Հայաստանը՝ Արևմուտքի և ՌԴ միջև․ կառավարության «բալանսավորման» քաղաքականության ռիսկերը
ՀՀ «բալանսավորման» քաղաքականության ռիսկերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր կառավարության նոր ռազմավարական նպատակի՝ «Հայաստանի Չորրորդ Հանրապետության» հաստատման մասին: Այն իրագործելու համար իշխող կուսակցությունը մտադիր է հաղթել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում և ակտիվացնել ջանքերը Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության համար:
Միաժամանակ, իշխանությունները պլանավորում են «այս գործընթացը չհակադրել տարածաշրջանացմանը, ինչպես նաև բալանսավորված արտաքին քաղաքականությանը»: Փաշինյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններն այժմ «փոխակերպման փուլում են՝ ի շնորհիվ կառուցողական երկխոսության»: Նա պլանավորում է ամրապնդել Ռուսաստանի հետ կապերը:
Գործող կառավարության այս հայեցակարգը, սակայն, չի արժանանում հասարակության և փորձագիտական շրջանակների անվերապահ աջակցությանը։
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի մեկնաբանությունն այն մասին, թե ինչպիսի ռիսկեր է պարունակում այսպես կոչված «բալանսավորման քաղաքականությունը», արդյոք համատեղելի են եվրաինտեգրումն ու տարածաշրջանացումը, որոնք ներառված են ՀՀ-ի արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ:
- «Ժողովրդավարությունը Հայաստանում իրողություն է»․ Փաշինյան
- ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց կմեկնարկի․ ԱԺ-ն կողմ քվեարկեց
- «ՀՀ-ն չի մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել այլ բանով, ուզում է լինել անկախ»․ էկոնոմիկայի նախարար
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի մեկնաբանությունը
Չորրորդ Հանրապետության «կեղծ օրակարգը»
«Չորրորդ Հանրապետության» գաղափարն ինձ մոտ տարակուսանք է առաջացնում: Եթե հետևենք համարակալման տրամաբանությանը, ապա Խորհրդային Հայաստանը անկախ չի եղել, նշանակում է՝ չի կարող համարվել Երկրորդ Հանրապետություն: Այդ դեպքում ներկայիս Հայաստանը Երկրորդ Հանրապետությունն է, այլ ոչ թե Երրորդը: Եվ Փաշինյանը պետք է հռչակեր ոչ թե Չորրորդ, այլ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը:
Ավելին, երբ մեր հարևաններն իրենց դիրքավորում են որպես իրենց Առաջին Հանրապետությունների իրավահաջորդներ, տարօրինակ է, որ Հայաստանը առաջ է քաշում Չորրորդի գաղափարը: Սա պարզապես արհեստականորեն պարտադրված օրակարգ է»:
Տարածաշրջանացումը՝ պարտադրված օրակարգ
«Ես կտրականապես դեմ եմ նաև տարածաշրջանացմանը: Գլոբալացված աշխարհում տարածաշրջանների գաղափարը, որպես այդպիսին, իր իմաստը կորցրել է: Տարածաշրջանացումը ձեռնտու է Ռուսաստանին և Թուրքիային, որոնք ձգտում են Հայաստանը պահել «3+3» ֆորմատում, ինչն ինձ համար անընդունելի է:
Տարածաշրջանային հարցերի լուծման ֆորմատը, որը կոչվեց «3+3», առաջարկել է Թուրքիան: Այն ենթադրում է մի կողմից Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի, մյուս կողմից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությունը: Անկարան այս ֆորմատում ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում: Մոսկվայի համար սա հնարավորություն է որոշումներ կայացնել Հարավային Կովկասում՝ առանց Արևմուտքի մասնակցության: Թեհրանը փորձում է վերադարձնել վերջին տարիներին կորցրած դիրքերը:
Ադրբեջանն աջակցում է «ավագ եղբոր» նախաձեռնությանը: Իսկ վրացական իշխանություննեել ի սկբանե հրաժարվել են որևէ մասնակցություն ունենալ ֆորմատում, որտեղ ներկա է Ռուսաստանը: Հայաստանն էլ նախապես հայտարարել է, որ այս ձևաչափով կքննարկի միայն այն հարցերը, որոնք չեն լուծվում այլ հարթակներում: «3+3»-ի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերին Թեհրանում:
Աշխարհն այլևս տարածաշրջանների բաժանված չէ: Օրինակ՝ ԱՄՆ-ն ակտիվ ներկայություն ունի Հարավարևելյան Ասիայում, թեև աշխարհագրական առումով դա նրա ազդեցության գոտին չէ: Ռուսաստանը՝ գտնվելով Վենեսուելայից, Աֆրիկայից կամ Լիբիայից հեռու, առաջ է մղում իր ազդեցությունն այնտեղ: Եվ այս ամենի ֆոնին Հայաստանը փորձում է տեղավորվել տարածաշրջանում, ինչն, ըստ իս, սխալ է»:
Եվրաինտեգրումը հակասության մեջ է տարածաշրջանացման հետ
«Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին ԵՄ անդամակցության ձգտման և ռուսական ՀԱՊԿ ռազմական դաշինքից դուրս գալու մասին: Սակայն իշխանությունների ներկայիս դիսկուրսը ընկալվում է որպես հետքայլ այդ ամբիցիաներից:
Եվրամիությանը միանալու գործընթացը մեկնարկելու մասին օրինագիծը խորհրդարանի օրակարգ մտցնելու համար նախաձեռնող խումբը հավաքել էր 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն: 2024 թվականի հունվարի 9-ին կառավարությունը հավանություն տվեց նախագծին, այն ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը: 2025 թվականի փետրվարին Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց նախագծին։
Եվրաինտեգրումն ու տարածաշրջանացումը անհամատեղելի են, հատկապես Արևմուտքի և Ռուսաստանի միջև ճգնաժամի պայմաններում: Օբամայի կառավարման շրջանում, երբ ԱՄՆ-ը ձգտում էր Ռուսաստանի հետ երկխոսության, հնարավոր է՝ այդպիսի մոտեցումն արդարացված լիներ: Բայց այսօր Եվրոպան Ռուսաստանի հետ սառը պատերազմի իրավիճակում է: Իսկ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ-ը վաղ թե ուշ կգիտակցի, որ կամ նրանք կատարում են գլոբալ հեգեմոնի դերը, կամ կորցնում են իրենց դիրքերը: Եվ ահա այդպիսի պայմաններում կոմպլեմենտարության քաղաքականության մասին խոսելը տարօրինակ և անտեղի է:
Ես դեմ եմ հապճեպ որոշումներին, ինչպիսիք են Հայաստանից ռուսական ռազմաբազայի անհապաղ դուրսբերումը: Այո, այն պետք է դուրս բերվի, բայց դա պահանջում է ժամանակ և նախապատրաստություն: Միաժամանակ, սա չի նշանակում, որ Հայաստանը կարող է շարունակել նստել երկու աթոռի վրա: Այդպիսի մոտեցումն անհնար է»:
Տնտեսության դիվերսիֆիկացիա՝ հակասական հայտարարությունների փոխարեն
«Իշխող կուսակցության ներկայացուցիչները Ռուսաստանն անվանում են սպառնալիք Հայաստանի համար: Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ հայկական ընդդիմության աջակցությամբ ՌԴ-ն ամեն ինչ անում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը խափանելու համար: Առաջանում է հարց՝ այդ դեպքում ինչպե՞ս են իշխանությունները խոսում Ռուսաստանի հետ մերձեցման մասին:
Մի կողմից իշխանության ներկայացուցիչները հայտարարում են Ռուսաստանի կառավարմանը հանձնված երկաթուղու և էլեկտրացանցերի վերահսկողությունը պետությանը վերադարձնելու, ռուսական ընկերությունների կողմից ԱԷԿ-ի կառուցումից հրաժարվելու և տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, մյուս կողմից հայտարարություններ են անում ՌԴ-ի հետ կապերի ամրապնդման մասին: Սա ակնհայտ հակասություն է:
Ինչո՞ւ հայտարարել կոնկրետ աշխարհաքաղաքական բևեռից կախվածությունը հաղթահարելու ձգտման մասին, եթե մտադրված են ամրապնդել ՌԴ հետ կապերը: Հայկական տնտեսությունն ու ենթակառուցվածքները արդեն զգալի մասով Ռուսաստանի վերահսկողության տակ են: Վերին Լարսով անցնող ճանապարհի փակումը անմիջապես տնտեսական կոլապսի է հանգեցնում: Եվ եթե Ռուսաստանի հետ մերձեցումը անհրաժեշտ է այս խնդիրները լուծելու համար, իշխանությունները պետք է հայտարարեն այդ մասին:
Նրանք պետք է ճանաչեն, որ ԱՄՆ-ը տարածաշրջան չի մտել որպես նշանակալի խաղացող: Եվ պետք չէ ամենօրյա ռեժիմով պնդել, թե Ռուսաստանը հեռացել է տարածաշրջանից: ՌԴ-ն ոչ մի տեղ էլ չի գնացել»:
Կառավարությունը հրաժարվու՞մ է եվրաինտեգրումից
«Հայաստանի իշխանությունները խոսում են հավասարակշռված [բալանսավորման և բալանսավորված] քաղաքականության մասին՝ նկատի ունենալով Ռուսաստանին չնեղացնելու համար լիարժեք եվրաինտեգրումից հրաժարվելը: Սա այն դեպքում, երբ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է ԵՄ անդամ դառնալ «թեկուզ վաղը»: Սա նշանակում է, որ տարիներ շարունակ հասարակությանը տրվում էր սուտ տեղեկատվություն: Եթե իշխանություններն ի սկզբանե չէին պլանավորում եվրաինտեգրում, պետք չէր խաբել ժողովրդին:
Այստեղ հնարավոր է 2 բացատրություն: Կա՛մ Եվրոպան պատրաստ չէ Հայաստանին ընդունել իր ընտանիք, թեև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցը հակառակն է ցույց տալիս, կա՛մ Ռուսաստանը ճնշում է գործադրում՝ ստիպելով իշխանություններին հետքայլ անել: Այսպես, թե այնպես Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ազնվորեն բացատրել, թե ինչն է փոխվել:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում միասնականություն չկա: Մի մասը մի բան է ասում, մյուսը՝ ասվածի հակառակը: Եվրաինտեգրման օգտին ստորագրություններ հավաքած քաղհասարակությունը երրորդ դիրքորոշումն ունի, միաժամանակ դրա մի մասը բացահայտ կերպով աջակցում է Փաշինյանին:
Եվրաինտեգրումից հրաժարվելու պատճառներն անհասկանալի են: Հնարավոր է՝ խնդիրն այն բարեփոխումներն են, որոնք իշխանությունները պատրաստ չեն իրականացնել, կամ այն, որ Արևմուտքը չի կարող արդյունավետ դիմակայել Ռուսաստանին:
Անհասկանալի է նաև այն, թե ինչ է առաջարկում ինքը՝ Եվրոպան: Օրինակ՝ Եվրոպան պատրա՞ստ է Հայաստանին տրամադրել այնպիսի աջակցություն, ինչպիսին Մոլդովային, եթե ՀՀ-ն որոշի դուրս գալ Ռուսաստանի հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միությունից:
Եվրաինտեգրման վերաբերյալ խորհրդարանական քննարկումներին իմ մասնակցության փորձը միայն ամրապնդեց այն կարծիքը, որ Հայաստանը չի ձգտում դեպի ԵՄ: Իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում, իմ աչքին երևացին որպես պրոեվրոպական ուժերի և արևմտամետ քաղհասարակության կողմից կազմակերպված քաղաքական շոուի մաս։
Քաղհասարակությունը, որ նախաձեռնել է եվրաինտեգրման գործընթացն ու հանդիպումներ է ունենում Եվրոպայի ներկայացուցիչների հետ, Փաշինյանին չի տալիս գլխավոր հարցը՝ ի՞նչ կուրս է նա ընտրել և ինչո՞ւ: Ինձ համար ի սկզբանե պարզ էր, որ իշխանությունները մտադիր չեն գնալ եվրաինտեգրման: Դա միայն ընտրություններին ձայներ բերելու գործիք է, Ռուսաստանի հայ համայնքի հիասթափությունից օգտվելու փորձ: Իշխանությունների հռետորաբանությունը պրոեվրոպական է, իսկ քաղաքականությունը՝ ընդհակառակը»:
Իշխող կուսակցությունը կիրառում է իր նախորդների մեթոդները
«Քաղաքացիական պայմանագրի» ներսում ստեղծվում է արհեստական բաժանում պրոռուսական և այսպես կոչված արևմտամետ թևի միջև: Պրոռուսական ներկայացուցիչները, ինչպիսին է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բացահայտ հայտարարում են, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ Եվրասիական միությունից: Միաժամանակ, նրանք, ում արևմտամետ են անվանում, հանդես են գալիս ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ում ինտեգրման օգտին:
Այս իրավիճակը հիշեցնում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, երբ իշխանության ներսում տարբեր խմբեր ստեղծում էին հակասական դիրքորոշումների պատրանք: Այսօր իշխող կուսակցության մի մասը մի բան է ասում, մյուսը՝ դրա հակառակը, իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն օր փոխում է իր հռետորաբանությունը:
Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի ժամանակներից չի փոխվել, և նրա՝ երկիրը կառավարելու մոդելը պրոյեկտվում է գործող իշխանությունների վրա: Բոլոր կարևոր որոշումները կայացնում է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, որը իրեն «կառավարություն» է հռչակում:
Ես չեմ պահանջում անմիջապես դուրս գալ ԵԱՏՄ-ից և վաղը մուտք գործել ԵՄ։ Ես կոչ եմ անում իշխանություններին ազնիվ լինել ժողովրդի հետ:
Փաշինյանի հայտարարությունները հակասական են, մասնավորապես՝ նա
- խոսում է խաղաղության հաստատման մասին, միևնույն ժամանակ Ռուսաստանը սպառնալիք է անվանում,
- պնդում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով դադարեցվեցին Արցախում ընթացող ռազմական գործողությունները, չի գործում, բայց հետ չի կանչում Հայաստանի ստորագրությունը,
- խոստանում է, որ երկիրը կարող է դառնալ ԵՄ անդամ, այնուհետև վկայակոչում է տարածաշրջանային սահմանափակումներ, որոնք, իբր, խանգարում են եվրաինտեգրմանը,
- հայտարարում է նախկին իշխանություններին պատժելու անհրաժեշտության մասին, բայց արդարացնում է նրանց:
Ամեն անգամ վարկանիշի անկումից հետո Հայաստանի իշխանությունները հորինում են պոպուլիստական նոր կարգախոսներ: Ընտրությունների մոտենալուն պես նրանք ուժեղացնում են լարվածությունը՝ գիտակցաբար բևեռացնելով քաղաքական դաշտը, որպեսզի ուշադրությունը շեղեն իրենց ձախողումներից և պահպանեն ընտրողների լոյալությունը»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ «բալանսավորման» քաղաքականության ռիսկերը