Բաքուն հաղթեց, հայերը լքում են ԼՂ. էլ ի՞նչ սպասել, հակամարտության կողմերի կարծիքները
Ինչ է սպասվում Լեռնային Ղարաբաղում
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտվե՞լ է։ Այս հարցը քննարկում են ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններն ու փորձագետները։ Բաքուն տոնում է հաղթանակը, իսկ արցախցիները լքում են իրենց տները, ոմանք ընդմիշտ հրաժեշտ տալով հայրենիքին, մյուսները՝ վերադառնալու ակնկալիքով։
Էլ ի՞նչ սպասել, ի՞նչ են ակնկալում մարդիկ։ Այս մասին տեսանյութում պատմում են Երևանի և Բաքվի բնակիչները, իրենց կանխատեսումներով կիսվել են հայ և ադրբեջանցի վերլուծաբանները։ JAMnews-ի լրագրողներին հաջողվել է նաև զրուցել արցախցիների հետ՝ մի կնոջ, որը պատմել է, թե ինչ իրավիճակ է ԼՂ-ում, որտեղ մարդիկ ուզում են ժամ առաջ մեկնել Հայաստան, և մի լրագրողի, որն արդեն Գորիսում է։
- 2024 թ․-ի հունվարի 1-ից ԼՂՀ-ն կդադարի գոյություն ունենալ
- «Բաքուն ԼՂ-ի հարցը կդարձնի ՌԴ և Արևմուտքի հետ սակարկությունների առարկա»․ կարծիք
- Ռուբեն Վարդանյանը 4 ամսով կալանավորվել է
- «Բաքուն կփորձի հայերին պահել ԼՂ-ում՝ որպես թանգարանային նմուշ»․ կարծիք
«Ամենակարևորը հիմա կապն է ու հացը». երկու պատմություն Արցախից
Հեղինակ՝ Արմինե Մարտիրոսյան, Երևան
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տասնամյակներ շարունակ ուղեկցվել է ռազմական գործողությունների և հրադադարի փուլերով: Այստեղ հայկական բնայչության նկատմամբ մեկ անգամ չէ, որ էթնիկ զտումներ են իրականացվել՝ սկսած ԽՍՀՄ ժամանակներից, ու մարդիկ տեղահանության են ենթարկվել։ Բայց հայերը շարունակել են ապրել այս հողի վրա։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը, որն իրականացվեց 10 ամիս շարունակվող շրջափակումից հետո, արմատապես փոխեց իրավիճակը։
«Ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը»,- հայտարարել է Արցախի ղեկավարությունը։
ԼՂ բնակիչները զանգվածաբար սկսեցին հեռանալ սեպտեմբերի 24-ին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակումից անմիջապես հետո։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, թե «ոչ ոք չի ստիպում հայերին լքել Ղարաբաղը, և դա յուրաքանչյուրի անձնական և անհատական որոշումն է»։
Այս պնդմանն արձագանքել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը՝ թվարկելով մարդկանց հեռանալու պատճառները.
- «Մարդիկ հեռանում են, քանի որ նրանց վրա հարձակվում են ադրբեջանցի զինվորականները:
- Մարդիկ հեռանում են, քանի որ նրանց քաղաքներն ու գյուղերը օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
- Մարդիկ հեռանում են, քանի որ ոչ միջազգային հանրությունը, ոչ էլ Ադրբեջանը չեն երաշխավորում նրանց իրավունքներն ու անվտանգությունը։
- Մարդիկ հեռանում են, քանի որ Ադրբեջանը 10 ամիս շարունակ շրջափակման մեջ է պահել 120.000 մարդու, այդ թվում՝ 30.000 երեխաների, սովամահ արել նրանց էթնիկ զտումների իր քաղաքականության շրջանակներում։
- Մարդիկ հեռանում են, քանի որ 2016-2020 թվականներին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների համար ոչ ոք չի պատժվել, և չկա որևէ երաշխիք, որ այդ մարդկանց գլխատողները ազատ չեն շրջի այս տարածքներում՝ նոր զոհերի գլխատելու համար»:
Իսկ ի՞նչ են ասում իրենք՝ արցախցիները, ստեղծված իրավիճակի մասին։ Նրանցից երկուսը կիսվել են իրենց պատմություններով, խոսել իրենց ապրումների և ապագա պլանների մասին:
Արշալույս Հարությունյան, Ստեփանակերտի բնակիչ
Հաղորդակցություն և հաց
