Ջիլիզա գյուղը Վրաստանին փոխանցելու լուրը կեղծ է․ տեղեկություններ Երևանից և Թբիլիսիից
Վրացական կեղծ արշավ ընդդեմ Հայաստանի
Հայաստանում ակտիվորեն քննարկում են վրացական մի շարք լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները։ Դրանցում պնդում էր արվում, թե, իբր, «Հայաստանը սահմանամերձ Ջիլիզա գյուղը վերադարձնում է Վրաստանին»։ Ընդ որում, վրացական լրատվամիջոցները հղում էին անում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին։ Սակայն վերջինս նման հայտարարությամբ հանդես չի եկել։
Փաշինյանը միայն ասել է, որ Վրաստանի հետ սահմանի սահմանազատման հարցը մնում է Հայաստանի օրակարգում։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է վրացական ԶԼՄ-ների տարածած լուրերը։
Այնուամենայնիվ, որոշ հայկական ընդդիմադիր լրատվամիջոցներ վերահրապարակել են այդ տեղեկատվությունը։
Արդյունքում, սոցցանցերի հայ օգտատերերը ոչ միայն իրենց վրդովմունքն են հայտնել այն առիթով, որ բարեկամ Վրաստանը «միացել է» Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմին, այլև պահանջել են պատժել տեղական լրատվամիջոցներով ապատեղեկատվություն տարածողներին։
JAMnews-ը ներկայացնում է ստուգված փաստեր Վրաստանից և Հայաստանից։ Վրացի քաղաքագետ Գիորգի Թումասյանն ու սոցցանցերի հայ օգտատերերը մեկնաբանում են իրավիճակը։
- Վրաստանից ՀՀ եկող գազատարի մի մասը կտեղափոխվի․ ի՞նչ է հայտնի
- «Փաշինյանը ճիշտ է, առանց Վրաստանի ՀՀ եվրաինտեգրումը բարդ կլինի»․ վրացի փորձագետ
- «Երկար տարիներ Վրաստանը թիկունք է եղել ՀՀ համար, հիմա Հայաստանի հերթն է»․ կարծիք
Տեղեկություններ Թբիլիսիից
Ապրիլի 27-28-ին մի շարք վրացական լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Մտավարի», «CNews Exclusive» պարբերականները, «Դեդոպլիսցկարո» հեռուստաընկերությունը, «Itv.ge» և «Flashnews»-ը, ինչպես նաև նրանց ֆեյսբուքյան էջերն ու սոցցանցերի վրացի օգտատերերը տարածեցին հաղորդագրություններ այն մասին, որ հայ-վրացական սահմանի սահմանազատման ավարտից հետո Հայաստանը, իբր, Վրաստանին է «վերադարձնելու» սահմանային Ջիլիզա գյուղը։
Որոշ հրապարակումներ այս պնդումը կապեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։ Նա իսկապես ասել էր, որ Վրաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի ամփոփումն օրակարգում է, և որ այս հարցի շուրջ համաձայնություններ արդեն ձեռք են բերվել վրացի գործընկերների հետ։ Սակայն Փաշինյանը չէր հիշատակել ոչ Ջիլիզա գյուղի, ոչ էլ որևէ տարածքի հնարավոր փոխանցման մասին։
Որոշ գրառումներ նույնիսկ այնքան հեռու գնացին, որ պնդեցին, թե Հայաստանն ու Վրաստանն արդեն համաձայնության են եկել սահմանի սահմանազատման ավարտի վերաբերյալ։ Այս հաղորդագրություններն այնուհետև սկսեցին լայնորեն տարածվել Ֆեյսբուքում։ Առանձին օգտատերեր և էջեր տարածեցին «Մտավարիի» պատրաստած տեքստն ու տեղեկատվական թերթիկը։
Ինչպե՞ս է հրապարակվել և ուղղվել լուրը
Տեղեկությունը հրապարակել է Business Press News գործակալությունը։ Խմբագրակազմը հետագայում ուղղում է կատարել և ներողություն է խնդրել ընթերցողներից անճշտության համար։
Հերքման մեջ BPN-ը բացատրել է, որ հոդվածն ի սկզբանե հրապարակվել է հետևյալ վերնագրով. «Հայաստանը սահմանամերձ գյուղը վերադարձնում է Վրաստանին. Փաշինյան. «Մենք համաձայնեցինք ավարտել սահմանի սահմանազատումը Վրաստանի հետ»»։
Խմբագրակազմի փոխանցմամբ՝ այս հրապարակման աղբյուրը եղել է հայկական «Ժողովուրդ» օրաթերթի՝ դեռևս 2024 թ․-ի մարտի հոդվածը։ Այդ ժամանակ թերթը գրել էր, որ Հայաստանը, իբր, պլանավորում է սահմանազատման գործընթացի շրջանակներում Ջիլիզա գյուղը «վերադարձնել» Վրաստանին։ Ավելի ուշ՝ 2024 թ․-ի ապրիլին, «Ժողովուրդ»-ը Փաշինյանի մամուլի քարտուղարից հարցրել է, թե որ տարածքներն են սահմանազատվելու Վրաստանի հետ և արդյոք այս գործընթացը ներառում է նաև Ջիլիզան, որը, ըստ շրջանառվող լուրերի, կարող էր փոխանցվել Վրաստանին։
Ի պատասխան, մամուլի քարտուղարը պարզաբանել էր, որ ընթանում է ընդհանուր սահմանազատման գործընթացի քննարկում Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին հռչակագրի համատեքստում: Նա նշել էր, որ վարչապետի հայտարարությունից բացի որևէ այլ տեղեկություն հասանելի չէ։
Ապրիլի 28-ին Նազելի Բաղդասարյանը կրկին հայտարարեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ հատված մեկ այլ երկրի փոխանցելու պայմանավորվածության մասին ցանկացած պնդում իրականությանը չի համապատասխանում։
Այդ հայտարարությունից հետո Business Press News-ն ընդունեց անճշտության փաստն ու ներողություն խնդրեց իր ընթերցողներից։
