Ինչպե՞ս է անցել նախընտրական արշավն, ովքեր են նախագահի թեկնածուներն, ինչ իրավունքներ և պարտականություններ ունի ապագա նախագահը" />

Վրաստանը նախագահ է ընտրում՝ վերջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ

Ինչպե՞ս է անցել նախընտրական արշավն, ովքեր են նախագահի թեկնածուներն, ինչ իրավունքներ և պարտականություններ ունի ապագա նախագահը

  REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Հոկտեմբերի 28-ին Վրաստանը նախագահ է ընտրում:

3703 ընտրատեղամաս, որոնցից 55-ն՝ արտասահմանում, բացվել է 8:00-ին:

Վրաստանում ընդամենը 3 մլն 518 հազար 877 ընտրող կա:

Ընտրատեղամասերը բացվել են 8:00-ին և կփակվեն 20:00-ին:

Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, այդ պատճառով էլ նախագահն ավելի քիչ իրավունքներ ունի, քան վարչապետը: Թեև նախագահը միաժամանակ շարունակում է կարևոր քաղաքական բովանդակություն կրել: Բացի այդ, երկու տարվա ընթացքում երկիրը նոր խորհրդարան կընտրի. նախագահական ընտրությունները մեծ մասամբ կկանխորոշեն խորհրդարանական ընտրությունների ճակատագիրը և մոտալուտ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերի ունակությունների ցուցանիշ կդառնան:

Քաղաքական տեսաբաններն ասում են, որ եթե իշխանամետ թեկնածուն չկարողացավ հաղթանակ տանել խորհրդարանական ընտրություններին կամ եթե նույնիսկ երկրորդ փուլ անցկացվի, դա մեսիջ կլինի իշխանություններին, որ բնակչությունը դժգոհ է իշխող «Վրացական երազանքի» քաղաքականությունից:

JAMnews-ն ուշադրություն է հրավիրում գլխավոր փաստերի վրա, որոնք պետք է իմանալ Վրաստանի նախագահի ընտրությունների առնչությամբ:

______________

Ընդհանուր փաստեր

•  Վրաստանն այսօր ընտրում է հինգերորդ նախագահին:

•  Անկախ Վրաստանի պատմության մեջ սա նախագահական 7-րդ ընտրություններ են:

•  Խմբագրված Սահմանադրության համաձայն՝ առաջին անգամ է Վրաստանում նախագահ ընտրվում 6 տարի ժամկետով (մինչ այս նա ընտրվում էր 5 տարով):

•  Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ այս նախագահը կլինի համաժողովրդական քվեարկությամբ ընտրված վերջին նախագահը: Հետագայում նախագահական ընտրությունները կանցկացվեն անուղղակի սխեմայով, նրան կընտրի ընտրող կոլեգիան:

•  Վրաստանի պատմության մեջ նախագահական ընտրությունները երբեք երկու փուլով չեն անցկացվել: Հաղթողը հայտնի է դարձել առաջին փուլում:

•  Վրաստանի հինգերորդ նախագահն ավելի քիչ իրավունքներ ունի, քան նրա նախորդները:

•  Նախագահական ընտրությունները մշտադիտարկում է ընտրական սուբյեկտների 22 904 ներկայացուցիչ, 73 տեղական և 58 միջազգային դիտորդական կազմակերպություն: 1 163 միջազգային դիտորդ կա:

Ապագա նախագահի իրավունքները.

√  դատապարտյալներին կարող է ներում շնորհել,

√  կարող է Վրաստանի քաղաքացիություն տրամադրել,

√  Վրաստանը ներկայացնել միջազգային հարթակում, սակայն նրա բոլոր քայլերը պետք է համաձայնեցված լինեն կառավարության հետ,

√  ֆորմալ ստորագրել վարչապետի և արդարադատության գերագույն խորհրդի անդամների նշանակումները,

√  օրենքով սահմանված ժամկետում տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանական, ինչպես նաև արտահերթ ընտրություններ նշանակել,

√ շնորհել պարգևներ,

√  նախագահին չի կարելի կալանավորել, քրեական պատասխանատվության ենթարկել,

√  նախագահի իմպիչմենտի հարց կարող է բարձրացնել խորհրդարանի պատգամավորների մեկ երրորդը:

Հակիրճ՝ նախագահի երեք գլխավոր թեկնածուների մասին

•  Ընտրություններին մասնակցում է 25 թեկնածու: Նրանցից 19-ը ներկայացված է քաղաքական կուսակցությունների, 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից:

•  Սա Վրաստանի պատմության մեջ առաջին ընտրությունն է, երբ իշխող կուսակցությունը նախագահի իր թեկնածուին չի առաջադրել: Իշխող «Վրացական երազանքն» աջակցել է անկախ թեկնածուին:

Կարդացեք նաև. «Վաղը նախագահ եմ դառնալու»՝ Սալոմե Զուրաբիշվիլիի պայքարը՝ նախագահի պաշտոնի համար

•  Երեք ամենավարկանիշային թեկնածուներն են անկախ թեկնածու, իշխող կուսակցության աջակցությունն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլին, «Միացյալ ընդդիմության» (գլխավոր ուժը Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժումն» է) թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Դավիթ Բակրաձեն:

•  Եթե ընտրություններում հաղթի Սալոմե Զուրաբիշվիլին, նա կդառնա Վրաստանի պատմության մեջ առաջին կին նախագահը:

Սալոմե Զուրաբիշվիլի, #48: Թեկնածու, որին աջակցում են իշխանությունները։

Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամանակ՝ 2005թ-ին, նա երկրի արտգործնախարարն էր: 2005թ-ից հետո անցավ ընդդիմության շարքերը, թեև նրա կուսակցությունը երբեք բարձր վարկանիշ չի ունեցել:

Սալոմե Զուրաբիշվիլի: Լուսանկարը՝ REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Նրան որպես նախագահի թեկնածու է ընտրել անձամբ Բիձինա Իվանիշվիլին: Նա իշխող «Վրացական երազանքի» անդամ չէ, սակայն ողջ իշխանական վարչական ռեսուրսը նախընտրական արշավի ժամանակ աշխատում էր նրա համար: Օրինակ, անցյալ հանգստյան օրերին «Վրացական երազանքը» հսկայական համագումար արեց Սպորտի պալատում ի աջակցություն Զուրաբիշվիլիի:

Միջոցառումանն ամբողջ կազմով ներկա էր կառավարությունը, պատգամավորներն ու կուսակցական ակտիվը: Չնայած դրան՝ իշխանության ներկայացուցիչները չեն դադարում կրկնել, որ Զուրաբիշվիլին «անկուսակցական թեկնածու» է: Նախընտրական արշավի ժամանակ Զուրաբիշվիլին մի քանի սկանդալային հայտարարություն արեց: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ 2008թ-ի պատերազմը Վրաստանն է հրահրել:

Այս հայտարարությունն աննախադեպ հակաարշավ առաջացրեց, որին մասնակցում էին ոչ միայն նրա քաղաքական ընդդիմադիրներն, այլ նաև անձինք, որոնք համակրում են «Վրացական երազանքին»:

Գրիգոլ Վաշաձե, #5. «Միացյալ ընդդիմության» թեկնածու:

Միխեիլ Սաակաշվիլիի նախկին իշխանական կուսակցությունը նախընտրական կոալիցիա է ստեղծել, որի կազմում տասը մանր ընդդիմադիր կուսակցություն կա: Դաշինքը կոչվել է «Ուժը միասնության մեջ է» և որպես նախագահի թեկնածու է առաջադրել Գրիգոլ Վաշաձեին:

Կարդացեք նաև. Ի՞նչ ասաց Վրաստանը կառավարող մարդը: Բիձինա Իվանիշվիլիի հարցազրույցի գլխավոր մանրամասները

Վաշաձեն փորձառու դիվանագետ է, որը Սաակաշվիլիի նախագահության տարիներին գլխավորում էր Վրաստանի ԱԳՆ-ն (2008թ-ի դեկտեմբերից մինչև 2012թ-ի հոկտեմբեր):