«Կառավարության շենքը Ստեփանակերտում այն քիչ վայրերից մեկն է, որտեղ կարելի է լիցքավորել հեռախոսը։ Ես այստեղ եմ վաղ առավոտից՝ արդեն 7 ժամից ավելի՝ մեր ընտանիքի անդամների և հարևան տատիկի երեք հեռախոսներով։
Այստեղ շատ մարդիկ են գալիս։ Մեծ հաջողություն էր, որ ինձ հաջողվեց դատարկ վարդակ գտնել։ Շատ հեռախոսներ հին են և արագ են կորցնում լիցքավորումը, ու դա նշանակում է, որ դրանք պետք է ամեն օր լիցքավորել: Իսկ ես նաև մանկական սենյակի լամպն եմ լիցքավորում։
Մինչ նյութը պատրաստվում էր հրապարակման, տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանը խափանել է «Ղարաբաղ Տելեկոմ» կապի օպերատորի աշխատանքը, ըստ էության, ԼՂ բնակիչներին թողնելով առանց բջջային կապի։ Ադրբեջանցիները Ստեփանակերտում մոտ 50 մետրանոց խաչ են ոչնչացրել, որը ծառայում էր նաև որպես բջջային կապի աշտարակ։ Այժմ Լեռնային Ղարաբաղը լքած հայերը կորցրել են կապը իրենց հարազատների հետ, որոնք սպասում են հեռանալու իրենց հերթին։
Արշալույսի հետ հասցրել ենք խոսել մինչ այն պահը, երբ կապն ընդհատվեց։
Ցավոք, այսօր power bank-ը լիցքավորել չի հաջողվի, քանի որ պետք է գնալ քաղաք՝ հաց փնտրելու: Առավոտյան հայտնեցին, որ այսօր հաց հնարավոր է գնել միայն երկու տեղից, բայց ընկերներս զգուշացրին՝ արդեն միայն մեկ։ Պատկերացնում եմ՝ ինչ սարսափելի հերթ է այնտեղ, բայց մենք արդեն մեկ շաբաթ է, ինչ առանց հացի ենք, ստիպված եմ կանգնել։
Կապն ու հացը հիմա մեզ համար ամենաանհրաժեշտ բաներն են։ Մեկ էլ պետք է հասնել նրան, որ բոլոր արցախցիները կարողանան մեկնել Հայաստան։ Բայց արդյո՞ք դա կանեն տեղական իշխանությունները, մեծ հարց է։ Ի վերջո, ռուսներին պետք է մեր ներկայությունը, որպեսզի շարունակեն իրենց զորքերն այստեղ պահել, իսկ Արցախի իշխանությունները դժվար թե դեմ գնան Ռուսաստանի շահերին։ Մենք բոլորս պատանդ ենք»:
Ադրբեջանցիների հետ համակեցությունը ֆանտաստիկայի ժանրից է
«Մենք միանշանակ որոշում կայացրինք հեռանալ, որքան էլ դժվար է մեր հողը լքելը։ Այս փուլում հայերի և ադրբեջանցիների համակեցությունը, հատկապես Ադրբեջան պետության կազմում, անհնար է։
Ծիծաղելի և զզվելի է լսել ուժային կենտրոնների տարբեր ներկայացուցիչների ելույթները, երբ նրանք գոհունակություն են հայտնում Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ հանգուցալուծման և մեր ժողովուրդների միջև խաղաղության դարաշրջանի մեկնարկի կապակցությամբ։
Եթե նրանք իսկապես ցանկանային նպաստել հայ-ադրբեջանական հաշտեցմանը, ապա բոլորովին այլ ճանապարհով կգնային։ Դա շատ երկար ու դժվարին ճանապարհ է, սերունդներ պետք է փոխվեն, պետք է հայտնվի ժողովրդավարական իշխանություն, որը հայատյացությունից անցում կկատարի կառուցողական մարդկային երկխոսության։
Բայց հիմա դա ֆանտաստիկայի ժանրից է, և մենք ունենք ևս մեկ ցեղասպանություն, ոչ թե «հաշտեցման» ցանկություն։ Ավելին, ցեղասպանությունն ուղեկցվում է անթաքույց հայատյաց հռետորաբանությամբ, ճնշելու և ինքնահաստատվելու, Ղարաբաղյան առաջին պատերազմում կրած պարտության վրեժը լուծելու մտադրությամբ, պատերազմ, որը հենց իրենք էին սանձազերծել։
Եվ հետո դժվար չէ պատկերացնել հայերի կյանքի որոշ ասպեկտներ Ադրբեջանի կազմում։ Օրինակ, դպրոցում երեխաներին կհավատացնեն, թե Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական մշակութային և պատմական բոլոր հուշարձաններն ու եկեղեցիներն իրականում ալբանական են։ Եվ որպես նորագույն պատմության դասընթացի մի մաս մեր երեխաները ստիպված կլինեն դատապարտել «հայկական անջատողականությունը» և փառաբանել ադրբեջանական հաղթած ասկյարին։