JAMnews-ի հետ զրույցում «Նախևառաջ Վրաստան» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Գիորգի Թումասյանը, ով ծանոթ է ինչպես վրացական, այնպես էլ հայկական քաղաքականությանը, նշել է, որ այս անգամ կեղծ լուրերի տարածումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր լրագրողական անփութությամբ։
Ջիլիզան Վրաստանին «փոխանցելու» թեման հայկական լրատվամիջոցներում ի հայտ է եկել 2024 թ․-ին։ Armlur.am-ը այդ ժամանակ հաղորդել էր նման հնարավորության մասին, սակայն նշել էր, որ տեղեկատվությունը հիմնված է չհաստատված «շշուկների» վրա: Չնայած դրան, ըստ Mythdetector-ի, հոդվածը հետագայում վերահրապարակվել էր այլ հայկական կայքերի կողմից, այդ թվում՝ news.am-ի, asekose.am-ի, mamul.am-ի և 168.am-ի:
Հասանելի տեղեկատվության համաձայն՝ վրացի պաշտոնյաները դեռևս այս հարցի վերաբերյալ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Mythdetector-ը կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ՝ մեկնաբանություն ստանալու համար:
Տեղեկություններ Երևանից
Ի՞նչն է ապատեղեկատվության առիթ դարձել
Ապատեղեկատվության տարածման առիթ է դարձել ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրը կազմակերպված միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը։
Իր ելույթում նա խոսել է Հայաստանի սահմանների մասին և արձանագրել՝ «Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը»։ Ընդգծել է՝ գործ ունենք «բացառիկ իրավիճակի» հետ, քանի որ այդ 12 կիլոմետրը միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների և ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակների մեջ դրած։
Ապա Փաշինյանը հավելել է՝ օրակարգում է նաև Վրաստանի հետ սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը։
«Եվ վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք»,- հայտնել է նա։
Հայաստան-Վրաստան սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին որևէ այլ բան վարչապետը չի հայտարարել, առավել ևս չի խոսել հայկական գյուղը Վրաստանին փոխանցելու մասին։
Հերքում կառավարությունից
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է «տեղեկատվություն», թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։
Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով»։
Ջիլիզայի վարչական ղեկավարի կարծիքը
Հայկական 5-րդ ալիքի լրագրողները զրուցել են նաև Ջիլիզայի վարչական ղեկավար Մհեր Վարդանյանի հետ։ Վարդանյանն ասել է՝ համացանցից է տեղեկացել տարածվող լուրերին, ծանոթացել է նաև կառավարության տարածած հերքմանը։
Համայնքի ղեկավարը վստահեցրել է՝ Ջիլիզան հարևան Վրաստանին հանձնելու հիմքեր չկան։
«Մեր Ջիլիզան ոչ մի անգամ Վրաստանի տարածքում չի եղել, որ մտավախություն ունենանք հետ հանձնելու»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Վարդանյանը նշել է, որ մինչ օրս «այդպիսի խմբեր չեն աշխատել» Ջիլիզայի տարածքում։
Մեկնաբանություններ սոցցանցերի հայկական տիրույթից
Տարածվող լուրերը սոցցանցերի հայ օգտատերերի վրդովմունքին են արժանացել։ Նրանց զայրացրել է, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ վրացական ապատեղեկատվությունը նույնությամբ վերահրապարակել են նաև հայաստանյան ԶԼՄ-ները։ Քաղաքացիները մեկնաբանել են վարչապետի խոսնակի գրառումն ու հորդորել խիստ պատասխանատվության ենթարկել կեղծ լուրեր տարածողներին։
Ստորև ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություն․
«Ձեր հերքելը բավարար չէ, երբ պիտի հասկանաք։ Պատիժ սահմանելն ավելի արդյունավետ կլինի, ամենահարմար պատիժը կլինի 2-3 միլիոն վճարելը կամ ավելի։ Այդ ժամանակ ծնկի կգան»։
«Ուղարկեք իրավապահ մարմիններին ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ապատեղեկատվություն տարածելու համար»։
«Արդեն ծիծաղելի էլ չի իշխանությունների հերքումները կրեմլահպատակ լրատվամիջոցների ու գործակալների, պետության դեմ ամենօրյա լրատվական տեռորին։ Դրա համար պետական անվտանգության մարմիններ կան, պատասխանատվություն կա, օրենք կա։ Ռուսի՞ց եք վախենում, չե՞ք գիտակցում, թե ինչ եք անում, լրջությունը չե՞ք հասկանում, մեզ ձե՞ռ եք առնում, ժողովրդի նյարդերի հե՞տ եք խաղում, թե՞ ձեզ եք ձեռ առնում։ Խնդրում եմ ասեք՝ որ տարբերակն ա,որ մենք էլ հասկանանք։ Արդեն տարակուսելի է դառնում»։
«Գժվացրիք ձեր հերքելով, պատժե’ք վերջապես, էլ ներվ չունենք»։
«Մենք արդեն էդ ստերի հանդեպ մեծ իմունիտետ են ձեռք բերել։ Ամեն դեպքում շատ ճիշտ եք անում, որ արագ արձագանքում ու տեղեկացնում եք ժողովրդին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրացական կեղծ արշավ ընդդեմ Հայաստանի