Փաշինյանի ստացած «Զայեդ» մրցանակի ֆոնդը՝ 500 հազար դոլարը կկառավարի պետությունը
500 հազար դոլար Փաշինյանի մրցանակը՝ Հայաստանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել նվերների հաշվառման ձևաթուղթ՝ հայտարարագրելով 500 հազար դոլար (188,750,000 դրամ):
Սա այն գումարն է, որ Փաշինյանը ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխության արդյունքում։ Մրցանակը տրվել էր Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին երկու երկրների միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նրանք կիսել էին 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը։
Հայաստանի օրենսդրության համաձայն՝ սահմանված կարգով պետությանն են հանձնվում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին տրված և 60 հազար դրամը գերազանցող նվերները, որոնք նրանք ստացել են՝
- պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ
- օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից։
Ի՞նչ է հայտնի այս պահին
- «Խաղաղությունն ամրանում է»․ հայ և ադրբեջանցի փորձագետների 3-րդ համաժողովի արդյունքները
- «Համահունչ չեն խաղաղության օրակարգին»․ Բաքվում հայ գերիների դատավճիռների մասին
- «Առաջին առևտրատնտեսական գործարքն անկախությունից ի վեր»․ ադրբեջանական բենզինը հասավ ՀՀ
Մրցանակը դասակարգվել է որպես «նվեր»
ԿԿՀ ներկայացրած ձևաթղթի համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած դրամական պարգևը դասակարգվել է որպես պաշտոնական պարտականությունների կատարման շրջանակում տրված նվեր։
Հանձնաժողովի փոխանցմամբ՝ հաշվառվելուց հետո նվերը հանձնվելու է Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Factor TV-ին փորձել է պարզել նվերի ճակատագիրը։
«Ներկայումս հարցը գտնվում է կոմիտեի կողմից ՀՀ կառավարության 2024 թ․-ի հունիսի 20-ի թիվ 956 որոշմամբ հաստատված կարգով իրականացվող գործընթացների շրջանակում»,- արձագանքել են կառույցից։
Խոսքը «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման» կարգի մասին է։ Այս կարգով են սահմանվում ԿԿՀ հանձնաժողովի կողմից Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնված գույքի (նվերների) տնօրինման եղանակները։
Նյութի հրապարակման պահին հաղորդվեց, որ ՀՀ կառավարությունը մտադիր է մրցանակային գումարը կառավարելու համար Ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել արտաբյուջետային ավանդային հաշիվ։ Նախատեսվում է, որ գումարը կփոխանցվի այդ հաշվին և կօգտագործվի գործադիրի սահմանած ծախսերի ֆինանսավորման նպատակով։
Կառավարության համոզմամբ՝ այս մեխանիզմը թույլ կտա ապահովել միջոցների կառավարման թափանցիկություն և նպատակային օգտագործում։
«Չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու»․ Փաշինյան
Գրեթե մեկ ամիս առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՀՀ վարչապետից հետաքրքրվել էին՝ արդեն փոխանցվե՞լ է գումարը, Փաշինյանը որոշե՞լ է՝ ինչ ուղղությամբ է այն ծախսելու։
«Այո՛, գումարը փոխանցվել է ինձ, բայց չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու: Չի բացառվում, որ նախկինում կայացրած՝ մտածած ուղղությունը փոխեմ: Բայց եթե այդպիսի բան լինի, կտեղեկացնեմ»․- պատասխանել էր վարչապետը։
Սակայն Փաշինյանը չէր հստակեցրել՝ ինչ ուղղության մասին է խոսքը։
Երկրի ղեկավարը թեմային անդրադարձել էր նաև ավելի վաղ՝ փետրվարին, երբ գումարը դեռևս փոխանցված չէր։
«Ես մտածում եմ` այդ գումարը հանրային ինչ նպատակի կամ կարիքի է պետք ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, կհայտնենք»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Նախապատմություն
Փետրվարի 4-ին Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արժանացել էին ԱՄԷ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին։ Մրցանակը հանձնել էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամադ բեն Զայեդ Ալ Նահյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր՝ մրցանակը հանձնվում է երկու երկրների ղեկավարներին, բայց այն հայ և ադրբեջանցի ժողովուրդների ձեռքբերումն է։
«Այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև ՀՀ և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ և արժանանալ այս պատվին»,- հայտարարել էր Փաշինյանը։
Նա շնորհակալություն էր հայտնել «Զայեդ» մրցանակի համար և համոզմունք հայտնել, որ այն խորհրդանշում է «մահմեդական և քրիստոնեական աշխարհների աջակցությունը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությանը»։ Շեշտել էր՝ մրցանակը կամրապնդի խաղաղությունը տարածաշրջանում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
500 հազար դոլար Փաշինյանի մրցանակը՝ Հայաստանին