Էլ չեմ խոսում այն մասին, որ հայ երիտասարդները այս պետության բոլոր քաղաքացիների հետ միասին գնալու են բանակ, և Հայաստանի հետ հերթական ռազմական հակամարտության ժամանակ նրանք պարտավոր կլինեն կատարել համապատասխան հրամանները։
Դեռ կարելի է հասկանալ, երբ միայնակ ծերերն են խոսում իրենց հողում մնալու ու այնտեղ մեռնելու մասին։ Բայց երիտասարդների ու երեխաների համար այստեղ կյանք չի կարող լինել»։
Կարևորը՝ Արցախից ողջ դուրս գալն է
«Մենք գնալու ենք Հայաստան՝ բացարձակ չպատկերացնելով վաղվա օրը։ Կփորձենք Երևանի ծայրամասում ինչ-որ տեղ տուն վարձել, մի քանի ընտանիքներով կլինենք, որ տան վարձը կարողանանք վճարել։ Թերևս սա միակ բանն է, որ կարելի է պլանավորել մոտ ապագայի վերաբերյալ։ Մենք այլ բան չենք կարող ծրագրել, չգիտենք, թե ինչ կլինի։ Գլխավորն այստեղից ողջ դուրս գալն է։
Մարութ Վանյան, լրագրող Ստեփանակերտից
Հին սովորությունները նոր իրականության մեջ
«Ես արդեն Գորիսում եմ։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սկսած պատերազմը, որին հաջորդեց վառելիքի պահեստի ողբերգական դեպքը, ստիպեց մեզ մոռանալ Արցախի 10-ամսյա շրջափակման մասին։ Վառելիքի պահեստի պայթյունն ավելի ծանր հետք թողեց, քան արկերի պայթյունները, որոնց ձայնը դեռ ականջներումս է։
Տասը ամսվա ընթացքում առաջին անգամ լոգանք ընդունեցի ցնցուղի տակ, շրջափակման ժամանակ ջուր էինք տաքացնում, հարմարեցնում լույսի գրաֆիկին։ Սա, իհարկե, չլվաց ու չսրբեց դժվարություններն ու ուսերիս բեռը, բայց հարմարավետության ինչ-որ տարօրինակ զգացում տվեց»:
Քաոս ճանապարհին
«Ստեփանակերտից ճանապարհ ընկնելիս մեզ հետ շատ բան չէինք վերցրել, մտածում էինք, որ մի քանի ժամից Գորիսում կլինենք։ Մեքենայում միայն շոկոլադ կար։ Ինձ հյուրասիրեցին, թեև ես երբեք քաղցր չեմ սիրել։
Ճանապարհը շատ երկար էր․ քշում ես երկու մետր, սպասում երկու ժամ, քշում ես ևս երկու մետր, սպասում ես ևս երկու ժամ։ Այս սթրեսային իրավիճակում 25 ժամ ճանապարհին էինք։
Առանց որևէ չափազանցության պետք է ասեմ, որ չորս շարքով մեքենաների այս շարասյունը սկսվում էր Ստեփանակերտի եկեղեցուց մինչև Հակարի կամուրջ և շարունակվում ավելի քան 60 կմ: Մարդկանց մեքենաների արանքում բեռնատարներ էին, երբեմն նաև դրանց ամրացված անսարք մեքենաներ և տրակտորներ։ Երեխաները լաց էին լինում, մարդիկ սոված էին, մրսում էին։ Միևնույն ժամանակ, ոչ ոք պարզապես չգիտեր, թե ինչ է սպասվում առջևում։ Կանցնե՞ս կամրջով, թե՞ ոչ, անցակետում ի՞նչ կլինի, որտե՞ղ ես քնելու։
Հանկարծ մոտակայքում ինչ-որ մեկը հաղորդագրություն ստացավ վառելիքի պահեստում պայթյունի զոհ դարձած երեխաների մասին։ Որոշ մարդկանց չուզեցին ճշմարտությունն ասել, և նրանք մինչև վերջ չհավատացին, որ սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Իսկ ինչ-որ մեկը այդ ամբողջ քաոսի մեջ, որոշեց վերադառնալ: Ես այնքան հոգնած էի այդ ամբողջ դժոխքի միջով անցնելուց հետո․ օրերով չէի քնել։ Ու քնեցի մեքենայի մեջ։ Տպավորություն էր, թե մղձավանջ եմ տեսնում, բայց բացեցի աչքերս, պարզվեց՝ իրականություն է»:
Առանց հերթի հաց և կոնֆետներ
«Հասանք Գորիս։ Առաջին բանը, որ աչքերս տեսան, հացի փուռն էր։ Պատկերացրեք՝ 5-6 կին հաց են թխում, իսկ հացի հերթ չկա։ Վերջին շրջանում Ստեփանակերտում հաց ընդհանրապես չկար։ Հազվագյուտ վայրերում վաճառվում էր այնպիսի հաց, որը կարող էր ատամներդ կոտրել, իսկ տարեցները բողոքում էին, որ պրոթեզով են ու չեն կարող այն ծամել։
