Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլային թիմերի հեռակա մրցամարտում հաղթել է «Ղարաբաղը»
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի շրջանակում խմբային փուլ դուրս գալու համար միաժամանակ պայքարում էին Հայաստանի «Արարատ-Արմենիան» ու Ադրբեջանի «Ղարաբաղը»։ Հաջորդ փուլ է անցել այս թիմերից միայն մեկը։
• Կիպրոս-Ադրբեջան խաղն անցնելու է դատարկ տրիբունաներով․ ինչո՞ւ է դա լավ երկրպագուների համար
• Ո՞վ է մրցում Հարավային Կովկասում․ Հայաստանն ու Ադրբեջա՞նը, թե՞ Պուտինն ու Էրդողանը։ Կարծիք
Առաջինը մարզադաշտ են դուրս եկել հայ ֆուտբոլիստները։ Սակայն ոչ այն դաշտ, որը պլանավորված էր։ ՈՒԵՖԱ-ն երևանյան թիմին արգելել էր ընդունել սերբական «Ցրվենա Զվեզդա»-ին Հայաստանի մայրաքաղաքում՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվող դաժան մարտերի և երկրում սահմանված ռազմական դրության պատճառով։ Խաղը կայացել է Կիպրոսում։
Ֆուտբոլի գիտակներն այնքան էլ բարձր չէին գնահատում հայկական թիմի շանսերը։ Նրանց դիմակայում էր ողջ Հարավսլավիայի երբեմնի ուժեղագույն թիմը՝ եվրոպական խաղերի մեծ փորձով։ Գիտակներն իրենց կանխատեսումներում չսխալվեցին։
Կիպրոսում կայացած խաղն ավարտվել է սերբերի հաղթանակով՝ 2:1։ «Արարատ-Արմենիա»-ի միակ գնդակն իր դարպասին ընդունած երկու գոլից հետո խփել է ակումբի նիդեռլանդացի հաձակվող Մայլսոն Լիման։
Ադրբեջանական «Ղարաբաղի» համար վիճակահանությունը ոչ պակաս ուժեղ մրցակից էր ընտրել։ Վարշավայում պետք էր հաղթել Լեհաստանի գործող չեմպիոն «Լեգիա» թիմին։
Խաղի 50-րդ րոպեին ադրբեջանցիները հաշիվը բացեցին Կաբո Վերդեի հարձակվող Պատրիկ Անդրադեի դիպուկ հարվածով։ 12 րոպե անց արդեն ֆրանսիացի Աբդելա Զուբիրը կրկնապատկեց «Ղարաբաղի» առավելությունը։ Սրանով ադրբեջանցիները չբավարարվեցին․ խաղի 70-րդ րոպեին հաշիվն արդեն խոշոր դարձավ՝ 3:0։ Աչքի ընկավ խորվաթ Ֆիլիպ Օզոբիչը։ Այս թվերը թվատախտակին չփոխվեցին մինչև խաղի ավարտը։
Այսպիսով, «Ղարաբաղը», որը ներկայացնում է ադրբեջանական Աղդամ քաղաքը, յոթերորդ անգամ դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խմբային փուլ։