«Ջնջի՛ր, թե չէ ձեռքերդ կկտրենք». JAMnews-ի խմբագրին սպառնացել են Wildberries-ը քննադատելու համար
Սպառնալիքներ JAMnews-ի խմբագրի հասցեին
JAMnews-ի խմբագիրը սպառնալիքներ է ստացել այն բանի համար, որ քննադատական մեկնաբանություն է թողել միջազգային պատժամիջոցների տակ գտնվող ռուսական Wildberries առցանց հարթակի՝ Վրաստանում գործունեություն սկսելու մասին լուրի տակ։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չենք հրապարակում մեր գործընկերոջ անունը։
Չեչենական Զելիմխան Բորաև (Zelimxan Boraev) անունով տելեգրամի օգտատերը ինչ-որ կերպ պարզել է Թբիլիսիում նրա բնակության վայրը, մատնանշել կոնկրետ շրջանը և սպառնացել գնալ ու «ձեռքերը կտրել», եթե նա չջնջի իր մեկնաբանությունը։
Wildberries-ը առցանց հիպերմարկետ է, որը հիմնադրվել է Ռուսաստանում 2004 թվականին Վլադիսլավ և Տատյանա Բակալչուկների կողմից։ Այս առևտրային ցանցը վաճառում է գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ հագուստ, կոսմետիկա, սնունդ, կենցաղային տեխնիկա, ալկոհոլ, գրքեր։ Ընկերությունը Ռուսաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներից է և հայտնվել է արևմտյան պատժամիջոցների տակ՝ Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցելու համար։
Wildberries-ը և նրա տնօրենը ներառված են Ուկրաինայի և Եվրամիության անդամ Լեհաստանի սև ցուցակներում։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ ընկերության նախագահ Տատյանա Բակալչուկն աշխատում է առցանց վճարումների նոր համակարգ ստեղծելու ուղղությամբ, համակարգ, որը ռուսական բանկերի համար կթեթևացնի Swift-ից անջատման հետևանքով առաջացած դժվարությունները։
Հոկտեմբերի 23-ին վրացական սոցիալական ցանցերում տարածվեց ռուսական Wildberries ընկերության՝ տեղական շուկա մուտք գործելու մասին լուրը։
Նույն օրը այդ մասին գրել է ռուսական Paper Kartuli առցանց պարբերականի տելեգրամյան ալիքը։ Պարբերականը գործունեություն է ծավալում Վրաստանում: JAMnews-ի խմբագիրը պատմում է, որ քննադատական մեկնաբանություն է թողել այս ալիքում, մասնավորապես՝ Wildberries-ի մասին լուրի տակ․
«Հրապարակման մեջ նշվում էր, որ Wildberries-ը սկսել է գործել Վրաստանում, բայց չէր նշվում, որ ընկերությունը գտնվում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ, քանի որ մասնակցում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ֆինանսավորմանը։ Ես մեկնաբանության մեջ գրեցի, թե ինչու են լռել այս կարևոր փաստի մասին և հարց տվեցի՝ ինչպե՞ս են նրանք նման լուրեր գրում՝ գտնվելով մի երկրում, որի մի մասն օկուպացված է Ռուսաստանի կողմից»։
Այս մեկնաբանությունից 20 րոպե անց նրան անձնական հաղորդագրություն է գրել Զելիմխան Բորաև (Zelimxan Boraev) անունով մեկը․
«Ջնջի՛ր Wildberries-ի մասին հաղորդագրությունը, թե չէ ձեռքերդ կկտրենք, որ էլ չգրես։ Դու * -ում ես ապրում, այնպես չէ՞»,- գրել է Բորաևը։
«Հաջորդ հաղորդագրության մեջ նա արդեն նշեց Թբիլիսիի այն շրջանը, որտեղ ես ապրում եմ։ Հաշվի առնելով, որ նա Paper Kartuli-ի չատի անդամ է, հավանաբար, գտնվում է Վրաստանում»,- պատմում է խմբագիրը։
Նրա խոսքով՝ սկզբում դիմել է Paper Kartuli-ի աջակցության ծառայությանը։ Սակայն այնտեղ «միայն ափսոսանք են հայտնել և տեղեկացրել, որ սա իրենց բաժանորդագրված անձանց հասցեին սպառնալիքների առաջին դեպքը չէ»։
Դրանից հետո JAMnews-ի խմբագիրը դիմել է ոստիկանություն։
«Գործընկերոջս հետ չորս ժամ անցկացրինք Հին քաղաքի բաժանմունքում՝ անընդհատ կրկնելով պատմության բոլոր մանրամասները։ Ոստիկանությունը խոստացավ գործը փոխանցել քննիչին, և հիմա մենք սպասում ենք արդյունքների։ Հաջորդ օրը ես կապ հաստատեցի ուկրաինական հյուպատոսության հետ [JAMnews-ի խմբագիրը ուկրաինուհի է], իսկ ֆրանսիացի հարևանուհիս՝ իր երկրի հյուպատոսության հետ։ Փորձեցինք ուշադրություն հրավիրել իրավիճակի վրա»,- պատմում է նա։
Սպառնալիքներն ուղարկելուց անմիջապես հետո Բորաևը ջնջել է նամակագրությունը և որպես ավատար տեղադրել ռուսական մեմի էկրանակադր։
Միջազգային ԶԼՄ-ներում աշխատող գործընկերների օգնությամբ մենք սկսեցինք լրագրողական մեթոդներով պարզել սպառնացողի ինքնությունը․
«Պարզվեց, որ նա մի քանի անգամ փոխել է իր անունը տելեգրամում։ Նախկինում եղել է General Ivonker և SchutzStaffel։ Նրա հաշիվը գրանցված է 2022 թվականի ապրիլից, անդամակցել է «Rusi u Zemunu» և «Toyota Celica Russia» խմբերին։ Հավանաբար նա որոշ ժամանակ ապրել է Սերբիայում, քանի որ ակտիվ է եղել ռուսական սփյուռքի տեղական չատերում»։
Այս պատմության մեջ հատկապես մտահոգիչ է չեչենական հետքը, քանի որ չեչենները՝ Կադիրովի գլխավորությամբ, ակտիվորեն ներգրավված են այս ընկերության «վերակազմակերպման»՝ Wildberries-ը Russ ընկերության հետ միավորելու վերաբերյալ կորպորատիվ վեճում։
Այս գործում ներգրավված է ռուսական կառավարության ամենաբարձր օղակը, այդ թվում՝ ինքը՝ Պուտինը։ Հարցը հասել է նաև զինված բախման, 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Մոսկվայում՝ Wildberries-ի գլխավոր գրասենյակի մոտ հանցավոր խմբավորումների միջև հրաձգություն է տեղի ունեցել:
Այդ ժամանակ զոհվել է երկու պահակ, յոթ մարդ վիրավորվել է։ Այս իրադարձություններում նույնպես ակտիվորեն ներգրավված են եղել չեչենները։
JAMnews-ը մեծ ուշադրությամբ սպասում է մեր խմբագրին սպառնալու փաստով Վրաստանի ոստիկանությունում մեկնարկած քննության արդյունքներին։