2016-ին Հայաստանում 187 մարդ է արդարացվել
2016-ի ընթացքում ՀՀ դատարանները արդարացման 160 որոշում են կայացրել, որի արդյունքում արդարացվել է 187 մարդ: Արդարացվածներից 140-ը ձեռք են բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 47 -ը` մասնակի: 76-ի վերաբերյալ որոշումն արդեն օրինական ուժի մեջ է մտել 2016 թ.-ի դեկտեմբերի 30-ից:
Լրիվ արդարացվածների թիվը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ավելացել է 30-ով (19.1%):
Սա այն դեպքում, որ 2007 թվականին արդարացման վճիռ կայացրած դատավորին Հայաստանում պատժում էին: Մասնավորապես,Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը առաջին ատյանի դատավոր Պարգև Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում էր կայացրել, մինչդեռ Հայաստանում դատավորները նշանակվում են ցմահ:
Անցած տարվա վիճակագրությունը վկայում է, որ ամենից շատ արդարացվել են միջին ծանրության հանցագործություն գործած անձիք:
- Ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով արդարացվել է 41 անձ (21.9%)
- միջին ծանրության հանցագործության մեղադրանքով` 84 անձ (44.9%)
- ծանր հանցագործության մեղադրանքով` 38 անձ (20.3%)
- առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով` 4 անձ (2.2%):
Արդարացվածներին առավել հաճախ մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հանցագործությունները կատարելու համար.
— ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով՝
խուլիգանություն` 4 անձ,
փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծել, իրացնել կամ օգտագործել` 3 անձ;
— միջին ծանրության հանցագործության մեղադրանքով՝
պաշտոնեական կեղծիք` 9 անձ,
գողություն` 8 անձ,
խարդախություն` 8 անձ;
— ծանր հանցագործության մեղադրանքով՝
գողություն` 9 անձ,
թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը` իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը` 8 անձ;
— առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով՝
պետական դավաճանություն` 1 անձ,
սպանություն` 2 անձ,
կաշառք ստանալ` 1 անձ:
Լրիվ և մասնակի արդարացված 187 անձանցից միայն 2-ն են անչափահաս (1.1%), 169-ը (90.4%)` արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 18-ը (9.6%)` իգական:
187-ից կալանքի տակ փաստացիորեն գտնվել են 42-ը (22.4%):