Գորիսի սուպերմարկետում աչքերս բոցկլտացին, երբ դարակների վրա շարված օճառները տեսա։ Ես երբեք շոկոլադ չեմ սիրել, բայց փայլուն թղթով փաթափված այս կոնֆետներն ինձ հիպնոսացրին, երեխայի պես ուրախացել էի։
Միջազգային տարբեր լրատվամիջոցներ ինձ հաճախ էին խնդրում այս ընթացքում լուսանկարել Ստեփանակերտի խանութները։ Ես այնքան էի լուսանկարել այդ դատարկ դարակները, որ այլևս չէի պատկերացնում մեկ այլ իրավիճակ սուպերմարկետում։
Մի օր Ստեփանակերտի եկեղեցու քահանան ինչ-որ տեղից մի բուռ կոնֆետ էր գտել, բաժանեց երեխաներին։ Պետք էր տեսնել նրանց երջանիկ դեմքերը»։
Բնակարանս թողեցի, բայց բանալին վերցրել եմ
«Գորիսի հյուրատան սենյակի դուռն ուզում էի բացել իմ բնակարանի բանալիով։ Սովորության համաձայն հանեցի բանալին։ Բնակարանս լքեցի, բայց բանալին պահել եմ։
Հիմա բոլոր իրադարձություններն այնքան դինամիկ են, որ չես հասցնում ոչնչի մասին մտածել։ Կանցնի որոշ ժամանակ, և մենք կսկսենք գիտակցել, թե ինչ է կատարվել մեզ հետ։
Միայն հիմա եմ սկսում հասկանալ մեր սփյուռքահայերի ապրումները: Մինչ այս մտածում էի, թե ինչու են նրանք անընդհատ տառապում, թեև ապրում են Փարիզներում և Գլենդելներում, ամեն ինչ ունեն»:
Այս կադրերը Մարութ Վանյանը նկարահանել է սեպտեմբերի 24-ին ԼՂ-ում, ապա Հայաստան տանող ճանապարհին՝ 25-ի վաղ առավոտից։ Վերջին կադրն արդեն Գորիսում է՝ արցախցիների կարիքները գնահատող աջակցության կենտրոնում։
Փաստացի կապիտուլյացիա և զանգվածային արտագաղթ․ ԼՂ-ն մնում է առանց հայերի
Հեղինակ՝ Արթուր Խաչատրյան, Երևան
Տեղի ունեցավ այն, ինչն այդքան անցանկալի էր Հայաստանում ու ինչին այդքան ձգտում էին Ադրբեջանում։ Լեռնային Ղարաբաղը 10 ամիս դիմադրեց բացարձակ շրջափակման պայմաններում, բայց ենթարկվեց Բաքվի կողմից նոր ռազմական հարձակման և հանձնվեց։ Հայաստանի իշխանությունները զերծ մնացին ռազմական միջամտությունից։ Արդյունքում մեկօրյա պատերազմն ավարտվեց Պաշտպանության բանակի զինաթափմամբ, սկսվեց հայ բնակչության զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից։
- «Հայաստանը ամենայն հոգատարությամբ կընդունի ԼՂ-ի քույրերին ու եղբայրներին». Փաշինյան
- ԼՂ-ի հայերի վերաինտեգրում. «Ֆանտաստիկայի ժանրից է»
- «Պասիվ մնալ կնշանակի հանցակից լինել»․ ՄԱԿ ԱԽ նիստը՝ ԼՂ-ի վերջին դեպքերի շուրջ
Ինչո՞ւ Երևանը չմիջամտեց
Ադրբեջանի այսպես կոչված «հակաահաբեկչական գործողության» մեկնարկից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը և վարչապետի աշխատակազմը համառորեն լռություն էին պահպանում։ Սոցիալական ցանցերում նույնիսկ վրդովմունքի ալիք բարձրացավ։ Միաժամանակ ենթադրություններ առաջ եկան, թե միգուցե Հայաստանի ղեկավարությունը որոշի ռազմական միջամտության գնալ։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, ըստ էության, հնչեցին օդում պտտվող հարցերի պատասխանները.
«Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, որ այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների, էմոցիոնալ և այլ խնդիրներ կան։ Մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժե,ր արտաքին և ներքին, Հայաստանի պետականությունը դնեն հարցականի տակ»։
Այս կերպ Հայաստանի վարչապետըը հասկացրեց, որ, չնայած փակուղային իրավիճակին, պաշտոնական Երևանն օգնության չի հասնի ԼՂՀ բանակին։ Դեռևս այդ ժամանակ արդեն պարզ էր, որ Ղարաբաղի անկումը մի քանի ժամվա կամ օրվա խնդիր է։ Հենց այդպես էլ եղավ։
Կարո՞ղ էր հայկական բանակը մտնել Լեռնային Ղարաբաղ։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ ոչ, քանի որ այդ դեպքում հենց Հայաստանը կարող էր հարվածի տակ հայտնվել.