Գրիգոլ Վաշաձե: Լուսանկարը՝ Դավիթ Մձինարիշվիլի

Վաշաձեի դիվանագիտական կարիերան կապված է Ռուսաստանի հետ: Երկար տարիներ նա ապրել է Մոսկվայում և հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից միայն 2008թ-ին: Նրա արտաքին քաղաքական ուղղվածությունը եվրոպամետ է: Վաշաձեն բալետի հայտնի պրիմա-պարուհի Նինո Անանիաշվիլիի ամուսինն է: Անանիաշվիլին ակտիվորեն մասնակցում էր նրա նախընտրական արշավին:

Դավիթ Բակրաձե, # 2: «Եվրոպական Վրաստանի» թեկնածուն:

«Եվրոպական Վրաստանը» (Սահակաշվիլիի նախկին կողմնակիցները, որոնք 2016թ-ին իրենց կուսակցությունը հիմնեցին) նախագահական ընտրություններին որպես իրենց թեկնածու առաջադրեցին խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բակրաձեին:

Դավիթ Բակրաձե: Լուսանկարը՝ REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Տարբեր սոցիոլոգիական հարցումների գրեթե բոլոր արդյունքները վկայում են բարձր վստահության մասին, որ կա Բակրաձեի հանդեպ: Նա մասնակցել է 2013թ-ի նախագահական ընտրություններին «Ազգային շարժման» կողմից: Այն ժամանակ հավաքել է 21.73% ձայն:

Նախընտրական արշավը

Եթե երկրորդ փուլի անհրաժեշտություն չլինի, ապա արդեն նոյեմբերի 18-ին կկայանա Վրաստանի ընտրված նախագահի երդմնակալությունը: Այդ օրը նա հավատարմության երդում կտա ազգի և Բարձրյալի առջև:

Գրեթե բոլոր քաղաքական դիտորդներն ու լրագրողները խոստովանում են, որ ներկայիս արշավը վերջին տարիների ամենածանրներից և սկանդալայիններից մեկն էր. գաղտնի ձայնագրությունների և կոմպրոմատի իսկական պատերազմ սկսվեց: Ընտրություններից մի քանի օր առաջ սկանդալային ձայնագրություններ տարածվեցին, որոնցում «Վրացական երազանքի» նախկին բարձրաստիճան անձինք խոսում են մարդու առևանգման և խոշտանգումների, աղմկահարույց գործերով վկաների վրա ճնշում գործադրելու մասին, գործարարները զրուցում են իշխանությունների կողմից ռեկետի մասին, որին իբր անձամբ ներգրավված է եղել նախկին վարչապետ Բիձինա Իվաինշվիլին: Իշխանությունների ներկայացուցիչների պնդմամբ՝ ձայնագրություններից ոչ մեկն աուտենտիկ չէ, նրանք հերքում են բոլոր մեղադրանքները: Լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց նաև «Վրացական երազանքի» ներկայացուցիչների մեծաշուք տների մասին:

Կարդացեք նաև. Քաղաքական արվեստ. Վրաստանի նախագահի թեկնածուների պաստառները

Ներկայիս նախընտրական արշավի մեկ այլ յուրօրինակությունն իշխանամետ թեկնածուի դեմ աննախադեպ արշավն է ոչ  միայն ընդդիմության, այլև իշխանության որոշ կողմնակցիների կողմից: Զուրաբիշվիլիի դեմ մասշտաբային արշավի պատճառը 2008թ-ի օգոստոսյան պատերազմի մասին նրա հայտարարությունն էր:

Վերջին ժամանակները Ֆեյսբուքի վրացական հատվածում հաճախ կարելի էր գրառումներ տեսնել, որոնք Վրաստանի քաղաքացիներին կոչ են անում չքվեարկել Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին: Զուրաբիշվիլի նկարի վրա կարմիր խաչ քաշած նկարներ էին տեղադրվում սոցցանցերում և գրվում՝ «Պատերազմը Ռուսաստանն է սկսել»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում