Վրաստանը հինգերորդ նախագահին է ընտրում։ Այն ամենն, ինչ պետք է իմանալ այս ընտրությունների մասին
Այսօր Վրաստանը երկրորդ փուլով ընտրում է իր հինգերորդ նախագահին։
Առավոտյան 8:00-ին բացվել են բոլոր 3 հազար 703 ընտրատեղամասերը։
Ինտրիգը մեծ է․ առաջին փուլում իշխանության թեկնածուն հաղթել է կես տոկոս առավելությամբ։
Քվեաթերթիկներում ընտրողները չեն գտնի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի անունները։
Սակայն այս նախագահական ընտրությունները հենց այդ երկու առաջնորդների մենամարտն են, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում կուլիսներից կառավարում են ընդդիմությունն ու իշխանությունը։
__________________
Ո՞վ է պայքարում Վրաստանի նախագահի աթոռի համար
Երկու թեկնածուներն էլ Սաակաշվիլիի կառավարությունում զբաղեցրել են արտգործնախարարի պաշտոն։
Զուրաբիշվիլին Բիձինա Իվանիշվիլիի անձնական ընտրությունն է, Վաշաձեն՝ Միխեիլ Սաակաշվիլիի։ Այս երկու առաջնորդների դիմակայությունը նախագահական ընտրություններն առանձնապես լարված և ինտրիգային են դարձնում։
Բացի այդ, Վաշաձեն ու Զուրաբիշվիլին ևս մեկ ընդհանուր բան ունեն․ նախընտրական արշավի ժամանակ նրանք երկուսն էլ օգտագործում էին ռուսական խաղաքարտը։ Վաշաձեի կողմնակիցներն ասում են, որ Կրեմլն աջակցում է Զուրաբիշվիլիին, իսկ վերջինիս կողմնակիցները Վաշաձեին ՊԱԿ գործակալ են անվանում։
Սալոմե Զուրաբիշվիլի
Պաշտոնապես Սալոմե Զուրաբիշվիլին անկախ թեկնածու է։ Սակայն իրականում նրան աջակցում է իշխող կուսակցությունն՝ իր բոլոր ռեսուրսներով, այդ թվում՝ վարչական։
Զուրաբիշվիլին ծնվել է Փարիզում։ Նա 1921թ-ին Վրաստանից փախած քաղէմիգրանտների թոռ է։
Զուրաբիշվիլին Ֆրանսիայում դիվանագիտական ծառայություն է իրականացրել, իսկ 2003թ-ին դարձել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանը։ 2004թ-ին՝ այն բանից հետո, երբ Վրաստանում «վարդերի հեղափոխություն» տեղի ունեցավ, Սաակաշվիլին նրան Վրաստանի քաղաքացիություն տվեց և միանգամից իր կառավարությունում արտգործնախարար նշանակեց։
• Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Վրաստանի իշխող կուսակցության առաջին լուրջ ձախողումը
Սաակաշվիլիի թիմում Զուրաբիշվիլին կարճ ժամանակ մնաց՝ մինչև 2005թ—ի հոկտեմբեր։ Նա անցավ ընդդիմության շարքերը, սակայն նրանից այդպես էլ առաջնորդ դուրս չեկավ։ Շուտով նա լքեց քաղաքականությունն ու Վրաստանն ու վերադարձավ միայն 2012թ—ին, երբ քաղաքականություն մտավ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Այս բոլոր տարիներին նա բացահայտ կերպով աջակցում էր Իվանիշվիլիին, սակայն իշխող «Վրացական երազանքի» անդամ չդարձավ։
Այսօր Զուրաբիշվիլին վրացական խորհրդարանի պատգամավոր է։ Նա այնտեղ հայտնվել է պաշտոնապես որպես անկախ թեկնածու, սակայն իրականում՝ «Վրացական երազանքի» լուրջ աջակցությամբ։
Զուրաբիշվիլիի թեկնածությունը «Վրացական երազանքի» ոչ բոլոր անդամներին էր դուր գալիս, սակայն դա Բիձինա Իվանիշվիլիի անձնական ընտրությունն էր, որի հետ իշխող կուսակցությունում քչերը քաջություն ունեն վիճել։