«Հայաստանը դրան չի մասնակցել, քանի որ դա կնշանակեր, որ Հայաստանը կներկայանար որպես հարևան պետության տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարող կողմ։ Ամեն դեպքում, Ալիևն այդպես կներկայացներ Հայաստանի գործողությունները։ Գումարած դրան՝ նա իրեն իրավունք կվերապահեր ռազմական ուժ գործադրել անմիջականորեն Հայաստանի տարածքում։ Ինչպես գիտենք, ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ բացի վնասից, դա Հայաստանին ոչինչ չէր կարող բերել»։
Ներկա պահին Հայաստանն իսկապես չունի լայնածավալ պատերազմ վարելու ռեսուրս։ Կարծում է Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը։ Դիվանագետը վստահ է՝ դրանում մեղավոր են հենց իրենք՝ Հայաստանի իշխանությունները, որոնք 2020 թվականի պատերազմից հետո չկարողացան բարեփոխել բանակը․
«Նիկոլ Փաշինյանն անձամբ մեղավոր է այս իրավիճակի համար, քանի որ նա այնպես է արտահայտվել, որ Ադրբեջանը սկսել է Լեռնային Ղարաբաղը դիտարկել որպես իր ներքին գործ։ Նա գործնականում ոչինչ չի արել երկիրը դեպի Արևմուտք վերակողմնորոշելու համար»։
Ինչպիսի՞ն կլինի հետպատերազմական Արցախը
Հայ բնակչություն կմնա՞ Ղարաբաղում։ Այս հարցի պատասխանն ամեն օր ավելի պարզ է դառնում։ Ռազմական գործողությունների դադարեցումից երկու օր անց Ադրբեջանը թույլ տվեց վառելիք ներկրել հանրապետություն և միաժամանակ բացեց Լաչինի միջանցքը։ Ճիշտ է, միայն ելք դեպի Հայաստան։ Առաջին երեք օրերին մոտ 40 հազար հայ լքեց հայրենիքը։ Նյութի հրապարակման պահին Հայաստան էր եկել մոտ 100 հազար մարդ, իսկ մինչ վերջին իրադարձություններն այստեղ ապրում էր՝ մոտ 120 հազար։
Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը Լեռնային Ղարաբաղում թեկուզ մեկ հայի մնալու հեռանկար չի տեսնում.
«Ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես են այսքան վայրագություններից, սպանություններից, ահաբեկումներից, խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններից հետո հայերը մնալու այնտեղ։ Այդ ամենն արվել է հենց բնակչությանն ահաբեկելու համար»։
Սակայն Արա Պապյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում կարող է մնալ փոքրաթիվ հայ բնակչություն։ Ենթադրում է՝ ռուսական կողմը գոնե կփորձի պահպանել որոշակի թվով մարդկանց ՝ հիմնավորելու իր ներկայությունն այստեղ.
«Ռուսաստանի ղեկավարությունը հույս ունի, որ Ղարաբաղում կմնա առնվազն 10 հազար հայ։ Սա բխում է նաև Ադրբեջանի շահերից։ Ադրբեջանը պետք է ամբողջ աշխարհին ցույց տա, թե ինտեգրացիա է տեղի ունենում, որևէ խնդիր չկա։ Այդ մարդկանց կստիպեն հանդես գալ ի պաշտպանություն Ադրբեջանի և շնորհակալություն հայտնել այդ երկրին։ Այսինքն՝ ինչ-որ քանակ կմնա։ Մեկուկես տարուց Բաքուն ու Մոսկվան կարող են պայմանավորվել, որ խաղաղապահները մնան մի փոքր տարածքում, որտեղ տեղակայված կլինի ռուսական բազան»։
Հակառուսական տրամադրություններ Հայաստանում
Երբեք Հայաստանում հակառուսական տրամադրությունների նման ալիք չի եղել։ Ժամանակ առ ժամանակ Հայաստանի իշխանությունները բացահայտ քննադատում են Ռուսաստանի դիրքորոշումը և ԼՂ-ում տեղակայված խաղաղապահ զորախմբի անգործությունը։ Երևանում՝ ՌԴ դեսպանատան մոտ պարբերաբար բողոքի ակցիաներ են տեղի ունենում շարքային քաղաքացիների կողմից՝ «Ռուսաստանը թշնամի է» վանկարկումներով։ ԼՂ-ի՝ ավանդաբար ռուսամետ հայերի մոտ լիակատար հիասթափություն է նկատվում։ Չնայած այս ամենին՝ պաշտոնական Մոսկվան շարունակում է խոսել Հայաստանի հետ «դաշնակցային հարաբերությունների» մասին։
«Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը։ Հայաստանը մեզ հարազատ ժողովուրդ է։ Դուք գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, շատ ավելի։ Մենք կշարունակենք կատարել մեր գործառույթները, կշարունակենք երկխոսությունը հայկական կողմի, այդ թվում՝ Փաշինյանի հետ, և կշարունակենք աշխատել, որպեսզի հարգվեն Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները»,— Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վերջին զարգացումներն այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանը կհեռանա՞ Հայաստանից և ԼՂ-ից
Միաժամանակ Հայաստանից հայտարարություններ են հնչում այն մասին, որ «խաղաղապահ առաքելությունը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը, ինչի արդյունքում այժմ տեղի է ունենում մարդկանց զանգվածային տարհանում»։ Ռուսաստանը ողջ մեղքը բարդում է Հայաստանի իշխանությունների վրա։ Հայտարարվում է, որ հենց Հայաստանի վարչապետն է Պրահայում ստորագրել փաստաթուղթ՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԼՂ տարածքի ներառմամբ։
Այս փաստարկով ռուս պաշտոնյաներն ու փորձագետները խոսակցությունը փակված են համարում։ Մինչդեռ ինքը՝ Պուտինը, Պրահայի համաձայնագրից շատ ավելի վաղ երկու անգամ հրապարակավ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում։
Ամեն դեպքում դաշնակիցների հարաբերությունները աննախադեպ ճգնաժամ են ապրում։ Վերջերս Փաշինյանը փաստացի բացահայտ մեղադրեց Ռուսաստանին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ Երևանում իր հրաժարականի պահանջով ցույցերի կապակցությամբ։ Իսկ հայ հասարակության մեջ, ինչպես և փորձագիտական շրջանակներում, հաճախակի են դարձել խոսակցությունները Հայաստանի՝ ռուսական ՀԱՊԿ ռազմական դաշինքից դուրս գալու անհրաժեշտության մասին։
Ռուսաստանը կհեռանա՞ Հայաստանից և Ղարաբաղից։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանն ասում է՝ շատ բան կախված կլինի ուկրաինական ճգնաժամից․
«Սառը պատերազմից հետո աշխարհը հնարավորություն ուներ կառուցելու անվտանգության միասնական ճարտարապետություն: Բայց դա տեղի չունեցավ։ Եվ մենք այժմ գտնվում ենք մի քանի տարածաշրջանային հակամարտությունների շեմին: Եվ այս իրավիճակում կողմերն անտարբերությամբ են նայում [Լեռնային Ղարաբաղում] 120 հազար մարդու էթնիկ զտմանը»։
Ի՞նչ է լինելու Ղարաբաղի ու ԼՂ-ի հայերի հետ
Հայ քաղաքական գործիչները չեն պատասխանում այն հարցին, թե ինչ կլինի Ղարաբաղի հետ շատ մոտ ապագայում։ Ո՛չ գործող իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը չեն խոսում այդ մասին։ Երևանի փողոցներում, որտեղ շուրջ երկու շաբաթ է բողոքի ցույցեր են ընթանում, գլխավոր թեման Արցախն է։ Սակայն, ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը ԼՂ-ի մասով, եթե իշխանության գա, չի հայտարարվում և մնում է անհասկանալի։
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը ասում է, որ «Արցախն արդեն կորսված է», և հիմա պետք է մտածել, թե ինչպես չկորցնել Հայաստանը.
«Երկրի պետական մտածողություն ունեցող քաղաքացիների գործելու ժամանակն է։ Մեզնից է կախված՝ Հայաստանը կլինի՞ անկախ, թե՞ կվերածվի թուրքական վիլայեթի։ Դուք անընդհատ խոսում եք Արցախի մասին, բայց ոչ միայն Արցախն է վտանգի տակ։ Վտանգի տակ են նաև Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը»։
Մինչ ընդդիմությունը փորձում է իշխանափոխության հասնել փողոցային պայքարի միջոցով, իսկ Փաշինյանի կուսակցությունը փորձում է պաշտպանել հենց այդ իշխանությունը, Հայաստանի հարավում սրընթաց աճում է Ղարաբաղից տեղահանվածների թիվը։ Կառավարությունը պետք է լուծի տասնյակ հազարավոր մարդկանց բնակության ապահովման և մի շարք այլ խնդիրներ։
Բրյուսելը, Փարիզը և Վաշինգտոնն արդեն հայտարարել են Երևանին ֆինանսական օգնություն տրամադրելու որոշման մասին։ Սակայն ժամանողների համար պատասխանատվություն է կրում ներկայիս կառավարությունը:
Երևանի փողոցներում հարցման մասնակցած մարդիկ ասում են.
