«Հայաստանը փորձում է ՌԴ-ին ցույց տալ՝ TRIPP-ին հավակնել չի կարող»․ կարծիք
Ռուսաստանի մասնակցությունը TRIPP-ին հավանական չէ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում խոսել է հաղորդուղիների բացմանն ուղղված TRIPP («Թրամփի ուղի») նախագծի մասին։ Տեղեկացրել է՝ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն դրա իրականացման ուղղությամբ «շատ կառուցողական երկկողմ բանակցություններ» են վարում։
«Սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ»,- հայտարարել է Փաշինյանը՝ առանց նրբերանգների վերաբերյալ մանրամասներ հայտնելու հանդիպման բաց հատվածում։
Նախորդ շաբաթ ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն էր անդրադարձել նախագծին և նշել, որ պատրաստ են ՀՀ հետ խորհրդակցել Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջ։ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել էր՝ TRIPP-ին ՌԴ հնարավոր ներգրավման հետ կապված քննարկումներ չկան։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարած նրբերանգները վերաբերում են ոչ թե բուն «Թրամփի ուղուն», այլ դրա շարունակությանը՝ Երասխից դեպի Նախիջևանի սահման և Գյումրուց դեպի Թուրքիայի սահման հատվածներում երկաթուղու կառուցմանը։
«Այս պահին ՀՀ իշխանությունները փորձում են Ռուսաստանին ցույց տալ, որ դա առավելագույնն է, ինչին ՌԴ-ն կարող է հավակնել»,- JAMnews-ի հետ զրույցում ընդգծել է Ղևոնդյանը։
Փորձագետի խոսքով՝ ՀՀ և ՌԴ միջև 2008 թ․-ին կնքված կոնցեսիոն պայմանագիրը նման բան չի ենթադրում։ Փաստաթղթի համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարմանն է անցնում միայն գոյություն ունեցող ենթակառուցվածքը և այն, ինչ կառուցում է տվյալ ընկերությունը։ Հիշեցնում է՝ TRIPP-ը Ռուսաստանը չի կառուցելու, ուստի չի կարող խոսք գնալ այդ ճանապարհով անցնող երկաթուղին կառավարելու մասին։
«Եթե ռուսները ցանկանում է, որ ՀՀ-ն դա հանձնի իրենց կառավարմանը, դա բավական միամիտ ցանկություն է։ Քիչ հավանական է, որ ձևավորվում է հայ-ամերիկյան ընկերություն, որպեսզի կառուցի երկաթուղի [TRIPP] և հետո այն հանձնի ռուսական ընկերության կառավարմանը»,- նկատել է քաղաքագետը։
- «ԱՄՆ-ի նման հզոր պետությունը կապվել է Հարավային Կովկասին, սա խաղ չէ». կարծիք
- Հայաստանը՝ Արևմուտքի և ՌԴ միջև․ կառավարության «բալանսավորման» քաղաքականության ռիսկերը
- Ապաշրջափակման ԱՄՆ-ի առաջարկը. զարգացումներ Մոսկվա-Բաքու լարվածության ֆոնին
Փաշինյանի և Պուտինի հայտարարությունները նոր երթուղիների մասին
Հայկական կողմի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգում կայացած առանձնազրույցի ժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել են էներգետիկայի, լոգիստիկայի հետ կապված հարցեր։
Պուտինն իր բացման խոսքում նշել է նաև, որ նախորդ հանդիպման ժամանակ Փաշինյանը բարձրացրել է տարբեր հարցեր, որոնց վրա կարող են համատեղ աշխատել, այդ թվում՝ հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք «կբացեն Հայաստանի սահմանները»։
Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, շեշտել է՝ Ադրբեջանի տարածքով արդեն իսկ ՀՀ են ուղևորվում գնացքներ Ռուսաստանից և հավելել՝ հասունացել է «երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգը»։
«Նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում»,- հայտարարել է վարչապետը։
Նրա փոխանցմամբ՝ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ քաղաքական որոշումներ դեռևս չկան, սակայն իրավիճակը հասունացել է, պետք է իրականացնել նախապատրաստական աշխատանքներ։
Փորձագիտական կարծիք
«Հայկական խորհրդի» փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է՝ ՀՀ-ն ակտիվորեն պատրաստվում է TRIPP-ի տրամաբանական շարունակությանը, մասնավորապես՝ Երասխից դեպի Նախիջևանի սահման և Գյումրուց դեպի Թուրքիայի սահման հատվածներում երկաթուղու վերակառուցմանը։
«Այդ հատվածում ունենք երկաթուղի, որը ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կառավարման ներքո է։ Սակայն այն ամբողջական չէ։ Կան Երասխ-Երևան և Երևան-Գյումրի հատվածները։ Բայց Գյումրիից ՀՀ-Թուրքիա սահման գնացող և Երասխ-Նախիջևան հատվածների վերականգնման կարիք կա»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Ըստ Ղևոնդյանի՝ հենց այդ հատվածների հետ կապված «նրբերանգներ» է Պուտինի հետ քննարկել վարչապետ Փաշինյանը։
JAMnews-ը քաղաքագետից հետաքրքրվել է՝ այդ դեպքում ինչո՞ւ է խոսվում Սյունիքով անցնող ճանապարհի՝ TRIPP-ի, այլ ոչ թե հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծի՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին։
Ի պատասխան Ղևոնդյանը նշել է, որ կա «Թրամփի ուղու» շարունակության երկու ուղի՝ Թուրքիայի կողմից կառուցվելիք Կարս-Նախիջևան երկաթուղին և Երասխ-Գյումրի երկաթուղին։
««Խաղաղության խաչմերուկը» շատ ավելի լայն, ավելի մեծամասշտաբ, շատ ավելի ուշադրություն և ռեսուրսներ պահանջող գործընթաց է։ Իսկ «Թրամփի ուղին» և այն տրամաբանությունը, որի մասին ասացի, շատ ավելի կոնկրետ, ավելի տեսանելի ապագայում իրագործվող ծրագիր է»,- արձանագրել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ՀՀ-ն պետք է ձգտի որպես TRIPP-ի շարունակություն ունենալ բարձրակարգ, մեծ թողունակությամբ երկաթուղային ճանապարհներ, որպեսզի բավարարի երթուղով հետաքրքրված երկրների պահանջները։
«Ներկայումս գործող երկաթուղով բեռների փոխադրման դեպքում խորհուրդ է տրվում չգերազանցել 35-40 կմ/ժամ արագությունը՝ այն դեպքում, երբ օրինակ՝ Թուրքիայում գործող երկաթուղին և այն երկաթուղին, որ կառուցում է Ադրբեջանը, մինչև 100-120 կմ/ժամ արագություն են ապահովելու»։
Ղևոնդյանի համոզմամբ՝ «Հարավկովկասյան երկաթուղին» և ՌԴ-ն բավականին մեծ աշխատանքի տեղ ունեն, եթե, իհարկե, ցանկանան մասնակցել գործընթացին և տնտեսական օգուտներ ստանալ բեռնափոխադրումներից․
«Քաղաքական որոշում կկայացվի, եթե ՌԴ-ն համաձայնի կատարել արդիականացումներ, կառուցել, վերանորոգել, աշխատել ՀՀ հետ համատեղ և համատեղ օգուտներ ստանալ, ինչպես ԱՄՆ է համաձայնել անել Սյունիքում»։
Չի բացառում, սակայն, որ Մոսկվան սաբոտաժի գնա։ Ասում է՝ ՌԴ-ին «աշխարհաքաղաքական առումով ձեռնտու չէ», որ Հայաստանն ունենա բարձրակարգ երկաթուղային ճանապարհներ։
«Հաշվի առնելով, թե ինչպիսի մտածելակերպ է գերակայում Կրեմլում, ինչպես են վերաբերվում հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացներին, ամենայն հավանականությամբ, ՌԴ-ն կփորձի մեկ ձեռքով մի քանի ձմերուկ բռնել և կկորցնի բոլորն էլ»։
Քաղաքագետն անդրադարձել է նաև Իջևան-Ղազախ ուղղությանը։ Շեշտել է՝ եթե աշխատանքներ տարվեն և ճանապարհը սկսի գործել, կձևավորվի «Արևելքի և Արևմուտքի ցամաքային կապի ամենակարճ ուղին պատմության մեջ»։
«Ադրբեջանից արդեն հնչում են կարծիքներ առ այն, որ Բաքուն կարող է Ղազախից մինչև ՀՀ սահման երկաթգիծը շատ արագ վերանորոգել, կարճ ժամանակում բեռները հասցնել Հայաստանի սահման։ Այս ուղղությունը մեզ համար կարող է լինել կենսականորեն կարևոր»,- ասել է Ռոբերտ Ղևոնդյանը։
Կարծում է՝ ինչպես Երասխի և Ախուրիկի, այնպես էլ Իջևանի պարագայում Մոսկվան ունի երկաթուղու վերականգմանն ու կառուցմանը մասնակցելու, ներդրումներ կատարելու և տնտեսական օգուտներ ստանալու հնարավորություններ։ Քաղաքագետը, սակայն, առավել հավանական է համարում այն, որ Ռուսաստանը կփորձի ամեն ինչ իր ձեռքը վերցնել և կկորցնի ամեն ինչ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռուսաստանի մասնակցությունը TRIPP-ին հավանական չէ