18 ամիս՝ 24-ի փոխարեն․ ՀՀ-ում առաջարկում են կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը
Զինծառայության ժամկետի կրճատման շուրջ քննարկում ՀՀ-ում
Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ գործող 24 ամսվա փոխարեն։ Որոշման նախագծի համաձայն՝ փոփոխությունն ուժի մեջ կմտնի սկսած 2026 թվականի ամառային զորակոչից։ Նշվում է, որ այն չի տարածվի 2026 թ․-ի հուլիսի 1-ի դրությամբ ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:
Նախագիծը հանրային քննարկման է դրված։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում այս պահի դրությամբ դրան կողմ է քվեարկել 195 քաղաքացի, դեմ՝ 50։
Փորձագիտական շրջանակներում նույնպես թեման ակտիվորեն քննարկվում է։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ՝ առաջարկվող փոփոխությունը պետք է դիտարկել 2026 թ․-ին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանի կարծիքով՝ ՊՆ որոշումը կարող է ունենալ «երկակի նշանակություն»։
«Մի կողմից, այն կարող է արտահայտել բանակային բարեփոխումների նոր մոտեցում։ Այն է՝ զորանոցային երկարատև ծառայության փոխարեն շեշտը դնել պատրաստության որակի վրա և ստեղծել ավելի հավասարակշռված զինված ուժեր։ Մյուս կողմից, այն կարող է լինել ներքաղաքական քայլ և կառավարության քաղաքական ռազմավարության մաս՝ ուղղված հասարակական լարվածության նվազեցմանը և սեփական առաջադիմականության ցուցադրմանը՝ որպես հին, խորհրդային մոտեցումներից հրաժարվելու և արդիականացմանն իրենց նվիրվածության ապացույց»,- ասել է նա Civilnet-ին։
Որոշման նախագծի մանրամասները, փորձագետների և քաղաքացիների մեկնաբանությունները
- «ՀԱՊԿ-ի համար Ադրբեջանը միշտ եղել է նույնքան եղբայրական պետություն, որքան ՀՀ-ն»․ Փաշինյան
- «Ոչ մի օտար զորք Հայաստանում»․ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին
- Հայաստանում կանխվել է պետական հեղաշրջման իրագործում․ հրապարակված են ապացույցներ
Ի՞նչ է ասված նախագծի հիմնավորման մեջ
ՊՆ-ն հղում է անում ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրին, որով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ պայմանագրային ծառայության աճին զուգահեռ:
«Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը»,- ասված է հիմնավորման մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով է գործադիրը նպատակահարմար գտել առաջարկել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով:
Փորձագիտական կարծիքներ
Ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանի դիտարկմամբ՝ երկամյա պարտադիր զինծառայության մոդելը արդեն հնացած է։ Ասում է՝ այն խորհրդային բանակի համալրման համակարգի ժառանգությունն է, որտեղ հիմնական չափորոշիչը զորակոչիկների քանակն էր, ոչ թե որակը։
Առաքելյանն արձանագրել է՝ ժամանակակից զինված հակամարտությունները ցույց են տվել` առավելությունը ոչ թե զորքերի քանակն է, այլ պրոֆեսիոնալիզմը, ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետումը և բարձր մոտիվացիան:
Հիշեցնում է՝ Հայաստանի հարևան երկրները ակտիվ զինված ուժերի բարեփոխումներ են իրականացնում, զարգացնում պայմանագրային ստորաբաժանումներն ու նոր տեխնոլոգիաներ ներդնում․
«Այս պայմաններում բանակը հին մոդելի մեջ պահելը նշանակում է գնալ ժամանակակից չափանիշներից հետ մնալու ռիսկի ճանապարհով»։
Փորձագետի գնահատմամբ՝ անցումը կարճաժամկետ ծառայության ՀՀ-ին կարող է թույլ տալ շարժվել դեպի ավելի մարտունակ բանակ, սակայն միայն այն դեպքում, եթե առաջնահերթ դառնա «ինտենսիվ պատրաստության մոդելը»։
Առաքելյանի պարզաբանմամբ՝ այդ մոդելը ենթադրում է զինվորի պատրաստման ընթացքի ամբողջական վերանայում, գործնական հմտությունների զարգացում․
«Ինտենսիվ դասընթացը պետք է ժամկետային ծառայությունը վերածի ժամանակակից զինվորի ձևավորման գործուն փուլերի, որն ի վիճակի կլինի մասնակցել իրական մարտական գործողությունների»։
Ըստ նրա՝ ծառայությունը պետք է ներառի ոչ միայն մարտական և տակտիկական պատրաստություն, այլև՝
- ժամանակակից տեխնոլոգիաների յուրացում՝ (անօդաչու թռչող սարքեր և հակաԱԹՍ համակարգեր, հետախուզական միջոցներ, թվային կապ),
- առաջին բուժօգնության ուսուցում մարտական պայմաններում,
- ժամանակակից նավիգացիոն և իրադրային իրազեկման համակարգերի կիրառություն,
- որոշ տեսակի բարձր ճշգրտությամբ սպառազինության օգտագործման հիմունքներ։
Կարծում է՝ ծառայության ժամկետի կրճատումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև զորակոչից խուսափելու խնդրի վրա․
«Ավելի կարճ և ինտենսիվ ժամկետը կարող է ընկալվել ոչ թե որպես «կորսված տարիներ», այլ որպես արդյունավետ և օգտակար փուլ, ինչը, իր հերթին, կարող է նվազեցնել խուսափողների թիվը»։
Էդուարդ Առաքելյանը պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման համար առանցքային պայման է համարում նաև բանակի համալրումը պայմանագրային զինծառայողների հաշվին։ Ասում է՝ դրա համար պայմանագրային ծառայությունը պետք է դառնա «գրավիչ, կայուն և պրոֆեսիոնալ աշխատանք»։
«Անհրաժեշտ է ապահովել [պայմանագրային] զինծառայողների սոցիալական պաշտպանության հուսալի համակարգ․ արժանապատիվ աշխատավարձեր, բնակարանով ապահովում, նրանց ընտանիքների համար ընդլայնված արտոնություններ, ինչպես նաև բժշկական սպասարկման և կարիերայի առաջընթացի երաշխիքներ»,- նկատում է նա։
Վստահ է՝ 18-ամսյա պարտադիր զինծառայության անցումը կարող է հանգեցնել ավելի պրոֆեսիոնալ և մարտունակ բանակի ստեղծման, եթե լինի ոչ թե ձևական փոփոխություն, այլ հաշվարկված քայլ։
«Այս բարեփոխման հաջողության շուրջ դեռ կան կասկածներ, քանի որ այսօր ՀՀ-ի Զինված ուժերի բարեփոխումը ներկայացվում է որպես տարբերակված նախաձեռնությունների շարք՝ առանց միասնական ռազմավարության տեսանելիության և հաճախ ներքաղաքական ենթատեքստով։ Ամեն ինչ կախված է իրական, համակարգային քայլերից՝ քիչ ձև և ավելի շատ որակ ու իրական մարտունակություն»,- ամփոփել է ռազմական փորձագետը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասում է՝ տարբեր երկրներում ծառայության ժամկետը տարբեր է։ Մասնավորապես՝ կան երկրներ, որտեղ ընդհանրապես չկա պարտադիր զինվորական ծառայություն, հավաքագրումը տեղի է ունենում պրոֆեսիոնալության կամ կամավորության հիմքով:
«Մեդիալաբի» հետ զրույցում Սուրենյանցը նկատել է՝ կարելի է անել բանակի հետ կապված ցանկացած բարեփոխում, սակայն նախ անհրաժեշտ է ճշտել՝ ինչպիսի բանակ է պետք, ունենալ բանակի զարգացման հայեցակարգ։ Քաղաքագետը նման հայեցակարգի գոյության մասին տեղյակ չէ։
Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ընդունման պարագայում օրինագիծն առաջին անգամ կիրառվելու է 2026 թ․-ի ամառային զորակոչի ընթացքում․
«Սա իմ մեջ վստահություն է առաջացնում, որ այս ամենն ունի նախընտրական տրամաբանություն, կաշխատի՝ կաշխատի, հետո չի աշխատի՝ ինչ-որ պատճառաբանությամբ կչեղարկեն»։
Չի բացառում, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե «խաղաղության փուլ ենք թևակոխում, հետևաբար մեզ երկարաժամկետ ծառայություն պետք չէ»։
Քաղաքացիների մեկնաբանությունները
E-draft.am հարթակում նախագծին կողմ/դեմ քվեարկած քաղաքացիները նաև մեկնաբանություններով են հանդես եկել։
Կողմ քվեարկողները գրել են․
«Գաղափարը ողջունելի է, քանի որ կազմավորվելու է ավելի պրոֆեսիոնալ բանակ։ Սակայն հանուն արդարության և հավասարության ավելի արդարացի ու ողջամիտ կլինի օրենքի անցումային դրույթներում սահմանել, որ օրենքը կիրառվի արդեն իսկ տվյալ պահին ծառայության մեջ գտնվող անձանց վրա՝ որոշակի ժամկետով։ Հակառակ դեպքում պատկերացնենք իրավիճակ՝ տվյալ ժամանակում զորացրվում է 2 անձ, որոնցից մեկը ծառայել է 18 ամիս, մյուսը՝ 24 ամիս։ Ստացվելու է անհավասար իրավիճակ»։
«Վաղուց էր պետք։ Լավ է ուշ, քան երբեք: Նույնիսկ մեկ տարի պետք է լինի, դրա փոխարեն բարձրացնելով աշխատավարձերը»։
«Այո։ Հիանալի որոշում է, քանի որ սա ավելի է մոտիվացնում բանակ գնալուն։ Միանշանակ, այո»։
«Միանշանակ կողմ եմ։ Պետք է շեշտադրում կատարել ոչ թե զինծառայության տևողությանը, այլ որակին։ Ժամանակակից աշխարհում առաջնահերթությունը տրվում է ժամանակակից տեխնիկական և տակտիկական միջոցներով հագեցած մոբիլ ջոկատներին։ Կողմ լինելով նախագծին՝ առաջարկում ժամկետային և զորահավաքային օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք կնպաստեն զինված ուժերի համապատասխանությանը ժամանակակից մարտահրավերներին։
Զինծառայողները իրենց պետք է կտրված չզգան քաղաքացիական կյանքից, միևնույն ժամանակ ծառայությունը պետք է լինի նպատակային։ Առաջարկում եմ մեծացնել զինվորներին հատկացվող արձակուրդների թիվը։ Միևնույն ժամանակ ավագ դպրոցներից սկսել պատանիների զինծառայությանը նախապատրաստման, ֆիզիկական ակտիվություն խթանման, մարտավարության ուսուցանման աշխատանքներ»։
Դեմ քվեարկողները այսպես են պարզաբանել իրենց մոտեցումը․
«Կտրականապես դեմ եմ զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը։ Այն իր մեջ ներառում է ծայրահեղ վտանգավոր երևույթներ։ Չեմ կարող մանրամասն թվարկել, որովհետև ոչ բարեկամ երկրները կարող են հետևություն անել»։
«Արդեն սկսել են Հայաստանի դեմիլիտարիզացիան Ալիևի հրամանով։ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է բանակը, որում ոչ մի պատիվ ունեցող մարդ երևի արդեն չի մնացել, եթե այս ամենը գլուխները կախ կատարում են։ Ասեմ այսպես, Ադրբեջան կոչվածը վաղ, թե ուշ սկսելու է պատերազմ, և այդ պատերազմում մեռնողը դուք եք: Եթե ձեզ դա ձեռք է տալիս, շարունակեք նույն կերպ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Զինծառայության ժամկետի կրճատման շուրջ քննարկում ՀՀ-ում