«Իշխանությունները պարտավոր են անել ամեն ինչ մեր բոլոր հայրենակիցներին արժանապատվորեն ընդունելու համար»։
«Ե՛վ պետությունը, և՛ ժողովուրդը պարտավոր են լավ ընդունել արցախցիներին։ Չէ՞ որ նրանք հայեր են, հայկական անձնագրեր ունեն։ Պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին»։
«Իհարկե, մարդիկ հիմա, մեղմ ասած, լարված են։ Նրանք այնքան բանի միջով են անցել: Պետք է բոլորին գրկաբաց ընդունենք»։
«Պատմական իրադարձություն». ի՞նչ են մտածում Ադրբեջանում
«Պատմական իրադարձություն». ի՞նչ են մտածում Ադրբեջանում
Հեղինակ՝ Հուսեյն Իսմայիլբեյլի
2024 թվականի հունվարի 1-ից Ղարաբաղում անջատողական ռեժիմը դե ֆակտո կդադարի գոյություն ունենալ։ Ավելի քան 32 տարի անց կավարտվի հետխորհրդային տարածքում ամենահին ազգամիջյան հակամարտությունը։
Ի՞նչ է լինելու հետո։ Հայերի գոնե մի մասը կմնա՞ Ղարաբաղում։ Ինչպե՞ս են նրանք ապրելու Ադրբեջանի կազմում։
Այժմ սրանք ենք Ադրբեջանում ամենից շատ քննարկվող հարցերը։
«30 տարի են գողացել և՛ մեզնից, և՛ իրենք իրենցից։ Ի՞նչ ստացան: Նրանք ապրում էին Բաքվի կենտրոնում, Գյանջայում, Սումգայիթում, Մինգեչաուրում և Ադրբեջանի այլ բարեկեցիկ քաղաքներում։ Նույնիսկ իմ հայրենի Լենքորանում, որտեղ հայերին մի ձեռքի մատների վրա կարելի էր հաշվել, ամենասիրված դպրոցի տնօրենը հայ էր։
1988 թվականին 5 ամիս ծառայել եմ Ստեփանակերտում՝ տխրահռչակ 366-րդ գնդում։ Քաղաքի բոլոր ցուցանակները երկու լեզվով էին` ռուսերեն և հայերեն: Այն ամենը, ինչ վաճառվում էր խանութներում՝ ձեթից մինչև ծխախոտ, արտադրվում էր Հայաստանում։ Չէր էլ զգացվում, որ այս քաղաքը Ադրբեջանի կազմում է՝ մինչև Շուշվա բարձրունք։ Բայց դա ձեզ քիչ էր թվում։
Գողացել են 30 տարի։ Հազարավոր կյանքեր։ Ե՛վ մեզնից, և՛ իրենք իրենցից։ Թեև դժվար է գտնել ավելի հեշտ հանաձայնության եկող ժողովուրդ, քան ադրբեջանցիներն են։ Կարող էիք ապրել այստեղ, որքան ցանկանայիք՝ առանց հողին տիրանալու ոտնձգության: Դուք մեզանից ավելի շատ կվաստակեիք թե՛ նավթից, թե՛ գազից։ Բայց դուք ձեր առասպելների զոհն եք դարձել։
Ի՞նչ կլինի հետո։ Նստեք, նորմալ մտածեք։ Նորից կորոշե՞ք երկուսիցս էլ տարիներ ու կյանքեր գողանալ, թե՞ մենք կսովորենք կողք կողքի ապրել՝ որպես մարդ», – հայերին է դիմում նախկին քաղբանտարկյալ, պատմաբան Յադիգար Սադըղլին։
Ի՞նչ եղավ
«Անկասկած, սա պատմական իրադարձություն էր»,- Ղարաբաղում տեղի ունեցածն այսպես է գնահատում անկախ քաղաքական գործիչ Ազեր Գասըմլին։
Նրա կարծիքով՝ դրա հիմնական պատճառն այն է, որ Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը.
