Թբիլիսիում միմյանց հետ բախվել են ԼԳԲՏ-փրայդի կողմնակիցներն ու հակառակորդները
ԼԳԲՏ ակտիվիստների ցույցի մասնակիցները Թբիլիսիի կենտրոնում՝ կառավարության կանցելյարիայի շենքի առջև բախվել են ուղղափառ ակտիվիստների՝ հակաակցիայի մասնակիցների հետ, որոնք փորձում էին նրանց թույլ չտալ ակցիա անցկացնել։ Ոստիկանությունը մի քանի մարդ է ձերբակալել։
ԼԳԲՏ ակտիվիստներն ու իրավապաշտպանները որոշել են ակցիա անցկացնել այն բանից հետո, երբ Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը հայտարարությամբ դիմել է կառավարությանը, որում պահանջել է թույլ չտալ Թբիլիսիում ԼԳԲՏ-փրայդի անցկացումը հունիսի 18-23-ը։
«Պետությո՛ւն, ո՞ւր ես» անվամբ ակցիան կազմակերպվել էր սոցցանցերի օգնությամբ։ Սակայն դրա մասնակիցներին, որոնք եկել էին ինքնաարտահայտման ազատության պաշտպանության պահանջով, դիմավորել էին հակաակցիայի մասնակիցները։ Նրանց թվում էր նաև իր պահպանողական և հակաարևմտյան հայացքներով հայտնի գործարար Լևան Վասաձեն, «Ուղղափառ ծնողների միության» անդամները, հոգևորականներ և աջ ակտիվիստներ։
Լևան Վասաձեն հայտարարել է, որ թույլ չի տա ԼԳԲՏ ակտիվիստներին ցույց անել։
«Մենք եկել ենք այն պատճառով, որ չենք կարող թույլ տալ Վրաստանում այլասերման տոն կազմակերպել։ Անկախ նրանից, թե դեռ քանի դեսպան կմիջամտի, ինչ ճնշում կգործադրվի մեր հասարակության վրա», — ասել է Լևան Վասաձեն։
«Թբիլիսի-փրայդի» կազմակերպիչներից մեկը՝ Նինո Բոլկվաձեն, կոչ է արել կառավարության առաջին անձանց հստակեցնել իրենց դիրքորոշումը․ «Թող ուղիղ ասեն․ մենք ապրում ենք իրավակա՞ն, թե՞ թեոկրատական պետությունում»։
ԼԳԲՏ-ակտիվիստների ակցիան պաշտպանում էր ոստիկանական պատը, ագրեսիվ պահվածքի համար ձերբակակլվել է հակաակցիայի ութ մասնակից։
“სახელმწიფო, სად ხარ?” — აქცია TBILISI PRIDE-ის ორგანიზებით მთავრობის კანცელარიასთან.🔴 ადგილზე იმართება კონტრაქციაც.
Posted by ტაბულა • Tabula on პარასკევი, 14 ივნისი, 2019
Ակցիայի մեկ այլ կազմակերպիչ Գիորգի Տաբագարին հայտարարել է, որ, չնայած ներկայիս միջադեպին, փրայդն այնուամենայնիվ կայանալու է։
«Մենք հույս ունենք, որ պետությունը բարձրության վրա կլինի, կպաշտպանի հավաքների և ցույցերի ազատությունն ու բռնության դեմ հայտարարությամբ հանդես կգա», — ասել է Տաբագարին։
Երեկոյան ոստիկանությունը ավտոբուսներ էր բերել՝ ԼԳԲՏ ակտիվիստներին անվտանգ տարհանելու համար։ Սակայն նրանք հայտարարեցին, որ չեն պատրաստվում ցրվել, քանի որ իշխանության ներկայացուցիչները ելույթ չեն ունենցել և չեն արտահայտել իրենց դիրքորոշումը։ Ակտիվիստները ցրվել են գիշերը մեկին մոտ միայն՝ ոստիկանության ուղեկցությամբ լքելով կառավարության վարչակազմի դիմացի տարածքը։
Պատրիարքարանի հայտարարությունը
Վրաստանի պատրիարքարանն իշխանություններին կոչ է անում թույլ չտալ ԼԳԲՏ—փրայդի անցկացումը, որը Թբիլիսիում պլանավորված է հունիսի 18-23-ը։
— «ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները կյանքում այնպիսի կանոնների են հետևում, որոնք սոդոմյան մեղք են, ինչը հակասում է ինչպես քրիստոնեական հավատքին և ցանկացած այլ կրոնի, այնպես էլ՝ ընդհանուր բարոյական արժեքներին», — ասված է Վրաց ուղղափառ եկեղեցու տարածած հայտարարությունում։
