
- «ՌԴ-ն փորձում է տասնյակ հազարավոր ընտրողներ ուղարկել Հայաստան»․ քննարկումներ Երևանում
Երևանյան գագաթնաժողովները՝ «քաղաքական շոու»
Երևանում կազմակերպված եվրոպական գագաթնաժողովները ՌԴ-ն անվանել է «քաղաքական շոու՝ պաթետիկ ելույթներով, տեսախցիկներով, հյուրախաղերերով Հայաստան եկածների զբոսանքներով և վազքով»։
ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պնդել է, թե Բրյուսելը փորձում է նախընտրական շրջանում Հայաստանին «վաճառել այդ փաթեթավորումը»․
«Եվրոպական միության բանաձևը շատ պարզ է։ Տարօրինակ է, որ ոչ ոք չի հասկանում դա՝ սեփական շահերը, այդ թվում` հակառուսական և ռուսատյացության մասով օգտագործելով՝ քամել Հայաստանից վերջին կաթիլը, ընդ որում՝ ոչինչ չտալով դրա դիմաց, բացի PR ակցիաներից»։
Զախարովայի դիտարկմամբ՝ երկրի ղեկավարության հավանությամբ ՀՀ-ն ավելի ու ավելի է ներքաշվում դեպի օտար ստանդարտներ ու մեխանիզմներ: Խոսքն, ըստ նրա, ոչ թե եվրոպական մշակույթի կամ քաղաքակրթության մասին է, այլ «ագրեսիվ եվրատլանտյան մոտեցումների»:
Մոսկվային վրոդովվեցրել է Զելենսկու երևանյան այցը
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Կարմիր հրապարակում ԱԹՍ հնարավոր հարվածների մասին ԶԵլենսկու հայտարարությանը։ Ընդգծել է՝ Ուկրաինյաի նախագահը երևանյան գագաթնաժողովի ամբիոնից հնչեցրել է «ահաբեկչական և նացիստական սպառնալիքներ», իսկ Զելենսկու սպառնալիքների վրա ազդեցություն է թողել նաև գագաթնաժողովի «ռուսատյաց մթնոլորտը»։
Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի բացման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, թե Մոսկվան այս տարի որոշել է առանց ռազմական տեխնիկայի անցկացնել շքերթը, քանի որ «նաև վախենում են, որ շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կբզզան»:
Ռուսական կողմը պնդում է՝ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ ուղղված քայլեր չձեռնարկելու իր պարտավորությունները։ Զախարովայի բնորոշմամբ` այն երկիրը, որին Մոսկվայում բարեկամ էին համարում, ամբիոն տրամադրեց «ահաբեկչին՝ նեոնացիստական ռեժիմի պարագլխին»․
«Զելենսկին օգտվեց հայ տանտերերի՝ նման անհասկանալի քաղաքավարությունից, որպեսզի փորձի դուրս գալ քաղաքական մոռացությունից, հնչեցնի իր ռուսատյաց հարձակումները»։
ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է՝ Զելենսկու այցը ցույց է տալիս, թե ինչ ապագա է նախապատրաստում ԵՄ-ն Հայաստանի համար:
«Կարծում եմ` հրաշալի է, որ Զելենսկին այս օրերին այցելեց Երևան։ Թող ՀՀ քաղաքացիները տեսնեն, թե ով է Բրյուսելի համար իրենց հաջող քաղաքականության խորհրդանիշը։ Հենց Զելենսկու երևանյան այցն էր, որ Հայաստանի քաղաքացիներին ցույց տվեց այն ապագան, որը նրանց համար պատրաստել է Եվրամիությունը»,- շեշտել է նա։
Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Նախօրեին ՌԴ ԱԳՆ էր կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։ Մոսկվայից հաղորդել էին, որ նրան ընդունել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դիվանագիտական առաքելության ղեկավարին տեղեկացվել է «ԵՄ հովանու ներքո վերջին միջոցառումների շրջանակում ՀՀ-ում Կիևի նացիստական ռեժիմի պարագլուխ Վ. Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելու կատեգորիկ անընդունելիության մասին»․
«Ընդգծվել է, որ Մոսկվայում այդ կապակցությամբ արդարացի վրդովմունք են ապրում և պաշտոնական Երևանի կողմից պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը համարում են ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին չհամապատասխանող»:
Նշվում է, որ դեսպան Արսենյանը խոստացել է Երևանին զեկուցել ռուսական կողմի բարձրացրած հարցերի մասին։
Զատուլին․ «Փաշինյանը ՌԴ անվերապահ թշնամին է»
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի դիտարկմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԴ-ի անվերապահ թշնամին է, ով հայտնվելով իշխանության ղեկին՝ մինչև որոշակի ժամանակ ստիպված էր քողարկել իր մտադրությունները, նպատակները»։
«Մենք թույլ տվեցինք մեզ հույսեր փայփայել, թե կհարմարվենք, կսիրենք, ոչ մի տեղ չի փախչի։ Իսկ նա մեզ օգտագործեց»,- НСН-ի հետ զրույցում ասել է նա։
Զատուլինի բնորոշմամբ՝ 2022 թ․-ին Փաշինյանը դեն նետեց իր դիմակները, քանի որ Ռուսաստանն առճակատման մեջ մտավ Արևմուտքի հետ, ուր «նա ձգտում է»։ Դրանից հետո, ըստ նրա, ՀՀ վարչապետն արևմտամետ կուրսն իրականացնում է «ավելի լկտի, ծավալուն և մասշտաբային կերպով»։
Կոնստանտին Զատուլինը մտահոգված է։ Ասում է՝ Փաշինյանի թիմն իր գործողություններով բախման է տանում Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին, ինչի հետևանքով «հարաբերությունները կտուժեն ոչ միայն քաղաքական մակարդակով»։
Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի մեկնաբանությունը
«Տաօրինակ է, երբ իրենք ՀՀ գործող անվտանգային համակարգը, այսինքն՝ ՀԱՊԿ-ում անդամակցությունը, համարում են հուսալի։ Մենք այդ հուսալին տեսել ենք, և իրենք էլ գիտեն, որ մենք շատ վաղուց հասկացել ենք, որ դա հուսալի չէ։
Հուսալին այն է, երբ մեզ վտանգ է սպառնում կամ մեր դեմ, մեր սահմաններին պատերազմ է ընթանում, և այդ հուսալի գործընկերները, դաշնակիցները ինչ-որ ձևով աջակցում են մեզ։ Այլ ոչ թե ասում են՝ մենք չգիտենք, թե ձեր սահմանները որտեղ են, այնպես որ ոչնչով չենք կարող օգնել։ Դա՞ է հուսալին։
Տնտեսական կապերն էլ հուսալի չեն, քանի որ Ռուսաստանը միշտ այդ կապերն օգտագործել է այս կամ այն հարցով ՀՀ վրա ճնշում գործադրելու համար։ Ցանկացած հարց, որը դուր չի գա ՌԴ-ին, ընդ որում՝ դա կարող է նաև արտաքին քաղաքականության հետ կապ չունենալ, կարող է պատճառ դառնալ, որ այդ տնտեսական, այսպես կոչված, հուսալի կապերը կտրվեն Լարսում։ Անունն էլ դնեն սանիտարական նորմերի կամ ԵԱՏՄ տեխնիկական նորմերի խախտման պատճառով ինչ-որ ապրանքների ներմուծման արգելք։
Եթե այդ կապերը հուսալի չեն, ուրեմն ինչու մենք չպետք է փնտրենք իրական հուսալի դաշնակիցներ, տնտեսական և անվտանգային կապեր։
Անկհայտ է, թե ինչու, որպեսզի շարունակենք մնալ կախված ՌԴ-ից, որ իրենք շարունակեն մեր շահերը մանրադրամի տեղ վաճառել Թուրքիային, Ադրբեջանին, ում ասես։ Այդ թակարդից մենք պետք է պոկվենք։
Եվ հիմա շատ ճիշտ ճանապարհի վրա է Հայաստանը։ Իսկ այն, որ այդ ընթացքում կարող են ինչ-որ դժվարություններ լինել, այդ թվում՝ արհեստականորեն իրենց կողմից ստեղծված, անխուսափելի է։ Այդ ճանապարհը մենք պետք է անցնենք։
Ռուսաստանն ունի այստեղ իր ներկայացուցիչը։ Դա Սամվել Կարապետյանն է, որին ՌԴ-ն պատրաստ է գուբերնատոր կարգել։ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն էլ մնում է՝ որպես պահուստային տարբերակ։
Կարապետյանը՝ երկքաղաքացի լինելով, չի կարող առաջադրվել ոչ պատգամավոր, ոչ վարչապետ։ Առերևույթ Սամվել Կարապետյանն է, բայց իրականում պահուստային տարբերակն ավելի իրական է իրենց պատկերացմամբ։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը թույլ չենք տալու։ Դա կլինի Հայաստանի ինքնիշխանության, անկախության, անվտանգության վերջը։
ՌԴ-ն արդեն ում ասես, ինչով ասես չի սպառնում։ Դա դարձել է արտաքին քաղաքական գլխավոր մեթոդ՝ սպառնալ, սպառնալ, անվերջ սպառնալ։ Առավելագույնը կլինի ինչ-որ տնտեսական խոչընդոտներ ստեղծելը, որը ևս հաղթահարելի է լինելու, մանավանդ, եթե մեր կողքին կանգնեն մեր եվրոպացի գործընկերները։
Ինչ վերաբերում է Հայաստանի «ուկրաինացման» սցենարին, առավել ևս անհնար է Ռուսաստանի համար նոր ճակատ բացելը։ Այն էլ մի երկրի հետ, որի հետ չունեն սահման, դա բավականին դժվար իրականացվելիք մի բան է։
Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները դա հաշվարկել են, և Եվրոպայից ու ԱՄՆ-ից տրված նաև քաղաքական որոշակի աջակցությունը, իհարկե, կանխարգելիչ նշանակություն ունի նման սցենարի զարգացման դեմ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՌԴ արձագանքը Զելենսկու երևանյան այցին