3 միլիոն ուղևոր․ 2019 թվականը ռեկորդային էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի համար
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը 2019 թ-ին առաջին անգամ սպասարկել է երեք միլիոն մարդու։ Սա ռեկորդային ցուցանիշ է նրա գոյության ողջ պատմության մեջ։
Ռեկորդը սահմանվել է դեկտեմբերի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանումով։ Դրա բոլոր ուղևորներին դիմավորել են երաժշտությամբ և գինի ու քացրավենիք նվիրել։
Միջազգային թոփ-վարկանիշներն ու ճգնաժամը Վրաստանում
Դեռևս հստակ տվյալներ չկան, թե որ գործոններն են Երևանի օդանավակայանին օգնել ավելացնել փոխադրումները։ Հիմնականները կարող են լինել հետևյալ երեքը․
• 2019 թ-ին Հայաստանը մի քանի անգամ հայտնվել է տարբեր զբոսաշրջային վարկանիշների լավագույնների շարքում։ Մասնավորապես, Bloomberg գործակալությունը երկիրը ներառել է Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային երթուղիների տասնյակում, իսկ Forbes ամսագիրը Երևանը ներառել է մոլորակի ամենաթերագնահատված վայրերի թոփ-տասնյակում։
• Ենթադրվում է, որ Հայաստանի պաշտոնական կառույցներն ու տեղական զբոսաշրջային գործակալությունները սկսել են ավելի ակտիվ և ավելի արդյունավետ աշխատել միջազգային շուկայում։
• Հնարավոր է, որ ցուցանիշների վրա ազդել է քաղաքական ճգնաժամը հարևան Վրաստանում։ 2019 թ-ի հուլիսի 8-ին Մոսկվան արգելք էր սահմանել Վրաստանի հետ ցանկացած ավիահաղորդակցության համար, և շատ ռուս զբոսաշրջիկներ Երևանով էին հասնում Թբիլիսի։ Երեք հայկական ավիաընկերություն էլ տարանցիկ չվերթներ էր առաջարկում Վրաստանում հանգստանալ ցանկացողներին։
_____________________________________________________________________________________________
• Ինչո՞ւ է Ռուսաստանը դադարեցրել Վրաստանի հետ ավիահաղորդակցությունն, ու ի՞նչ սպասել դրանից
• Թե ինչպես էր Հայաստանն օգնում Վրաստանին չկորցնել ռուս զբոսաշրջիկներին
• Բազմաթիվ գրավիչ նախագծեր ապագայում, քիչ լավ բան՝ այժմ․ Հայաստանի քաղավիացիայի մասին
_____________________________________________________________________________________________
Վերջին չորս տարում «Զվարթնոցի» սպասարկած ուղևորների թիվն աճել է ավելի քան 50 տոկոսով, հաղորդել է օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը․
«Դեռ տարվա կեսին մենք արդեն ենթադրում էինք, որ տարեվերջին ուղևորների ռեկորդային թիվ ենք ունենալու։ Տոկոսային հարաբերակցությամբ դա 11%-ով ավելին է, քան 2018 թ-ին։ Այդ տարի «Զվարթնոցով» Հայաստան էր ժամանել 2 միլիոն 693 հազար մարդ»։
Սաթենիկ Հովհաննիսյանը դժվարացել է պատասխանել, թե որքանով է իրավիճակի վրա ազդել Ռուսաստանից դեպի հարևան Վրաստան ավիահաղորդակցության դադարեցումը։
2019-ը՝ լոուքոսթերների տարի Հայաստանում
Վիճակագրությունն ասում է, որ Հայաստան ավելի շատ են գալիս զբոսաշրջիկներ Ռուսաստանից և մյուս հետխորհրդային երկրներից։
Հայաստանից նույնպես շատերը մեկնում են այդ ուղղություններով։
Եվրամիության երկրներ Հայաստանից շատ ավելի քիչ մարդ է ուղևորվում։ Փորձագետները դա կապում են վիզային ռեժիմի և ավիատոմսերի բարձր գների հետ։
Սակայն հիմքեր կան համարելու, որ իրավիճակը շուտով կարող է փոխվել։
2020 թ-ին Հայաստանում իր աշխատանքը կսկսի առաջին եվրոպական լոուքոսթերը՝ Ryanair-ը։ Արդեն հունվարին կսկսվեն առաջին ոչ թանկ ուղիղ չվերթները դեպի Հռոմ և Միլան։
2020 թ-ի ամռանից բյուջետային գներով կբացվի Երևան-Բեռլին չվերթը, իսկ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից չվերթներ կիրականացվեն դեպի Մյունխեն։
2019 թ-ի վերջին հայտնի դարձավ նաև, որ հայկական շուկա է մտնում ևս մեկ բյուջետային ավիաընկերություն՝ Wizz Air-ը։ Այս հունգարական լոուքոսթերն ապրիլի 3-ից չվերթներ կիրականացնի Երևանից Վիլնյուս և Վիեննա։