Զուրաբիշվիի դեմ սոցցանցերում զանգվածային արշավ էր ընթանում, նրա թեկնածությունը բազմաթիվ վեճեր և տարաձայնությունն էր առաջացրել այդ թվում նաև իշխանության ներկայացուցիչների շարքերում։ Պատճառը 2008թ—ի օգոստոսյան պատերազմի մասին նրա հայտարարություններն էին, որի պատասխանատվությունը նա դնում է այն ժամանակվա վրացական իշխանությունների վրա։ Նա ասել էր, որ Վրաստանն է առաջինը սկսել «ռազմական գործողության այդ հատվածը»՝ նկատի ունենալով օգոստոսյան պատերազմը։
Ընդդիմությունն, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և հանրության շատ ներկայացուցիչներ Զուրաբիշվիլիի հայտարարությունները «հակապետական» և Կրեմլի տեսանկյունը կրկնող են համարում։ Ընդդիմադիրներն առանց կաշկանդվելու Զուրաբիշվիլիին հաճախ «դավաճան» են անվանում։
Գրիգոլ Վաշաձե
Գրիգոլ Վաշաձեն «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության [նախկին նախագահ Սաակաշվիլիի կուսակցությունը] անդամ է և ընտրություններին առաջադրվել է «Ուժը միասնականության մեջ է» ընդդիմադիր միավորման կողմից։
Վաշաձեն Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտ է, նա 1980-ականների վերջին մի քանի տարի աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ—ում։
Նա դադարեցրել դիվանագիտական կարիերան է 1990-ականների սկզբին։ Դրանից հետո ապրել է Մոսկվայում, զբաղվել մասնավոր ձեռնարկատիրությամբ և եղել է իր հայտնի տիկնոջ՝ Մեծ թատրոնի պրիմա—պարուհի Նինո Անանիանիշվիլիի իմպրեսարիոն։
2004թ—ին Անանիաշվիլին Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջարկով գլխավորել է Վրաստանի օպերայի և բալետի թատրոնի բալետի պարախումբը և հենց այդ տարի ստացել երկրորդ՝ վրացական քաղաքացիությունը։ Տիկնոջ հետ Թբիլիսի է վերադարձել նաև Գրիգոլ Վաշաձեն։
2008թ—ի նոյեմբերին Վաշաձեն զբաղեցրել է Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը, իսկ նույն տարվա դեկտեմբերին նշանակվել է Վրաստանի արտգործնախարար։ Այն ժամանակ Վաշաձեն միաժամանակ և Վրաստանի, և Ռուսաստանի քաղաքացի էր, ինչն ընդդիմության և հանրության քննադատության առիթ էր դարձել։
Այն հարցին, թե ինչու նա պատերազմից հետո չի հրաժարվել ռուսական քաղաքացիությունից, դիվանագետը պատասխանում էր․ «Չէ՞ որ ես ռուսական կառավարության քաղաքացիություն չունեմ։ Կառավարությունը կգնա, իսկ Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը կմնան»։
Սակայն 2009թ—ի նոյեմբերին ՌԴ Պետդումայի պատգամավորներից մեկի այն պահանջից հետո, որ Վաշաձեին պետք է զրկել ռուսական անձնագրից, վերջինս հայտարարել էր ռուսական քաղաքացիությունից ինքնակամ հրաժարվելու մասին
Վաշաձեի մրցակիցները հղում են անում նրա ռուսական անցյալին՝ նրան «ռուսմետ», «ՊԱԿ գործակալ» անվանելով։
Վաշաձեի հակառակորդների համար լրացուցիչ փաստարկ էր այն, որ Վաշաձեի ընտրարշավի վրա այս ընտրություններում աշխատում է փիարի՝ սլավոնական ազգանվամբ մասնագետ Վիտալի Շկլյարովը։
«Վաշաձեն աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ—ում։ Իսկ հիմա նրա փիարով զբաղվում է Շկլյարով ազգանունով մեկը։ Կարծում եմ, ամեն ինչ պարզ է», – հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։
Վիտալի Շկլյարովը քաղաքագետ—ամերիկագետ է, Բելառուսի քաղաքացի, վերջին 10 տարին ապրում է Վաշինգտոնում։ Ռուսաստանում անցկացված ընտրությունների ժամանակ աշխատել է ընդդիմադիր կուսակցությունների հետ, այդ թվում՝ Քսենյա Սոբչակի ընտրարշավին է մասնակցել, ինչպես նաև աշխատել է Եվրոպայում և ԱՄՆ—ում՝ սենատոր Բեռնի Սանդերսի և նախագահ Բարաք Օբամայի արշավներում։
Ինչո՞ւ են այս ընտրություններն առանձնահատուկ և ինչպե՞ս են դրանք հիշվելու
Այս ընտրությունները բացառիկ են մի քանի պատճառով։
Սրանք նախագահի վերջին ուղիղ ընտրություններն են
Ըստ խմբագրված սահմանադրության՝ Վրաստանի նախագահն առաջին անգամ պետք է ընտրվի վեց տարով (մինչև հիմա նա ընտրվում էր հինգ տարով)։
Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ այս նախագահը վերջին անգամ կընտրվի համաժողովրդական քվեարկության միջոցով։ Հետագայում նախագահին ընտրելու է ընտրող կոլեգիան։
Խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձ
Ընդդիմադիր նախագահի իշխանության գալը դեռ իշխանափոխություն չի նշանակում․ ամեն ինչ կորոշվի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որոնք կկայանան 2020թ-ին։
•Վրաստանը նախագահ է ընտրում․ վերջին անգամ է համաժողովրդական քվեարկություն տեղի ունենում
•Քաղաքական արտ․ Վրաստանի նախագահի թեկնածուների պաստառները
Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, այդ պատճառով էլ նախագան ավելի քիչ իրավունքներ ունի, քան վարչապետը։ Թեև նախագահը կարևոր քաղաքական գործառույթներ է իրականացնում։ Բացի այդ, արդեն երկու տարուց երկիրը նոր խորհրդարան կընտրի․ նախագահական ընտրությունները հիմնականում կկանխորոշեն խորհրդարանական ընտրությունների ճակատագիրը և ցույց կտան, թե ինչի ունակ կլինեն քաղաքական ուժերը մոտալուտ խորհրդարանական ընտրություններին։
Ապագա նախագահի իրավունքները
Նախագահը կարող է․
√ բանտարկյալներին ներում շնորհել;
√ Վրաստանի քաղաքացիություն տրամադրել;
√ Վրաստանը միջազգային հարթակում ներկայացնել՝ սակայն կառավարության հետ բոլոր քայլերը համաձայնեցնելով;
√ ֆորմալ կերպով վարչապետի, ինչպես նաև Արդարադատության գերագույն խորհրդի անդամների նշանակումները ստորագրել;
√ օրենքով նախատեսված ժամկետներում տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանի, ինչպես նաև արտահերթ ընտրություններ նշանակել;
√ պարգևներ շնորհել ու հանձնել։
Ինչպես նաև․
√ նախագահին չի կարելի կալանավորել կամ քրեական պատասխանատվության ենթարկել;
√ նախագահին իմպիչմենտ կարող է հայտարարել խորհրդարանի պատգամավորների մեկ երրորդը:
Քաղաքական մեկնաբաններն ասում են, որ եթե իշխանամետ թեկնածուն չկարողանա հաղթանակ տանել նախագահական ընտրություններում, դա իշխանություներին ուղղված հստակ ուղերձ կլինի, որ բնակչությունը դժգոհ է «Վրացական երազանք» իշխող կուսակցության քաղաքականությունից, և այդ քաղաքականությունը պետք է արմատապես փոխել։
Ինտրիգ․ երկու թեկնածուներն էլ հավասար շանսեր ունեն
Այս ընտրությունները բացառիկ է դարձնում նաև ինտրիգը, որը բնորոշ չէ վրացական ընտրություններին։
Առաջին փուլում ընտրարշավի առաջատարների՝ Սալոմե Զուրաբիշվիլիի (38.64%) և Գրիգոլ Վաշաձեի (37.74%) արդյունքների տարբերությունը կազմել է մեկ տոկոսից պակաս։
Վրաստանի պատմության մեջ նախագահական ընտրությունները երբեք երկու փուլով չեն ընթացել։ Հաղթողը պարզ էր լինում առաջին իսկ փուլում։
Երկրորդ փուլում Վաշաձեն ընդհանուր առմամբ ընդդիմության ձայները ստանալու հույս ունի։ Նրան աջակցություն է հայտնել արդեն մի քանի ընդդիմադիր կուսակցություն, այդ թվում՝ մեծությամբ երկրորդ «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը [կազմված է «Ազգային շարժման» նախկին անդամներից, որոնք Սաակաշվիլիի հետ կոնֆլիկտից հետո 2016թ—ին լքել էին կուսակցությունը – JAMnews], որն ընտրություններին հավաքել էր գրեթե 11 տոկոս ձայն։
Իսկ Զուրաբիշվիլիին օգնում է վարչական ռեսուրսը և իշխող կուսակցության աջակցությունը։
Ռուսական գործոնը՝ որպես ընդդդիմության և իշխանության գլխավոր ռազմավարություն
Նախընտրական աշավի ժամանակ ռուսական խաղաքարտը մրցակիցների դեմ խաղարկում էր ինչպես ընդդիմությունն, այնպես էլ իշխող կուսակցությունը։ Թեկնածուներն ու նրանց կողմնակիցները միմյանց մեղադրում էին ռուսամետ դիրքորոշման համար։
«Ես Վրաստանը Վաշաձեին և Ռուսաստանին չեմ զիջի», – ասում է Զուրաբիշվիլին իր նախընտրական հոլովակում։
«Մենք չենք կարող ունենալ նախագահ, որը կարծում է, որ պատերազմը Վրաստանն է սկսել», – ասվում է Վաշաձեի գովազդային հոլովակում։
Բնակչությանն ապակայունացմամբ վախեցնելը
Գլխավորն, ինչ հիշվելու է այս ընտրություններից, անկասկած ամենաերկար, ծանր, ագրեսիվ և կեղտոտ նախընտրական արշավն էր։
Առաջին փուլից հետո իշխանությունները նոր ռազմավարություն էին մշակել․ այն հիմնված էր Միխեիլ Սաակաշվիլիի և նրա կուսակցության՝ իշխանության վերադառնալու հեռանկարով բնակչությանն ահաբեկելու վրա։
Իշխանության ներկայացուցիչները կրկնում էին, որ Վրաստանում, հնարավոր է, մութ ժամակներ, քաղաքացիական պատերազմ և քաոս սկսվի, իշխանության գան ռևանշիստները, որոնք բռնաճնշումներ կգործադրեն, իսկ դոլարի փոխարժեքը երեք անգամ կավելանա։ Եվ այդ ամենը տեղի կունենա, եթե ընտրողները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրեն ընդդիմադիր թեկնածուին։
Օրինակ, ողջ երկրում նախկին կառավարության անդամների լուսանկարներով և «Ո՛չ չարիքին» գրառմամբ պաստառներ են հայտնվել։
Հեռուստատեսային հոլովակներ էին ցուցադրվում, որտեղ ընդդիմադիր թեկնածուն «պաթոլոգիկ» էր անվանվում, քանի որ երկու կին է ունեցել։
Իսկ ընդդիմությունը գլխավոր շեշտը դնում էր աղքատության և գործազրկության վրա, որը Վրաստանում վերջին տարիներին զգալիորեն աճել է, և ազգային արժույթի փոխարժեքի անկման վրա։ Վաշաձեի նախընտրական հոլովակներում մարդիկ պատմում են, որ մթերքի և դեղերի գումար չունեն, և որ իրենց կյանքը տնտեսական առումով վատթարացել է միլիարդատեր Իվանիշվիլիի՝ իշխանության գալուց հետո։
Ընդդիմությունը շեշտը դնում է նաև կոռուպցիայի վրա՝ մատնացույց անելով պաշտոնյաների հարմարավետ տները, որոնք կառուցվել են վերջին 6 տարվա ընթացքում, երբ նրանք իշխանությունում են եղել։
Իսկ ընդդիմության հոլովակներում Զուրաբիշվիլին «հայրենիքի դավաճան» է անվանվում, որը կրկնում է Պուտինի և Կրեմլի կարծիքն օգոստոսյան պատերազմի մասին։
Ընտրություններ՝ առանց թեկնածուի
Այս ընտրությունների ևս մեկ բացառիկությունը նախագահի թեկնածու Զուրաբիշվիլիի հանդեպ իշխանություների ռազմավարությունն է․ երկրորդ փուլի նախաշեմին նա բառացիորեն անհետացել է քաղաքական դաշտից։
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ երկրորդ փուլ է լինելու, Զուրաբիշվիլին դադարեցրել էր կապը լրագրողների հետ և մի քանի օր ոչ մի հայտարարություն չէր անում։
Վրացական էստրադայի համերգներին, որոնք անցկացվել են Վրաստանի շրջաններում ի աջակցություն իշխանամետ թեկնածուի, Զուրաբիշվիլին ընդհանրապես չի հայտնվել, բեմում նրա պատկերով միայն մեծ պաստառներ են կախվել։
Նրա փոխարեն լրագրողների հետ հիմնականում շփվել են իշխող կուսակցության անդամները։
Եվ սա դեռ ամենը չէ։ Փողոցներում նոր նախընտրական պաստառներ են հայտնվել, որոնցում Զուրաբիշվիլիի անուն-ազգանվան տակ հայտնվել են Բիձինա Իվանիշվիլիի լուսանկարներն, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի նկարը։
Ընտրակաշառք
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մեկնարկից մի քանի ժամ առաջ հասարակական կազմակերպությունները հրապարակել են համեմատական հաշվետվություն։ Դրանում խոսվում է, որ երկրորդ փուլից առաջ տեղի է ունեցել ընտրողների կաշառում։ Եվ նախընտրական արշավը վերջնականապես բևեռացվել է՝ անցկացվելով բավականին բացասական միջավայրում։
Հկ-ներն աննախադեպ են անվանում Վրաստանի 600 հազար բնակչության բանկային պարտքերը մարելու իշխանությունների նախաձեռնությունը։ Եվ հենց այս քայլն է որպես կաշառք գնահատվում։
Հկ-ների կողմից շրջաններ գործուղված դիտորդները մի քանի դեպք են գրանցել, երբ բնակչությանը փող է առաջարկվել իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին իրենց քվեն տալու դիմաց։ Որոշ շրջաններում (օրինակ, Մառնեուլիում) իշխանամետ թեկնածուին աջակցելու համար մթերք էին բաժանում, օրինակ՝ կարտոֆիլ և սոխ։
Ընտրություններից մի քանի օր առաջ հկ-ները տեղեկատվություն են ստացել այն մասին, որ ընտրությունների արդյունքների կեղծման համար անձը հաստատող կեղծ փաստաթղթեր են տպվում։
Հաշվետվությունում խոսվում է, որ երկրորդ փուլում իշխանությունները լայնորեն կիրառել են վարչական ռեսուրսն, ընտրություններից առաջ հայտարարել ակնհայտ մոտիվացնող նախաձեռնությունների մասին՝ աշխատավարձերի բարձրացում, սոցիալական օգնության մեծացում, փախստականների բնակարանների փոխանցում, հնարավոր ենթակառուցվածքային նախագծեր։
Կարևոր այլ մանրամասներ և թվեր
Ընտրությունները չորեքշաբթի օրն են նշանակվել, աշխատանքային այդ օրը Վրաստանում ոչ աշխատանքային է հայտարարվել։
Սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում ընտրություններն անցկացվում են շաբաթվա կեսին։ Նախկին իշխանությունները նույնպես մի քանի անգամ ընտրություններն աշխատանքային օրերին էին նշանակել, ինչի համար նրանց քննադատել էր այն ժամանակվա ընդդիմությունը, որը հիմա իշխանությունն է։
Այն պատճառով, որ ընտրություններն աշխատանքային օր են նշանակվել, արտասահմանում ապրող Վրաստանի քաղաքացիների համար դժվար կլինի մասնակցել դրանց։ԿԸՀ-ն որոշում է կայացրել, որ Վրաստանի սահմաններից դուրս քվեարկությունը շարունակվելու է ոչ թե մինչև 20:00-ն, այլ տեղական ժամով մինչև կեսգիշեր։
Հոկտեմբերի 28-ին՝ ընտրությունների առաջին փուլում Վրաստանում 3 մլն 518 հազար 877 ընտրող կար։ Սակայն մեկ ամիս անց՝ երկրորդ փուլի նախաշեմին ընտրողների թիվը գրեթե տասը հազարով աճել է և հասել 3մլն 528 հազար 658-ի։ Ըստ ԿԸՀ-ի՝ պատճառն այն է, որ կան ընտրողներ, որոնք առաջին անգամ որոշել են գրանցվել, ինչպես նաև երիտասարդներն են, որոնց 18-ամյակը լրացել է առաջին փուլից հետո։
Ընտրությունների ընթացքում աշխատում է 3 հազար 703 ընտրատեղամաս, այդ թվում 55-ն՝ արտասահմանում։
Ընտրություններին հետևում է 48 հազար 500 տեղացի և 2 300 միջազգային դիտորդ։