«Ամենայն հայոց կաթողիկոսը չի գնա դասալքության»․ Մայր Աթոռի դիվանապետ
Գարեգին Բ-ն չի հեռանա․ Արշակ Սրբազանի ասուլիսը
«Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա։ Նա չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում՝ կասկածելի, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել 10 եպիսկոպոսներ»,- այսօր նշել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Փաստացի Խաչատրյանն այդ կերպ արձագանքել է նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպած 10 բարձրաստիճան հոգևորականների վերջին հայտարարությանը։
«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել»,- ասված է հայտարարության մեջ։
Մայր Աթոռի դիվանապետը շեշտել է՝ կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, իսկ հեռանալու ինքնակամ որոշումը «ավելին չի լինի, քան դասալքությունը», ուստի կաթողիկոսը չի կարող հեռանալ։
«Վստահ եմ, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել։ Նա ունի եկեղեցու և եկեղեցուն պատկանելիության չափազանց բարձր գիտակցություն»,- շեշտել է բարձրաստիճան հոգևորականը։
Մամուլի ասուլիսի ընթացքում Արշակ արքեպիսկոպոսն անդրադարձել է ոչ միայն Վեհափառի հնարավոր հրաժարականին, այլև կուսակրոնության ուխտի խախտման շուրջ քննարկումներին, իրեն վերագրվող ինտիմ տեսանյութին։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- «Մայր Աթոռի ազատագրման մեկնարկ». Փաշինյանի մասնակցությամբ պատարագն առանց միջադեպերի չանցավ
- Քահանայի հարցազրույցի հետքերով․ ՀՀ-ում հոգևորականներ են բերման ենթարկվել
- ՀՀ-ում իշխանություն-եկեղեցի առճակատումը նոր թափ է ստանում․ Փաշինյանի ծրագիրը
Նախապատմություն
Բարձրաստիճան 10 հոգևորականներ վերջին օրերին հրապարակել են երկու հայտարարություն։ Դրանցից մեկով նրանք դատապարտել են հայրապետի «թյուր ընթացքը» և պնդել՝ «կաթողիկոսը ամեն գնով փորձում է կոծկել Արշակ Սրբազանի սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր»։
Խոսքը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասին է։ Նրան վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութը տևական ժամանակ է, ինչ քննարկվում է հանրային տիրույթում։
Այս հայտարարությունից հետո նոյեմբերի 28-ին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի նիստ է հրավիրել։ Նիստը, սակայն, չի կայացել, քանի որ այն բոյկոտել են հայտարարությունը ստորագրած այն հոգևորականները, որոնք նաև խորհրդի անդամ են։
Առաջին հայտարարությունից հետո հոգևորականներին անձամբ ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շնորհակալություն է հայտնել սրբազաններին իրենց «սկզբունքային դիրքորոշումը» հրապարակային արտահայտելու համար։
Այս հանդիպմանը հաջորդել է հոգևորականների երկրորդ հայտարարությունը, որով նրանք հույս են հայտնել, թե կաթողիկոսը «կամովին հանգստյան կկոչվի»՝ հրաժարական կտա։
Ի պատասխան Մայր Աթոռ Էջմիածնի միաբանության Վարդապետաց դասը վերահաստատել է իր ուխտը՝ հավատարիմ մնալով Գարեգին Բ-ին: 10 եկեղեցականների հայտարարությունները դատապարտել են նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականները, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որոնք գտնվում են Քրեակատարողական հիմնարկվում։ Միքայել ու Բագրատ սրբազանները կաթողիկոսին առաջարկել են դադարեցնել «անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումն» ու նոր առաջնորդներ նշանակել թեմերում։
«Դավաճանական քայլ»․ եպիսկոպոսների հայտարարության մասին
«Այն, ինչ իրենց կողմից արվել է, դավաճանություն է, ուխտադրժություն է, հերձված առաջացնելու անթաքույց քայլ է»,- հոգևորականների գործողություններն այսպես է բնորոշել Արշակ Սրբազանը։
Նրա խոսքով՝ այդ եկեղեցականները դավաճանել են Աստծուն, եկեղեցուն և իրենք իրենց, գնացել են «ինքնաժխտման» ճանապարհով։
Չի բացառել, որ առաջիկայում նրանց գործողություններին «համարժեք գնահատական» կտրվի․
«Միակ բանը, որ բացառում եմ, այն է, որ մենք կնահանջենք կամ կտրվենք այդ ճնշումներին»։
Ըստ նրա՝ հայրապետը կորոշի՝ թե ինչ ատյանում քննել հարցն ու որոշում կայացնել։ Դրա համար կարող է ստեղծվել, օրինակ՝ կարգապահական հանձնախումբ։
«Վեհափառին աջակցողների բանակը մեծ է»
Չնայած մի շարք բարձրաստիճան հոգևորականներ հայտարարությամբ, ըստ էության, պահանջել են Վեհափառի հրաժարականը՝ Արշակ Սրբազանը պնդել է՝ եկեղեցին և եկեղեցականները համախմբված են կաթողիկոսի շուրջ․
«Իհարկե, Վեհափառը մենակ չի մնացել։ Ընդամենը 10 եպիսկոպոսներ են այդ հայտարարությունն արել, իսկ կաթողիկոսի շուրջ համախմբված հոգևորականության պատկերը տեսանելի դարձնելու համար անպայման չէ, որ այդ բոլոր եկեղեցականներն այդպիսի հայտարարություն անեն»։
Դիվանապետի գնահատմամբ՝ եթե նույնիսկ ոչ մի եկեղեցական չաջակցի կաթողիկոսին, չի կարելի համարել, թե նա «պաշտոնաթող» է։
«Եթե անգամ ստեղծվի այնպիսի իրավիճակ, այդպիսի իրավիճակ չի լինելու, բայց եթե անգամ ստեղծվի, և նա մնա միայնակ, ոչ մի եկեղեցական աջակցություն չտրամադրի, միևնույն է՝ որևէ մեկը չի կարող համարել, որ նա պաշտոնաթող է և հրաժարվել է գահից այնքան ժամանակ, քանի դեռ կշարունակի պաշտոնավարել»,- պարզաբանել է նա։
Ասում է՝ Վեհափառին աջակցողների բանակը մեծ է, նրա շուրջ համախմբված են այն բոլոր եկեղեցականները, որոնք պահում են «ուխտը, հավատարմությունը»։ Ըստ նրա՝ կաթողիկոսը որևէ ձևով «զիջման, նահանջի միտում, նշան» ցույց չի տվել, իր դիրքերում է՝ եկեղեցու գլխին։
«Հայաստանի թիվ 1 խնդիրը եկեղեցականների ենթադրյալ երեխանե՞րն են»
Լրագրողները Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին խնդրել են մեկնաբանել նաև կաթողիկոսի՝ կուսակրոնության ուխտը խախտած լինելու և դուստր ունենալու հետ կապված տեղեկությունները։
Ի պատասխան՝ նա նշել է, որ իրեն իրավունք չի վերապահի պատասխանել։ Կարծում է՝ դրանք «արհեստական օրակարգեր» են, որոնց նպատակը եկեղեցին վարկաբեկելն է։
«Այսօր ՀՀ-ի թիվ մեկ խնդիրը եկեղեցականների ինտիմ հարաբերոթյուննե՞րն ու եկեղեցականների ենթադրյալ երեխանե՞րն են։ Եթե մենք այդ հարցերի սպառիչ պատասխաններն ունենանք, մեր երկրի անվտանգությունն ավելի ամուր կդառնա՞։ Մեր սահմաններն անձեռնմխելի կդառնա՞ն։ Կվերանա՞ հանրային պառակտվածությունը։ Իհարկե, ոչ։ Ակնհայտ է, որ այս խնդիրները հրապարակ են բերում խորացնելու համար հանրային պառակտումը»,- ասել է նա։
Անհասկանալի է համարում նաև այն խոսույթը, որ «հոգևորականն անձնական կյանքի իրավունք չունի»․
«Դա էլեմենտար անգրագիտություն է՝ անկախ նրանից, թե ով է ասում։ Անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը»,- հայտարարել է նա։
«Չեմ արել որևէ գործողություն, որի համար ամաչեմ»․ ինտիմ տեսանյութի մասին
Ասուլիսի ընթացքում քննարկվել են նաև Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի հետ կապված հարցեր։ Հոգևորականը, հերթական անգամ, պնդել է՝ սոցցանցերում տարածված տեսանյութերը «սուտ են, կեղծիք», իր հետ որևէ առնչություն չունեն։ Ենթադրություն է արել, թե դրանք ստեղծվել են արհեստական բանականության կիրառմամբ։
«Բոլոր քայլերն անելու եմ, որպեսզի օբյեկտիվ պատկեր ներկայացնեմ, որ այդ ամենն ինձ հետ կապ չունի, այդ թվում՝ միջազգային փորձաքննություն»,- հայտարարել է Խաչատրյանը։
Նա խոսքով՝ «երբեք չի արել եկեղեցու դեմ որևէ գործողություն», որի համար պետք է ամաչի։ Արքեպիսկոպոսի խոսքով՝ թիրախում է հայտնվել, քանի որ չի գովերգում իշխանություններին․
«Պետք է թիրախավորեն բոլոր այն անձանց, ովքեր չեն կիսում իրենց քաղաքական գիծը, քննադատում են իրենց։ Յուրաքանչյուրին թիրախավորելու առանձին ձև են գտել, ինձ էլ այս է վիճակվել։ Դա էլ մեր խաչն է դարձել, մենք մեր խաչը պիտի տանենք»։
Անդրադառնալով հոգևոր ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորությանը՝ նկատել է՝ «եթե եկեղեցու շահերի տեսանկյունից արդյունավետ կլինի, պատրաստ է անել ցանկացած քայլ»։
Հոկտեմբերի վերջին նորահայտ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին ինտիմ բնույթի տեսանյութեր, որոնք վերագրվում էին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Նկարահանումներն արվել էին հոգևորականի տանը՝ հյուրասենյակում և լոգարանում տեղադրված գաղտնի տեսախցիկներով: Նշվում էր, որ կադրերում երևում են Արշակ արքեպիսկոպոսն ու նրա քեռակինը։
