«ՀԱՊԿ-ի համար Ադրբեջանը միշտ եղել է նույնքան եղբայրական պետություն, որքան ՀՀ-ն»․ Փաշինյան
Փաշինյանը՝ Ադրբեջան-ՀԱՊԿ եղբայրության մասին
«Մեր պատկերացումը եղել է այն, որ մեր արտաքին անվտանգային խոցելիությունները նվազեցնելու առաջնային գործիքները ռազմաքաղաքական դաշինքներն են և բանակը։ Բայց պատմությունը եկավ ապացուցելու, որ այդ բանաձևը չաշխատեց»,- այսօր «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանի հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքն արձանագրել է՝ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանը։
Ընդգծել է՝ այդ արձանագրումը եղել է միշտ և հավելել՝ «այլ բան` մենք այն նկատե՞լ ենք, չնկատելո՞ւ ենք տվել կամ մտածել ենք, որ այդ արձանագրումն ամենակարևոր բանը չէ»։
ՀՀ-ի վարչապետն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը։
«ՌԴ նախագահը վերահաստատել է դա՝ ասելով, որ ԼՂ-ի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է և միշտ էլ համարվել է այդպիսին»,- նկատել է Փաշինյանը՝ հիշեցնելով Վլադիմիր Պուտինի՝ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմին հաջորդած ելույթները։
Նրա դիտարկմամբ՝ արտաքին անվտանգային խոցելիությունները նվազեցնելու առաջնային՝ ռազմաքաղաքական դաշինքների գործիքը չի աշխատել ոչ միայն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի համատեքստում, այլև դրանից հետո՝ 2021 թ․-ի մայիսին և 2022 թ․-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել էին Հայաստանի ինքնիշխան տարածք։
Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ վերջին տարիներին Հայաստանի՝ անվտանգության ապահովման պատկերացումներում «էական հանգամանքներ» են փոխվել, երկիրը որդեգրել է նոր ռազմավարություն։
Մանրամասները՝ ստորև
- «Հայաստանն այսօր ամենապակաս խոցելի վիճակում է»․ Փաշինյան
- «Մոսկվան փորձում է ՀՀ-ում «Իվանիշվիլի-2» գործողություն իրականացնել»․ հայ քաղաքագետ
- «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության համար»․ Փաշինյան
Գործող բանաձևը չաշխատեց
Նման արձանագրում է արել կառավարության ղեկավարը՝ խոսելով Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա ադրբեջանական հարձակումների և ՀԱՊԿ արձագանքի մասին։
«Երբ ՀՀ-ն իր տարածքային ամբողջականության խախտման բերումով դիմեց ՀԱՊԿ-ին, արձագանքը թե՛ առաջին, թե երկրորդ՛ [2021 թ․-ի մայիսին և 2022 թ․-ի սեպտեմբերին] դեպքում հետևյալն էր՝ կարծես թե սահմանները դելիմիտացված չեն և հետևաբար հարց է՝ արդյո՞ք եղել է ներխուժում Հայաստանի տարածք, թե՞՝ ոչ»,- հիշեցրել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բանաձևի չաշխատելուց հետո Երևանը ստիպված էր առերեսվել մի պարզ հարցի՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը, կառույցի անդամ երկրների կառավարությունները ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Կարծում է՝ կարևոր էր նաև հասկանալ, թե որն է այն տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում է ինքը՝ Հայաստանի Հանրապետությունը։
«Եթե դու ճանաչում ես քո տարածքային ամբողջականությունը մի կերպ, իսկ քո անվտանգության առանցքային համակարգը՝ բոլորովին այլ կերպ, նշանակում է՝ այս երկու ընկալումների արանքում կորցնում ես քո տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա և հավելել, որ ադրբեջանական հարձակումներից հետո, ըստ էության, հենց դա էլ տեղի է ունեցել։
Շրջադարձային կետ․ լեգիտիմությունը՝ անվտանգության ապահովման գործիք
Վարչապետի փոխանցմամբ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կազմակերպված քառակողմ հանդիպման ժամանակ տեղի է ունեցել «կարևորագույն խոսակցություն»։
«Նախ մենք պետք է կողմնորոշվեինք՝ որն է մեր տարածքային ամբողջականությունը։ Եվ որոշեցինք հենվել անառարկելի լեգիտիմության՝ Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Տեղի ունեցավ շրջադարձային իրադարձություն։ Պրահայում ՀՀ-ն ու Ադրբեջանը ձեռք բերեցին ոչ հռչակագրային, քաղաքական համաձայնություն, որ պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա»,- պատմել է նա։
Վարչապետի համոզմամբ՝ Պրահայում ձեռքբերված համաձայնությունը փոխել է Հայաստանի ողջ ռազմավարությունը, անվտանգության ապահովման առաջնային գործիք դարձրել լեգիտիմությունը․
«1991 թ․-ի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ-ի 29․743 քառակուսի կմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի և այդ տարածքը ներառող սահմանների թե՛ ներսից, թե՛ դրսից անձեռնմխելիություն։ Այս հայեցակարգի վրա հենեցինք մեր անվտանգությունը»։
Փաշինյանը վստահեցրել է՝ կառավարությունը հետևողականորեն իրականացնում է այս նոր ռազմավարությունը և ընդգծել՝ առանց դրա որդեգրման «տևական, ինստիտուցիոնալ խաղաղությունը» պարզապես հնարավոր չէր լինի։
Ասում է՝ 2022 թ․-ի աշնանը որդեգրած ռազմավարությունն արդեն իսկ տվել է իր արդյունքները։ Օրինակ է բերում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը՝ որպես ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված և վավերացված առաջին երկկողմ փաստաթուղթ։
«Հիմա այդ ռազմավարությունն ավելի է ամրապնդվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրով և խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ։ Սրանք առանձին սպոնտան գործողություններ չեն։ Այն, ինչ անում ենք արտաքին միջավայրի հետ, կապված է բացառապես անվտանգության [ապահովման] լեգիտիմության ռազմավարության հետ»,- հայտարարել է նա։
Բանակը պետք է լինի անվտանգության ապահովման վերջին միջոցը
Փաշինյանի փոխանցմամբ՝ նախկինում պաշտոնական Երևանի դիրքորոշումը հետևյալն էր՝ «մեզ պետք է ուժեղ բանակ»։ Ասում է՝ այս բանաձևն իր հետ հարցեր է առաջ բերում՝ «ումի՞ց ուժեղ՝ 1-2 պայմանական հակառակորդի՞ց, ուժեղ դաշնակիցների հե՞տ, թե՞ առանց նրանց»։ Այժմ, ըստ նրա, Հայաստանը բանակի առաջ դնում է «վերաձևակերպված» խնդիր․
«Բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, խնդիր չունի։ Եվ բանակի խնդիրը ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։ Սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի պարագայում»։
Ըստ վարչապետի՝ այս ռազմավարությունը վերջին 2-3 տարվա ընթացքում տվել է շատ կոնկրետ, նույնիսկ «աներևակայելի արդյունքներ»։ Օրինակ է բերել զենքի և սպառազինության ձեռքբերման շուկաների աշխարհագրության ու հասանելիության ընդլայնումն ու հայտարարել՝ «այժմ ՀՀ-ի համար զենքի գնման շուկաներն անսահմանափակ են»։
«Որևէ երկիր մեզ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն սկսել-չսկսելու հարցը քննարկելիս մտավախություն չունի, որ այդ սպառազինությունը կարող է օգտագործվել ոչ լեգիտիմ նպատակներով»,- հայտարարել է նա։
Փաշինյանի խոսքով՝ որևէ մեկը չի կարող վիճարկել ՀՀ-ի՝ իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու հարցը, սակայն վիճարկումներ կարող են լինել, օրինակ՝ «պատմական արդարությունը վերականգնելու մղումների» նկատմամբ, որովհետև «պարզ չէ, թե ինչ է պատմական արդարությունը, որտեղ է սկսվում ու ավարտվում»։
Վարչապետի գնահատմամբ՝ եթե երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, դա նշանակում է՝ «անվտանգությունը բացակայում է կատարելապես»։
«Բանակը պետք է լինի անվտանգության ապահովման ամենավերջին գործիքը։ Եթե մենք ուզում ենք, որ բանակը մեզ պաշտպանի, նախ մենք պետք է զինվորին պաշտպանենք։ Բանակից առաջ մենք պետք է ունենանք անվտանգության հարյուր շերտ զինվորին և երկիրը պաշտպանելու համար»,- պարզաբանել է Փաշինյանը։
Ասում է՝ այժմ լեգիտիմությունն է երկրի անվտանգության ապահովման առաջին գործիքը, այդ հենքի վրա էլ կառուցվում են ՀՀ-ի անվտանգության ռազմավարությունները։
«Մեր խոսույթները, ձգտումները, նպատակները տեղավորում ենք մեր՝ միջազգայնորեն ճանաչված 29․743 քառակուսի կմ տարածքի սահմաններում։ Բացարձակապես ամեն ինչ կառուցում ենք մեր միջազգայնորեն ճանաչված սահմանների տրամաբանության մեջ։ Դա արժանանում է մեկ հիմնական արձագանքի [ընդդիմության կողմից], թե, իբր, դա անում ենք Ադրբեջանի, Թուրքիայի պահանջով։ Սա անվտանգություն հասկացության՝ իմ նշած շերտերը չտեսնելու հետևանք է»,- ամփոփել է վարչապետ Փաշինյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ Ադրբեջան-ՀԱՊԿ եղբայրության մասին