«Եթե Ռուսաստանի աջակցությամբ անցյալ դարի 90-ականների սկզբին հայերին հաջողվեց անջատողական կազմավորում հռչակել Ադրբեջանի տարածքում և գրավել հարակից յոթ շրջաններ, ապա այժմ Մոսկվան նախընտրեց կողքից հետևել և չմիջամտել։
Ռուսաստանն այստեղ կրկին հետապնդում էր Հարավային Կովկասի երկու երկրների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու նպատակ։ Դրա համար նրան պետք է Երևանում հեռացնել Փաշինյանին և իշխանության բերել իրեն հավատարիմ քաղաքական գործչի։ Իսկ Ադրբեջանում նա պատրաստվում է թողնել իր զորքերը։ Հիմա դա ՌԴ խաղաղապահ զորախումբն է»:
Քաղաքական մեկնաբան Շահին Ջաֆարլին ասում է, որ վերջին ռազմական գործողություններից հետո «մեկ այլ կարևոր քայլ է արվել՝ Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձվել է այն տարածքը, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։
«Պաշտոնական Բաքվի և Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների միջև տեղի են ունենում հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են տարածաշրջանի հայ բնակչությանը ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրելու պայմանները։ Այս հանդիպումների ժամանակ հիմնականում քննարկվում են հումանիտար հարցեր, սակայն դրանք վկայում են այն մասին, որ Ղարաբաղի հայերն արդեն ճանաչում են Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները տարածաշրջանում։ Սրանք բոլորն, իհարկե, շատ կարևոր իրադարձություններ են»։
«Կասկած չկա, որ Բաքուն Մոսկվայի հետ պայմանավորվել է հակաահաբեկչական գործողության հարցում։ Հասկանալի է, որ նման հարցերում կողմերի միջև սակարկություն է լինում։ Անձամբ ինձ հետաքրքրում է, թե ինչ են խոստացել Մոսկվային։
Հավանական է, որ Ադրբեջանը համաձայնել է 2025 թվականից հետո Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությանը։ Իհարկե, Ռուսաստանը չի ցանկանում լքել տարածաշրջանը։ Եվ այս տեսանկյունից պաշտոնական Բաքուն կարող էր գնալ նման քայլի։
Կամ զորախումբը կմնա որպես այն հայերի անվտանգության երաշխավոր, որոնք կորոշեն մնալ Ղարաբաղում, կամ համաձայնեցվել է զորախմբի վերակազմավորումը՝ որպես Ադրբեջանում ռուսական ժամանակավոր ռազմաբազա: Այս հարցերը դեռևս բաց են մնում։ Մենք կիմանանք դրանց պատասխանները իրադարձությունների զարգացման հետ մեկտեղ»,- ենթադրում է Ջաֆարլին:
Գրեթե նույն կարծիքին է Ազեր Գասըմլին.
«Այս դեպքում ինձ միայն մեկ հարց է հետաքրքրում՝ ի՞նչ է խոստացել Ադրբեջանը այն բանի դիմաց, որ Ռուսաստանը միայն հետևում էր տեղի ունեցողին»։
Հնարավո՞ր է, որ հակամարտությունը տեղափոխվի Հայաստանի տարածք
«Հայաստանում հասարակության մտավախություններից մեկը Զանգեզուրի միջանցքի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև առճակատման շարունակման հավանականությունն է։
Կարծում եմ, որ այս հարցն այլևս այնքան արդիական չէ, որքան մի քանի ամիս առաջ։ Երևանի դիրքորոշումն ակնհայտ է՝ նա չի ուզում արտատարածքային կարգավիճակ այն ճանապարհի համար, որը կապելու է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ։ Իրանը նույնպես դեմ է այդ սցենարին։ Հավանաբար այդ պլանը վերանայման կարիք կունենա, քանի որ այսպես կոչված միջանցք, որպես այդպիսին, այլևս չի կարող լինել։
Սակայն Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների լույսի ներքո Զանգեզուրի միջանցքի բացման ամենաշահագրգիռ կողմը Ռուսաստանն է։ Նա ամեն կերպ փորձում է առաջ մղել այդ արտատարածքային նախագիծը Հայաստանում։ Ինչպես հայտնի է, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանների համաձայն՝ միջանցքը պետք է գտնվի ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո, և այդ գործոնը կարող է բարձրացնել Ռուսաստանի Դաշնության կարևորությունը Հայաստանում, ինչը վերջին շրջանում լրջորեն թուլացել է։
Բայց Ռուսաստանը չի կարող հաշվի չառնել Իրանի դիրքորոշումն այս հարցում, քանի որ Թեհրանը Մոսկվայի կարևոր դաշնակիցն է. Հետևաբար, կարծում եմ, որ Զանգեզուրի արտատարածքային միջանցքի բացման հավանականությունը զգալիորեն նվազել է», — JAMnews-ի թղթակցին ասել է Շահին Ջաֆարլին։
Հակամարտությունն ավարտվե՞լ է
«Չեմ կարծում, որ հակամարտությունն ավարտվել է։ Այն պարզապես փոխել է իր կառուցվածքը, տեղափոխվել է այլ հարթություն։ Հակամարտությունը կավարտվի միայն այն դեպքում, երբ ռուսական զորքերը լքեն Ադրբեջանը և աշխարհի ուժերը ղարաբաղյան հարցում կոնսենսուսի գան և անառարկելիորեն ճանաչեն Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»,- նկատել է քաղաքական գործիչ Ազեր Գասըմլին։
Նյութը պատրաստվել է լուրերի փոխանակման ռուսալեզու մեդիացանցի (Медиасеть) աջակցությամբ
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ինչ է սպասվում Լեռնային Ղարաբաղում