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, մասնավորապես՝ դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության արդյունքում հաստատվել է «տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսի պատկերված լինելու հանգամանքը»։
«Փաշինյանը միջամտում է եկեղեցու ինքնավարությանը»
«Երկրի ղեկավարը, չունենալով նման իրավասություն, ուղղակիորեն միջամտում է եկեղեցու ինքնավարությանը։ Ինքն է որոշում, թե ով պետք է լինի եկեղեցում կաթողիկոսը, ինչ ընթացակարգերով։ Իրեն իրավունք է վերապահում ինչ-որ էքսպերտիզա սահմանել եկեղեցականների բարեվարքության հետ կապված։ Եկեղեցականների կերպարի վերաբերյալ գնահատումներ է անում»,- վարչապետի հայտարարած «եկեղեցու բարենորոգման» օրակարգն այս կերպ է նկարագրել հոգևորականը։
Արքեպիսկոպոսը ենթադրում է՝ այս ամենն արվում է իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ Արշակ Սրբազանի փոխանցմամբ՝ աշխարհաքաղաքական, քաղաքական կամ անձնական գործոններից ելնելով է Փաշինյանը նման քայլերի դիմում․
«[Նիկոլ Փաշինյանը] ուզում է ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք կսպասարկեն իր հետաքրքրություններն ու շահերը, անձնական կամ հավաքական մոտեցումներով չեն հակադրվի իր քաղաքականությանը»։
Վստահեցրել է՝ քանի դեռ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ-ն է, այդպիսի մոտեցում չի լինելու։
«Միջազգային կառույցների լռությունը տարօրինակ է»
Մայր Աթոռի դիվանապետը եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները դիտարկում է «հակաեկեղեցական արշավի» շրջանակում։
«Առնվազն տարօրինակ է, որ եկեղեցու դեմ իրականացվող այս հակաօրինական, հակասահմանադրական արշավին որևէ պատշաճ գնահատական չի տրվում միջազգային հանրության կողմից։ Համենայն դեպս, դեսպանատների կողմից»,- նկատել է Արշակ Սրբազանը։
Արքեպիսկոպոսի խոսքով՝ այդ նույն դեսպանատները «համաշխարհային աղմուկ» էին բարձրացնում, երբ տարիներ առաջ որևէ ակտիվիստ՝ որպես բողոքի նշան, ասֆալտին էր պառկում։
«Սա տարօրինակ չէ՞, ինչ-որ բաների մասին չի խոսո՞ւմ։ Ամենայն հավանականությամբ։ Բայց ես փորձագետ չեմ։ Ընդամենը կարող եմ երևույթներից դատելով որոշակի ենթադրություններ, կասկածներ արտահայտել»,- ասել է նա։
«Հանգուցալուծում հնարավոր է միայն իշխանություններից և նրանց օրակարգից հրաժարվելով»
Հոգևորականը հերթական անգամ պնդել է՝ գործ ունենք եկեղեցու դեմ «հակաօրինական գործընթացի» հետ․
«Հակաիրավական պրոցեսն իրավական լուծում չի կարող ունենալ։ Սա ուղղակի ակնհայտ քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներով պայմանավորված գործողությունների շարք է։ Դրան իրավունքով հակադրվելը կարող է ինչ-որ արդյունքներ ունենալ, բայց ամբողջապես չի փարատելու մեր մտահոգությունները»։
Արշակ արքեպիսկոպոսի համոզմամբ՝ «քաղաքական կամ արտաքին որևէ ուժի միջամտությունը եկեղեցու կյանքից ներս» արդարացված չէ ոչ իրավական առումով, ոչ էլ եկեղեցաբանական։
Ընդգծում է՝ եթե եկեղեցում գործընթացներն իրականացվեն արտաքին ճնշումների ազդեցության ներքո, այն կդադարի լինել իր առաքելության մեջ, կդառնա «արտաքին օրակարգերի սպասարկող»։
«Լուծումը դիմանալն է, դիմադրելն է, համբերատարությամբ զինվելն է ու խելամտորեն օգտագործելը այն գործիքակազմերը, որոնք կան։ Պատրաստի դեղատոմսեր չունեմ, որ ասեմ՝ սա անենք, սա անենք»,- նկատել է նա։
Միևնույն ժամանակ բարձրաստիճան հոգևորականը նշել է, որ լոկալ՝ եկեղեցու դեմ «հարձակումների» հարցի լուծումը պարզ կլինի միայյն այն ժամանակ, երբ գտնվեն 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների լուծումները։
«Լուծումը այս իշխանություններից, իշխանությունների օրակարգից հրաժարումն է։ Օրինական, սահմանադրական, ոչ բռնի, սա էլ շեշտեմ՝ ոչ բռնի ճանապարհներով։ Իրենց այդ հաճույքը չպատճառեմ, հաջորդ քրեական գործն էլ այդ հիմքով հարուցեն»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Գարեգին Բ-ն չի հեռանա․ Արշակ Սրբազանի ասուլիսը