– Պատրիարքարանն ընդգծում է, որ «փրայդի կազմակերպիչները փորձում են ամեն ինչ այնպես ներկայացնել, իբր իրենք բախվում են և պայքարում խտրականության դեմ, սակայն իրականում նրանք ուզում են տարածել և պրոպագանդել իրենց կենսակերպն ու այն հետագայում պաշտոնապես օրինականացնել»։
– «Մենք դեմ ենք ցանկացած բռնության, սակայն միաժամանակ հայտարարում ենք մեծ սպառնալիքի մասին, որը կարող է առաջանալ այսպես կոչված գեյ—փրայդի անցկացման պատճառով, հետևաբար, կոչ ենք անում իշխանություններին թույլ չտալ նման միջոցառման անցկացումը, որն, ինչպես նախապես հայտնի է, հասարակական մեծ վրդովումք է առաջացնում», – ասված է պատրիարքարանի հայտարարությունում։
– Վրաց ուղղափառ եկեղեցին կոչ է անում տարբեր երկրների՝ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություննեին, միջազգային կազմաերպություններին, օմբուդսմենին և այլ ինստիտուտներին «ավելի մեծ հարգանք դրսևորել վրացի ժողովրդի նկատմամբ նրանց համար զգայուն հարցերում և մեր երկրում նմանատիպ նախաձեռնությունները չխրախուսել»։
Առաջին արձագանքը
«Պատրիարքարանը հնարավորություն է ունեցել 2013թ—ի մայիսի 17-ի իրադարձությունների մեղքը քավել (հոմոֆոբիայի դեմ ակցիան հոգևորականների թույլտվությամբ ցրվել է ագրեսիվ ծխկանների կողմից – JAMnews)։ Պատրիարքարանը վեց տարի ուներ վերաիմաստավորելու կատարվածն ու հասկանալու, որ ատելության սերմանումն ու ագրեսիայի խրախուսումը վնասում է իր իսկ շահերին։ Սակայն, կարծես, նա իր վարկանիշն ու ժողովրդի վստահությունը հավերժ է համարում։ Սակայն դա կավարտվի, չարիքը երբեք չի հաղթանակի», — Ֆեյսբուքյան իր էջում գրում է միջոցառման կազմամկերպիչներից մեկը՝ Գիորգի Տաբագարին։
Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Թամար Կորձայան դիմում է ներքին գործերի նախարարին՝ կոչ անելով աշխատակիցների մեծ մոբիլիզացիա հայտարարել փրայդի մասնակիցների պաշտպանության համար՝ հաշվի առնելով պատրիարքարանի հայտարարությունը։ «Ի վերջո, սա իշխանության պատվի հարցն է․ պատրիարքարանը չպետք է խոսի վերջնագրերով և սպառնալիքների լեզվով», – գրում է Կորձայան։
Մինչդեռ իշխանություններն անվտանգության երաշխիքներ չեն տալիս «Թբիլիսի-փրայդի» երթին։
Հունիսի 18-23-ը Թբիլիսիում ԼԳԲՏ—փրայդի շաբաթվա անցկացում է պլանավորվում։ Միջոցառումը ստեղծել է «Թբիլիսի—փրայդ» կազմակերպությունը։ Շաբաթվա շրջանակում երեք ակցիա է պլանավորվել՝ սոցիալական թատրոն, միջազգային համաժողով և արժանապատվության երթ։
Հենց արժանապատվության երթն է եկեղեցու և աջ խմբավորումների վրդովումնքի պատճառը դարձել։ Միջոցառման կազմակերպիչները վերջին օրերին բազմաթիվ սպառնալիքներ և զգուշացումներ են ստացել այն մասին, որ նրանց թույլ չեն տալու երթ անցկացնել։
Անվտանգության ապահովման համար կազմակերպիչները բազմիցս հանդիպել են ներքին գործերի ներկայացուցիչների հետ։ Սակայն, չնայած դրան, մայիսի 31-ին ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «Թբիլիսի փրայդի» պլանավորած միջոցառումները ռիսկեր են պարունակում հենց կազմակերպիչների և մասնակիցների համար։ ՆԳՆ—ն «Թբիլիսի փրայդ» խմբին առաջարկել է «որոնել ինքնաարտահայտման այլ ձևեր և միջոցառման այլընտրանքային տարբերակներ, որոնք ավելի անվտանգ կլինեն դրա մասնակիցների համար»։