Վրաստանի դատախազության հաղորդմամբ՝ ձերբակալվել է մեկ անձ 2022-2024 թվականներին 624 միլիոն դոլարի և 35 միլիոն եվրոյի լվացման (օրինականացման) մեղադրանքով : Ձերբակալվածի ինքնությունը դատախազությունը դեռևս չի բացահայտում, սակայն Pirveli հեռուստաալիքը պնդում է, որ նա «Fini» ընկերության տնօրեն Կախա Կոտորաշվիլին է:
Հետաքննության վարկածի համաձայն՝ ձերբակալվածը, գործելով հանցավոր խմբի հետ համաձայնությամբ, կանոնավոր կերպով ապահովել է չփաստաթղթավորված արտարժույթի ներկրումը երկիր՝ այդ նպատակով օգտագործելով տրանսպորտային միջոցների հատուկ գաղտնի վայրերն ու շրջանցելով մաքսային ընթացակարգերը: Դրանից հետո գումարները հայտնվել են իրեն պատկանող արտարժույթի փոխանակման կետերում:
Քննչական մարմինը նաև հայտնում է, որ ձերբակալվածը տարբեր ժամանակներում բանկեր է հանձնել վերոհիշյալ եղանակով հավաքված արտարժույթը՝ ներկայացնելով այն որպես օրինական եկամուտ, ինչի հաստատման համար տրամադրել է ծագման վերաբերյալ կեղծ տվյալներ:
Փոխարկման արդյունքում ստացված դրամական միջոցներն անցել են օրինական շրջանառություն՝ այլ անձանց փոխանցման և հետագա իրացման, ինչպես նաև անշարժ և շարժական գույքի ձեռքբերման միջոցով:
Խոշոր չափերով փողերի լվացման համար քրեական հոդվածը նախատեսում է մինչև 12 տարվա ազատազրկում։
Pirveli հեռուստաալիքն առաջ է քաշում այն վարկածը, որ ձերբակալվածը (ենթադրաբար՝ Կախա Կոտորաշվիլին) և նրա ընկերությունը միայն կատարողներ են եղել, գումարները պատկանել են մեկ այլ անձի:
Ընդդիմությունը կարծում է, որ ապօրինի արտարժույթը Վրաստան է բերվել, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանից, և որ, ընդհանուր առմամբ, խոսք է գնում «ռուսական հանցավոր փողերի» լվացման մասին:
Այդ վարկածին է հակված նաև քաղաքագետ Գիա Խուխաշվիլին: Նրա կարծիքով՝ վրացական կառավարությունն այս ամբողջ ընթացքում տեղեկացված է եղել կատարվող գործողությունների մասին:
«Դա Ռուսաստանի տնտեսական ռազմավարությունն էր՝ կեղտոտ փողերի օգտագործմամբ, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հաջողված հատուկ գործողությունն էր»,— հայտարարել է Խուխաշվիլին Palitranews գործակալության հետ զրույցում:
Նրա խոսքով՝ կառավարությունն ու բոլոր համապատասխան գերատեսչությունները պատասխանատու են Վրաստանում «ռուսական՝ անննախադեպ ծավալի փողերի» լվացման համար:
Խուխաշվիլիի դիտարկմամբ՝ դրան մասնակցել են նաև Ազգային բանկն ու մյուս առևտրային բանկերը:
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին իր հերթին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին «Վրաստանը վերածել է կեղտոտ ռուսական փողերի լվացքատան»: Սամադաշվիլին համոզված է, որ հանցագործությունը պատվիրվել է քաղաքական ամենաբարձր մակարդակով:
Ի դեպ, «Լելո»-ի հիմնադիրներից մեկը՝ Մամուկա Խազարաձեն Վրաստանի ամենախոշոր բանկերից մեկի՝ TBC Bank-ի համահիմնադիրն է: