Բաքվում խոսում են Նախիջևանի ինքնավարության հնարավոր չեղարկման մասին
Ի՞նչ է կատարվում Նախիջևանում
Անհանգիստ է Ադրբեջանի էքսկլավում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վերջին օրերին այստեղ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ են տեղի ունեցել, պետական կառույցներ են վերացվել։ Փորձագետի կարծիքով՝ դժվար թե հնարավոր լինի խուսափել Նախիջևանի ղեկավարի պաշտոնանկությունից, ով 27 տարի է, ինչ պաշտոնավարում է։ Ի՞նչ է թաքնված այս իրադարձությունների հետևում: Բաքվում խոսում են ինքնավարության հնարավոր չեղարկման մասին։
- «Ալիևը փորձում է զբաղվել մաչոյիզմով»․ կարծիք Երևանից
- Իլհամ Ալիև. «Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին»
- «Բաքուն շանտաժի է դիմում Լաչինի միջանցքի հարցով»․ կարծիք Երևանից
Այս շաբաթվա սկզբին Ադրբեջանի էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մաքսային կոմիտեում ձերբակալություններ են տեղի ունեցել։ Հատուկ ծառայությունների գործունեության արդյունքում ինքնավար հանրապետության մաքսային կոմիտեն վերացվել է և վերածվել Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի վարչության։ Այս գերատեսչության նոր ղեկավարն արդեն նշանակվել է, նա Նախիջևան կժամանի Բաքվից։
Սրանից կարճ ժամանակ առաջ նմանատիպ սցենար էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետական անվտանգության ծառայությունում։ Կատարվել էին ձերբակալություններ, իսկ ծառայությունը վերածվել էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության վարչության։
Ինքնավարության կորո՞ւստ
Շատ փորձագետների կարծիքով՝ Բաքուն ցանկանում է չեղարկել Նախիջևանի ինքնավարությունն ու այս հանրապետության շրջանները անմիջականորեն ենթարկեցնել երկրի մայրաքաղաքին։ Բայց դա այնքան էլ հեշտ չէ:
Ըստ Ադրբեջանի Սահմանադրության՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը պետություն է Ադրբեջանի Հանրապետության կազմում։
Քաղաքական մեկնաբան Ագշին Քարիմովը կարծում է, որ ինքնավարության չեղարկման համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, իսկ դրա համար հանրաքվեի անցկացում է պետք.
«Հանրաքվեն անխուսափելի է, սակայն անորոշությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների օրակարգում հետաձգում է այդ գործընթացը»,- կարծում է փորձագետը։
Մինչդեռ մեկնաբանը վստահ է, որ Նախիջևանի ինքնավարությունը կվերացվի։
«Նախապատրաստվում են բարեփոխումներ, որոնք պահանջում են փոփոխություններ երկրի Հիմնական օրենքում։ Նախիջևանի ինքնավարության վերացումից բացի խոսք է գնում նաև Ադրբեջանի վարչատարածքային բաժանման բարեփոխման, Միլլի Մեջլիսի պատգամավորների թվի ավելացման մասին։ Այլ հարցեր ևս կարող են դրվել հանրաքվեի»,- հավելել է Քերիմովը։
Սուբսիդիաների վրա հիմնված ինքնավարություն
Բաքվում Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովի հետ հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը հետաքրքիր թվեր է հայտնել։ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդում է, որ Ալիևի փոխանցմամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բյուջեի միայն 22 տոկոսն են կազմում տեղական եկամուտները։
Նախագահը Թալիբովի հետ զրույցում ընդգծել է, որ առաջիկա տարիներին Ինքնավար Հանրապետության բյուջեում տեղական եկամուտների բաժինը պետք է ավելանա։ Թալիբովը խոստացել է այս ցուցանիշի աճ։
Բայց վերջին տարիներին, թեև Նախիջևանի բյուջեի եկամտային մասն աճել է, զուգահեռաբար աճել են Բաքվից ստացվող սուբսիդավորման ծավալները։ Միայն թե 2023 թվականի երկրի բյուջեով նախատեսվում է ինքնավարությանն ուղղված սուբսիդիաների կրճատում։
Ո՞վ է Վասիֆ Թալիբովը
61-ամյա Վասիֆ Թալիբովը հայտնի է որպես Ադրբեջանի նախկին նախագահ, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի ամենամոտ մարդկանցից մեկը։
Նախիջևանում Հեյդար Ալիևի ղեկավարման տարիներին (1991-1993 թթ.) Թալիբովը եղել է ինքնավար հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի գլխավոր օգնականը։
1995 թվականից մինչ օրս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի ղեկավարն է։
«Շարունակելի»
Իրավական քաղաքականության և պետական կառուցվածքի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ֆազայիլ Աղամալին Turan-ին տված հարցազրույցում ասել է, որ Նախիջևանում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում.
«Այս քայլերը կարելի է դիտարկել որպես երկրի նախագահի կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների մաս»։
Պատգամավորը նշել է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տարբեր նախարարություններ, կոմիտեներ, գերատեսչություններ վերակազմավորվում են որպես Ադրբեջանի գործադիր իշխանության կենտրոնական կառույցների մաս։ «Շարունակելի»,- հավելել է նա։
«Հանրապետությունը մնացել էր տեսադաշտից դուրս»
Քաղաքական մեկնաբան Շահին Ջաֆարլին կարծում է, որ, դատելով տեղի ունեցողից, Բաքուն որոշել է սահմանափակել Նախիջևանի դե ֆակտո անկախությունը.
«Կարելի է այսպես ասել՝ Նախիջևանը անկախության լայն շրջանակ ունեցող հանրապետությունից, որն ամբողջությամբ չի ենթարկվում ադրբեջանական պետությանը, կվերածվի ավելի սերտ ենթակայության տակ գտնվողի»։
Փորձագետի կարծիքով՝ մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ շուտով հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովը ինչ-որ կերպ կհեռացվի պաշտոնից.
«Այն փաստը, որ նա Բաքվում չի մասնակցել իշխող կուսակցության 30-ամյակի միջոցառումներին, փաստորեն վկայում է նրա՝ Բաքվի աչքից ընկնելու մասին, և աշխատանք է տարվում նրան փոխարինելու ուղղությամբ»։
Ջաֆարլին հայտարարել է, որ վերջին տարիներին Նախիջևանը, այսպես ասած, մնացել է տեսադաշտից դուրս, չի մասնակցել երկրի կենտրոնական իշխանությունների կողմից անցկացվող միջոցառումներին.
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Իլհամ Ալիևի դեմքով մենք տեսանք քաղաքական գործչի բոլորովին այլ կերպար։ Ազգայնական լոզունգներով ելույթ ունեցող, Ղարաբաղի խնդիրը լուծած, Հարավային Ադրբեջանի խնդիրների մասին խոսող առաջնորդ։ Ալիևն աշխարհին ներկայանում է որպես բոլոր ադրբեջանցիների առաջնորդ, ով վեր է կանգնած ներքաղաքական պայքարից։ Իսկ Նախիջևանը կարծես թե մնացել է այս քաղաքականության հետնաբակում»։
«Ադրբեջանին Նախիջևանը խանություն էր թվում»
Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ հենց այս պատճառով է, որ շատերը Նախիջևանին նայում են որպես խանության.
«Այս միտքն անհիմն չէ։ Վասիֆ Թալիբովն այնտեղ խանություն է կառուցել։ Նա որոշումներ է կայացրել՝ առանց դրանք Բաքվի հետ համաձայնեցնելու, առանձնապես չմտածելով, թե արդյոք կենտրոնական իշխանությունները դա թույլ կտան։ Այնտեղ ստեղծվել է մթնոլորտ, որը սկզբունքորեն տարբերվում է Ադրբեջանի մյուս շրջաններից։ Կարծես հիմա Իլհամ Ալիևը որոշել է վերջ դնել սրան և Նախիջևանը Բաքվի հետ ավելի սերտ կապել»։
Նախիջևանը լուռ է
Նախիջևանի ղեկավարությունը դեռևս որևէ կերպ չի արձագանքել այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։
«Ազատություն ռադիոկայանն» ընդգծում է, որ լրագրողներին մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։
Ի՞նչ է կատարվում Նախիջևանում